Amadinda
 

«Կառավարությունը պետք է հետ կանչի Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ու մասնագիտական քննարկումներ սկսի»

«Կառավարությունը պետք է հետ կանչի Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ու մասնագիտական քննարկումներ սկսի»
11.06.2019 | 00:45

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի շուրջ «Իրատեսը» զրուցել է տնտեսագետ ՍՈՒՐԵՆ ՊԱՐՍՅԱՆԻ հետ:

-Հարկային օրենսգրքի նախագիծը խորհրդարանում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ինչպե՞ս եք գնահատում քննարկումների ընթացքը:
-Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի մշակման և ներկայացման գործընթացը համակարգված չէր, նույնիսկ ձևական բնույթ էր կրում. անընդհատ փոփոխվում էր նախագիծը, ինչի հետևանքով անգամ ամբողջովին հակասական մոտեցումներ ներառվեցին փաթեթի մեջ, իսկ Ազգային ժողովի հանրային լսումներն ուղղակիորեն ձևական բնույթ էին կրում ու անարդյունավետ էին: Կիսադատարակ դահլիճում անցկացված լսումներին չկարողացան մասնակցել ու ելույթ ունենալ բազմաթիվ քաղաքացիներ, տնտեսագետներ, բիզնեսի ներկայացուցիչներ: Հատկանշական է, որ համահարթեցման հարկային քաղաքականությանը դեմ են Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններն ու արտախորհրդարանական հիմնական քաղաքական ուժերը, ինչը գործող իշխանություններին մտորելու տեղիք պետք է տա:
-Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու նախագիծը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակել էր «շրջադարձային փոփոխությունների նախագիծ»: Իրո՞ք շրջադարձային է:
-Այս հարկային օրենսգրքով հեղափոխական շրջադարձ չենք կարող ունենալ, քանի որ վերջինս ուղղված է սպառման հարկմանը, ինչի հետևանքով զգալի վնաս կկրեն հասարակություն խոցելի խմբերը: Երկարաժամկետ և ներառական աճի ապահովման համար մեր կառավարությունը նախ պետք է արդյունավետ և արդար բաշխի ներկայումս ստեղծվող ազգային արդյունքը: Այս փոփոխությունները չեն քննարկվել հանրության հետ, բայց այժմ, ժողովրդի անտեղյակությունից օգտվելով, փորձ է արվում ընդունելու հարկային օրենսգրքի փոփոխություններն այնպես, ինչպես նախորդ իշխանությունն ընդունեց պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը:
-Հայտնի է, որ մի շարք տնտեսագետներ, այդ թվում նաև Դուք, համահարթեցման սկզբունքի մասով համակարծիք չեք նոր կառավարիչների հետ:
-Այո, մենք կողմ ենք պրոգրեսիվ հարկային համակարգին, դեմ` համահարթեցմանը, քանի որ այն խաթարում է սոցիալական արդարությունն ու հասարակական համերաշխությունը: Պրոգրեսիվի հիմքում որոշակի տնտեսական, սոցիալական սկզբունքներ ու մոտեցումներ են ընկած: Առաջին սկզբունքն այն է, որ շատ ունեցողը պետք է շատ վճարի: «Շատից` շատ, քչից` քիչ» սկզբունքը պետք է գործի: Պետությունը հարուստ մարդկանց գույքի պաշտպանության ու սպասարկման համար ավելի մեծ գումարներ է ծախսում, քան փոքր կամ քիչ գույք ունեցողների համար, հետևաբար նրանք ևս պատրաստ են շատ վճարելու: Բացի այդ, շատ ունեցողը պատրաստ է շատ վճարելու, եթե իմանա` այդ գումարները կուղղվեն հանրային բարիքների ստեղծմանը, օրինակ` անվճար կրթությանը, առողջապահությանը, առողջ շրջակա միջավայր ունենալուն: Իսկ մեր պետությունը նման քաղաքական մոդել չի առաջարկում: Այս դեպքում, միանշանակ, հարկային քաղաքականության ու կառավարության մշակած ծրագրի միջև խզում կա: Մասնավորապես` կառավարությունը հայտարարում է, որ ձգտում է ներառական աճ ունենալ, իսկ դա ենթադրում է, որ արդյունքը պետք է բաշխվի լայն խմբերի կամ լայն շերտերի միջև: Համահարթեցման մոդելը դա չի ապահովում, այլ հակառակ երևույթին է հանգեցնում. ամեն մեկն իր եկամուտը հնարավորինս պետք է պաշտպանի: Այս դեպքում գործում է բոլորի համար նույն հարկային դրույքաչափը: Հետաքրքիր երևույթի հետ գործ ունենք, երբ կառավարությունը դեռևս հստակ չի նախանշել տնտեսական զարգացման իր մոդելը, սակայն որոշել է առանձին ոլորտներում բարեփոխումներ իրականացնել: Դա նույնն է, երբ չես որոշել` ինչ մակնիշի ավտոմեքենա ձեռք բերել, բայց անիվ արդեն գնել ես: Տրամաբանական ու փիլիսոփայական սխալ մոտեցում է, բայց այս կառավարությունը շարունակում է այդ մոտեցմամբ առաջնորդվել:
Սխալ է նաև այն մոտեցումը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է` ի՞նչ պարտադիր է, որ աղքատները ծխեն կամ ոգելից ըմպելիքներ օգտագործեն: Աղքատ խավը նույնպես կարող է օգտվել նման ծառայություններից ու ապրանքներից, և պետությունը չպետք է հարկային բեռն անհամաչափ ձևով դնի նաև նրանց վրա: Ճիշտ դիտարկում չէ, որ եթե դրանք ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ են, թող հասարակության բոլոր խմբերը վճարեն: Ոչ, նույնիսկ այն դեպքում, երբ այդ ապրանքներն առաջին անհրաժեշտության չեն, հարաբերականորեն պետք է վճարել:
Ողջունելի է, երբ կառավարությունն ասում է, թե մտադիր է պրոգրեսիվ գույքահարկի քաղաքականություն վարել, բայց մինչ այս պահը նման մոդել չկա սեղանի վրա: Եթե ցանկանում ենք որևէ հարկային քաղաքականություն իրականացնել, պետք է համակարգված ձևով իրականացնենք` հաշվի առնելով մի շարք գործոններ:
-Համահարթեցումից բացի անհանգստացնող է՞լ ինչ դրույթներ կան:
-Այս փոփոխությունների հիմնավորման մեջ նշված է, որ դրանք ուղղված են ներդրումային միջավայրի բարելավմանը, սակայն կառավարությունը, ինքն իրեն հակասելով, չեղարկում է օրենքի այն դրույթը, որ ձեռնարկատերերին երաշխիք է տալիս` պետությունը մեկ տարվա ընթացքում նոր հարկատեսակ չի սահմանի, հարկադրույքաչափերն էլ չեն բարձրանա: Անհասկանալի է նաև իշխանությունների այն մոտեցումը, որ համահարթ քաղաքականությունը ներդրվելու է մի քանի տարով, որպեսզի գործատուները, աշխատողները, ցածր եկամտային հարկի պայմաններում, հայտարարագրեն իրենց իրական եկամուտները` հետագայում նորից անցնելով պրոգրեսիվ հարկման: Սակայն ոչ մի հարկատու չի հայտարարագրի իր իրական եկամուտները, իմանալով, որ հետագայում ավելի շատ հարկ պետք է վճարի: Նման իրավիճակ էր 2014-ին` շրջանառության հարկի դրույքաչափը 1 տոկոսով նվազեցնելիս: Օրենքի հեղինակներն այն ժամանակ կարծում էին, որ ՓՄՁ սուբյեկտները ցածր հարկի պայմաններում ավելի շատ ՀԴՄ կտրոններ կտրամադրեն, ստվերից դուրս կգան, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին, որ հետագայում բարձրացնելու են դրույքաչափերը: Եվ ի՞նչ ստացվեց` կառավարությունը գրանցեց, որ պետական բյուջե հարկերը նվազ քանակով են մուտքագրվել, ստվերային տնտեսության մակարդակն էլ նույնն է մնացել:
-Կառավարությունը ցանկանում է նվազեցնել շատ աշխատավարձ ստացողների հարկերը, ինչի հետևանքով պետական բյուջեում մոտ 27 մլրդի պակասուրդ է լինելու: Ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ:
-Ցանկանում է բարձրացնել որոշ հարկեր, որ այդ պակասուրդը փակվի: Վերջին 6-7 ամիսների ընթացքում կառավարությունը, առանձին խմբերի ճնշման տակ, հրաժարվեց տարբեր լրացուցիչ հարկային մուտքերից: Իրավաբանների ու փաստաբանների ճնշման տակ, օրինակ, հրաժարվեց վերոնշյալ ոլորտի մարդկանց ավելացված արժեքի հարկով հարկումից, կամ` գազավորված ըմպելիքներ արտադրողների ճնշման տակ հրաժարվեց ակցիզային հարկի չափեր ներդնելուց: Այժմ ասում են, թե հաշվարկներ են արել և, մի տեղ նվազեցնելով, մի տեղ բարձրացնելով, կարող են որոշակի հավասարակշռության բերել դաշտում, բայց վերջին 7 ամիսներին կտրուկ փոփոխություններ են եղել, որոնք որևէ ձևով չեն արտացոլվել Հարկային օրենսգրքի փոփոխություննների ներկայացված նախագծում: Ըստ էության, սկզբնական հաշվարկները պետք է զրոյացնել ու նոր հաշվարկներ սկսել:
Այս պայմաններում կառավարությունը պետք է հետ կանչի ներկայացված նախագիծն ու քաղաքական տարբեր ուժերի, հասարակական միավորումների հետ սկսի մասնագիտական քննարկումներ: Հանրային լսումների ընթացքում համակարգված մոտեցումներ ձեռք կբերվեն, քանի որ այն հարկային քաղաքականությունը, որ հնարավոր է ներդնել, սերունդների հարց է լուծելու: Վստահ կարող եմ ասել, որ հաջորդ իշխանությունը միանշանակ փոխելու է համահարթեցված հարկային քաղաքականությունը: Այդպես է եղել նաև Սլովակիայում, Չեխիայում և այլն, երբ նոր քաղաքական ուժը, տեսնելով, որ համահարթեցման քաղաքականության կիրառման պատճառով պետական բյուջեի մուտքային մասը կրճատվել է, պետական պարտքն` ավելացել, հրաժարվել է դրանից:
-Նոր կառավարիչներն ասում են, թե հարկային բարեփոխումներով պայքարելու են ստվերի դեմ: Որքանո՞վ է դա իրատեսական:
-Դա իրատեսական չէ, քանի որ մենք ունենք շահութահարկի 20 տոկոս դրույքաչափ: Անկախ նրանից` տվյալ ընկերությունը որքան շահույթ է ստանում, վճարում է միևնույն 20 տոկոս շահութահարկը: 20 տարուց ավելի է` գործում է այս համակարգը, բայց ընկերությունների մեծ մասը շահագրգռված չի եղել կամ չի ներկայացրել իրական շահույթի չափը: Հետևաբար, այն մոտեցումը, որ համահարթեցումից հետո մարդիկ կհայտարարագրեն իրենց եկամուտները, սխալ է: Ավելին ասեմ` մարդկանց մեծ մասի եկամուտները չեն ավելանալու, այլ գործատուներն են որոշակի խնայողություններ անելու, քանի որ հաճախ, երբ բանակցություններ են վարում գործատուների հետ, խոսում են կոնկրետ մաքուր աշխատավարձի մասին: Մարդ եթե ուզում է, որ իր մաքուր աշխատավարձը, օրինակ, 200 հազար դրամ լինի, նրան չի հետաքրքրելու` գործատուն 28, թե 23 տոկոս կներառի «կեղտոտ» աշխատավարձի մեջ, քանի որ «մաքուր» աշխատավարձը մնալու է նույնը: Այսինքն, եթե իրավիճակից օգտվելու են, ապա հիմնականում գործատուները, ոչ թե աշխատողները: Հետևաբար, պետք է բարելավենք և պարզեցնենք հարկային վարչարարությունը, ինչը թույլ կտա հարկել ստվերային տնտեսությունը և գերշահույթները:

Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1113

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
«Արաքս Դավթյան-70». հոբելյանական համերգ