Միայն ուժեղ արհմիությունն է ի զորու պաշտպանելու աշխատողի աշխատանքային իրավունքը

Միայն ուժեղ արհմիությունն է ի զորու պաշտպանելու աշխատողի աշխատանքային իրավունքը
30.09.2017 | 13:42

ԿԱՅԱՑՄԱՆ ԴԺՎԱՐԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ


Հայ աշխատավորն իր առօրյա կյանքում բազմիցս է բախվում սոցիալական ու աշխատանքային խնդիրների, որոնք երբեմն օրենքի և օրինականության շրջանակներում միայնակ անհնար է հաղթահարել: Այստեղ նրա պաշտպանն ու աջակիցը պետք է լինի արհմիությունը, որին, սակայն մեր օրերում ոչ միշտ է հաջողվում լուծել այս կամ այն խնդիրը, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո իր իրավունքներից ու հնարավորություններից զրկված արհմիությունը փորձում է վերագտնել իր երբեմնի հեղինակությունը:
Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության (ՃՀՄ) նախագահ ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ համոզմամբ՝ հանրապետությունում արհմիությունների համար կայացման դժվարագույն ժամանակներ են, որին խոչընդոտում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, աշխատատեղերի խնդիրը, գործազրկությունը, չկայացած ժողովրդավարությունը, սոցիալական գործընկերության (կառավարություն-արհմիություն-գործատու) երկխոսության կազմակերպման ոլորտում ունեցած փորձի անբավարար վիճակը:


-Արհմիությունների ակտիվ դերակատարությունն այսօր առավել քան երբևէ կարևորվում է, քանի որ առկա սոցիալական խնդիրներն իրենց հետ բերում են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, կոմունալ ծառայությունների գնաճ, որին գումարվում են կյանքի նվազագույն պահանջները չբավարարող աշխատավարձերն ու կենսաթոշակները, դրամի արժեզրկումը, արտագաղթը և բազմաթիվ այլ խնդիրներ,- ասում է Ս. Հարությունյանը:
Արհմիությունների ուժն ու հնարավորություններն ի հայտ են գալիս մասնավորապես սոցիալական գործընկերության տիրույթում, որտեղ աշխատող-գործատու հարաբերություններում առկա տարաձայնությունների լուծման համար նրանք օգտվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքից և գործատուի հետ բանակցելու հմտությունից:


«Իրատեսի» հետ զրույցում Սեդա Հարությունյանը, կարևորելով սոցիալական գործընկերությունը, նշում է, որ արհմիությունների համար առաջնահերթ խնդիրը մնում է կոլեկտիվ պայմանագրի կամ համաձայնագրի առկայությունը, ինչին ոչ բոլոր գործատուներն են սիրահոժար համաձայնում: «Այս առումով մեր ճանապարհը շատ դժվար է: Տեղերում, որտեղ ունենք ուժեղ, բանիմաց արհմիութենական լիդեր` կնքվում է երկկողմ պայմանագիր, արհմիությունը բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, բայց, ցավոք, նույնը չի կարելի ասել գործատուների մասին»,- ասում է Ս. Հարությունյանը:
Ըստ նրա, մի շարք ձեռնարկություններում աշխատանքային պայմանները, սանիտարա-կենցաղային հարմարությունները չեն համապատասխանում գործող նորմատիվային պահանջներին: Արհմիութենական կոմիտեները դեռևս լիարժեք չեն զբաղվում աշխատանքի պաշտպանության կառավարման կոմպլեքսային համակարգի մշակման և ներդրման, սանիտարա-առողջարարական միջոցառումների կազմակերպմամբ ու դրանց իրականացմամբ: Այդ են վկայում աշխատավայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին տվյալները, թեև կոմունալ-բնակարանային տնտեսության աշխատողների ՃՀՄ-ի հետևողականության շնորհիվ «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», այժմ` «Վեոլիա ջուր», «Երքաղլույս», «Ջրային կառույցներ» փակ բաժնետիրական ընկերություններում բավականին աշխատանքներ են կատարվել պայմանները բարելավելու ուղղությամբ:


Սեդա Հարությունյանը կարևորում է արհմիութենական կադրերի ճիշտ ընտրությունը: Նրա խոսքով՝ տարիների փորձը ցույց է տվել, որ այն արհեստակցական կազմակերպություններում, որտեղ ընտրված է բանիմաց, իր իրավունքներն իմացող մարդ, դրական տեղաշարժն ակնհայտ է, գործատուն հաշվի է նստում արհմիության այդպիսի լիդերի հետ: ՃՀՄ-ի աշխատանքներում արձանագրվող առաջընթացի հիմնական խթանող ուժը ՃՀՄ-ի արհմիութենական ակտիվն է` արհմիութենական կոմիտեների նախագահների գլխավորությամբ:

ԱՌԱՋԱԴԵՄ ԼԻԴԵՐԻ ՍԻՆԴՐՈՄԸ
12 տարի շարունակ, լինելով «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ արհմիության կոմիտեի երիտասարդ նախագահ, ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հաջողվել է արհմիության անդամների թիվը 60-ից հասցնել 110-ի: Արհմիության կոմիտեի բյուջեն՝ 895 հազար դրամը, ամբողջովին ուղղվում է աշխատողների սոցիալական աջակցությանն ու առողջական խնդիրների լուծմանը: Տարիներ առաջ արհկոմի միջնորդությամբ աշխատողները ստացան բանվորական արտագահուստ, իսկ կարճ ժամանակ անց նաև մայրաքաղաքի Կենտրոն վարչական տարածքի որոշ հատվածներում աշխատողների համար տեղադրվեցին հանգստի և սնվելու համար նախատեսված տնակներ: Աննա Գրիգորյանի նախաձեռնությամբ տեղամասերում գյուղատնտեսն աշխատողների հետ անցկացնում է անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման հրահանգավորում:


-Քանի որ կանաչապատման աշխատանքները սեզոնային բնույթ են կրում, ուստի սեզոնի վերջում աշխատատեղերի կրճատումն անհրաժեշտություն էր: Սակայն այս տարի «Կենտրոն կանաչապատում» ՍՊԸ-ի տնօրենության և արհկոմի համատեղ որոշմամբ և առաջարկով աշխատողները ձմռան ամիսներին աշխատանքը չկորցնելու նպատակով համաձայնել են աշխատելու ոչ լրիվ դրույքաչափով: Արհկոմը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում առողջական խնդիրներ ունեցող աշխատողներին, սակայն վերջիններիս հանգստյան ուղեգրերով ապահովելու հարցում արհկոմի հնարավորություններն առայժմ սահմանափակ են,- ասում է Աննա Գրիգորյանը:
Երբ 2014 թ. մայրաքաղաքի աղբահանության, սանմաքրման և ձնահեռացման աշխատանքները ստանձեց լիբանանյան «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, այն թերահավատ էր արհմիութենական կազմակերպության գաղափարի և գործունեության հանդեպ: Եվ միայն Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Սեդա Հարությունյանի հետևողական աշխատանքի շնորհիվ «Սանիթեք Ինթերնեյշնլ» կազմակերպությունում ստեղծվեց արհեստակցական կազմակերպություն:
-Այսօր մեր կազմակերպությանն անդամագրվել է 40 աշխատող ¥հիմնականում աշխատակազմի անդամներն են, որոնց աշխատավարձը 150-200 հազար դրամ է¤, սակայն ձգտում եմ արհմիության շարքերում ներգրավել նաև կազմակերպության ողջ բանվորական ուժը, արհմիության անդամների թիվը հասցնել 1000-ի, այդպիսով արհմիության շարքերում ներգրավել կազմակերպության բոլոր աշխատողներին: Ես կարևորում եմ գործատու-աշխատող փոխհարաբերությունների հստակեցման հարցում միջնորդ հանդիսացող արհմիության դերը,- մեզ հետ զրույցում ասաց «Սանիթեք Ինթերնեյշնլ» արհեստակցական միության նորընտիր նախագահ ԱՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Նրա համոզմամբ՝ առաջիկայում Ժնևում կայանալիք Եվրոպայի «Հասարակայնության սպասարկման ինտերնացիոնալ» (PSI) միջազգային կոնգրեսի աշխատանքներին իր մասնակցությունը կօգնի առավել խորությամբ ծանոթանալու միջազգային արհմիութենական կազմակերպությունների գործելաոճին, ինչն էլ հնարավորություն կտա ձեռք բերած գիտելիքները կիրառելու «Սանիթեք Ինթերնեյշնլ» կազմակերպության աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման համար:


-Այսօր արհմիությունների կադրային քաղաքականությունը միտված է իր շարքերը նորագույն տեխնոլոգիաներին և մեթոդներին, ինչու՞ չէ, նաև օտար լեզուներին տիրապետող երիտասարդ կադրերով համալրելուն: Ինչպես ժամանակին արտահայտվել է Ֆրանկլին Ռուզվելտը, «Միշտ չէ, որ կարող ենք կերտել ապագա` մեր երիտասարդության համար, բայց կարող ենք կերտել երիտասարդություն ապագայի համար»,- մեր զրույցի վերջում հավելեց Սեդա Հարությունյանը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ