Իրատեսություն` զավեշտական թեքումով

Իրատեսություն` զավեշտական թեքումով
18.01.2019 | 01:55

Ռուսաստանյան լրատվամիջոցները հրապարակել են նշանավոր «Ֆորբս» ամսագրի անցյալ տարվա 10 առավել հաջողակ բիզնեսմենների ցուցակը: Խոսքը վերաբերում է համաշխարհային խոշոր բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնց տարվա ընթացքում հաջողվել է շոշափելիորեն հարստացնել իրենց անձնական քսակը:


Բանն այն է, որ միլիարդատերերի այդ միջազգային տասնյակի մեջ տեղ են գտել նաև երեք ռուսաստանցիներ: Ինչու՞ ռուսաստանցիներ. որովհետև նրանցից և ոչ մեկը ռուս չէ: Կարելի է հասկանալ ռուս նացիոնալիստական մամուլին, որ երևույթը գնահատեց որպես «իրադարձություն», հասկանալի է՝ բացասական իմաստով:
Ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է մոլորակի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկի՝ «Լուկօյլի» նախագահ և հիմնական սեփականատեր Վագիտ Ալեքպերովը (ազերի), 5-րդ տեղը՝ գազանավթաքիմիական «Նովատեկ» և «ՍԻԲՈՒՐ Հոլդինգս» ընկերությունների ղեկավար Լեոնիդ Միխելսոնը (հրեա), և 6-րդ տեղում է ածխարդյունաբերական, շինարարական, երկաթուղային փոխադրումների և մի շարք այլ պրոֆիլների ընկերությունների սեփականատեր-բաժնետեր Գենադի Տիմչենկոն (ուկրաինացի): Երեք հաջողակները մեկ տարում լրացուցիչ հայթայթել են ավելի քան 4-ական միլիարդ դոլար:


Է՜, հեր օրհնած, իսկ ինչքանով են սրանք հետաքրքիր մեզ, ի՜նչ կապ ունեն սրանք Հայաստանի հետ՝ կտարակուսեն «Իրատեսի» խորախորհուրդ ընթերցողները: Ի՜նչ մի հաճելի փաստ է, օրինակ, որ նախկին բաքվեցի Ալեքպերովը դարձել է Ռուսաստանի խոշորագույն ու ազդեցիկ օլիգարխներից մեկը և շարունակում է պարարտանալ: Կամ ով չգիտե, որ հրեաները հրամանատարական դիրքեր ունեն այդ երկրի խոշոր բիզնեսում: ՈՒ առավել ևս ինչքանով մեզ համար կարող է գրավիչ լինել ուկրաինացի Տիմչենկոն: Հետո ինչ, որ չար լեզուները լուրեր են տարածում, թե նա Պուտինի մերձավոր ընկերներից մեկն է:
Սակայն բանն էլ հենց այն է, որ, ահա, հենց Տիմչենկոն ոչ ավելի, ոչ պակաս անմիջական աղերս ունի հայոց աշխարհի հետ: Ապագա միլիարդատերը ժամանակին լույս աշխարհ է եկել... Գյումրիում, իսկ ավելի ճիշտ՝ Լենինականում: Եվ այսպես, ինչ է հռչակում նրա հոլովվող կենսագրությունը: Գենադի Նիկոլաևիչ Տիմչենկոն ծնվել է 1952 թվականի նոյեմբերի 9-ին Լենինական քաղաքում (Հայկական ԽՍՀ), զինվորականի ընտանիքում: Յոթ տարի բնակվել են տեղի զորամասի զինավանում մինչև հոր ծառայության վայրի փոխվելը: Ասել է` թե փոքրիկ Դիման յոթ տարի շնչել է իր ծննդավայրի կենարար օդը, խմել է նրա անմահական ջուրը, երևի խաղացել է լենինականցի սևաչ ու սրախոս երեխաների հետ:


Ըստ Վիքիպեդիայի, Տիմչենկոն Ռուսաստանի և Ֆինլանդիայի քաղաքացիության հետ մեկտեղ համարվում է նաև Հայաստանի քաղաքացի: Սակայն այս վերջին փաստը ոչ մի այլ տեղ չի հաստատվում: Թեև դա չի խանգարում, որ որոշ հայ քաղաքագետներ նրան համարեն ամենահարուստ հայաստանցին: Սոցցանցերում էլ կարելի է տեսնել երկու «համերկրացիների»՝ Տիմչենկոյի և Ռուբեն Վարդանյանի ժպտադեմ համատեղ լուսանկարները:
Հետո՞, հիմա էլ կփնթփնթան պրագմատիկ գյումրեցիները, մեկ դոլար կամ մեկ ռուբլի (կամ նույնիսկ դրամ) նվիրաբերե՞լ է ծո Տիմչենկոն իր ծննդավայրին: Եթե ոչ, էլ ինչի մասին ենք խոսում:


Բայց եթե դա այդպես է, ապա արդյո՞ք մեղավորը միայն Գենան է: Ի՞նչու գյումրեցիներն իրենք նրա հետ մտերմացման որևէ նախաձեռնություն հանդես չեն բերում: Պատկերացրեք, օրինակ, մի պայծառ օր Գյումրու քաղաքապետը զանգում է պարոն Տիմչենկոյին, հիշեցնում է նրա ծննդավայրի եզակիությունն ու ազնվականությունը, պատմում է, որ գյումրեցիները հուզառատ քննարկումներից հետո որոշել են Գենային, ներողություն՝ Գենադի Նիկոլաևիչին, շնորհել քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում, և որ նրանք երջանիկ կլինեն, եթե նորընծա գյումրեցին անձամբ հյուրընկալվի Շիրակում և առձեռն ստանա շնորհագիրը: Մարդ է, էլի, մեկ էլ տեսար սիրտը լցվեց ու եկավ, հիշեց իր վաղ մանկությունը, քաղցրացավ ու դարձավ... առատաձեռն: Անշուշտ պետք չէ, որ գյումրեցիներն իրենց հիացմունքն արտահայտեն հյուրի եզակի գործարար որակների կապակցությամբ, երբ նա ընդամենը մեկ տարում մեն-մենակ ավելի շատ փող է աշխատել, քան Հայաստանի պետբյուջեն է, կամ որ հույս դնեն, որ բիզմենսմենը իր 18,9 միլիարդ դոլար կարողությունից մեկ միլիարդը կտրամադրի Հայաստանին՝ նրա ապաշնորհ ղեկավարների ավանդած 7 միլիարդ դոլարի պետական պարտքը թեթևացնելու համար: Ոչ իհարկե: Բայց և, մյուս կողմից, ինչու բացառել, որ շքեղափայլ ընդունելությունից հոգեպես փոթորկված մարդը իր ծննդավայրում չի բացի համատեղ մի գործարան, արտադրամաս, չի նվիրաբերի գոնե մի դպրոց կամ մանկապարտեզ: Էլի բան է: Ամոթ բան չկա այստեղ: Ժողովրդական իմաստնությունը մերժում է թախտին նստած բախտին սպասելը, մյուս կողմից էլ հուշում է՝ փորձը փորձանք չէ, գործը գործ է բերում:


Ի դեպ, Ռուսաստանում թե Հայաստանում բոլոր օլիգարխները չէ, որ անազնիվ են, եթե սուրբ էլ չեն: Հայաստանի վարկաբեկված օլիգարխները, օրինակ, հնարավոր է օրինապահ հայրենասեր գործարարներ լինին, եթե նրանց չայլասերեին իրենց անհագուրդ դոլարասիրությամբ ախտահարված մեր երբեմնի ղեկավարները: Կարելի է համոզմունք հայտնել, որ եթե գյումրեցիները թեկուզ և մեր Ռուբեն Վարդանյանի միջոցով կարողանան իրականացնել Մոսկվա-Գյումրի հատուկ ուղիղ չվերթ Գենադի Տիմչենկոյի անմիջական մասնակցությամբ, ապա սպասելիքները առնվազն ինչ-որ տեղ կարդարանան: Միլիարդատերն իր սրտի վրա կզգա անզուգական գյումրեցիների կոլորիտային հյուրասիրության ու սրախոսության բարերար ազդեցությունը:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao