Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայկը պարտվե՞ց ոսոխ Բելին

Հայկը պարտվե՞ց ոսոխ Բելին
12.03.2019 | 01:49

«Հեղափոխության» թավշյա գգվանքներից հետո Հայաստանում իրադարձությունները, ասես ինքնըստինքյան, ընթանում են «չկա չարիք առանց բարիքի» սկզբունքով: Հայահավաքը չնչին և աննշանակ իրադարձություն չպետք է համարել, որովհետև փաստացի «լիքը» թագավորներ ու թագուհիներ, իշխաններ ու իշխանուհիներ, շարքային շինականի նման աշխարհազոր կազմած, հավաքվեցին մեկ միասնական` հայի հավերժության գաղափարի շուրջ, «լիքը» առանձին անհատականություններ բռունցքվեցին ազգի խնդիրների շուրջ: Հայահավաքը կայացավ և շարունակական կլինի. այն այս պահին մեր ունեցած միակ ձեռքբերումն է, մեր դեպքում` անգամ նվաճումը: Բայց այժմ այն մասին, թե ինչ է եղել նախքան այդ, և ինչ պիտի լինի հետագայում:


Բոլորի ծամած ծամոնը բերան չառնելով ըստ ավանդույթի, նկատենք աննկատելին: Խնդրում եմ լինել ներողամիտ` սիրողական, բայց և սրտացավ դատողությունների համար:
Զանազան փաբերի խավար ծերպերում իրենց երկար գիշերները որոճողները և ընդարձակ ու լուսավոր դահլիճներում իրենց խավարախնդրությունը պարտակողները հեղափոխություն սարքեցին ազգիս գլխին, իսկ ժողովուրդը, ինչպես այժմ արդեն պարզ է, այդ հեղեղին միացավ միանգամայն անհիմն բողոքի հիման վրա: Իրականում այն, ինչ կատարվեց, կատարվում է ու դեռ պիտի կատարվի, անթաքույց արգահատանք և բացահայտ ծաղր է մի ողջ ազգի հանդեպ:
Չգիտեմ` ինչ են հիմա մտածում «հեղափոխության» օրերին ծնված իրենց տղաներին Նիկոլ անվանակոչած մարդիկ, բայց ասենք մի 17-18 տարի հետո այդ խեղճ ու խղճալի սակավաթիվ երիտասարդների համար մեր` արդեն ծովից ծով հայրենիքի, այնուամենայնիվ, հաղթական ու խրոխտ բանակում ծառայության ընթացքում այդ անունը լուրջ խնդիրներ ու խոչընդոտներ պիտի հարուցի:


Հայի հոգին մնացել է հողի ու փողի, խաչի ու հացի արանքում: Եվ միգուցե ևս մեկ անգամ մեր պատմության հերթական էջը գրվի գլոբալիզացիայի հայրերի թելադրանքով, դավաճանության ձեռագրով և մեր սեփական` հայկական արյունով:
Մարտի 1-ն էլ քիչ էր մնում շարունակեր ողբերգությունը տոների հետ զուգորդելու կամ խրախճանքի վերածելու սորոսա-մասոնական արատավոր պրակտիկան: Համենայն դեպս, այդպիսի ոչ գեղեցիկ առաջարկներ հնչեցին: Մենք արդեն ունենք այդպիսի ամսաթվեր.
Հունիսի 1. երեխաների պաշտպանության միջազգային օր (չեմ մանրամասնում, որովհետև դա էլ առանձին ընդարձակ թեմա է, և յուրաքանչյուրն ինքը կարող է հետաքրքրվել, հետաքննել և պարզել տոնի հիմքում ընկած ողբերգությունը),
2015 թ. ապրիլի 24. Եղեռնի զոհերի սրբադասում էջմիածնում` համադրված Հանրապետության հրապարակում ընթացող ռոք համերգով: Սա ստույգ սատանայություն է` էներգետիկայի կամավոր-պարտադիր հանձնում-ընդունում:


Այսօր մեր ազգով, հայ տեսակով հիացողները վաղը, երբ մոտ կարճամտության պատճառով որպես ազգ (որպես տեսակ) չենք լինի, կափսոսան ու կցավեն. «Լավ ազգ էր»` կասեն, ու՞... Հայաստանի իրավունքների ու պահանջների սպասարկումը միջազգային ատյաններում կեղծ օրակարգ է, և հայկական պետության օրենքները միջազգայինին ստորադասելը` շինծու հայեցակարգ, համաշխարհայնացմանը տուրք տալու չհիմնավորված միտում: Նախ` մենք այդ «միջազգային հանրությունում» ոչ մեկին հետաքրքիր չենք, ավելին` ծիծաղելի ենք այդ հլու վասալի կերպի մեջ, և երկրորդ` մենք ինքներս որևէ մեկին որևէ բան ապացուցելու կամ պարտադրելու, և որևէ մեկից մի բան պահանջելու խնդիր չպիտի դնենք մեր առջև: Մենք միայն պետք է վերստին ձեռք բերենք մեր ավանդական ու ավանդապահ էությունը` հայությունը: Մենք` հայերս ո՛չ միայն ազգանունով:


Մենք ոչ թե պետք է ուրիշներին հարցնենք, թե մենք ով ենք, այլ ինքներս ուրիշներին հստակ ասենք, թե մենք ով ենք, բայց նախքան այդ` ինքնաճանաչման ու ինքնաբացահայտման երկար ուղի ունենք հարթելու. շատ ենք մոլորվել «ազատության, հավասարության, եղբայրության» մթին ոլորաններում: «Միջազգայնությամբ» կամ «պետությունների փոխկախվածությամբ» փաթեթավորած արտաքին, օտար թելադրանքը պետք է իսպառ կասեցնել, ոչ թե, օ՜ թշվառություն, հանձնարարված «տնային աշխատանքները» կատարել` վիզը ծուռ ու ձեռքը պարզած: Նույն թուրքերի մոտ դա լավ էլ ստացվում է: Ո՛չ Բոլթոնը պետք է մեր պտուտակները ձգի, ո՛չ էլ Պուտինը ուղի ցույց տա` իրենք լինելով խամաճիկներ և մի երրորդ կողմի շահը սպասարկողներ: Ծայրահեղ դեպքում, եթե պիտի մեր ասելիքն ունենանք այդ «միջազգային» հարթակում, մեր խոսքը պետք է լինի վճռորոշ ու ծանրակշիռ և բխի մեր ազգային շահից: Այդ քայլն անելը հեշտ չի լինելու զուտ այն պարզ պատճառով, որ դավադրությունների տեսությունը միայն որոշ, ոմանց որակմամբ, «նախանձ, չարակամ ու չկամ» մարդկանց գլխում չէ, ցավոք, այլ խավար խարդավանքների միանգամայն իրական սարդոստայն է:


Մեր հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունները հայերի մեջ, եթե ոչ նողկանք, ապա գոնե ցավ կամ նվազագույնը` տարակուսանք են հարուցում, իսկ որոշ մարդկանց մեջ` ստրկամիտ վախ, բնազդային երկյուղ և ընչազրկվելու սարսափ: Ի՞նչ է նշանակում պետության կողմից սեփական խարիսխների և հարատևության ու կայունության երաշխավորների` եկեղեցու, բանակի և գիտության թիրախավորումը:
Ամեն մեկի տակ էլ մի «կեղտ» կա, անբասիր մարդու արած մի սխալ, ոչ կոռեկտ արտահայտությունը կարող է խարանել նրա անբասիր, լուսավոր ճակատը միայն ինքնահավան, ինքնաբավ ինքնապաստանության համար: Այս «մատի փաթաթանի» տեխնոլոգիան Եկեղեցում չի կարող գործել (բա՜, ՆՀՆՀ-ի` Նոր Հայաստան, նոր հայրապետ, նվնվնե՛ր, որ ձեր ամեն բառով մատնում եք ձեր իրական հովանավորներին), որովհետև բացի այն, որ անտեսվում է աշխարհիկ իրավական առումով մարդու անմեղության կանխավարկածը, նաև ոտնահարվում և առ ոչինչ է դառնում Եկեղեցու` մեղավորներին նորոգող, սրբարար առաքելությունը: Եկեղեցին «լինչի» դատաստան չէ, այլ փրկության տապան, որին պիտի բոլորը ապավինեն, քանի դեռ մարմնի մեջ ենք, բոլորս հավասար ենք` մեղավորներ ենք:


«Հողեր հանձնելու» մասին սոսկ օդ բաց թողնված լուրերը համախմբեցին հայերին: «Հողը հանձնելու» պատրաստվող պանթուրքիստները թող իմանան, որ այդ հողն ինքը չի կարող այլևս նրանց հանդուրժել, և պատրաստ է նրանց արտահանձնելու իրենց «մոսադներին» ու «մի 6-երին»: Բայց և` եթե մենք չենք պատրաստվում հող հանձնելու, դա չի նշանակում, որ հարձակողական տակտիկա ենք վարելու: Մենք չենք կարող հարձակողական տակտիկա վարել ագրեսորի դեմ (պարզից էլ պարզ է), բայց փոխարենը կարող ենք պաշտպանվել մինչև մեր պատմական սահմանները (ինչը մինչ այդ չենք արել)` պասիվ պաշտպանողական տակտիկան փոխելով ակտիվ պաշտպանողականի: Ծովից ծով Հայաստան. ահա և ձեզ ձևաչափ: Թող մեր թշնամին իր եղբոր հետ գնա իրենց հայրենի Ալթայ:
Այն անհագուրդ պնակալեզները, ովքեր իրենց հավերժ դատարկ լափամանները լիզելուց ու վերալիզելուց հետո կհանդգնեն մեր հայ մտքի սուրբ կաճառի վրա վայրահաչել, թող սպասեն իրենց համար վատթարագույնին` ներում, բեկում չի լինելու:


Գորտ եփելու տեխնոլոգիայով փորձեր են արվում օրինականացնելու ամենահոռի ու նվաստ անօրինությունները` հարվածելով ուղիղ ազգի գենոֆոնդին և նպաստելով բնական աճի կասեցմանը: Սակայն ինչու՞ ենք մտահոգվում. այսօր Հայաստանում արհեստական բեղմնավորման ինդուստրիան հուսալի ձեռքերում է: Մեզ, թերևս, կսկսեն արտադրել արդյունաբերական մասշտաբներով: Զավեշտ, ցավ և … ցասում:
Տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանումների կիսամութ լուսանցքում է մնում «մարդկանց համարակալման (ID քարտեր, բիոմետրիա) գործընթացը, որը համաշխարհայնացման ծիծեռնակներից է: Այդ մասին որևէ անդրադարձ մամուլում չենք տեսնում: Չունենք մենք տալու ո՛չ հող, ո՛չ հոգի, թող Տերը մեր սուրբ ուխտը նորոգի…
Ազգիս մեջ պետք է արմատախիլ անել նաև ցանկացած հեթանոսական ռեինկառնացիա, ի վերջո, եթե Վահագնը չի գալու մեզ փրկի, պետք չէ նրան ապավինել: Հայերը շատ կարճ ժամանակ են հեթանոս եղել, որովհետև մեր նախահայր Հայկը եղել է ճշմարիտ աստվածպաշտության լույսի կրողը և նրա սերունդներն էլ (հենց նույն հեթանոսական աստվածները)` երկար դարեր: Հեթանոսությունը` իր խայտառակ բնույթով (ինչպես ցույց են տվել պեղումները` մեր հեթանոսական կրոնը այնքան էլ պուպուշ չի եղել, եղել են նաև մանկանց զոհաբերություններ), շատ կարճ ժամանակահատված է իշխել` մինչև 1-ին դարի քրիստոնեական լույսի ծագումը: Հայոց Մեծ եղեռնի հիմնական պատճառներից էր նաև հեթանոսական քարոզչությունը և վերարծարծումը հայ ազգի մեջ: Մի կողմ պետք է թողնել նաև որոշ «մտածողների»` մարդկությանը թողած` զնդանի շղթաներ հանդիսացող ճակատագրական ժառանգությունը (դարվինիզմ, մարքսիզմ, ֆրոյդիզմ և էլչգիտեսթեինչիզմ):
Պառակտող ու ապակենտրոնացնող հանգամանքները մի քիչ շատ չե՞ն «երկու թաք, մի կենտ» մեր ազգի համար:


Տողերիս հեղինակի աչքերի առջև «հեղափոխության» օրերին պատկերանում էր մի քստմնելի ու սահմռկեցուցիչ տեսարան` մի ոհմակ ճիվաղների կողմից իր ազգակիցներին մորթելու տեսարանը, որը ամենևին էլ էյֆորիկ զգայախաբության չէր տրամադրում, այլ մղում էր սթափության և տագնապի (ինչը իր արտացոլումը գտավ «Իրատեսում»` «Հայրենիք. Երկնքի իմ բաժին պրոյեկցիան Երկրի վրա», «Հայկական ժամանակ կամ Վերք Հայաստանի» վերտառություններով անդրադարձներում): Այն արյունահեղության ու ֆիզիկական բնաջնջման տեսարան էր, և արդեն գիտակցական մակարդակում բացահայտում էր հեղափոխության սիրազեղ չոբանների մահակների` հեռուն գնացող հարվածներն ու ժողովրդին «դըմփ-դըմփ հու՜-ով» դեպի իրական սպանդ և ուծացում ուղղորդելու նրանց մարմաջը…


Մարդկային համախմբման մի օրինակ էլ բաբելոնյան աշտարակաշինությունն էր, երբ աղյուսը թանկ էր մարդկային կյանքից: Հայկի ժառանգները չեն կարող մասնակցել Բելի նախաձեռնած բաբելոնյան աշտարակաշինությանը, այն էլ` սեփական օրակարգով կամ հայեցակարգով: Աղյուսի զարդանախշի դիզայնի մրցույթը շահելու համա՞ր պիտի պայքարենք:
Կամ լուսակիր Հայկի հետ ենք, կամ լյուցիֆեր Բելի:
Լույսը խավարին չի հաղթում, որովհետև խավարից մեծ է, այլ որովհետև խավարի հերքումն է:
Խավարից բողոքելու փոխարեն մի մոմ վառենք, և եթե անգամ խավարում ոչինչ չփոխվի, գոնե մեր սեփական դեմքը կլուսավորվի ու կերևա:
Աշխարհում պայքարը էներգակիրների սպառման համար է, բայց ոչ թե նավթի կամ գազի, այլ աստվածային հզոր էներգակիր քրիստոնեության և նրա «բաժանորդ» քրիստոնյաների սպառման և իսպառ վերացման համար:
Այդուհանդերձ, մենք պետք է մեզ նույնականացնենք, ապրենք, արարենք ու պայքարենք որպես հայ քրիստոնյա, այլ ճիշտ կերպ չկա մեր ինքնությանը տեր կանգնելու, ողորմելի չլինենք` միայն այս կյանքի համար Քրիստոսի վրա հույս դնելով:
Մենք չպետք է հրաժարվենք մեր խաչից, որովհետև խաչն է մեզ անպարտելի դարձրել, և առանց խաչի չկա հարություն ու հավերժություն:


«Իմ թագավորությունը այս աշխարհից չէ». կամ Քրիստոս Թագավորի հետ ենք` մեր հայրերի պես, կամ այս ապականացու աշխարհի իշխանի:
Մենք ազգովին ամբողջ մեր պատմության ընթացքում «խոպանչի» ու պանդուխտ ենք եղել, և մեզնից ավելի լավ ո՛չ ոք չպիտի կարողանար ընկալել, որ Երկնքի քաղաքացիություն ունեցող քրիստոնյան էլ այս աշխարհում է պանդուխտ:
Ցավոք, հայերից քչերն են հայ-քրիստոնյաներ և սրանցից առավել քչերն էլ` քրիստոնյաներ: Եվ մենք դեռ սևը սպիտակից չենք տարբերակում, դալարն ու չորը իրար ենք խառնում: Մենք` իբրև ազգ, առաքելություն ունենք, և երբ դադարենք այն կատարել աշխարհի թատերաբեմում ինչ-որ դերեր հանձնառած չինովնիկների պատճառով (ինչպես դա եղավ 1915-ին), ինչ-որ մեկ այլ ազգի մեջ կծագեն մեզ հայրենազրկելու կամ բնաջնջելու հիմնավորված պատճառներ: Ասում են` մեկը, որ ուզում է մահանալ, փնտրում է մահանա, իսկ երբ ազգն է բռնում գերեզմանի ճանապարհը, նրա դագաղի կափարիչը բռնող էլ կգտնվի:
Թափթփուկ, տականք, մրուր, ոչնչություն, զրո... սրանց բոլորին (նկատի է առնվում մարդկային որակը առանց դիմավորման) դեմքով ենք ճանաչում:


Մարդուց` ճիվաղ, չորքոտանի, սողուն, միաբջիջ կենդանի, հասարակությունից` խուժան, ազգից` ամբոխ սարքելու փորձված տեխնոլոգիան մարդկանց «լուսավորելն է» մի անհերքելի «ճշմարտությամբ». «Դու մեղավոր չես, նա՛ է մեղավոր»։ Եվ ենթագիտակցական մակարդակում հրահանգավորելը. «Ա՛յ, եթե նա չլինի, դու երջանիկ կլինես»: Այս մոտեցումը մարդուն կամ մարդկությանը` համայնքին, հասարակությանը, ժողովրդին, ազգին, հեռացնում է սեփական աչքում գերանի առկայության և այն հանելու անհրաժեշտության գիտակցումից ծնված ինքնաքննությունից և կասեցնում է ինքնավերադարձը:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Երեցկին
ԳՈՐԻՍ

Հ.Գ. Աշխարհում, ուր արդեն ռոբոտ «աստվածներ» են արտադրում և ռոբոտ «կույսերին կուսազրկելու» ծառայություններ են առաջարկում, հայի անելիքը ի՞նչ պիտի լինի, եթե ոչ միշտ լարած պահել լայնալիճ աղեղը:
Մեզ մաղթենք «լիքը» նպատակասլաց երեքթևյան նետեր: Լա՛վ եղեք, հայե՛ր:

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ