ReAnimania 2019
 

Կոտրած քարերի կայսրությունը

Կոտրած քարերի կայսրությունը
30.09.2019 | 08:41

Ինկերի անհետացած կայսրության հինավուրց միջնաբերդը՝ Մաչու Պիկչու քաղաքը տեղակայված է բարձր լեռնային հարթավայրի վրա: Բրազիլացի երկրաբանների թիմը պարզել է՝ ինչու՞ է քաղաքը կառուցվել ծովի մակերևույթից 2450 մետր բարձրության վրա և ինչպե՞ս է պահպանվել: Մաչու Պիկչուի ճարտարապետությունը երկար ժամանակ անհասկանալի էր հետազոտողերի համար: Շինությունները կառուցված են քարից, բայց առանց բետոնի կամ որևէ ամրացնող շաղախի: Հինավուրց շենքերի քարերն այնքան ամուր են միմյանց հարմարեցված, որ ամրացնող շաղախի կարիք չկա: Քարե քաղաք կառուցել բարձր լեռնային հարթավայրում՝ առաջի հայացքից տարօրինակ լուծում է՝ շինարարները ստիպված են եղել քարերը սար բարձրացնել, իսկ ինկերը անիվ չեն ունեցել: Պարզվեց՝ քաղաքի դիրքը, հակառակը, օգնել է շինարարությանը: «Մաչու Պիկչուի դիրքը պատահականություն չէ,-ասում է Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ դաշնային համալսարանի երկրաբան Ռուալդո Մենեգատը:-Անհնար կլիներ նման շինություններ կառուցել բարձր լեռներում, եթե ժայռը, որի վրա կառուցված է քաղաքը, ճեղքվածք չունենար»: Վերլուծելով տիեզերքից արված լուսանկարները և հինավուրց քաղաքում հավաքված տվյալները, գիտնականները կազմել են ճեղքվածքների քարտեզը: Մաչու Պիկչուն կառուցված է այնտեղ, ուր հատվում են մի քանի տեկտոնիկ ճեղքվածքներ: Շինարարության մեջ օգտագործված քարերը շատ հմտորեն հարմարեցված են միմյանց: Երկու մեծ ճեղքեր կան՝ 100 կիլոմետր հյուսիս-արևելք և հյուսիս-արևմուտք; Նրանց հատույթում է Մաչու Պիկչուն: Երկրաշարժերը թուլացրել էին լեռնային ապարը և քարտաշները կարողացել են հեշտությամբ հատել անհրաժեշտ չափերի քարերը: Փխրուն քարը չի պահանջել երկարատև մշակում: Հինավուրց քաղաքի հատակագիծն արտացոլում է իր տակի տեկտոնիկ ճեղքվածքը: Շենքերն ու աստիճանները այնպես են կառուցված, որ փողոցնեը զուգահեռվում են ճեղքվածքներին: Երկրաբանը հաստատում է, որ ինկերի մյուս կառույցները՝ Օլյանտայտամբոն, Պիսակը, Կուսկոն ևս կառուցվել են նույն սկզբունքով: «Այս բնակավայրերից յուրաքանչյուրը իդեալականորեն արտացոլում է աշխարհագրական ճեղքվածքների ուղղությունը,- ասում է Մենեգատը:-Մաչու Պիկչուի օրինակով մենք տեսնում ենք, որ ինկերի քաղաքակրթությունը կոտրած քարերի կայսրություն էր»:


Շինանյութից բացի, տեկտոնիկ ճեղքվածքները օգնել են ինկերին ջուր հավաքել: Ձնհալի ջրերն ու անձրևաջուրը հոսում էին ներքև՝ հարթավայր՝ ճեղքվածքների երկարությամբ և ինկերը միշտ գիտեին՝ որտեղ ջուր գտնել: Քաղաքի տեղը բնավ էլ պատահաբար չի ընտրված: Բարձր լեռներում քաղաքը պաշտպանված էր ձնահյուսից ու սելավաջրերից, որ հաճախակի էին այդ տարածքում: Եվս մեկ վտանգավոր կլիմայական գործոն էին հորդառատ անձրևները, ճեղքվածքները փրկում էին քաղաքը ջրհեղեղից: «Քաղաքի շինարարական աշխատանքների երկու երրորդը ստորգետնյա կոյուղուն է վերաբերել,-ասում է Մենեգատը:- Շնորհիվ ճեղքվածքների կոյուղին հեշտ էր կառուցել: Նրանք նաև բացատրում են՝ ինչպես է քաղաքը այսքան լավ պահպանվել»:
ВВС


Հ.Գ. Քաղաքն առանց մարդկանց պատմում է ինքն իր մասին: Ինկերի քաղաքակրթությունը դեռ բազում հայտնագործություններ է նվիրելու, բայց գաղտնիքների գաղտնիքը մնում է չբացահայտված՝ ու՞ր և ինչու՞ անհետացան ինկերը, մայաները, ացտեկները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao