ReAnimania 2019
 

4 հավասարում, որ փոխել են աշխարհի մասին պատկերացումը

4 հավասարում, որ փոխել են աշխարհի մասին պատկերացումը
07.10.2019 | 11:29

Հավասարումները բարդ են, օգտակար ու … գեղեցիկ (ինչու՞ ոչ): Անկասկած մաթեմատիկոսի համար այդ հանրահաշվային արտահայտությունները նույնքան հիասքանչ են, որքան Կևեդոյի սոնետները լեզվաբանի համար: «Հավասարում» բառը լատիներեն aequus բառից է, որ նշանակում է հավասար: Եթե հակիրճ՝ հավասարումները մաթեմատիկական համամասնություններ են, որ հայտնի մեծությունները կապում են անհայտ մեծությունների հետ: Հավասարումները շատ ավելի հին են, քան հավասարության նշանը (=), որ հայտնվել է 17-րդ դարում վալիացի մաթեմատիկոս Ռոբերտ Ռեկորդի գրքում: Նա պնդում էր, որ «աշխարհում չկա ոչինչ ավելի հավասար, քան հավասար երկարություն ունեցող 2 զուգահեռ գծերը»:


GPS տեխնոլոգիայի հիմքում 2,5 հազար տարի առաջ հույն մաթեմատիկոս ու փիլիսոփա Պյութագորասի բանաձևած հավասարումն է, որ սահմանում է հարթ մակերևույթի վրա ուղղանկյուն եռանկյան երկու կողմերի հարաբերությունը՝ կատետների երկարության քառակուսու գումարը հավասար է հիպոթենուզի երկարության քառակուսուն: Մի քանի հարյուրամյակ անց անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը զարմացրեց մարդկությանը՝ բացատրելով տիեզերքի կառուցվածքը մեկ հավասարումով՝ տիեզերական ձգողականության օրենքով: 1687-ին տպագրվեց նրա «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկիզբները» («Philosophiae Naturalis Principia Mathematica») գիրքը, նա ներկայացնում էր հավասարումը, որ բացատրում է արտաքուստ այնքան տարբեր երևույթներ՝ ինչպես խնձորի ընկնելն ու մոլորակների շարժումը: Նյուտոնի հավասարումը կարելի է ձևակերպել այսպես՝ 2 ցանկացած մարմին միմյանց ձգում են ուժով, որ ուղիղ համեմատական է այդ մարմինների մասսային և հակադարձ համամետական է նրանց միջև եղած տարածության քառակուսուն:
Վիեննայի կենտրոնական գերեզմանոցում է հանգչում Լյուդվիգ Բոլցմանը: Գերեզմանաքարին էնտրոպիայի նրա բանաձևն է: Ավստրիացի ֆիզիկոսը դարձավ վիճակագրական մեխանիկայի առաջամարտիկը և ձևակերպեց ֆիզիկայի ամենակարևոր օրենքներից մեկը՝ «Էնտրոպիան տիեզերքում մեծանում է ժամանակի հետ»: Նրա անունը ստացած բանաձևը կապում է գազի էնտրոպիան տարատեսակ միկրոիրավիճակների թվի հետ, որ համապատասխանում են համակարգի տվյալ միկրոիրավիճակին: 19-րդ դարում բանաձևված Բոլցմանի օրենքը մեզ թույլ է տալիս բացատրել, օրինակ, գլոբալ ջերմացումը և շարժիչների հնարավորությունների սահմանափակումը:


Գիտության զարգացումը անխուսափելի հանգեցնելու էր տեսության ստեղծմանը, որ փոխեց աշխարհի մասին մեր պատկերացումը: Հավասարումը, որ արմատապես փոխեց ֆիզիկայի մասին պատկերացումը, կապելով էներգիան, մասսան և լույսի արագությունը, ձևակերպեց 1905-ին դեռ անհայտ մաթեմատիկոս Ալբերտ Էյնշտեյնը: Հիմա, հավանաբար, գիտության ամբողջ պատմության մեջ նրա բանաձևը ամենահայտնին է: E = mc2: Նա հավասարումը բանաձևեց՝ փորձելով բացատրել էլեկտրամագնիսականության անհամատեղելիությունը Նյուտոնի դասական մեխանիկայի հետ: Այս հավասարման մեջ լույսի արագությունը վիթխարի թիվ է, որ քառակուսի բարձրացնելիս համարյա անպատկերացնելի է դառնում: Այս հավասարումից հեշտությամբ ածանցվում է, որ եթե մատերիայի փոքր քանակը վերածվում է էներգիայի, ստացվում է վիթխարի ուժ: Այս բանաձևը ոգեշնչեց ատոմային ռումբի ստեղծումը, արագացրեց երկրորդ աշխարհամարտի ավարտը և նպաստեց տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը:
Պեդրո Գարգանտիլա, ABC (Իսպանիա)


Հ.Գ. Պյութագորասից՝ Էյնշտեյն բազմիցս հնչել է Արքիմեդի հայտնի «Էվրիկան», հազարավոր բանաձևեր են եղել ու մոռացվել կամ գործածվել հետագայում: Բայց ամենակարևոր էվրիկան հենց հավասարում կազմելու փաստն է, որ պակաս հանճարեղ գյուտ չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao