Անհաջող ու գռեհիկ թարգմանություն` վտանգավոր բովանդակությամբ

Անհաջող ու գռեհիկ թարգմանություն` վտանգավոր բովանդակությամբ
07.05.2019 | 03:30

Անցած շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում կազմակերպվել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կողմից պատրաստված «Իմ մարմինն անձնական է» (Երևան, 2019) գրքույկի շնորհանդես-քննարկումը։

Ի սկզբանե նշենք, որ հիշյալ գրքույկի քննարկումն այնքան թեժ է եղել, որ դրա հրատարակման-տարածման մեջ վտանգ տեսնող, դա անթույլատրելի համարող քաղաքացիական ակտիվիստներն ինչ-որ պահից վանկարկել են «Ամո՛թ, ամո՛թ»․․․ Նրանք գրքույկը ներկայացնող հիշյալ ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանին տվել են հարցեր, որոնց նա չի պատասխանել՝ անհարմար վիճակում չհայտնվելու համար։ Ի վերջո, հիշյալ քննարկման վարողը կամ կազմակերպիչն այլևս չի ցանկացել շարունակել միջոցառումը ու հավաքելով գրքույկները, հեռացել է։ Այսպիսով, գրքույկի շնորհանդես-քննարկումը տապալվել է, ըստ էության, այն գովազդելու փորձը վերածվել է ազդեցիկ հակագովազդի։

Անցած օրերին սոցիալական ցանցերում գրքույկի և վերոնշյալ իրադարձության առնչությամբ ծավալված թեժ քննարկումից, բուռն բանավեճերից, ինչպես նաև պատշաճության բոլոր սահմաններն անցնող, հաճախ հայհոյանքներով և այլ վիրավորանքներով ուղեկցվող «փոխհրաձգություններից» պարզ երևում էր, որ «Իմ մարմինն անձնական է» գրքույկը և այն պատրաստած «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ին արդարացի քննադատություններից պաշտպանողները հիմնականում այլասերվածները, Հայաստանում այլասերման քարոզչությամբ զբաղվողները, ՀՀ-ում սեռական տարբեր փոքրամասնությունների «իրավունքների» ու «շահերի» պաշտպան, Սորոսի հիմնադրամից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող կազմակերպությունների «գրանտակեր» ներկայացուցիչներն էին։ Կային նաև սոցիալական ցանցերի օգտատերեր, որոնք տվյալ գրքույկը չընթերցած, բանից անտեղյակ կամ դրանում առկա անթույլատրելին, վտանգը չհասկացած, թերևս լիբերալ, մոդայիկ երևալու համար կամ անձնական այլ դրդումներով մասնակցում էին քննարկումներին ու բանավեճերին։

Հիշյալ գրքույկը և, մասնավորապես, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ին, ցավոք, հրապարակայնորեն պաշտպանության տակ վերցրած անձանցից է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը կատարել է հետևյալ գրառումը․ «Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի» կազմակերպած «Իմ մարմինն անձնական է»գրքի շնորհանդեսը։ Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը»։ Ընդգծենք, որ նախարարն այսպիսով ապատեղեկատվությամբ է հանդես եկել՝ կամ միտումնավոր, կամ էլ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավարի և հենց նշյալ կազմակերպության հրապարակած ապատեղեկատվության զոհը լինելով, քանզի LIVEnews.am կայքի տեսանյութը վկայում է, որ իրականում ոչ թե շնորհանդեսի խափանում է եղել, այլ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն է, ինչպես արդեն նշեցինք, դադարեցրել միջոցառումը, ընդ որում, դեմագոգիկ ձևով՝ խուսափելով պատասխանել տրված հարցին։

Տեղեկացնենք, որ գրքույկն ունի նաև ենթավերնագիր՝ «Ներկիր ինքդ՝ ճանաչելով մարմնիդ սահմանները»։ Ինչպես ներկայացված է դրանում, «Գիրքն արդյունավետ է ընթերցել/պատմել և ներկել երեխայի հետ միասին, այն նախատեսված է երեխաների և ծնողների համար»։ Պարզապես շփոթը բացառելու համար նշենք, որ գրքույկը պատրաստած «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն գրքուկը չի տարբերել գրքից և ընդամենը 16 էջանոց այդ հրատարակությունը հանրությանը ներկայացրել է իբրև գիրք։ Կարելի է ենթադրել, որ այն թարգմանությունն է Լինդա Վալվուրդ Ջիռառդի «Իմ մարմինն անձնական է» գրքույկի կամ համանուն գրքից թարգմանված մի հատվածը, քանզի հայերեն գրքույկում գրված է՝ «Ոգեշնչված Լինդա Վալվուրդ Ջիռառդի «Իմ մարմինն անձնական է» գրքից»։

Հիշյալ ՀԿ-ի պատրաստած գրքույկի նկատմամբ այսքան բուռն ու քննադատական արձագանքը պայմանավորված է հատկապես նրանով, որ այն, ինչպես ներկայացվել է հիշյալ շնորհանդես-քննարկման ժամանակ, նախատեսված է 3-6 տարեկան երեխաների և նրանց ծնողների համար։

Գրքույկը պատրաստած «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավարը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Իմ մարմինն անձնական է» գրքույկի հրատարակումը բացատրել, պատճառաբանել են նրանով, թե այն նպատակաուղղված է երեխաների նկատմամբ սեռական բռնությունը կանխարգելելու, երեխաներին սեռական ոտնձգություններից պաշտպանելու նպատակին՝ նրանց իրազեկվածության բարձրացման միջոցով, ավելին՝ հենց այս տեսանկյունից փորձել են մեղադրել գրքույկը և այն պատրաստած կազմակերպությանը քննադատողներին։ Ոմանք նույնիսկ իրականությունը ներկայացրել են ծուռ հայելում, թե գրքույկի քննադատները, դրա հրատարակման դեմ հանդես եկած անձինք իբր թե դեմ են «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի այդ բարի նպատակին՝ երեխաներին սեռական ոտնձգություններից պաշտպանելուն։ Ավելին․ նախարար Զարուհի Բաթոյանը, որը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամն է, ֆեյսբուքյան իր էջում կատարված գրառմամբ հանդես է եկել հիշյալ գրքույկի ուղղակի գովազդով՝ «Կարդացեք, երեկվա շնորհանդեսի գիրքը, տարածեք և տեղեկատվությամբ հաղթեք ապատեղեկատվությանը: Բարի կիրակի բոլորիս»։

ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը նախարարի հիշյալ մեկնաբանության ներքո գրել է. «Կներես, բայց անհաջող ու գռեհիկ թարգմանություն է, էժան բովանդակությամբ։ Սեռական դաստիարակության թեման էսքան գռեհիկ չեն ներկայացնի»։ Ըստ Սոֆյա Հովսեփյանի, սա ոչ մասնագիտական մոտեցում է, կարող էին մասնագետներ աշխատել այս գրքի վրա և կարգին արդյունք լիներ: Ի պատասխան Հովսեփյանի վերոնշյալ մեկնաբանության, Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը գրել է․ «Սոֆյա, շատ կուզեի անծանոթ լինեինք, կուզեի նաև նույն դաշինքից չլինեինք․․․»։ «Կարծում եմ, ճանապարհդ բաց է»,- Գրիգոր Երիցյանին հակադարձել է պատգամավորը։

«Սոֆյա ջան, քո ճանապարհը ավելի շուտ է բացվել, մնում է ճիշտ քայլ անես»,- արձագանքել է Գրիգոր Երիցյանը՝ Հովսեփյանին ուղղակիորեն կամ անուղղակիորեն կոչ անելով լքել խմբակցությունը։

Որպեսզի ընթերցողներին առավել հասկանալի լինի, թե ինչ անհեթեթություններ և վտանգներ է պարունակում հիշյալ գրգույկը, ինչու էր անթույլատրելի դրա հրատարակումը և անթույլատրելի է տարածումը, մի քանի մեջբերումներ կատարենք դրանից․

«Իմ մայրիկն ասում է, որ մարմնի այն մասերը, որոնք գտնվում են լողազգեստի տակ, մարմնի անձնական մասերն են՝ կրծքերը, սեռական օրգաններն ու հետույքը։ Ոչ ոք իրավունք չունի դիպչելու իմ մարմնի անձնական մասերին․․․»։

«Շատ սխալ է, երբ մեծահասակները կամ քեզանից տարիքով մեծ երեխաները փորձում են դիպչել քո մարմնի անձնական մասերին՝ քո կրծքերին, սեռական օրգաններին կամ հետույքին։

Սխալ է, երբ ինչ-որ մեկը ասում է քեզ, որ իջեցնես քո կամ իր տաբատը, կամ երբ ինչ-որ մեկը փորձում է նկարել քեզ առանց հագուստի։

Դա կարող է լինել անծանոթ կամ ծանոթ մարդ, ում դու ճանաչում ես՝ ուսուցիչ, դայակ, ընկեր, ինչ-որ մեկը քո ընտանիքից։

Հիմա դու գիտես, որ եթե նման բան լինի, դու պետք է բարձր բղավես՝ «Ոչ»։

Մնում էր միայն, որ գրքույկը պատրաստած հիշյալ ՀԿ-ն այս խորհրդից հետո հրապարակեր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծի և ՀՀ ոստիկանության հեռախոսահամարները, ապա 3-6 տարեկան երեխաներին խորհուրդ տար, ինչպես գրքույկում է նշված, ոչ միայն «ՈՉ» բղավել և այդ մասին պատմել վստահելի ինչ-որ մեկին (նրա չհավատալու դեպքում՝ մեկ այլ անձի), այլև զանգահարել նշված համարներով, նախարարությանն ու ոստիկանությանը տեղեկացնել ու բողոքել։ Միանգամայն հնարավոր է, որ եթե այս խայտառակության դեմը չառնենք, կազմակերպության առաջիկա նախաձեռնություններից մեկը հենց դա լինի։

Կարծում ենք, հասկացող մարդիկ միանգամից, առանց որևէ բացատրության, հասկանում են, թե ինչ անհեթեթ ու վտանգավոր խորհուրդներ են տրված երեխաներին, հետևաբար ստորև հաջորդող բացատրությունը կամ նկարագրությունը այս խորհուրդների անհեթեթությունն ու վտանգավորությունը չգիտակցողների համար է։ Պատկերացրեք, որ մայրը, հայրը կամ երկուսը միասին լողացնում են իրենց 3-6 տարեկան երեխային ու դիպչում, ինչպես գրքույկում է նշված, նրա մարմնի անձնական մասերին, անշուշտ, առանց որևէ հետին, ստոր նպատակի։ Կամ՝ ծնողը երեխային ասում է, որ իջեցնի իր տաբատը կամ անձամբ ինքն է հանում այն, որպեսզի փոխի կեղտոտված տաբատը կամ փոխարինի տանից դուրս գալու համար նախատեսվածով։ Հնարավոր է նաև, որ ծնողն իր երեխային նույնն առաջարկի կամ անի նաև բժշկական նպատակներով՝ ներարկման, հոգնայի, ջերմությունն իջեցնող մոմիկ դնելու։ Հիշենք նաև, որ մեզանում երեխային նախատելու համար ծնողների կողմից ընդունված է թեթևակի կսմթել նրա հետույքը կամ դա անել, թեկուզ սնոտի հավատով, «չար աչքից, չար փշից» հեռու պահելու, չար աչքը խափանելու համար։ Եվ ի՞նչ, պատկերացրեք, որ այսպիսի ամեն դեպքում երեխան գոռում է «ՈՉ», փորձում է դա թույլ չտալ (հետաքրքիր է՝ ինչպե՞ս, դա կարո՞ղ է), հետո այդ մասին պատմում է վստահելի մարդկանց, իսկ եթե նրանք չեն հավատում իրեն, որևէ այլ անձի․․․Հասկանո՞ւմ եք, թե այդ դեպքում ծնողների և, ընդհանրապես, մեր կյանքն ինչ մղձավանջի կվերածվի։

Շատ կարևոր է նկատի ունենալը նաև այն, որ գրքույկում նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ զբաղված, Սորսի հիմնադրամից քանիցս ֆինանսավորում ստացած Լարա Ահարոնյանի հիմնադրած ու ղեկավարած «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ստեղծած կայքի հղումը, որում զետեղված խայտառակ նյութերին երեխաների (թեկուզ ավելի մեծ տարիքի) ծանոթանալը ուղղակիորեն խիստ վտանգավոր է նրանց համար։ Հենց սա նկատի ունենալով է, որ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը հիշյալ քննարկման ժամանակ իր խոսքն ուղղելով գրքուկը պատրաստած «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանին, ասաց, որ իրենք գովազդում եք պղծություններ, միասեռականություն քարոզող կայք։ Ի դեպ, նշված միջոցառմանը ներկա է եղել նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Գոհար Շահնազարյանը, որն իր անհիմն, անհարկի միջամտությամբ վիճակն ավելի է թեժացրել։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao