Պարոն Փաշինյան, Ձեզ դեռ պա՞րզ չէ՝ տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ մարդ չէ

Պարոն Փաշինյան, Ձեզ դեռ պա՞րզ չէ՝ տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ մարդ չէ
16.04.2019 | 00:01

«Իրատես»-ի նախորդ համարում հրապարակված «Պարոն Փաշինյան, պատասխանեք այս հարցերին, ու մեր ժողովուրդը կիմանա՝ դուք գեյ-ակտիվի՞ստ եք, թե՞ ոչ» վերտառությամբ հոդվածում արդեն իսկ անդրադարձել եմ ԱԺ-ում տրանսգենդերի (սեռափոխ անձի) ելույթի ու դրան հաջորդած վեճի առնչությամբ իրեն ուղղված հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանին ու փաստերով, մեկ առ մեկ ակներև դարձրել Փաշինյանի խոսքում առկա մանիպուլյացիաները։ Դրանք, սակայն, չեն սահմանափակվում միայն արդեն հրապարակվածով։


«Բայց կա հաջորդ երեսը, չէ՞, ժողովուրդ. էդ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ է, լսում է, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի,- պատասխանելով Նորագավթի մաքսատանը ապրիլի 9-ին իրեն ուղղված հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։- Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած, հանրապետական իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ ա, թե՞ մարդ չի։ Թող բոլորը այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները, մարդ ա՞, թե՞ մարդ չի։ Եկեք սկսենք այդ եզրույթից»։
ՀՀ վարչապետի այս խոսքը ևս իր մեջ մանիպուլյացիա է պարունակում, քանի որ խնդիրն այն է, թե ինչ տեսանկյունից ենք դիտարկում տրանսգենդերի մարդ լինել-չլինելու հանգամանքը։ Այո, տրանսգենդերը ևս գլուխ ունի, երկու ձեռք, երկու ոտք, բանական է, հոդաբաշխ խոսք ունի և այլն, սակայն...


Նախկինում իբրև քրիստոնյա հավատացյալ, նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցու զավակ ներկայացած Նիկոլ Փաշինյանը կյանքում գոնե մեկ անգամ պետք է կարդացած լիներ Աստվածաշունչը, իմանար, թե մարդու վերաբերյալ ինչ է գրված Ծննդոց գրքում։ Իսկ Աստվածաշնչում, մասնավորապես՝ Աստվածաշնչի Ծննդոց գրքում, գրված է հետևյալը. «26 Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: 27 Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: 28 Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»:


Հիմա մեր հանրության մի ստվար մասին ուղղված վարչապետի հարցն ուղղենք հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին. տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ մարդ չէ։ Միանշանակ է, որ Աստծո կերպարանքով, պատկերով ստեղծված մարդկանց շարքում տրանսգենդերներ՝ սեռափոխված արարածներ (չգիտես` տղամա՞րդ, թե՞ կին) չկան։ Քանի որ Երկրի վրա Աստծո պատկերով ստեղծված ենք միայն մենք՝ բոլոր երկրներում հասարակության մեծամասնությունը կազմող նորմալ մարդիկ, պարզ է, որ տրանսգենդերները, օրինակ, որպես տղամարդ աշխարհ եկած, բայց հետագայում վիրահատությամբ, արհեստականորեն կանացի կուրծք և այլն ձեռք բերածներն Աստծո պատկերով չեն ծնված։ Երկրորդ. մարդն Աստծո կողմից ստեղծված է միայն արու և էգ, այսինքն՝ տղամարդ և կին։ Վե՛րջ, Աստված դրանց ինչ-որ անբնական խառնուրդ, հիբրիդ կամ երրորդ սեռ չի ստեղծել, Աստծո ստեղծածը միայն երկսեռ է՝ տղամարդ և կին, նախ, իր պատկերով ստեղծել է տղամարդուն, ապա նրանից՝ կնոջը։ Ի վերջո, Աստծո պատվիրանն է մարդուն՝ «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը...»։ Տրանսգենդերը սրան անընդունակ է, չի կարող մարդուն Աստծո տված պատվիրանը կատարել, հիմա, պարոն Փաշինյան, նա մա՞րդ է, թե՞ մարդ չէ։


Եթե ապավինենք մարդու ստեղծման դարվինյան կամ էվոլյուցիոն տեսությանը, ապա բնության կողմից ստեղծված մարդիկ նույնպես երկսեռ են, նրանց շարքերում տրանսգենդեր կամ երրորդ սեռ գոյություն չունի, այդպիսիք ստեղծված են մարդու կողմից մեկ այլ մարդու պիղծ ցանկությունները բավարարելու նպատակով, արհեստականորեն, բժշկագիտության նվաճումների անթույլատրելի օգտագործմամբ։
Եթե հիմք ընդունենք մարդու ստեղծման վերջին տեսությունը, որի համաձայն, մարդը ստեղծվել է մեզանից անհամեմատ բարձր զարգացած ինչ-որ քաղաքակրթության կողմից, ապա մարդկային հասարակության ողջ պատմությունը, ներառյալ՝ նախապատմական շրջանի, չունի որևէ վկայություն առ այն, որ մարդկության շարքերում եղել են տրանսգենդերներ կամ երրորդ սեռի արարածներ։


«Մարդկային բոլոր խմբերին հատուկ է սեռական երկձևությունը»,- նշված է Հայկական սովետական հանրագիտարանում: Հայկական որևէ հանրագիտարանում սեռական եռաձևության մասին որևիցե հիշատակում, նշում չկա, մինչև 21-րդ դար, համենայն դեպս, մինչև 20-րդ դարավերջ տրանսգենդերների կամ մարդու սեռական եռաձևության մասին որևէ տեղեկատվություն չեք գտնի նաև աշխարհի որևէ հանրագիտարանում։
«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» (Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1974), ինչպես նաև Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում» («Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1976) մարդու բնորոշումներից մեկը բարոյական բարձր հատկություններով օժտված անձնավորությունն է, տրանսգենդերին՝ սեռափոխ անձին հաստատ այդպիսին չես բնորոշի։


Ի դեպ, ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համապատասխան պարզաբանումից հետո պարզ կդառնա՝ Նիկոլ Փաշինյանը Նաիրա Զոհրաբյանի ու ԲՀԿ-ի առնչությա՞մբ էլ է մանիպուլյացիա կատարել, թե՞ ոչ։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միանշանակ մերժում է սեռական այլ կողմնորոշումը, անձի սեռափոխումը կամ պղծագործությունը, սակայն առավել մտահոգ է այդ երևույթի քարոզչության փաստով, որը վերջին շրջանում գնալով դառնում է ակնհայտ ու թափ է առնում։ Մի շարք հոգևորականներ ոչ անտեղի, ոչ անհիմն կերպով մտահոգված են, որ հիշյալ քարոզչության պատճառով այլասերումը մեր հասարակության համար սովորական մի բան դառնա, մինչդեռ այլասերումը՝ այդ սոդոմական մեղքը, հոգևոր առումով նշանակում է կործանում, հոգևոր կործանում, որն այլասերվածի ու դարձի չեկածի հոգին արժանի է դարձնում Դժոխքի։


Մեր երկրում այլասերության, սոդոմական մեղքի քարոզչության իրողությունն օրախնդիր է դարձնում Հայաստանի Հանրապետությունում այլասերվածության, սեռական փոքրամասնություններին պատկանելության հրապարակային քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը։ Կգնա՞ն դրան Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, ՀՀ Ազգային ժողովը (որտեղ քաղաքական մեծամասնություն է կազմում ու վճռորոշ մանդատ ունի Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը), թե՞ դեմ կլինեն նշված օրենքի ընդունմանը, ցույց կտա Փաշինյանի, կառավարության, ԱԺ-ի ՔՊ-ական պատգամավորների իրական դեմքը։


«Եթե նայենք «Կանոնագիրք Հայոց»-ը, նման երևույթների նկատմամբ եկեղեցին հստակ և շատ խիստ դիրքորոշում է ունեցել՝ ընդունելով ծանր պատիժ սահմանող որոշումներ,- տված հարցազրույցում ասել է Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը։- Այդ որոշումները ներկա հասարակության համար կարող են թվալ շատ խիստ և անմարդկային, սակայն այդ ամենը պետք է դիտարկել եկեղեցու պատմական կոնտեքստի մեջ։ Այդ պատիժների խիստ լինելը պայմանավորված է այդ երևույթի տեսակով, որը խիստ անբնական է»։


Պատասխանելով հիշյալ կայքի թղթակցի մյուս հարցին՝ «Տեր Եսայի, ըստ Ձեզ, ինչու՞ այդ որոշումները ներկայումս չեն կիրառվում», հոգևորականն ասել է.
«Եկեղեցու ընդունած այդ որոշումները, իրականում, նորմալ են, սակայն եվրոպական քարոզչությունը կոչված է բթացնելու այդ զգոնությունը, բարոկայանության չափանիշները և բարոյական արժեքները հայ հասարակության կյանքում։ Այդ ամենի նպատակն այն է, որ մարդուն դարձնի այնպիսի մի բան, որ մարդը կարողանա ընդունել այն «արժեքները», որոնք իրենք են ուզում։


Վերջին շրջանում ԼԳԲՏ համայնքի անդամներն ավելի բացահայտ են սկսել գործել՝ եվրոպական այդ արժեքների քարոզչությանը զուգընթաց և այդ ամենը սպառնալիք է հայ ժողովրդի նոր սերնդին, նրա արժեհամակարգերին և սկզբունքներին։
ԼԳԲՏ համայնքի անդամներն այնքան երաշխավորվածություն և համարձակություն ունեն, որ նույնիսկ քարոզչություն են իրականացնում դպրոցներում ու այն էլ՝ առանց թույլտվության»։
Քանի որ խոսք եղավ սոդոմական մեղքի առնչությամբ եվրոպական քարոզչության մասին, ապա մեր հանրությանն էլ ավելի ակներև դարձնենք, թե ովքեր կամ Հայաստանում օտարերկրյա որ կազմակերպություններն են իրենց պաշտպանության տակ առել ԱԺ-ի բարձր ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր և Լիլիթ Մարտիրոսյան անուն, ազգանունով ներկայացածին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏ համայնքին։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները ս. թ. ապրիլի 9-ի իրենց հայտարարությամբ նրանց հասցեին քննադատությունը, պղծության, սոդոմական մեղքի նկատմամբ հայ մարդու ատելությունն ու հայ հասարակության անհանդուրժողականությունը ներկայացրել են իբրև ատելության խոսք՝ ուղղված Լիլիթ Մարտիրոսյանին, նրա գործընկերներին և ամբողջ ԼԳԲՏ համայնքին, իրենց անհանգստացնող միտումների ամենաթարմ դրսևորում և խտրականություն։ Իր հայտարարության մեջ ԵՄ-ն հորդորել է «Հայաստանում բոլորին, որոնք խթանում են և հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը»։


Ի գիտություն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, Հայաստանում այլասերության, պղծության, սոդոմական մեղքի ուղղակի և անուղղակի քարոզչության, հանրայնացման, տարածման նկատմամբ անհանդուրժողությունը, ատելությունը միանգամայն բնական է, ճիշտ, արդարացի, հիմնավոր և անհրաժեշտ, այն մեր իրականության մեջ եղել է և, ի հեճուկս ոմանց, շարունակվելու է և նույնիսկ սաստկանալու է, ինչպես և քննադատությունը, պարսավանքը հիշյալ քարոզչությամբ զբաղվողների հանդեպ։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao