ReAnimania 2019
 

Արտակարգ և զավեշտալի իրավիճակների սահմանը

Արտակարգ և զավեշտալի իրավիճակների սահմանը
14.06.2019 | 11:55

Այն, որ արտակարգ իրավիճակում պետք է ահազանգել «911»՝ ահազանգերի սպասարկման ծառայություն, կարծում եմ, գիտեն բոլորը: Գաղտնիք չէ նաև, որ շատերը չեն տարբերում արտակարգ ու զավեշտալի իրավիճակները: Ի՞նչ խոչընդոտներ են փրկարարների համար առաջացնում քաղաքացիները դեպքի վայրից տեղեկություն հաղորդելիս: Ի՞նչ խնդիրներ են ստեղծում կեղծ ահազանգերի հեղինակները: Սույն հարցերի շուրջ ներկայացնում ենք ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՆԳԵԼԴՅԱՆԻ պարզաբանումները:


-Ահազանգողի ինստիտուտը մեր ուսումնասիրություների տիրույթում շատ հետաքրքիր տեղ է զբաղեցնում,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:- Պայմանականորեն տարանջատում ենք ահազանգողների 5 խումբ: «Ամենացանկալի» խմբերը առաջին երկուսն են: Առաջինը հրշեջներն են, փրկարարները, շտապ օգնության աշխատակիցները, մարդիկ, որոնք ի պաշտոնե պարտավոր են դեպքի վայրում կամ ահազանգելիս կոնկրետ ինստիտուցիոնալ քայլեր անելու, հրահանգ ունեն՝ ինչպես գործելու, ուր զանգելու, ինչ ասելու: Երկրորդ խմբում մարդիկ են, որ ի պաշտոնե պարտավոր չեն, բայց ունեն առողջ տրամաբանություն, ֆիզիկական կարողություններ, կարող են դեպքի վայրից տեղեկություն հաղորդելու և կոնկրետ գործողությունների համար պիտանի լինել: Երրորդից ներքև խնդրահարույց կոնտինգենտն է, քաղաքացիներ, ովքեր նախնական տեղեկություն են հաղորդում դեպքի վերաբերյալ, սակայն առողջական խնդիրներով, վատ տեսողությամբ, դեպքի վայրի հեռավորությունով, եղանակային պայմաններով և այլ խնդիրներով պայմանավորված՝ չեն կարողանում ամբողջական, անհրաժեշտ ու բավարար տեղեկություն տրամադրել: Մենք ստիպված ենք լինում ստեղծված իրավիճակի ամենահնարավոր վատ սցենարի համապատասխան հակազդում կազմակերպելու, հաճախ մի քանի անգամ ավելի ուժերի ներգրավմամբ: Օրինակ, մի տարեց կին զանգում է և հաղորդում, որ դիմացի շենքում ծուխ է տեսնում: Այս ահազանգով արձագանքման գործընթաց է ներգրավվում չորս մարտական հաշվարկ, սանդուղքը, շտապ օգնություն, որովհետև չգիտեն ինչ իրադրություն է, գնում, տեսնում են մարդիկ ձյութ են հալում: Չորրորդ խումբը մարդիկ են, որ տուժել են, ինչ-որ չափով ներգրավված են պատահարի մեջ, ասենք, բնակարանն է այրվում կամ վթարի պատճառով հայտնվել են ձորում: Որպես կանոն նման մարդկանց ժամանակատարածքային գործոնը խախտված է լինում, և նրանք աղավաղված տեղեկություն են տալիս կամ ընդհանրապես չեն կարողանում տեղեկություն տրամադրել:
-Վերջին խմբում, հավանաբար, կեղծ ահազանգերն են:
-Այո, հինգերորդը ամենաանցանկալի խումբն է. ահազանգում են ու կանխամտածված տալիս կեղծ, թերի, ոչ պիտանի տեղեկություն: Այսինքն՝ չունենալով լուրջ խնդիր, կանխամտածված զանգում են «911», և ստեղծում խնդիրներ: Դրանք սոցիալական, անձնական խնդիրներ ունեցող մարդիկ են, ուզում են խոցել, վնաս հասցնել: Կամ փորձում են հումոր անել, չպատկերացնելով, որ ահազանգում են պետական ծառայություն և սպասարկման գործընթացը վերածում անթույլատրելի խաղի: Կարող են ասել՝ ընկերս մեր տուն է եկել խմած, եկեք դուրս շպրտեք: Հայհոյանքներ, վիրավորանքեր հնչեցնել ու անջատել հեռախոսը: Այդ խմբում կան նաև վարքային, սեռական շեղումներով մարդիկ: Նման զանգերի միջոցով ուրվագծվում է հանրային չերևացող կոնտինգենտի հոգեկերտվածքը: Եթե կեղծ ահազանգերը տևական բնույթ են կրում, կամ զանգահարողը չափն անցնում է, դիմում ենք ոստիկանություն, որոշ դեպքերում՝ ազգային անվտանգության ծառայությանը:
-Մեր քաղաքացիներն ունե՞ն տարրական պատրաստվածություն, գիտելիքներ, արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն ցույց տալու, միջոցներ ձեռք առնելու:
-Դեպքին ներգրավված սուբյեկտների պաշտպանվածության աստիճանի, գիտելիքների և իրազեկվածության շնորհիվ դեպքերի հետևանքները բավականին մեղմվում են: Տեսեք. կա այսպիսի չհաստատված, բայց գործող կանոն. ինչքան սպառնալիքները՝ դեպքերի, պատահարների առաջացման առումով պատմականորեն, վիճակագրորեն ավելի հնարավոր են, այնքան վերջիններիս պատրաստվածությունն ավելի բարձր է: Վերցնենք ամենավտանգավորներից մեկը՝ ատոմակայանը, բնականաբար այս ոլորոտում կա ազգային անվտանգության խնդիր, և պատրաստվածությունն ավելի բարձր է:
Միայն արտակարգ իրավիճակների նախարարությունում տարին մեկ անգամ անցկացնում ենք մի քանի շտաբային ուսումնավարժություն, երկու-երեք տարին մեկ՝ հրամանաշտաբային մեծ վարժանք, որին մասնակցում է գրեթե ողջ երկիրը: Ընդ որում, ստուգվում են լիազոր մարմինների գիտելիքներն ու կարողությունները նշված իրավիճակում գործելու մասով, թե՛ ԶԼՄ-ների հետ աշխատանքը, թե հոգեբանների, թե ոստիկանության, այսինքն, համընդհանուր մոտեցում է ցուցաբերվում:
Բայց նույնը չի կարելի ասել առանձին բնագավառների, բնակչության պատրաստվածության մասին: Մեր երկիրը փոքր է, արդյունաբերությունը չես համեմատի Ռուսաստանի, Գերմանիայի, Ճապոնիայի հետ, մի կողմից լավ է, որ արտակարգ պատահարները քիչ են, մյուս կողմից դա բացասականորեն է ազդում մարդու կենսափորձի և զգոնության վրա: Ճապոնիայում ամեն տարի մեծ բալայնությամբ երկրաշարժեր են լինում, և այնտեղ հանրային իրազեկվածությունը բարձր է:
-Ի՞նչ միջոցառումներ են արվում բնակչության շրջանում, ուսումնական հաստատություններում, արտադրական վտանգավոր օբյեկտներում և այլ կառույցներում իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:
-ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում յուրաքանչյուր տարի 2000-ից ավելի մասնագետ է վերապատրաստվում հենց արտակարգ իրավիճակների հարցերով, սկսած մանկապարտեզների, դպրոցների դասատուներից, վերջացրած՝ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներով, համապատասխան տևական կուրսեր են անցնում, և նրանք էլ ինչ-որ չափով ներգրավված են շտաբային ուսումնավարժությունների մեջ:
Այստեղ կարևորվում է նաև տարածքային ստորաբաժանումների դերը, օրինակ, Երևանի փրկարարական վարչությունը՝ ի դեմս վարչական շրջաններում գործող տասից ավելի բաժինների, պարբերաբար յուրաքանչյուր դպրոցում անցկացնում է ազդարարման, իրազեկման, տարհանման, վարժանքներ: Փորձը ցույց է տվել, որ այն երեխան, որն առաջին անգամ է տեսնում այդ երևույթները, շոկ է ապրում անգամ վարժանքի պարագայում: Նա չի հասկանում, թե ինչու են մարդիկ այդպես զանգվածաբար դուրս պրծնում: Երբ բացատրական աշխատանքից հետո մեթոդաբանություն է կիրառվում, մեկ-երկու տարի հետո երեխայի մեջ բնազդ է դառնում նման իրավիճակում կազմակերպված դուրս գալ, ոչ թե դուրս պրծնել, խուճապ առաջացնել: Սրանք տարրական քայլեր են, իհարկե մենք նաև ուշադրություն ենք դարձնում տարբեր տարիքային ու տարբեր զբաղվածության մարդկանց վերապատրաստման գործին:


Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao