Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեր հավատքի հայրն իր բարեխոսություններով շարունակում է հովվել իրեն վստահված գառներին

Մեր հավատքի հայրն իր բարեխոսություններով շարունակում է հովվել իրեն վստահված գառներին
30.06.2017 | 09:34

Որ սրբերի նշխարները թանկագին մասունք են Քրիստոսի առաքելահիմն եկեղեցու համար, հայտնի է դեռ առաջին դարերից, երբ քրիստոնյաները հազարներով էին նահատակվում։ Հասկանալով, որ սրբերն իրենց մահով հաղթել են մահվան իշխանին՝ սատանային, բարեպաշտ անձինք նրանց նշխարներով ու աղոթքով բժշկում էին դիվահարներին ու հիվանդներին, նաև մահաբեր ժանտախտների դեմ էին դուրս բերում սրբերի մասունքներն ու հաղթող դուրս գալիս։


Քաջ գիտակցելով սա, մեր առաջին լուսավորիչ հավատքի հայր Գրիգոր Պարթևը, երբ դուրս եկավ 14 տարվա Խոր վիրապի մահվան արգելարանից, իր առաքելությունը Հայաստան աշխարհում սկսեց սուրբ Հռիփսիմյանց ու Գայանյաց 37 կույս նահատակների մարմինների թաղումով, քանզի Վաղարշապատի հնձաններում ինն օր բացօթյա մնալով, ոչ վխտացող գազաններն էին մոտեցել նրանց, ոչ մահվան հոտը ապականել. նրանք անուշահոտ բուրմունք էին տարածում, ի նշան մահվան դեմ հաղթանակի։ Ասենք, որ Տիրոջ սրբերից երկրի վրա մասունքներ չունեն միայն սուրբ Աստվածամայրը, ով մարմնով վերցվեց երկինք, որպես հարության առաջին պտուղ, ապա Հիսուսի ամենասիրելի աշակերտը՝ Հովհաննես Ավետարանիչը, որի գերեզմանը նույնպես դատարկ գտան իր աշակերտները։ Եվ ահա, երբ Գրիգոր Լուսավորչի երկրային օրերը նույնպես մոտենում էին ավարտին, նա, կանխազգալով դա, երկար տարիներ Քրիստոսի բանավոր հոտը հովվելուց ու հաստատելուց հետո, իր փոխարեն ձեռնադրելով որդուն՝ Արիստակեսին, բարձրացավ Սեպուհ լեռ՝ Մանյաց այր։ Խիստ ճգնակեցությամբ ապրելուց հետո, 325 թ. փոխադրվեց հրեշտակների կարգը։ Յոթ հովիվներ, որոնք իրենց հոտերն էին արածեցնում Մանյաց այրի շրջակայքում, գտնում են հայոց հայրապետի մարմինը և, մի քարեղեն փոքրիկ վկայարան կառուցելով, թաղում։


Անցնում է մոտ տասը տարի, աստվածային նախախնամությամբ Գառնիկ անունով մի ճգնավորի տեսիլքով երևում է հայոց հայրապետը և ասում, որ իրեն հանեն, տանեն Թորդան և այնտեղ թաղեն։ Ճգնավորն իսկույն կատարում է այդ հրամանը և Սեպուհ լեռան վկայարանից հանելով սուրբ Գրիգորի մասունքները, տեղափոխում Թորդան գյուղ և 334 թվականին թաղում այնտեղ։
Անցնում են տարիներ։ Սուրբ մասունքների օրհնությանը հաղորդ լինելու համար Գրիգոր Լուսավորչի մասունքները սկսում են տանել տարբեր վայրեր։ Առաջին անգամ դա կատարվում է Բաբկեն Ա Ոթմսեցի կաթողիկոսի օրոք (490-516 թթ.), երբ Գրիգոր Լուսավորչի նշխարներից տարվում են Կոստանդնուպոլիս։ Ըստ Գարեգին Հովսեփյանց կաթողիկոսի «Հիշատակարանի»` Ներսես Գ Իշխանցի Շինող կաթողիկոսը «Զվարթնոց» տաճարի շինության ժամանակ սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարներից տանում-զետեղում է չորս սյուների տակ։


Անցնում է ևս մի քանի դար, և առաջին անգամ իններորդ դարում Գրիգոր Լուսավորչի Աջի մասին հիշատակվում է Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում։ Իսկ երբ 923 թ. Դվինից հայրապետական աթոռը փոխադրվում է Աղթամար, տեղափոխվում են նաև բոլոր սրբությունները։
Երբ Կիլիկյան պետության հաստատումից հետո Բարսեղ Ա Անեցի կաթողիկոսը (1105-1113 թթ.) այցելության է գնում Հայաստան՝ Անի, Աղթամար, Ախաթ, Արղնի, Աղթամարում չի համարձակվում տեղի կաթողիկոսությունից պահանջել Լուսավորչի Աջը, քողը, գավազանը, կաշվե գոտին, իսկ Արղնի հասնելուց հետո մարդ է ուղարկում Աղթամար, պահանջում վերոհիշյալ սրբությունները, սակայն մերժվում է։
Երբ 1114 թ. Սև լեռան վանքում հավաքվում է եկեղեցական մեծ ժողով, բանադրվում է Աղթամարի կաթողիկոսությունը և որոշվում Հայոց հայրապետի ընտրությունները կատարել Հայաստանի չորս գլխավոր աթոռների՝ Բջնիի, Հաղպատի, Տաթևի և Արտազի համաձայնությամբ։


Բայց Աղթամարի կաթողիկոսությունը հակառակվում է այդ ժողովի որոշմանը և մերժում տալ Լուսավորչի Աջը, ավելին, իրենք իրենց համար կաթողիկոս են ձեռնադրում։
Գրիգոր Պահլավունի կաթողիկոսը, կանխատեսելով սպասվելիք թյուրիմացությունները, Աղթամարի կաթողիկոսությունից գաղտնի հանում և տանում է Լուսավորչի Աջն ու քողը։ Կիլիկիայում Ռուբինյանների իշխանության հաստատումից հետո Հայոց կաթողիկոսությունը տեղափոխվում է Հռոմկլա ապահով բերդը, այնուհետև Լուսավորչի Աջի հիշատակության մասին կարդում ենք Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականում». «…Ողջույն թող հասնի աստվածընկալ և փրկական սուրբ Նշանից, Հոգու հրեղեն լեզուները ընդունած առաքելական նշխարներից, մեր սուրբ Լուսավորչի Աջից և Աթոռից»։
Եվ այսպես՝ 172 տարի, 1120-ից մինչև 1292 թվականը Լուսավորչի Աջը մնում է Հռոմկլայում, որից հետո այն գերեվարում է անօրեն մամլյուկների Աշրավ սուլթանը, Ստեփանոս կաթողիկոսի և բազմաթիվ եկեղեցականների հետ մեկտեղ. այնպես, ինչպես 614 թ. պարսիկները գերեվարեցին Տիրոջ սուրբ Խաչափայտը՝ Զաքարիա պատրիարքի հետ մեկտեղ՝ մինչև 628 թ.։


Սուրբ Աջի գերությունը տևում է վեց տարի։ Գերեվարումից վերադարձը կատարվում է Հայոց թագավոր Հեթումի օրոք, երբ Աստված սաստիկ սով ուղարկեց Եգիպտոս, որի պատճառով սուլթանը ստիպված վերադարձրեց սուրբ Աջը` փոխարենը պահանջելով Ծագ, Ապլճես, Պեհսեդունի և Մարաշ քաղաքները։
1441 թվական։ Պատմության մութ էջերով լի տարեթիվ է, քանի որ այդ թվից հետո դեռևս պատմաբաններին անհայտ հանգամանքներում, Գրիգոր Լուսավորչի Աջը անհետանում է Սիսի կաթողիկոսարանից և հայտնվում է Վաղարշապատում։ Աջապահյան ընտանիքը, որին վստահված էր սուրբ Աջի պահպանությունը, նույնպես անտեղյակ է, թե ինչպես է կատարվել այդ տեղափոխությունը։


Շատ չանցած՝ 1444 թվին Հայաստանում օրհնում են Խոր վիրապի վանահայր Տեր Կիրակոսին` որպես Հայոց կաթողիկոս, և առաջանում են զույգ կաթողիկոսական աթոռները։
Այնուհետև Գրիգոր Լուսավորչի Աջը, Պարսկաստանի Շահ Աբասի հրամանով, տարվում է Սպահան, որպեսզի տարագրված հայերի սիրտը կտրվի Սուրբ Էջմիածնից և կապվի նոր բնակավայրին՝ Նոր Ջուղային։ Այդ նպատակով Շահը ցանկացել է նույնիսկ Էջմիածնի Մայր տաճարը քանդել և քար առ քար տեղափոխել Պարսկաստան։ Տասից ավելի քարեր տեղափոխելուց հետո Աստված էլ Շահ Աբասի թագավորությունն է քանդում` ի չիք դարձնելով ոչ աստվածահաճո այդ հրամանը։


Սուրբ Աջը Պարսկաստանում գերության մեջ է մնում մինչև 1637 թվականը, երբ Հայոց Փիլիպոս կաթողիկոսը գնում է Սպահան, որտեղ Լուսավորչի Աջը պահպանում էին Խոջա Սաֆարի թոռները։ Այնտեղից սուրբ Աջի տեղափոխությունը Էջմիածին այսպես է նկարագրում Առաքել Դավրիժեցին իր «Պատմություն» գրքում. «Շահսեֆի արքան շնորհ արեց հայրապետին, կատարեց նրա խնդրանքը և գրով, թագավորական կնիքով հրաման տվեց, որ ջուղայեցիք սուրբ Լուսավորչի աջը տան տեր Փիլիպոս կաթողիկոսին։ Երբ նա առավ թագավորի հրաման-հրովարտակը, բերեց խոջա Սաֆարի թոռների մոտ, սրանք չկամեցան տալ։ Կաթողիկոսը սրանց մեծ բարկությամբ սաստեց, իսկ նրանք վախենալով նրա սրբությունից և հայրապետական անեծքից, փափկեցին համառությունից։ Եվ տեր Փիլիպոս կաթողիկոսը բազմաթիվ քահանաներով ինքը գնաց խոջա Սաֆարի տուն, այնտեղից աջը առավ և բերեց Խոջենց եկեղեցին։ Կիրակի օրը պատարագ տվեց և աջը բաց արեց։ Այս լուրի վրա բոլոր ջուղայեցիները հավաքվեցին, ուխտ արեցին և տակավին ընդդիմանում էին և չէին թողնում աջը տանել։ Այս պատճառով այնտեղից աջը գաղտնի հանեցին, բերեցին Ջուղայի վանքը, որտեղից էլ երևանցիների մոտ, այստեղից էլ թաքուն հանեցին, տարան Բրինջլուի իջևանատուն և դրին մի քրիստոնյա հայ վաճառականի բեռների մեջ։ Վաճառականը նախապես գնում է Թավրիզ, որից ջուղայեցիք ոչ մի տեղեկություն չունեին։ Ապա Փիլիպոս կաթողիկոսը Սպահանից ելավ, գնաց Թավրիզ, աջը վաճառականից վերցրեց, բերեց Էջմիածին՝ նույնի (աջի) սեփական աթոռը»։


Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջի այս վերադարձը տեղի ունեցավ 1638 թ. սեպտեմբերի 20-ին։
Ահա այս շաբաթ օրը՝ հուլիսի 1-ին, Հայաստանյայց եկեղեցին տոնելու է Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը։ Ընթերցողներին տեղեկացնենք, որ Գրիգոր Լուսավորչի մասունքներից կան նաև Երուսաղեմի սուրբ Հակոբյանց միաբանության գանձարանում, իսկ Իտալիայի Նեապոլ քաղաքի պահպանիչ սուրբը համարվում է Գրիգոր Լուսավորիչը, ում մասունքի շնորհիվ դարեր առաջ քաղաքը փրկվել է կործանումից։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի դիմաց գտնվող սպիտակ, մարմարակերտ խորանի տակ է գտնվում Գրիգոր Լուսավորչի մասունքը, որը 2001 թվականին` Հայոց քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, իր հետ Հայաստան բերեց Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը, որը նույնպես Նեապոլի սուրբ մասունքից է հատված։ Տեղեկացնենք, որ այդ մասունքից կա նաև Մոսկվայի հայոց եկեղեցում, որը մեծ գնով փարիզյան աճուրդի ժամանակ ձեռք է բերել հայ բարերար Արթուր Ջանիբեկյանը` Նեապոլի Գրիգոր Լուսավորչի նույնանուն եկեղեցու 19-րդ դարի կեսերին հոգևոր եպիսկոպոս առաջնորդի հավաստիության կնիքով հաստատված։


Որպես վերջաբան հավելեմ, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մուտքի գեղեցիկ մարմարյա խորանը, որի տակ գտնվում է սուրբ մասունքը, միակ տեղն է, որին յուրաքանչյուր մարդ կարող է մոտենալ, հարգանքի խոնարհում կատարել սրբի մասունքի առջև ու իր խնդրանքը մատուցել աղոթքով, քանզի մեր հավատքի հայրն իր բարեխոսություններով շարունակում է հովվել իրեն վստահված գառներին։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ