Yerevan Perspectives International Music Festival
 

«Ծրագիրը կարևոր է, օրակարգում է և իրականացվելու է»

«Ծրագիրը կարևոր է, օրակարգում է և իրականացվելու է»
31.05.2019 | 02:06

Հյուսիս-հարավ ճանապարհին «աչքով են տվել». Իսպանական «Կորսան» ընկերությունը, որը Աշտարակ-Թալին հատվածում շինարարական աշխատանքներ է իրականացնում «Տրանշ 2» հատկացումով, սնանկացման գործընթացում է հայտնվել։ Սա մերկապարանոց ենթադրություն չէ, այլ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանի հայտարարությունն է կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ Սա միակ «վայը» չէ, որ պատել է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրին։ Երեկ կրկին «Տրանշ 2»-ով իրականացվող աշխատանքների ենթակապալառու շինարարները փակել էին ՈՒջանի ճանապարհահատվածը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Թեև նրանց կարելի է հասկանալ. մի կողմից փոխնախարարը նշում է, որ կառավարությունը ֆինանսական մասով կատարել է իր պարտավորությունը «Կորսան» ընկերության նկատմամբ, մյուս կողմից ենթակապալառու ընկերությունների աշխատողները չեն կարողանում ստանալ իրենց քրտինքով աշխատած գումարը։ Սա առաջին դեպքը չէ, որ Հյուսիս-հարավ ծրագրի վրա ամպեր են կուտակվում։ Այս թեմայով էլ մի քանի հարց ուղղեցինք տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար ԲԱԳՐԱՏ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ։


-Ո՞ր հարցերի շուրջ համաձայնության չեք գալիս «Կորսան» ընկերության հետ։
-Անհամաձայնության հիմնական կետերը երեքն են՝ ընկերության կողմից ժամկետների երկարաձգում, «Տրանշ 1»-ի ֆինանսավորմամբ Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածների համար պահված գումարների վերադարձ և կատարողականի հետվճարման հարց։ Ասեմ, որ ժամկետների հարցում պետք է բանակցենք, և եթե կան փոխադարձ ուշացումներ, ապա պետք է ֆիքսենք նոր ժամկետներ։ «Տրանշ 1»-ով իրականացվել են ինժեներական չափագրումներ և պարզվել է, որ մենք կապալառու «Կորսան» ընկերությանը չպետք է վճարենք իրենց ակնկալած գումարը։ Կատարողականի հարցով ևս ուսումնասիրություններ ու չափագրումներ ենք իրականացրել, մեր վերահսկող ինժեներական ընկերությունը հավաստիացրել է, որ մենք ամբողջական գումարները վճարել ենք։
-Եթե իսպանական «Կորսան» ընկերությունը հայտնվել է սնանկացման գործընթացում, կարելի՞ է ենթադրել, որ նոր մրցույթով նոր ընկերություն պետք է ընտրվի աշխատանքները շարունակելու համար։ Դուք ասացիք նաև, որ նախարարությունը այդ ընկերության նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունը կատարել է, այդ դեպքում ինչու՞ ընկերությունը չի վճարում ենթակապալառուներին։
-Կառավարությունը վճարում է փաստացի կատարված աշխատանքի դիմաց։ Այսինքն, աշխատանքների սկզբում տրամադրում է 10-15 %-ի կանխավճար, աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու դեպքում վճարում է փաստացի արվածի համար։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին, թե արդյո՞ք ստիպված կլինենք նոր կապալառու ներգրավել, դա կախված է նրանից, թե «Կորսան» ընկերության հետ բանակցություններն ինչպես կավարտվեն։ Եթե դրանք նորմալ ընթանան, մենք կշարունակենք և կավարտենք աշխատանքները հենց այս ընկերության հետ։
-Բայց ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ ցանկությունը, եթե ընկերությունն իր ենթակապալառուներին չի վճարում և հայտնվել է սնանկացման գործընթացում։ Ի՞նչն է Ձեզ ստիպում շարունակել աշխատանքներն այդ ընկերության հետ։
-Հիմնական պատճառն այն է, որ պայմանագրի խզումն այդ ընկերության հետ կհանգեցնի աշխատանքների ձգձգման, քանի որ արբիտրաժային դատարանում հարցերի լսումը ժամանակատար գործընթաց է։ Բացի այդ, ժամանակ կպահանջվի նաև նոր ընկերության ներգրավման դեպքում, և 2-3 տարով ծրագիրը հետ կընկնի, ինչը և՛ ժամանակի, և՛ ֆինանսների կորուստ է։ Երբ ասում եմ՝ ցանկություն ունենք, չի նշանակում, որ ամեն գնով այն իրականացնելու ենք. եթե բանակցության արդյունքում մեր կողմից բարձրացված հարցերի պատասխաններն ու հիմնավորումները մեզ չբավարարեն, կգնանք այլ ճանապարհով։
-Ե՞րբ ամբողջությամբ կավարտվի Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, և արդյո՞ք այդ ճանապարհի ամբողջական կառուցումը իրատեսական ծրագիր է։
-Իրատեսական է։ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը բաժանված է տրանշների. ծրագիրը խոշոր ֆինանսներ է պահանջում։ Այն ամբողջական ավարտին հասցնելու համար այս պահին անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չկան։ Այժմ բանակցություններ են տարվում այդ ճանապարհի առավել կարևոր հատվածների կառուցման համար ֆինանսներ ներգրավելու, մասնավորապես Սյունիքի շրջանում թունելների կառուցման ուղղությամբ։ Այսինքն, ծրագիրը կարևոր է, օրակարգում է և իրականացվելու է։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա դրանք հնարավոր կլինի սահմանել միայն ամբողջական ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում, որն այս պահին չունենք։ Այս պահին «Տրանշ 2»-ով իրականացվող աշխատանքները կախված են բանակցությունների արդյունքներից, և ըստ դրա կորոշենք, թե որ ճանապարհով պետք է առաջ գնանք։ Իսկ «Տրանշ 3»-ով իրականացվող աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao