Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

Հարցերն ավելի շատ են, քան պատասխանները
30.03.2018 | 09:24

Ինչպես և սպասվում էր, նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո քաղաքական, վերլուծական դաշտը շատ թեթև վերապահումներով հանգել է եզրակացության, որ վարչապետական ինտրիգի շուրջ բոլոր հարցերը հանգուցալուծվել են։ Եվ թերևս վերջին օրերին ամենախնդրահարույց թեմաներից մեկը դարձել է այն, թե որքանով իրականություն կդառնա ընդդիմության որոշ ուժերի՝ Սերժ Սարգսյանի երրորդ անգամ իշխանության գալուն խոչընդոտելու մտադրությունը։ Սա է արդեն այսօր հիմնական քննարկվող թեման թե՛ մամուլում, թե՛ փորձագիտական շրջանակներում։


Իհարկե, կասկածից վեր է, որ մեր հանրության շրջանում դոմինանտ է թերահավատությունն ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Մարդիկ, բնականաբար, չեն հավատում, որ ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունները որևէ արդյունքի կհանգեցնեն։ Եվ իսկապես, երբ պրագմատիկ հայացքով գնահատում ես այժմ մեզանում առկա իրավիճակն ու հասարակության տրամադրությունները՝ հսկայական անտարբերություն և որևէ կոնկրետ արտահայտում չստացող բողոքական տեսակետներ, և միաժամանակ դիտարկում ես ընդդիմության կողմից այս տարվա սկզբից զանգվածային միջոցառումներ կազմակերպելու անպտուղ փորձը, բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ որևէ լուրջ զանգվածային ըմբոստություն այս պայմաններում ակնկալել հնարավոր չէ։ Բայց փաստ է, որ, այնուամենայնիվ, ընդդիմության որոշ սեգմենտներ փորձում են այս թեմայի շուրջ որոշակի շարժ մտցնել։


Եվ այսպես, այս պահի դրությամբ կա ընդդիմադիր երկու ուժ, որոնք մոտակա օրերին փորձելու են հասարակությանը ոտքի հանել և բերել փողոց։ Առաջինը «Հանուն Հայաստան պետության» ճակատ անվանումը կրող շարժումն է, երկրորդը «Ելք» խորհրդարանական դաշինքի մաս կազմող և իր արմատական ձգտումներում միայնակ մնացած «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս երկու քաղաքական ուժերն ընտրել են հանրահավաքային և փողոցային ակտիվ պայքարի գործելաոճը, ընդ որում՝ նույն Ազատության հրապարակում, բայց տարբեր օրերի։ Ըստ էության, երկու ուժերն էլ հանդես են գալիս նույն կարգախոսով՝ «Ոչ Սերժ Սարգսյանի վարչապետությանը», սակայն հույսի, թերևս, որևէ նշույլ չկա, որ այս ուժերը կարող են իրականում համախմբվել ու աղերսվել հանուն ընդհանուր նպատակի։ Մինչդեռ բողոքական հանրության համար ընդդիմության միավորման խնդիրն արդեն տասնամյակներ շարունակ իդեֆիքս է։ Եվ, այնուամենայնիվ, ընդդիմության միավորման հավանականությունն այս պարագայում էլ գրեթե զրոյական է, քանի որ եթե անգամ նրանց ռազմավարական նպատակը նույնն է, մարտավարական մեթոդները տրամագծորեն հակառակ են։


Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած քաղաքական ուժն անընդհատ հայտարարում են, որ իրենց պայքարի մեթոդը կտրականապես մերժում է բռնությունը։ Նրանք նույնիսկ համարում են, որ իրենց բողոքի ակցիաներն անցկացվելու են, այսպես կոչված, «մերկ» կամ բաց ձեռքերով։ Մինչդեռ «Հանուն Հայաստան պետության» ճակատը, որն ակնհայտորեն սկիզբ է առել «Սասնա ծռերի» պայքարի ժամանակներում ձևավորված ակտիվիստների և քաղաքական դեմքերի մի մասից, անհամեմատ մարտական և արմատական է տրամադրված։ Եվ դա ակնհայտ է հնչեցվող կարգախոսներից ու տոնայնությունից, ինչպես նաև այն ակնարկներից, որ հնարավոր բռնությանը կպատասխանեն բռնությամբ ու, համապատասխան զանգված ապահովվելու դեպքում, կոշտ իշխանափոխության հասնելու հեռանկարով։ Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ այս երկու մոտեցումները, որոնք կողմերի համար սկզբունքային են, գրեթե անհնար են դարձնում այս ուժերի՝ ընդհանուր ճակատով հանդես գալը։ Գաղտնիք չէ նաև, որ այս երկու քաղաքական հոսանքների միջև կա բավականին լուրջ հակասություն, որ սկիզբ է առնում դեռևս «Սասնա ծռերի» պայքարի ժամանակներից։ Վերջին շրջանում էլ հրապարակվեցին այն օրերի գաղտնալսումները, և հանրության սեփականությունը դարձավ, թե «Սասնա ծռերի» գլխավոր դեմքերն ինչ շեշտադրումներով են խոսել Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր այլ ուժերի մասին, որոնք, ի տարբերություն սասնածռականների, ավելի շատ քաղաքական, քան ռազմաքաղաքական ուժ են։ Այս տեսակետից ակնհայտ է, որ հակասությունները վերոնշյալ ուժերի միջև գուցե իրականում շատ ավելի խոր են, քան նույնիսկ վերջիններիս հակադրությունները իշխանության վերնախավի հետ։


Մարտավարական տեսակետից «Հանուն Հայաստան պետության» շարժման մոտեցումը, թերևս, բավականին խոցելի է, քանի որ վերջիններս հայտարարում են, թե իրենց քայլերը պայմանավորված են լինելու հրապարակ դուրս եկող մարդկանց թվով։ Եթե ժողովուրդը ողողի փողոցները, կգործարկվի մի սցենար, սակավաթիվ մարդկանց դեպքում՝ այլ սցենար։ Այսպիսով չկա որևէ հստակություն ու կոնկրետություն գործողություններում, ինչը շատ նման է նախկին ընդդիմադիրների մարտավարությանը։


Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում իրավիճակը գուցե ավելի մշուշոտ է. Նիկոլ Փաշինյանը համարվում է բավականին պրագմատիկ և փորձված քաղաքական գործիչ, որը, մի կողմից, բազմիցս հայտարարել է, թե ինքն այլևս հանրությանը չի տանի փողոց, եթե չունենա որոշակի երաշխիքներ, որ հանրությունն այսուհետ չի հուսախաբվի և հեռանա հանրահավաքային շարժումից։ Մյուս կողմից՝ այժմ համառորեն պնդում է, որ ճիշտը փողոցային ակտիվ պայքարն է։ Ավելին, նշում է, որ կա 14+4 կոչվող ճանապարհային քարտեզը, որը, ըստ նրա, հստակ պլանավորում ունի, թե ապրիլի 3-ից սկսվող զանգվածային փողոցային ակցիաներում քայլ առ քայլ ինչ է իրականացվելու։ Այս առումով թեև հսկայական թերահավատություն կա շարժման հեռանկարի շուրջ, այնուամենայնիվ, վերլուծական շրջանակներում մի փոքր զգուշորեն են մոտենում «Քաղաքացիական պայմանագրի» այս ծրագրին գնահատական տալուն, քանի որ, երևի թե, շատերը սպասում են մարտի 31-ին խոստացված ճանապարհային քարտեզի հրապարակմանը, որից հետո ամեն ինչ ավելի որոշակի կդառնա, և կարելի կլինի քիչ թե շատ առարկայական գնահատական տալ այդ քաղաքական ուժի հնարավորություններին։
Սա, փաստորեն, այսօրվա ակտիվ ընդդիմադիրների խճանկարն է, այն ուժերի, որոնք մինչև վարչապետի ընտրությունը ակտիվ գործողությունների հայտ են ներկայացրել։ Կհաջողվի՞ նրանց իրականացնել իշխանափոխության իրենց սցենարը և ստիպել իշխանություններին զիջումների գնալ, ցույց կտա ժամանակը։ Բայց դա այժմ ավելի շատ հիպոթետիկ հարցադրման է նմանվում։


Ինչևէ, իրավիճակը դիտարկենք իշխանության դաշտում։ Սերժ Սարգսյանը վերջերս արեց քայլեր, որոնք ինչ-որ չափով սադրում են նույն ընդդիմությանը փողոց դուրս գալու։ Դրա մասին խոսում է թեկուզ այն փաստը, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ավարտից շատ առաջ փաստացի բացեց խաղաքարտերն ու մոտավոր ուրվագծեց իր անելիքները, ակտիվացրեց ընդդիմությանը՝ փաստորեն, օրակարգ ձևավորելով ընդդիմության համար։ Բոլորն են արձանագրում, որ իր հարցազրույցով գործող նախագահը հրահրում է արմատական ընդդիմության տարբեր թևերին ավելի ակտիվ գործողությունների։ Բնականաբար, բազմափորձ և քաղաքական հարցերում ավելի քան թրծված ՀՀ նախագահը շատ լավ հասկանում է դա։ Ի՞նչ է այսպիսով ստանում Սերժ Սարգսյանը։ Նա շատ լավ հասկանում է, որ այս պահի դրությամբ ընդդիմությունը որևէ լուրջ ռեսուրս չունի իրադրությունը թեկուզ որոշակիորեն լարելու և իր հնարավոր վարչապետությունը կանխելու համար։ ՈՒստի այս սադրանքով չի բացառվում, որ ստիպում է ընդդիմությանը հանպատրաստից գնալ քայլերի ու, ըստ էության, գոլորշին ժամանակից շուտ բաց թողնել։ Նա ընդդիմությանը նախապատրաստվելու առանձնապես ժամանակ էլ չի տալիս, ըստ էության, ստիպելով նրան շարժվել իր նախատեսած ժամանակացույցով։ Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ բողոքական լուրջ զանգվածներ չեն լինելու, ուստի այդ պարագայում ինքը մեկնարկ է տալիս իր քարոզչությանը, ցույց տալով, որ հանրությունը, փողոց դուրս չգալով, իբր իր վերաբերմունքն է հայտնում իշխանությանը։


Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյոք ընդդիմադիր ուժերը և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը դա չե՞ն հասկանում։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ մեծ ռիսկի է գնում. ըստ էության, հասկանում է նաև, որ ընդդիմադիր համարվող այլ ուժերի կողմից մեղադրվելու է, որ հանրահավաքների արդյունքում լեգիտիմացնելու է Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ Բնականաբար, սա կդառնա ևս մեկ փաստարկ նրանց մոտ, ովքեր Ն. Փաշինյանին բնութագրում են որպես «իշխանական նախագիծ»։ Հասկանալով սա, այնուամենայնիվ, նա գնում է այդ քայլին։ Նիկոլ Փաշինյանը գերխնդիր ունի մինչև 2022 թվականը դառնալու ամենաազդեցիկ և միակ ընդդիմադիր ուժը Հայաստանում, որը կմասնակցի ապագա խորհրդարանական ընտրություններին։ Դաշինքի հետ, թե առանձին, այլ խնդիր է։ Ըստ էության, նա հասկանում է, որ առանձին հանդես գալը գուցե և ավելի նպատակահարմար է։ ՈՒնենալով դաշինքային գործունեության ներկա փորձը, երբ «Ելքի» մեկ կուսակցություն դառնալու հեռանկարները չեն նշմարվում, ավելին, արդեն առկա են լուրջ տարաձայնություններ դաշինքի ուժերի միջև, հասկանալի է դառնում, որ գործող ձևաչափը շատ երկար կյանք չի կարող ունենալ։ Այս պարագայում չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում թողնել արմատական բողոքական դաշտը որևէ այլ քաղաքական ուժի, մյուս կողմից էլ ցույց է տալիս, թե «Ելք» դաշինքում ով իրենից ինչ է ներկայացնում։ Ինչևէ, ընդդիմության հանրահավաքային գործողությունների հետ կապված հարցերն առայժմ ավելի շատ են, քան պատասխանները, բայց, ամեն դեպքում, հանգուցալուծումն էլ արդեն շատ մոտ է։


Հատկանշական է, որ հենց զանգվածային գործողություններ սկսելու սկզբնական ժամանակաշրջանում «Սասնա ծռերի» և ընդհանրապես ուժային եղանակով իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ գնահատական տվեց ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը, հենց այն երկրի ներկայացուցիչը, որի հետ է պարբերաբար ասոցացվում «Սասնա ծռերի» գործողության հետ կապված հովանավորչությունը։ Դեսպանը ավելի քան հստակ սահմանազատեց իր երկիրը, այսպես կոչված, բռնի իշխանափոխության հովանավորչությունից։ Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանի իշխանության համար կատարված այս հայտարարությունը ունի քաղաքական և ըմբոստ զանգվածների վրա հոգեբանական ներգործության նշանակություն։ Սա, թերևս, կարող է հստակ ուղերձ լինել, որ չկան ընդդիմության սուղ հնարավորություններն ուժեղացնելու նաև արտաքին ռեսուրսներ, ինչի հետ որոշակի հույսեր էին կապում բողոքական գործողությունների կողմնակիցները։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ