Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Վրացի կոմունիստը նախ վրացի է, հետո` կոմունիստ, իսկ հայ կոմունիստը սկզբում կոմունիստ է, հետո՝ հայ»

«Վրացի կոմունիստը նախ վրացի է, հետո` կոմունիստ, իսկ հայ կոմունիստը սկզբում կոմունիստ է, հետո՝ հայ»
13.10.2017 | 01:18

Համալսարանական աշխատանքից հետո երկար տարիներ դպրոցում դասավանդել եմ «պատմություն» առարկան: Այժմ չեմ աշխատում։ Այդ բացը մասամբ լրացնում է «Իրատեսը» իր բովանդակային հոդվածներով:
Շնորհակալ եմ:


Հաճույքով եմ ընթերցում պարոն Սոկրատ Հովսեփյանի հոդվածները: Զարմանքս մեծ էր, երբ «Իրատեսի» թիվ 60-ում կարդացի «Այսօրվա աշխարհի կառավարողներին տեսնելով, ակամայից դառնում ես ստալինիստ» հոդվածը:
1984 թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ ԽՍՀՄ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացնում էի ՀԽՍՀ-ն: Նիստերը վարում էր Լիգաչովը։ Ընտրությունների նախապատրաստական երեքամսյա աշխատանքի շրջանում 15 հանրապետությունների ներկայացուցիչներից և ոչ մեկը չի հակադարձել կամ մեկ բառ անգամ առաջարկել: Յուրաքանչյուր նիստից հետո ինքս ինձ հետ կռիվ էի տալիս՝ թե այս ինչ գերբնական ուժ ունի այս գաղափարախոսությունը, որ ես անվերապահորեն ենթարկվում և ընդունում եմ այն: Կրեմլում շատ ավելի ցցուն է դրսևորվում լենինյան ազգային քաղաքականության իսկական էությունը, որում տարբեր առիթներով բազմիցս համոզվել եմ։ Այդ մտածողությունը տասնամյակներ շարունակ ուղեկցում է մեզ, որից չենք ձերբազատվում, իսկ հայի նվիրումը, բնականաբար, միշտ ավելի մեծ է լինում:
Ակամա հիշեցի հայրիկիս: Հայրս սիրում էր ասել. «Վրացի կոմունիստը նախ վրացի է, հետո` կոմունիստ, իսկ հայ կոմունիստը սկզբում կոմունիստ է, հետո՝ հայ»:


Պարոն Հովսեփյանի հոդվածում երկու տարբեր խնդիրներ միախառնվել են իրար: Կան հարցեր, որոնց հետ համամիտ եմ, բայց արդարացնել մարդու ազատության և իրավունքների ոտնահարման անսահմանության ձգտող չափանիշները հզոր երկիր կառուցելու համար, մեղմ ասած, անընդունելի է։ Կանդրադառնամ հոդվածում արծարծվող միայն մեկ խնդրի: Պարոն Հովսեփյանը, չգիտես ինչու, շատ սրտամոտ է ընդունել Լենինին «Իրատեսի» համարներից մեկում «Մունդռիկ» անվանումով կոչելը: Ըստ հեղինակի, Լենինը փոխել է պատմության ընթացքը և արժանի է բարձր գնահատանքի։ Կարծում եմ, Լենինը՝ շեղելով պատմության ընթացքը օրինաչափ զարգացումից, նոր արհավիրքներ ստեղծեց նույն պատմության համար: Պատմությունը տալիս է ու կտա դրա ճիշտ գնահատականը։ Ինչ վերաբերում է մեզ, Լենինի և Ստալինի իշխանության օրից առայսօր հայը զրկանքներ է կրում: Նրանց վարած քաղաքականության հետևանք են մեր հայրենի հողերի կորուստը, այսօր մեր զավակների կյանքի գնով՝ մի թիզ հողի պաշտպանությունը և սգացող մայրերի առօրյան: Բավական է հիշել 1918-1921 թթ. կնքված պայմանագրերը (որոնց քաջատեղյակ է պարոն Հովսեփյանը) և նրանց խաղացած բացասական դերը մեր պատմության մեջ: Մեկ դար է անցել այն ժամանակներից, երբ հայ կոմունիստներից ոմանք՝ լինելով սկզբում կոմունիստ, հետո միայն մեծ հարցականով հայ, կրկնելով Լենինին` հայտարարում էին. «Թեկուզ Հայաստանը զոհաբերելու գնով հասնել համաշխարհային սոցիալիստական հեղափոխության հաղթանակի»: Լավ կլինի ոչ թե վիրավորվել Լենինին չմեծարելու համար, այլ վիրավորվել, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, համարելով Լենինին փրկիչ, նրա նկարն ու կիսանդրին դարձրել է իրենց ներկայացնելիք անբաժան մասը՝ դրանով իսկ խաղալով ժողովրդի զգացմունքների հետ: ՈՒզո՞ւմ են մնալ կոմունիստ, թող ներկայանալու ուրիշ ձև փնտրեն:


Պատմության մեջ մենք շատ ենք տուժել օտարամոլության և մեր շահը ստորադասելու պատճառով: Մինչև ինքներս մեզ չհարգենք, ուրիշը մեզ երբեք չի հարգի: Չեմ կասկածում, որ նույն կարծիքին է նաև պարոն Սոկրատ Հովսեփյանը:
Վաղուց ժամանակն է լինելու սկզբում հայ, որ յուրաքանչյուրը խորհի և իրեն հաշիվ տա արածի ու չարածի համար, որ բոլոր կուսակցությունների ծրագրերը (և ոչ միայն) հիմնվեն ազգային հենքի, այլ ոչ թե անձնական շահի և օտարին հաճոյանալու սկզբունքի վրա:
Սիրելի «Իրատես», ես Ձեր մշտական ընթերցողն եմ և ուզում եմ, որ դուք ժողովրդի հետ միշտ ազնիվ ու անկեղծ լինեք։


Լուիզա ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ