Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թավշյա հեղափոխություն… Արցախում

Թավշյա հեղափոխություն… Արցախում
04.07.2017 | 00:21

Այնպես չէր, որ անակնկալ էր, ոչ ոք այդ մասին չէր մտածել ու չէր խոսել, բայց կար, աղոտ հույս կար, որ ողջամտությունը, իրավիճակի սթափ գնահատականը, արդյունքների ու հետևանքների ըմբռնումը գոնե Արցախում կգերիշխեն: Ոչ: Հուլիսի 19-29-ին Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են: Նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ազգային ժողովում: Ոչ թե 5, այլ 3 տարով: Նոր Սահմանադրությամբ 2017-2020-ը սահմանվել է անցումային շրջան: Նախագահ Բակո Սահակյանի լիազորություններն ավարտվում են 2017-ի սեպտեմբերի 7-ին, որոշվել է, որ անցումային շրջանում ԱԺ-ն կընտրի նախագահ: Անցումային փուլի ավարտից հետո` 2020-ին, կլինեն ԱԺ-ի և նախագահի համաժողովրդական ընտրություններ: Նախագահի թեկնածուներ պետք է առաջադրեն քաղաքական կուսակցությունները: Ընտրությունը կարգավորվելու է Սահմանադրության անցումային դրույթներով: Ընդդիմադիր «Ազգային վերածնունդը» հունիսին գործադիր մարմնի նիստում քննարկել է հարցը, բայց չի որոշել թեկնածու առաջադրել, թե պաշտպանել որևէ մեկի թեկնածությունը: Չեն բացառում, որ կպաշտպանեն այլընտրանքային թեկնածուի, բայց ոչ Բակո Սահակյանին:

«Ազատ հայրենիքը» հուլիսի 5-ին համագումարում կքննարկի նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի թեկնածության սատարման հարցը: Չկասկածեք, որ կպաշտպանի: Հուլիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի ժողովրդավարական կուսակցության 5-րդ համագումարը լիազորեց «Ժողովրդավարություն» խմբակցությանը առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն դեռ կքննարկի՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածուին, թե՞ սատարելու է որևէ մեկին: «Շարժում-88»-ից դեռ տեղեկություններ չկան: «Ազատ հայրենիքի» և ժողովրդական կուսակցության ձայները բավարարում են Բակո Սահակյանին անցումային նախագահ ընտրելու համար: Դա կլինի նրա երրորդ ժամկետը: Նախորդ Սահմանադրությամբ՝ «նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում»: Նոր Սահմանադրությամբ` «նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում»: Փաստացի երկու դեպքում էլ նա չի կարող առաջադրվել, և այնուամենայնիվ, կա սողանցք՝ անցումային ժամանակի համար հստակ չէ՝ այս դրույթները գործո՞ւմ են, թե՞ ոչ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ինչպե՞ս հասնել 2020-ին: Գուցե Իլհամ Ալիևը խառնվել է իրար, որովհետև չգիտի՝ հետո ում հետ է բանակցելու: 2018-ի ապրիլի կեսից Հայաստանի նախագահին ևս ԱԺ-ն է ընտրելու, և նրա իրավասությունների մեջ ԼՂ հարցով բանակցություններ վարելը չկա: Բանակցել կարող է վարչապետը՝ իբրև պետության առաջին դեմք: Եթե հաջողվի Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղան, բանակցողը լինելու է ԱՀ նախագահը: Կընդունե՞ն նրան ՄԽ համանախագահները իբրև լեգիտիմ բանակցող, հաշվի առնելով, որ անցումային նախագահ է: Փաստորեն՝ բանակցությունների նոր օրակարգ է ձևավորվում՝ ի՞նչ ձևաչափով, ով ում հետ է բանակցելու, եթե բանակցությունները վերսկսվեն ընդհանրապես: Կա ևս մեկ կողմ՝ Հայաստանում ու Արցախում գուցե տարօրինակ չի դիտվում, որ Սերժ Սարգսյանն ուզում է վարչապետ լինել, իսկ Բակո Սահակյանը նախագահ մնալ, բայց կա նրանց իշխանության լեգիտիմության հարց միջազգային ասպարեզում: Կա քաղաքական էթիկայի ու ժողովրդավարական չափանիշների հարց: Ի՞նչ առավելություն կունենա հայկական կողմը իր «թավշյա հեղափոխությամբ», եթե հավերժ նախագահ Իլհամ Ալիևի դիմաց հավերժության հավակնող հայ վարչապետ կամ նախագահ լինի: Իսկ այս հարցը միշտ եղել է հայկական կողմերի հաղթաթուղթը՝ ժողովրդավարական երկիրը բռնապետությանը կցելը համարվել է հակաժողովրդավարական:

Դիտվել է՝ 5319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ