Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քիմիական զենքի օգտագործմամբ սադրանքի երեք փորձ է կանխվել

Քիմիական զենքի օգտագործմամբ  սադրանքի երեք փորձ է կանխվել
23.03.2018 | 02:13

Միացյալ Նահանգների գլխավորությամբ միջազգային կոալիցիան Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասեկե նահանգում ուղղաթիռներով տարհանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության չորս պարագլուխների: Իր աղբյուրներին հղում կատարելով, այս մասին մարտի 19-ին հայտնել է SANA լրատվական գործակալությունը:
Վերջինիս ունեցած վկայությունների համաձայն, առավոտյան Ղամիշլի բնակավայրի մոտ վայրէջք են կատարել կոալիցիայի երեք ուղղաթիռներ: Զինծառայողներն ուղեկցել են չորս մարդու, որոնք գտնվել են, այսպես ասած, ԻՊ պարագլուխների կենտրոնում: Գրոհայինները, որոնք SANA-ի տվյալներով ունեն իրաքյան ծագում, նրանց նստեցրել են ուղղաթիռներ ու տարել անհայտ ուղղությամբ:


Մարտի 20-ին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն սելեկտորային խորհրդակցության ընթացքում հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը շարունակում է Սիրիայում իրադրության կայունացման ուղղությամբ աշխատանքները: Եթե Շոյգուն անկեղծ լիներ, պետք է ասեր, որ Ռուսաստանի ՊՆ-ն շարունակում է Սիրիայում իրեն կամ ՌԴ-ին պարտադրված պատերազմը, որովհետև Ռուսաստանն այնտեղ կռվում է «Իսլամական պետության» և մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ, իսկ մյուս կողմից` ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան զենքով և այլ կերպ օգնում է այդ կազմակերպություններին, նույնիսկ ուղղաթիռներով տարհանում նրանց նեղն ընկած պարագլուխներին: Մի խոսքով, հնարավոր ամեն ինչ անում է, որ թույլ չտա Սիրիայում իրադրության կայունացում, այդ երկրում ավելի և ավելի շատ արյուն թափվի, ի վերջո, հաջողվի տապալել Բաշար Ասադի վարչակազմը և Սիրիան մասնատել:
Ավելին, Սիրիայի և Ռուսաստանի թշնամիները փորձում են Սիրիայում քիմիական զենք կիրառել, որ ԱՄՆ-ը, դրա օգտագործման մեղքը գցելով Սիրիայի բանակի, կառավարության, Բաշար Ասադի վրա, տվյալ դեպքը պատրվակ ծառայեցնի Սիրիային հրթիռառմբային հարված հասցնելու համար:
Ահա թե հենց նույն խորհրդակցության ընթացքում ինչ է ասել Սերգեյ Շոյգուն.
«Մենք շարունակում ենք հետևել ԱՄՆ-ի և կոալիցիայի երկրների գործողություններին: Հավաստանշում ենք նրանց զինված ուժերի ակտիվությունը Սիրիայի շուրջ: Պահպանվում է մարտական թունավոր նյութեր կիրառելու հնարավորությունը, որպեսզի հետագայում սիրիական բանակը մեղադրվի քիմիական զենքի օգտագործման մեջ: Վերջին մեկ շաբաթում այդպիսի երեք փորձ է կանխվել»:


ՌԴ պաշտպանության նախարարն ասել է նաև.
«Հույս ունենք, որ ստեղծված իրավիճակում մեր արևմտյան գործընկերները որոշումներ ընդունելիս կառաջնորդվեն առողջ բանականությամբ, ահաբեկիչների հետ սիլի-բիլի անելուն վերջ կտան և կմիանան Սիրիայում ռուսական խաղաղ նախաձեռնությանը»:
Գործընկերնե՞րը, թե՞ թշնամիները… Անշուշտ, վերջինը, ինչը, ի թիվս բազմաթիվ այլ փաստերի, ևս մեկ անգամ հաստատվում է Անկարայում իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` մարտի 20-ին հրապարակված այն հայտարարությամբ, որ ԱՄՆ-ը Սիրիայի տարածքում ահաբեկիչներին զենքով հազարավոր բեռնարկղեր է առաքել:
Ինչպես հասկանալի է, Ռուսաստանի պաշտպանության նախարարը համապատասխան բառը` «թշնամիները», պարզապես չի օգտագործել Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների հետագա վատացումից խուսափելու համար:
«Հետագայում ևս ամեն ինչ կանենք տվյալ տարածաշրջանում իրադրության նորմալացման համար, բոլոր հետաքրքրված կողմերին կոչ ենք անում կառուցողական երկխոսության և համատեղ գործողությունների` ուղղված բռնության դադարեցմանը»,- ասել է Սերգեյ Շոյգուն:
Իր հերթին, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաֆարին, ըստ Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ասել է, որ Արևմուտքը միջամտում է Սիրիային վերաբերող ցանկացած հարցում, և իր երկիրն ապացույցներ է տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու քիմիական զենքերի տարածումն արգելող կազմակերպությանը, որոնք վկայում են Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ Արևմուտքի հայտարարության կեղծ լինելու մասին:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի հավաստմամբ, Արևմուտքը, գիտակցելով Սիրիայում իր քաղաքականության ձախողումը, ասպարեզ է բերել մեղադրանքներ` Դամասկոսի կողմից ահաբեկիչների նկատմամբ քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ:
ԱՄՆ-ի գլխավորած Արևմտյան ճակատի հրավերով մարտի 19-ին կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ` նպատակ ունենալով Սիրիայում մարդու իրավունքների հարցի քննարկումը: Սակայն, քանի որ Արևմուտքը մարդու իրավունքների անվան տակ փորձում է պաշտպանել ահաբեկիչներին և Սիրիայի զինյալ ընդդիմությանը, նրանց համար անվտանգության երաշխիքներ ապահովել, դադարեցնել նրանց նկատմամբ Սիրիայի բանակի ու նրա դաշնակիցների համապատասխան գործողությունները, Ռուսաստանի ու Չինաստանի ընդդիմության արդյունքում վերոնշյալ հարցը դուրս է հանվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգից:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ