Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչ անում ենք` «Կալաշնիկով» է ստացվում

Ինչ անում ենք` «Կալաշնիկով» է ստացվում
12.02.2019 | 00:45

Ավանդույթը պատմում է, որ մահվան մահճում աշխարհակալությամբ հիվանդ Չինգիզ խանը ոչ մի կերպ չի համակերպվում, որ ինքը ևս մահկանացու է, որոշում է իր հետ տանել նաև ողջ աշխարհը և հրամայում է առաջին հերթին փակել բոլոր աղբյուրների ակունքները, որպեսզի աշխարհն ու մարդկությունը վերանան:


Հասկանալի է` խանն ապահաշվարկ էր թույլ տվել: Չէ, մենք ոչ պարոն Սորոսի, և ոչ էլ այլ մեկի հետ չենք ասոցացնում սա, այլ արձանագրում ենք, որ, այո, Հայաստանում «աղբյուրները փակելու» գործընթացը, չնայած էներգետիկ պարպումին, ավելի խորքային ու բացահայտ դրսևորումներ է ստանում;
Աշխարհաքաղաքական տանուլ տված մարտը փորձ է արվում կոսմետիկ շտկումների ենթարկել, ու ստացվում է «Կալաշնիկով» (հիշենք կրկին Չեռնոմիրդինի անմահ խոսքերը` ինչ անում ենք` «Կալաշնիկով» է ստացվում):


Քանդեցինք` ՀԱՊԿ-ը, այսօր ոչ ռուսները, ոչ մերոնք չեն կարողանում այն «հավաքել». փորձ է արվում երկուստեք փրկել գործընթացը:
ԱՄՆ-ի հետ չստացվեց այն, ինչ պարոն Բոլթոնն էր «հանձնարարում». Ռուսաստանի իսպառ «տարհանում» Հարավային Կովկասից, ընդ որում, Վրաստանից հետո հիմա էլ Ադրբեջան-Հայաստան տանդեմով, զենքի վաճառք` Հայաստանին, Ղարաբաղյան հարցի «վճռական» լուծում: Վերջում էլի ունեցանք` «Կալաշնիկով». Հայաստանը դեռ հունվարի սկզբին Սիրիա ուղարկած զորամիավորման (ՊՆ-ի բնութագրմամբ` մարդասիրական առաքելության) մասին վերջապես բարձրաձայնեց. գնացին տղերքը. ինչու, ինչ միջազգային պայմանագրով, ինչու են ներառվել ռազմական ոստիկաններ, որքան են մնալու այնտեղ, ինչ հերթափոխով է գործընթացը շարունակվելու` քար լռություն:


Ընդ որում, լուռ է դեռևս պարոն Բոլթոնը. այնքան է զայրացած, որ էլ չի զանգում կարծես: Եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ) ստուգողական սպասում է: ՈՒ քանի դեռ սպասում է, արձանագրենք` արտքաղաքական այս ցայտնոտները, չպլանավորված այս քայլերը, այսօր այսպես` «էգուց կերևա» սկզբունքը, Հայաստանի տեղն ու դիրքը, որպես խաղացող անլարջացնելուց զատ, նաև անվտանգության և խոցելիության նիշ են ամրագրում` տարածաշրջանային վերադասավորությունների այս փուլում: Ինչ կլինի. ոչ ոք չգիտի, որովհետև, բացի արտքաղաքական հայեցակարգից, տարրական ինքնակազմակերպում էլ չկա մեզանում. աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը:


Իսկ այս դեպքն արդեն համազգային ցավ է. որ առողջապահության ոլորտը վստահված է աթեիստ անձի, որն էլ «Օվերտոնի պատուհան» է բացել այդ ոլորտում և բառացի ու փաստացի գովազդում է աթեիզմը: Սակայն այդ ամենի գագաթը դարձավ հանրային հեռուստատեսությամբ կազմակերպված քննարկումը, որը ոչ թե «Օվերտոնի պատուհանի» սկզբունքով առաջնորդվեց դրված խնդիրը լուծելու հարցում, այլ շատ ուղիղ ձևով հակապետական, հակահոգևոր, հակաազգային նոր նիշ գրանցեց` ամրագրելու պարոն Սորոսի ծրագրի հաղթանակը մեզանում, ընդ որում, հայի համար ամենահզոր` հավատքի ու հոգևոր ոլորտում:
Ասել ենք` թավշյա անվանված այս գանդիական հեղափոխությունը մտքի` մենթալ պլանի գործողություն էր: Իսկ հիմա բացահայտորեն ազգի մտքից մուտք են գործում ազգի հոգու տարածքներ և հարցնում` որևէ գործ ունի՞ քահանան հայոց դպրոցում. պե՞տք է դասավանդել հայոց առաքելական եկեղեցու պատմություն:
Ջրի ակունք փակելն էլ ինչպե՞ս է լինում: Բայց սա Սորոսի «կողմն» է: Դիտենք մեր հայոց հոգևոր կողմը:


Չխաբենք միմյանց. այո, մարտահրավերը նետված է` թե հող էիր, հող կդառնաս, թե լույս էիր, կճառագես: Ասել է` եթե ազգի ներսում, եկեղեցում, իրական հոգևոր հանրույթի հատակում կա բջիջ, որն ի զորու կլինի պայքարելու աղբյուրներ փակող այս «տիրակալների» դեմ` իր ունեցած, իր իմացած զենքերով, ազգի ոգու դեմ ելածներները վայր կդնեն իրենց «կալաշնիկովները»:
Եթե ոչ, ապա անիմաստ է Սորոս-մորոսին ու մանավանդ Միմոսին մեղադրել երկիրը, պետությունը, ազգը թիրախ դարձնելու մեջ:
Բայց և առավել քան համոզված ենք` պայքարի ավարտը լինելու է բացառապես հայոց ոգու օգտին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3963

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ