Վերադարձ Վիեննա՞

Վերադարձ Վիեննա՞
15.06.2019 | 14:55

ՀՀ ԱԳՆ տեղեկացրել է. «Հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։ Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։ Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։ Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ»։


Փաստացի՝ սա հայտարարություն է 2016-ի Վիեննայի պայմանավորվածություններին վերադարձի օրակարգ կամ հանդիպման օրակարգ չլինելու մասին: Եվ պատճառը Դուշանբեի «ոտքի վրա» պայմանավորվածությունների միակողմանի խախտումն է Բաքվի կողմից, որ արդիական է դարձնում հրադադարի պահպանման մեխանիզմները: 2016-ին Վիեննայից Բաքու վերադարձած Ալիևը հրաժարվեց բանավոր պայմանավորվածությունը կատարել: 3 տարի հարցը մեկ հայտնվում, մեկ մոռացվում է հանդիպումների օրակարգում։ Օրինաչափ է, որ Վաշինգտոնում կազմակերպվող հանդիպման օրակարգը լինի հենց Վիեննայի պայմանավորվածությունը, որ ձեռք էր բերվել 2016-ի քառօրյա պատերազմից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հովանու ներքո կազմակերպված հանդիպման ժամանակ՝ նրա ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ: Վիեննային հաջորդած Սանկտ Պետերբուրգի հանդիպումը թևեր տվեց Իլհամ Ալիևին՝ հրաժարվել պայմանավորվածությունից: Դատելով Հայաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Կոպիրկինի ասուլիսից՝ Մոսկվան դադար է վերցնում ու բացեիբաց հայտարարում, որ թյուր պատկերացում է, թե ինքը կարող է կանխել Ադրբեջանի ագրեսիան կամ պատերազմը: Մնում է մի զորավարժություն էլ Ադրբեջանի հետ համատեղ Ռուսաստանն անի՝ ռազմավարական ռազմական գործընկերության շրջանակներում՝ առավել համոզիչ լինելու համար՝ հայտարարելով, որ դա տարածաշրջանային անվտանգության նպատակներին է ծառայում: Ինչպես, օրինակ, Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների՝ Հայաստանի համար անվտանգ լինելու հայտարարությունն էր, որ Ռուսաստանը վերահսկում է ... Գյումրիի ռազմաբազայից։


Բայց ինչ-որ փոփոխություն եղել է՝ ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանի սպանությունից հետո ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկոյան Ֆեյսբուքի իր էջում գրեց. «ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը»: Երկու օր առաջ հակառակորդի կրակոցից սպանվեց Արտյոմ Խաչատրյանը: Մինչև հունիսի 20-ը մնում է 5 օր: Բաքուն այս ընթացքում շարունակելու է «ապացուցել», որ «ագրեսորը» հայկական կողմն է, դա միակ ալիբին է՝ Վիեննայի պայմանավորվածություններից խուսափելու և օրակարգ բերելու սուբստանցիոնալ բանակցությունները: Հազիվ թե ստացվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թավշե հեղափոխությունից հետո Իլհամ Ալիևը կարող էր դիմել հարցի ուժային լուծման, համարելով հարմար պահ, բայց այդ «հարմար պահը» շատ անհարմար գնահատական էր ստանալու աշխարհում և անգամ ռազմական հաջողության դեպքում Ալիևը չէր կարողանալու արդյունքի հասնել: Ու նա փորձեց խաղարկել տոտալիտար Ադրբեջանի համեմատությամբ ժողովրդավար Հայաստանի հետ «հավասարվելու» մարտավարություն: Հաշվարկը բարդ չէր՝ Հայաստանում իշխանությունից հեռացել է «հանցավոր ռեժիմը», որ նաև պատերազմի անմիջական մասնակից էր, նոր ու անմասնակից իշխանությանը պետք է հնարավորություն տալ նախորդների «սխալները» չկրկնելու համար: Ալիևը հույս ուներ, որ եթե Մոսկվան չեզոք վերաբերվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, ուրեմն ունի ինչ-որ ակնկալիքներ, որոնցից մեկն էլ Լավրովի պլանի իրականացումն է: Իսկ դա հենց ադրբեջանական երազանքների սուբստանցիոնալ ծրագիրն է: Դուշանբեում Պուտինի նախաձեռնած «վերելակային դիվանագիտությունը» ամրապնդում էր Ալիևի վստահությունը, որ Պուտինը իր կողմից է խաղում: Իսկ Ստեփանակերտին բանակցային սեղան բերելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը պարզապես ժամանակ շահելու խնդիր էր լուծում՝ իրավիճակին ծանոթանալու համար: Հիմա Բաքուն վերադառնում է իր հին տաշտակին ու հին մարտավարությանը՝ կրակոցների դիվանագիտությանը՝ «չնկատելով», որ իրավիճակ է փոխվել՝ Հայաստանը ոչ միայն արձանագրում, այլև հակադարձում է: Մնում է, որ հակադարձի նաև դիվանագիտության մեջ:


Մոսկվայում Պուտինի մասնակցությամբ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ հաջորդ հանդիպումը լինելու է, հավանաբար, Վաշինգտոնում ու այդ ժամանակից ռուսական լրատվամիջոցները գեներացնում են տեսակետը, որ ԱՄՆ-ը, ավելի ճիշտ Բոլտոնն ունի իր «պլանը»: «Բոլտոնի պլանի» մասին երևի միայն ռուս փորձագետները գիտեն: Իսկ եթե նրանք ու Բոլտոնն էլ չգիտեն, ստացվում է, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ... օրակարգ չունի: Բացի՝ Վիեննայից:

Դիտվել է՝ 1155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao