Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ը նախապատրաստվել է թևավոր հրթիռներով հարվածելու Սիրիային

ԱՄՆ-ը նախապատրաստվել է թևավոր հրթիռներով հարվածելու Սիրիային
20.03.2018 | 00:36

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբն անցած շաբաթ օրը հայտնեց Սիրիային հարվածելու ԱՄՆ-ի հնարավոր նախապատրաստման մասին: Գլխավոր շտաբում մասնավորապես հայտնել են, որ կան նշաններ առ այն, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածելու Սիրիային:


«Մենք հայտնում ենք հնարավոր հարվածին նախապատրաստվելու նշանների առկայության մասին,- ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը:- Միջերկրական ծովի արևելյան մասում, Պարսից ծոցում և Կարմիր ծովում ստեղծված են թևավոր հրթիռների ծովային կրողների հարվածային խմբեր: Հարց է առաջանում` այդ հարվածներով ու՞մ է պատրաստվում աջակցելու Միացյալ Նահանգները` «Ջաբհատ ան-Նուսրայի» ահաբեկիչներին և Արևելյան Ղութայում գտնվող նրանց զինակիցների՞ն»:
Գեներալը հայտնել է նաև, որ ԱՄՆ-ը կարող է հարվածել պետական օբյեկտներին և սիրիական զորքերին, մեղադրելով նրանց քիմիական զենքի կիրառման մեջ:
«Տվյալ սադրանքը ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար պետք է պատրվակ ծառայի` Սիրիայի տարածքում զինվորական ու պետական օբյեկտներին հարվածելու համար»,- նշել է Սերգեյ Ռուդսկոյը:


Մարտի 17-ին, ավելի վաղ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի նախագահի հեռուստառադիոհամալիրին տված հարցազրույցում հայտնել է, որ Սիրիայի տարածքում գործում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները: Արտգործնախարարը նշել է, որ Վաշինգտոնն այլևս չի թաքցնում Սիրիայի տարածքում իր հատուկ նշանակության ստորաբաժանումների գտնվելը, և հավելել, որ դա արդեն պատերազմում ուղղակի ներգրավվածություն է:
Թեև արդեն պարզ է, որ ՌԴ նախագահի մարտի 1-ի հայտնի ելույթից հետո, որը նաև ԱՄՆ-ին ուղղված զգուշացում էր` իր դաշնակիցներին թեկուզ փոքր հզորությամբ միջուկային հարվածի դեպքում անվերապահորեն միջուկային հարվածով պատասխանելու (անկախ դրա հնարավոր բոլոր հետևանքներից) վերաբերյալ, Միացյալ Նահանգները չի համարձակվի Սիրիային մարտավարական նշանակությամբ միջուկային մարտագլխիկով հարված հասցնել, սակայն Սերգեյ Ռուդսկոյի հայտնածից կարելի է եզրակացնել, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Միջերկրական ծովի արևելյան մասում, Պարսից ծոցում և Կարմիր ծովում ձևավորած իր հարվածային խմբերից (նավերից, հնարավոր է նաև սուզանավերից, ինքնաթիռներից) Սիրիային մի քանի հարյուր թևավոր հրթիռներով միաժամանակյա հարված հասցնել` այնպիսի ավերիչ հարված, որն ահաբեկիչներին և Սիրիայի զինյալ ընդդիմությանը թույլ կտա ժամանակ շահել, իրենց ուժերը համալրելու ու փորձելու դարձյալ առավելություն ձեռք բերել Սիրիայի բանակի նկատմամբ:


ԱՄՆ-ը Սիրիայում ռազմական և պետական տարբեր թիրախների հարվածելու դեպքում արդյոք կհամարձակվի՞ հարվածել նաև Դամասկոսին… Դժվար է այս հարցին միանշանակ պատասխանել, սակայն Դամասկոսին ԱՄՆ-ի հարվածը քիչ հավանական է և կարող է իրականություն դառնալ, եթե, իհարկե, ԱՄՆ-ը կամ այս պետության ստվերային տերերը պատրաստ են Ռուսաստանի հետ ռազմական անմիջական բախման, որը կարող է վերածվել միջուկային զենքի կիրառմամբ երրորդ համաշխարհային պատերազմի: Պատերազմ, որը Սիրիայի տարածքում, չհայտարարված կերպով և առանց միջուկային զենքի կիրառման, արդեն իսկ սկսված է, եթե նկատի ունենանք պատերազմին բացահայտ ու թաքուն կերպով մասնակցող պետությունների մեծ թվակազմը` Սիրիա, Իրան, Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ, Իսրայել, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա…


Հիշենք, որ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը մարտի 13-ին սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը Դամասկոսին ԱՄՆ-ի հրթիռառմբային հարվածին պատասխան միջոցներ կձեռնարկեն:
«Մեր զինծառայողների կյանքին սպառնալիքի առաջացման դեպքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կձեռնարկեն ազդեցության պատասխան միջոցներ ինչպես հրթիռների, այնպես էլ կրողների նկատմամբ, որոնք դրանք կկիրառեն»,- հայտարարել է բանակի գեներալը:
Կարևոր է նկատի ունենալ, որ գլխավոր շտաբի պետի խոսքը ոչ միայն Դամասկոսում, այլև, ընդհանրապես, Սիրիայում գտնվող ՌԴ զինծառայողների կյանքին սպառնալիքի առաջացման դեպքում պատասխան միջոցներ ձեռնարկելու մասին է:


Ռուդսկոյը նշել է, որ ԱՄՆ-ը, սիրիական զորքերից բացի, կարող է հարվածել նաև Սիրիայի տարածքում գտնվող պետական օբյեկտներին: Եթե, այնուամենայնիվ, հարված հասցվի նաև պետական օբյեկտներին, ապա գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հիշյալ զգուշացումը զանց չառնելու պարագայում, այդ հարվածը կարող է հասցվել Սիրիայի տարածքում գտնվող միայն այն պետական օբյեկտներին (կամուրջներ, էլեկտրակայաններ, տրանսֆորմատորային ենթակայաններ, կապի, հեռուստատեսության միջոցներ և այլն), որոնք խոցելու դեպքում ՌԴ զինծառայողների կյանքին սպառնալիք չի առաջանա:
Նկատի ունենանք նաև այն, որ Սիրիային հարվածելու համար ԱՄՆ-ը կարող է նույնիսկ չսպասել իր աջակցությունն ունեցող ահաբեկիչների կամ զինյալ ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառմամբ կազմակերպված սադրանքի, որպեսզի դրա մեղքը բարդի Սիրիայի կառավարության, բանակի վրա և քիմիական զենքի կիրառումն իր հարձակման պատրվակ ծառայեցնի: Միացյալ Նահանգներն առանց հիմքերի, ապացույցների, արդեն իսկ հայտարարել է, որ Սիրիայի բանակը միայն 2018 թ. ընթացքում առնվազն 7 անգամ քիմիական զենք է կիրառել: Բացի վերոնշյալից, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մարտի 12-ին վերջնագրի նման ներկայացրել է ԱՄՆ-ի բացահայտ սպառնալիքը Սիրիային հարվածելու վերաբերյալ, եթե վերջինս չդադարեցնի իր ռազմական գործողությունները Արևելյան Ղութայում: Նիքի Հեյլին ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դարձյալ հարվածելու Սիրիային, եթե պարզվի, որ ՄԱԿ-ն անընդունակ է հասնելու Արևելյան Ղութայում կրակի դադարեցման: Այսինքն` ԱՄՆ-ի պահանջն արդեն ոչ միայն քիմիական զենք չկիրառելն է, այլև մայրաքաղաք Դամասկոսի քթի տակ, Արևելյան Ղութայում գտնվող և այնտեղից Դամասկոսին ամեն օր հարվածող ահաբեկիչների ու զինյալ ընդդիմության նկատմամբ սիրիական բանակի գրոհը կասեցնելը:
Ընդգծենք, որ Դամասկոսում ու նրա մերձակայքում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ԱՄՆ-ի պահանջը թեև արտաքուստ պատրվակված է մարդասիրական նպատակով (դադարեցնել, որպեսզի Արևելյան Ղութայում այլևս նոր զոհեր չլինեն), սակայն իրականում ուներ և ունի այլ նպատակներ: Դրանք են`


1. Փրկել Արևելյան Ղութայի դեռ չազատագրված հատվածում մնացած զինյալ ընդդիմությանը և ահաբեկիչներին, նրանց առավել զինել, դեղորայքով և այլ աջակցությամբ օգնել, դրսից նրանց շարքերի համալրում ապահովել, որպեսզի այդ ուժերն առաջիկայում ևս Սիրիայում արյուն թափեն, հարվածեն Դամասկոսին ու փորձեն հասնել իշխանափոխության:
2. Չկորցնել Դամասկոսից վերոնշյալ ուժերի ունեցած զինատեսակների համար հարվածի հեռավորության վրա գտնվող Արևելյան Ղութան, որն այդ առումով վերածվել է ռազմավարական նշանակությամբ տարածքի:
3. Սիրիայում իրավիճակի կտրուկ սրմամբ այդ սադրանքով լուրջ գլխացավանք ստեղծել Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի համար:
4. Հարվածել Ռուսաստանի դաշնակից Սիրիային` այն հաշվարկով, որ Ռուսաստանը և անձամբ Պուտինը, զգուշանալով երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից, չեն համարձակվի խփել Սիրիային հրթիռներով հարվածող նավերին կամ (և) հրթիռառմբային հարված հասցնող ինքնաթիռներին, դրանով իսկ հարկադրված լինելով անպաշտպան թողնել ՌԴ դաշնակցին, կհեղինակազրկվեն միջազգային հանրության ու ՌԴ բնակչության շրջանում:
5. Թույլ չտալ, որ Արևելյան Ղութա մտած ու նրա մոտ կեսն արդեն ազատագրած Սիրիայի բանակն այնտեղ հայտնաբերի ահաբեկիչների կողմից պայթուցիկ ու քիմիական նյութերի արտադրության կենտրոնները և դրանց պատրաստման արտասահմանյան սարքավորումները, որոնք այդ սարքավորումները տրամադրած արևմտյան պետությունների (հնարավոր է նաև ԱՄՆ-ի) կամ Իսրայելի թույլ տված հանցագործության իրեղեն ապացույցներ ու քաղաքական սկանդալի պատճառ կլինեն:


Սակայն ԱՄՆ-ը վերոնշյալ նպատակների մի մասին հասնելու առումով արդեն ուշացել է: Մասնավորապես` Սիրիայի բանակը Դամասկոսի արվարձանային Արևելյան Ղութայի Դումայի շրջանի Ալ-Շաֆունիա ավանն ահաբեկիչներից մաքրելու ընթացքում մարտի 13-ին հայտնաբերել է ահաբեկիչներին պատկանող քլոր գազի և տարբեր թթվային ու քիմիական նյութերի արտադրության կենտրոն: ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, այս մասին հաղորդել են սիրիական աղբյուրները:
Ըստ աղբյուրների, լաբորատորիան ունեցել է պայթուցիկ ու թունավոր նյութերի պատրաստման արտասահմանյան սարքավորումներ: Նկատենք, որ սրանով մեկ անգամ ևս հաստատվում են ավելի վաղ քանիցս հրապարակված այն տեղեկությունները, որ Սիրիայում ահաբեկիչները և զինյալ ընդդիմությունն այդպիսի նյութեր պատրաստում են Արևմուտքի օգնությամբ: Այսպիսով, Սիրիայի բանակը հայտնաբերել է Սիրիայում ահաբեկիչներին պատկանող քիմիական զենքերի պատրաստման երկրորդ կենտրոնը: Քիմիական զենքերի արտադրության նախորդ կենտրոնը հայտնաբերվել էր ս. թ. փետրվարի 12-ին, վերջերս ազատագրված Աֆթրիս քաղաքում: Հայտնաբերված քիմիական զենքերը պատրաստվել են Սիրիայի բանակի և հենց նույն Արևելյան Ղութայի բնակչության դեմ կիրառելու համար, որպեսզի ԱՄՆ-ին մատուցվի նրա ակնկալած, նրա կողմից սպասվող պատրվակը` Սիրիայի բանակային և կառավարական թիրախների վրա հարձակվելու համար:


Ինչ վերաբերում է Արևելյան Ղութան ահաբեկիչներից և զինյալ ընդդիմությունից ազատագրելու, այնտեղից նրանց կողմից Դամասկոսին հասցվող հարվածներին վերջ տալու նպատակով Արևելյան Ղութայում սիրիական բանակի առաջխաղացումը կասեցնելու, վերջինիս հսկողությանը ռազմավարական նշանակությամբ այդ տարածքի անցումը թույլ չտալու ԱՄՆ-ի ջանքերին, ապա Միացյալ Նահանգներն այս հարցերում ևս ուշանում կամ ուշացել է արդեն: Սիրիայի բանակն այսօր իր վերահսկողության տակ է առել Արևելյան Ղութայի արդեն 80 տոկոսը: Սիրիայի բանակայինների ու զինված ուժերի առաջխաղացումն Արևելյան Ղութայի տարբեր շրջաններում շարունակվում է:
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, այցելելով Արևելյան Ղութա, պատերազմի առաջին գծում գտնվող բանակի դիրքեր, Սիրիայի բանակայիններին ասել է. «Ահաբեկիչներին սպանելու համար սիրիացի բանակայինների արձակած գնդակը փոխում է աշխարհի հավասարությունները, Սիրիայի բանակայինների առաջընթացը փոխում է աշխարհի քաղաքական քարտեզը»:


Ասադն ահաբեկչության դեմ Սիրիայի բանակայինների պայքարը պանծալի է համարել, հավաստիացրել է, որ նրանք այսօր շարունակում են պատմություն կերտել:
«Դուք պատերազմում եք ահաբեկչության դեմ ոչ միայն Սիրիան, այլև աշխարհի բոլոր երկրներն այդ երևույթից պաշտպանելու համար»,- հավաստել է Սիրիայի նախագահը:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ