Կանայք ավելի լավ են կառավարում կորոնաճգնաժամը

Կանայք ավելի լավ են կառավարում կորոնաճգնաժամը
17.04.2020 | 09:41

Անգելա Մերկելը Գերմանիայում, Ջասինդա Արդերնը Նոր Զելանդիայում, Սանա Մարինը Ֆինլանդիայում՝ պանդեմիայի շրջանում նրանց երկրներում մահացության բացառապես ցածր ցուցանիշներ են, նաև՝ կորոնավարակի տարածումը կանխելու շատ շուտ ձեռնարկված քայլեր: Գուցե կին ղեկավարներն ավելի լավ են դիմակայում ճգնաժամին՝ գրում է Քլոյա Ֆրիդմանը Le Figaro-ում: Հարցին՝ ի՞նչն է ընդհանուրը կորոնավարակը լավագույնս հաղթահարող երկրներում Forbes-ը պատասխանել է՝ ՙԿին ղեկավարները՚: Ապրիլի 11-ին The Guardian-ը հավելում է նրբերանգներ. ՙԿին լինել ինքնաբերաբար չի նշանակում լինել մարդ, որ ավելի լավ է դիմակայում պանդեմիային: Առավելևս ձեզ ոչ միշտ է դարձնում լավագույն ղեկավարը՝ այս ենթադրությունը ուժեղացնում է անօգուտ գաղափարը, որ կնոջն ի ծնե տրվում է ավելի մեծ կարեկցանք և համագործակցության հակում՚: Եթե Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ում այսօր գրանցվել է 23500 մահ, վարչապետ Ջասինդա Արդերնի Նոր Զելանդիան սգում է 9-ի համար: Պանդեմիան կասեցնելու համար վարչապետը շատ շուտ է լիակատար կարանտին մտցրել և փակել սահմանները, երբ երկրում ընդամենը 6 վարակված կար: The Guardian-ը նվազեցնում է այդ արդյունքի նշանակությունը՝ մահացության ցածր մակարդակը ՙմասամբ պայմանավորված է աշխարհագրական դիրքով ու երկրի չափերով՚, նաև բնակչության թվով՝ 5 միլիոն մարդ: Մարտի 17-ին կին վարչապետը հայտարարեց լայնամասշտաբ տնտեսական ծրագրի մասին՝ կանխելու տնտեսական ճգնաժամը: Ծրագրում կան երաշխիքներ աշխատավարձի, հարկային զեղչերի, նաև ավիաընկերությունների փրկության՝ հիշեցնում է Women's Agenda կայքը:
Գերմանիայում կանցլեր Անգելա Մերկելը շատ արագ ընկալեց ճգնաժամը, ամենասկզբից նախազգուշացնելով, որ վիրուսով կարող է վարակվել բնակչության 70%-ը՝ բացատրում է Forbes-ը: ՙՍա լուրջ է դուք էլ լուրջ վերաբերվեք՚՝ ասաց նա գերմանացիներին: Թեպետ գրանցվել է 3200 մահ՝ Մերկելին հաջողվեց պանդեմիայի ներգործությունը սահմանափակել շնորհիվ վերակենդանցման բաժանմունքներում տեղերի մեծ թվի և բնակչության զանգվածային տեստավորման: Forbes-ը արձանագրում է, որ կին ղեկավարների արձագանքման արագությունը նրանց որոշակի առավելություն տվեց պանդեմիայի դեմ պայքարում: Forbes-ը բարձր է գնահատում Թայվանի նախագահ Ցայ Ինվենի արդյունավետությունն ու արագությունը, իսկ CNN –ը նրանն է համարում ճգնաժամին լավագույն պատասխաններից մեկը: Ցայ Ինվենն առաջիններից մեկը իրականացրեց համաճարակի դեմ պայքարի 124 միջոցները՝ սկսելով հունվարից: Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը հայրենակիցներին անվճար տեստավորման հնարավորություն տվեց: 34-ամյա Սանա Մարինը՝ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետներից մեկը, ֆին ինֆլուենսերներին կոչ արեց տարածել շարունակվող պանդեմիայի մասին տեղեկությունները: Որոշ կին ղեկավարներ առանց տատանվելու դիմեցին իրենց ամենափոքր հայրենակիցներին: Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը մամլո ասուլիս արեց միայն երեխաների համար ու նույնիսկ նրանց հեքիաթներ էր կարդում երեկոներին: Ապրիլի սկզբին Ջասինդա Արդերնը փոքրիկ նորզելանդացիներին զգուշացրեց, որ Զատկի ճագարը կարող է այս տարի իրենց չհասնել, եթե իրենց ճիշտ չպահեն: Կին ղեկավարների օրինակելի հակաճգնաժամային կառավարումն արժանի է պատմության մեջ մտնելու:
Քլոյա Ֆրիդման, Le Figaro


Հ.Գ. Աշխարհը միշտ էլ ունեցել է ղեկավար կանանց պակաս ու կարիք: Կանայք ավելի արագ են որոշումներ կայացնում, կարողանում են ինտուիցիան համադրել տրամաբանության հետ ու ստանալ ամբողջական պատկեր, ու դա նրանց մեծ առավելությունն է տղամարդկանց նկատմամբ, որ գերակշռում են պետական կառավարման համակարգում՝ ունենալով կարիերային առաջընթացի ավելի մեծ հնարավորություններ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ