Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի նկարիչների միությունը 85 տարեկան է

Հայաստանի նկարիչների միությունը 85 տարեկան է
22.12.2017 | 12:12

Դեկտեմբերի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում կրկնակի տոն էր. միության կազմավորման 85-ամյակի կապակցությամբ բացվեց հանրապետական հոբելյանական ցուցահանդեսը, և ՀՆՄ անդամներին հանձնվեցին «Հայաստանի նկարիչների միություն. 85-ամյակ» շքեղ պատկերագրքերը: Այս նշանավոր իրադարձությունների առիթով ցուցասրահում զրուցեցի ՀՆՄ նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ և քարտուղար ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ:

-Պարոն Աղամյան, հոբելյանական ցուցահանդեսից ժամեր առաջ ՀՆՄ անդամներին, հետո նաև հայ կերպարվեստասեր հանրությանն է ներկայացվում հերթական պատկերագիրքը:
-1998-ին ստանձնելով ՀՆՄ նախագահի որքան պատվավոր, նույնքան էլ պատասխանատու գործը մի շարք կառուցողական գործերի հետ նախաձեռնեցինք տեղեկատու-պատկերագրքի հրատարակումը: Տեսեք, 5 տարին մեկ հրապարակ իջնող այս գրքում ներկայացվում են նկարիչներն ու արվեստաբանները` իրենց անձնական տվյալներով, նկարիչները՝ նաև իրենց աշխատանքներով: Այս հրատարակությունը չորրորդն է: Առաջինը լույս ընծայվեց 2002-ին՝ ի նշանավորում ՀՆՄ-ի կազմավորման 70-ամյակի: Մինչ այս պատկերագրքեր են տպագրվել 2007 և 2012 թվականներին: Ի դեպ, խորհրդային տարիներին Հայաստանի նկարիչների միությունը շատ ավելի ապահովված էր նյութապես և գտնվում էր պետության հովանու ներքո, ՀՆՄ-ն հրատարակում էր տեղեկատու, որում ընդամենը ներկայացվում էին նկարիչը և նրա տվյալները: Տեղեկատուն վերածվեց տեղեկատու-պատկերագրքի և ներկայացնում է մի քանի հարյուր ստեղծագործողի արվեստը՝ լրացված նրանց անձնական տվյալներով:
-Բավականին ինքնատիպ է տեղեկատու-պատկերագրքի դիզայնը:
-Դիզայնի հեղինակը ես եմ, խմբագրական աշխատանքները կատարվել են միության փոխնախագահ Կարապետ Փաշյանի և քարտուղար Խաչատուր Ազիզյանի ջանքերով:
-Պարոն Ազիզյան, հոբելյանական ցուցահանդեսների հանդեպ հետաքրքրությունը մի՞շտ է մեծ եղել:
-Շուրջ 300 կերպարվեստագետ է ներկայացել մեկական աշխատանքով: Երկու ստեղծագործող, բացառության կարգով, ներկայացրել են երկուական գործ. մեր ավագագույն նկարիչ, 96-ամյա Արմեն Աթայանը՝ երկու աշխատանքով, և Արթուր Մանուկյանի երկու պլակատը: Կերպարվեստի այս ճյուղը գրեթե մոռացության էր մատնված, և ցուցահանդեսում ներկայացված գործերը վերականգնման փորձ են:
Անկեղծ ասած, զուտ էքսպոզիցիայի տեսանկյունից ՀՆՄ-ի երկու հարկերում ցուցադրվող նկարներն ու քանդակները այնքան էլ հաջող չեն դասակարգված, բայց չենք կամեցել որևէ ստեղծագործություն մերժել, ձգտելով հնարավորինս շատ գործեր տեղավորել դահլիճներում:
-Այս հոբելյանական ցուցահանդեսում ի՞նչ էր ներկայացված:
-Ներկայացվել են ՀՆՄ բոլոր այն անդամների գործերը, որոնք ցանկացել են մասնակցել ցուցահանդեսին: Նաև դեռևս միությանը չանդամակցող նկարիչների աշխատանքները, սակայն մրցութային հանձնաժողովի ընտրությամբ: Եթե նկատել եք, առաջին հարկի ցուցասրահի առաջնադիրքում ՀՆՄ հիմնադիր, ժողովրդական նկարիչ, նաև նշանավոր հանրային և ազգային գործիչ Արա Սարգսյանի «Մայր Հայաստան» արձանի բրոնզե մանրակերտն է: «Մայր Հայաստան» արձանը տեղադրված է Գյումրիում: Ի դեպ, նախապես կամենում էինք միության նկարադարանից առանձին գործեր ներկայացնել ցուցադրության, սակայն դրա հնարավորությունը չունեցանք, հոբելյանական այս ցուցահանդեսը հագեցած է և հաջողված:


Զրուցեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Դեկտեմբերի 19-ին ցուցահանդես այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 5943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ