Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Արցախը Հայաստան է, և վերջ»

«Արցախը Հայաստան է, և վերջ»
26.03.2019 | 00:42

Մարտի 19-ին հանրության առաջ բազմաժամյա հայտարարություններով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այլ դեպքում պետության ղեկավարի ելույթը, այն էլ հասարակությանը չափազանց հուզող օրակարգով, կլիներ ուսումնասիրության ու մանրակրկիտ վերլուծության առարկա։ Բայց ոչ մեր երկրում. ի՞նչ կա այնտեղ մտորելու և վերլուծելու, եթե հնչում են չկշռադատված գնահատականներ, սին խոստումներ, անտեսվում է հանապազօրյա հացի թանկացման պատճառը և այլն։


ՈՒստի կփորձենք այլ բան քննել. թե ինչու Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը Ստեփանակերտում էր տեղի ունենում։ Մարտի 10-ին Ադրբեջանը խոշորամասշտաբ զորավարժություններ սկսեց Արցախի հետ հակամարտության գոտում, որոնց մասնակցում էին մինչև 10000 զինծառայողներ, մինչև 500 տանկ ու զրահատեխնիկա, տարբեր տրամաչափերի մինչև 300 հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, ավիացիա և այլն։ Հայտնի է, որ զորավարժությունների ժամանակ ադրբեջանական կողմը կիրառել է բացառապես հարձակողական գործողություններ, նույնիսկ Արցախի ուղղությամբ պայմանական «համազարկեր» են տրվել համեմատաբար վերջերս Բելառուսից գնված «Պոլոնեզ» ՀԿՀՀ-ներից (համազարկային կրակի հրթիռային համակարգեր)։ Դիտորդներին նաև հայտնի է, որ Հայաստանը պաշտոնապես դատապարտել է այդ զորավարժությունները` ԱԳՆ-ի մակարդակով ընդգծելով. «Երկու երկրների ղեկավարների հանդիպման մասին հայտարարությունների ֆոնին Ադրբեջանը հարձակողական բնույթի զորավարժություններ է նախաձեռնում, որոնց մասին ծանուցում չի եղել` հակառակ միջազգային պարտավորությունների»։ Այսինքն, Երևանը Բաքվին մեղադրել է միջազգային պայմանագրերը կոպտորեն խախտելու մեջ։ Ըստ էության, Բաքվի հասցեին քննադատությամբ ու մեղադրանքներով հանդես է եկել նաև Արցախի ԱԳՆ-ն, թեև հայտարարության մեջ հիմնական շեշտադրումն արվել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության և դրան Ադրբեջանի արձագանքի ուղղությամբ։ ԼՂՀ իշխանությունները, ըստ էության, պարզապես հիշեցրին համանախագահներին և ադրբեջանական իշխանություններին, որ իրենք լիարժեք և օրինական իրավունք ունեն առանձին և ուղղակի մասնակցելու խաղաղ բանակցություններին` մեջբերումներ անելով ԵԱՀԽ 1992-ի մարտի 24-ի հելսինկյան լրացուցիչ հանդիպման որոշման, ԵԱՀԽ ԱԳՆԽ 1992 թ. նիստի Պրահայի փաստաթղթի, ԵԱՀԽ 1993 թ. փաստաթղթերի և ԵԱՀԽ 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի դրույթներից, որոնցում (հատկապես հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրերում) հստակ արձանագրվել է, որ ԼՂՀ-ի զինված կազմավորումներն առանձին հակամարտող կողմ են և առանձին են ստորագրել ու հաստատել հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի պայմանավորվածությունները։


Հետո արդեն եղավ Հայաստանի և Արցախի ԱԱԽ-երի մարտի 12-ի համատեղ նիստը (ակնհայտորեն արտակարգ, թեև նիստին նախորդել էր երկարատև նախապատրաստական աշխատանք) Ն. Փաշինյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ։ Բնական է, որ նրբերանգային թեմաներն ու կարծիքները մնացին փակ դռների հետևում։ Մենք միտումնավոր ենք հրաժարվում այդ համատեղ նիստի վերաբերյալ տարբերակներից ու կանխագուշակումներից։ Պատճառը պարզ է. մինչ այժմ այն ամենը, ինչ մենք շարադրել ենք, այս կամ այն կերպ կապված է այն բանի հետ, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն իրենց դեսպանորդներին ուղարկել էին Իրան։ Հիշեցնենք, որ մարտի 9-ին Թեհրան էր այցելել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Այնուամենայնիվ, մի ակնարկ կանենք. 2019 թ. «Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունն իր հերթական համագումարը, ինչպես և սպասվում էր, անցկացրեց հենց Ստեփանակերտում։ Գիտենք նաև, որ Իրանի հայ համայնքի շրջանակում գործող միակ հայկական կուսակցությունը հենց ՀՅԴ-ն է, և Իրանի խորհրդարանի հայ պատգամվորները, որպես կանոն, կամ ՀՅԴ անդամ են, կամ նրա համակիրներ։ Հայտնի է նաև, որ Թեհրանում և Սպահանում այն դահլիճներում, որտեղ Փաշինյանը հանդիպում էր իրանահայերի հետ, կախված էր լինում «Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ազատագրական պատերազմի հերոս, 1992-ին զոհված Լեոնիդ Ազգալդյանի լավ հայտնի «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսը։ Սրանք են այն իրադարձությունները, որոնք նախորդել են Ստեփանակերտում ՀՀ և Արցախի ԱԱԽ-երի համատեղ նիստին։ Եվ հիշում ենք, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, որն այժմ Իրանի դեսպանն է Ֆրանսիայում, նույնիսկ ստիպված էր եղել Ադրբեջանի ԱԳՆ-ին բացատրություններ տալու իրանահայերի կողմից այս կարգախոսը Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ օգտագործելու առնչությամբ։


Նշեմ, որ Թեհրանի արքեպիսկոպոս տեր Սեպուհը նույնպես բարեհաճ է ՀՅԴ-ի նկատմամբ։ Բացի դրանից, նա կապված է Իրանի Գերագույն առաջնորդ Խամենեիի հետ ոչ միայն «ծառայության գծով», այլև բարեկամությամբ։ Տեր Սեպուհը նույնպես մասնակցել է Թեհրանում հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը։ Կարծում եմ, որ մի նյութի համար այսքան ակնարկները լիովին բավարար են։
Անհամբեր ընթերցողները հիմքեր ունեն զարմանալու, թե ինչու ենք հիմա այդ ամենը հիշեցնում։ Եվ հենց այդ պահից էլ սկսվում է ամենատարօրինակը, բայց և հետաքրքիրը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները մարտի 10-ին և 12-ին հանկարծակի սկսեցին հաղորդել իրանա-ադրբեջանական սահմանին ինչ-որ մարտական ընդհարումների մասին։ Առաջարկում ենք ուշադրությամբ ծանոթանալ այդ հաղորդագրություններին։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տվյալներով, մարտի 10-ի առավոտյան ժ. 06։50-ի մոտ զինված անձինք փորձել են Իրանից անցնել Ադրբեջանի տարածք։ Ի պատասխան ադրբեջանցի զինծառայողների պահանջի և նախազգուշական կրակոցի՝ սահմանախախտները կրակ են բացել։ Փոխհրաձգության հետևանքով կրտսեր սերժանտ Սախավետ Մամեդովը գնդակի վերք է ստացել կրծքի շրջանում, շարքային Վիդադի Ջաբրայիլովը՝ ձեռքին։ Երկուսն էլ տեղափոխվել են հոսպիտալ, բայց Մամեդովի կյանքը փրկել չի հաջողվել։ Սահմանախախտները հետ են փախել Իրանի տարածք։ Հարուցված է քրեական գործ։ Հայտնի է, որ սահմանի ապօրինի հատման փորձը տեղի է ունեցել Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Բալա Բահմանլի գյուղի մոտակայքում։ Ընդգծենք, որ դա Արցախի և Ադրբեջանի հակամարտության գոտին է։


Մարտի 12-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդել է, որ այդ օրվա գիշերը ադրբեջանցի սահմանապահները հայտնաբերել են վեց զինված սահմանախախտի, որոնք փորձել են Իրանի կողմից անցնել Ադրբեջանի տարածք։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժ. 00։07-ին Յարդիմլիի շրջանի Օստայիր գյուղի մերձակայքում։ Իսկ դա արդեն Թալիշստանն է, Թալիշի լեռների մոտերքը։ Սահմանապահ ուղեկալում տագնապ է հայտարարվել։ Հայտնաբերելով սահմանախախտներին՝ ադրբեջանցի սահմանապահները հետապնդել են նրանց և հրամայել կանգնել, սակայն նրանք չեն ենթարկվել և կրակ են բացել։ Սահմանապահները զենք են կիրառել և տեղում սպանել սահմանախախտներից մեկին։ Նրա հանցակիցները, օգտվելով մթությունից ու բարդ տեղանքից, հետ են փախել իրանական տարածք։ Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրանցի սահմանապահները, որոնք նույնպես միացել են սահմանախախտների որոնմանը։ Ոչնչացված սահմանախախտի դիակի շրջակայքը զննելիս հայտնաբերվել են հերոինով և ափիոնով, ուժեղ ներգործող հոգեմետ պատրաստուկներով չորս հակ, մեկ որսորդական հրացան և փամփուշտներ։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը կարգադրել է շարունակել որոնումները։ Ավելի ուշ Ղուլիևը հանդիպել է Իրանի Մուղանի տարածքի սահմանապահ կոմիսարի հետ և քննարկել սահմանախախտների որոնման համատեղ միջոցառումներ։


Պատկերի տարօրինակությունը լրացնելու համար հավելենք, որ հենց մարտի 12-ին է հրապարակվել ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունը, որում ասվում է, որ «ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել իր տարածք մուտք գործելը այն անձանց, անկախ քաղաքացիությունից, որոնք հայ ազգին պատկանելության ուղղակի կամ անուղղակի նշաններ ունեն»։ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է նաև, որ Ադրբեջան ուղևորվող ռուսաստանցիների համար համապատասխան նախազգուշացում է լույս ընծայել։ Դա պատճառաբանվում է նրանց անձնական անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ։ «Ռուսաստանի՝ Ադրբեջան ժամանող քաղաքացիների նկատմամբ ազգային հատկանիշով խտրական գործողությունների անթույլատրելիության մասին ադրբեջանական կողմին ռուսական կողմի բազմակի կոչերն անտեսվում են»,- ասվում է այդ նախազգուշացման մեջ։ Հաշվի առնելով նշված հանգամանքները, ԱԳՆ-ն ռուսաստանցիներին հորդորում է Ադրբեջան ուղևորություն պլանավորելիս հանգամանորեն կշռադատել հավանական ռիսկերը։ Իսկ մենք ոչինչ չենք մեկնաբանի. պարզ է, որ Ռուսաստանն իր քաղաքացիներին զգուշացնում է, որ Ադրբեջանն այցելությունների համար անվտանգ վայր չէ։ Հետաքրքիր է, Ադրբեջան ռուսաստանցիների ուղևորության վտանգների մասին հայտարարությունն արվել է, քանի որ այդպես է որոշել ՌԴ ԱԳՆ-ն, թե՞ այն ինչ-որ կերպ կապված է և՛ Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի ԱԱԽ-երի համատեղ նիստի և՛ իրանա-ադրբեջանական սահմանին մարտի 10-ի և 12-ի ընդհարումների հետ։ Տվյալ պահին այս հարցի պատասխանը դժվար է ոչ միայն կանխատեսել, այլև նույնիսկ երևակայել։


Իհարկե, առաջիկայում կփորձենք հասկանալ, թե այդ ինչ փոխհրաձգություններ են եղել իրանա-ադրբեջանական սահմանին, բայց վերադառնանք ԱԱԽ-երի համատեղ նիստին։ Ահա թե ինչ է գրում ռուս մեկնաբան Ստանիսլավ Տարասովը. «Վերջերս թեհրանյան իր այցի ժամանակ Փաշինյանն ասաց. «Մենք նախապես համաձայնեցրինք առաջիկա հանդիպման ձևաչափը Ադրբեջանի նախագահի հետ։ Ըստ էության, դա կլինի հանդիպում առանց օրակարգի։ Բայց կարևոր լուծում կարող է դառնալ բանակցությունների ձևաչափի մասին համաձայնությունը։ Քանի դեռ ձևաչափի շուրջ համաձայնեցում չկա, շփումներն ու հաղորդակցվելը չի կարելի համարել պաշտոնական բանակցություն։ Ես հայտարարեցի, որ կարող եմ հանդես գալ Հայաստանի անունից, բայց չեմ կարող խոսել Արցախի անունից, որտեղ կան իրենց իշխանությունը, նախագահը և կառավարությունը, և Արցախի անունից բանակցությունները պետք է վարեն նրա իշխանությունները»։ Տրամաբանորեն, վարչապետը հայտարարում է կամ Ստեփանակերտի՝ սուբյեկտ լինելու մասին, ինչը կարելի էր գնահատել որպես ԼՂ-ի անկախությունը ճանաչելու մտադրություն, կամ Ստեփանակերտից որոշակի մանդատ ստանալու ձգտում՝ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու համար արդեն նաև Ղարաբաղի անունից։ Առաջին դեպքում դա նշանակում էր բանակցային գործընթացի տապալում Ադրբեջանի կողմից դա կտրականորեն չընդունելու պատճառով։ Երկրորդ դեպքում Ստեփանակերտից մանդատ ստանալը ձեռք կբերեր ներքին նշանակություն՝ դառնալով Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունների բնույթի մի մասը, որը տվյալ պահին չի շոշափում Բաքվի շահերը։ Ի հայտ է գալիս ևս մեկ կարևոր պահ։ Հայաստանի և Արցախի ԱԱԽ-երի նիստը համընկավ ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությանը, որում համանախագահները չպաշտպանեցին բանակցությունների ձևաչափը փոխելու գաղափարը և նշեցին իրենց հավատարմությունը դեռևս 2009-12 թթ. մշակված առաջարկներին՝ նկատի ունենալով Մադրիդյան սկզբունքները։ Ի դեպ, նախկինում «Ռեգնում» գործակալությունը, և ոչ միայն մենք, արդեն ուշադրություն է դարձրել այդ փաստաթղթի որոշ առանձնահատկություններին։ Դրանցից մեկն է, ինչպես ճիշտ նկատել է հայկական «168 ժամ» թերթը, «ճշգրիտ հասցեականությունը» և տեքստում ստորադասական եղանակի բայերի օգտագործումը»։


Նկատեմ, որ Տարասովն ուշադիր հետևում է մեր ներքին գործերին և անձամբ Փաշինյանին։
Բայց ես համարում եմ, որ Արցախից մանդատ ստանալու մասին խոսք չի եղել, այլ այդ մասին անուղղակի ակնարկ է եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի մարտի 12-ի հայտարարության մեջ. «Կա միջազգային օրակարգի անհրաժեշտություն։ Ես ավելի քան համոզված եմ, որ այսօրվա նիստը նպաստելու է ազգային օրակարգի ձևավորմանը։ Ինչպես դա եղել է անցյալ տարիների ընթացքում, անփոփոխ են մնացել ազգային օրակարգի գերակայությունները։ Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն ինձ հետ, որ մեր հայրենիքի համար կարևորագույն խնդիրը եղել է, կա և կլինի Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ Այսօրվա համատեղ նիստում մենք հնարավորություն կունենանք քննարկելու այդ ուղղությամբ դատողությունների ընթացքը»։ Իսկ այժմ համադրենք Բակո Սահակյանի ասածը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թեհրանի հայ համայնքի «Արցախը Հայաստան է, և վերջ» պատվիրանի դիտավորյալ ընդգծված բնույթը։ Իրանի հայերի հետ հանդիպումից հետո վարչապետը պարզապես այլ ելք չուներ. նրան պարտավորեցրին Արցախի հարցում դրսևորել հաստատուն, կոշտ վարքագիծ, հասկացնելով, որ Սփյուռքն այլ բան չի ընդունի և չի ների։ Հատկապես այն Սփյուռքը, որում գերիշխում են նահապետական և հայրենասիրական տրամադրությունները։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 6288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ