ReAnimania 2019
 

Պապ թագավորի սինդրոմը

Պապ թագավորի սինդրոմը
24.09.2019 | 12:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ-ը պարզապես ցնցող է: Մեկը մեկի հետևից նա անում է հայտարարություններ, որոնց հակասականությունը ականջ է քերծում: Օրինակ՝ աշխարհի բոլոր հայերը պետք է ՀՀ անձնագիր ունենան: Տպեցինք՝ բաժանեցինք: Հետո՞: Աղջիկները օժիտ կտանեն, տղաները միմյանց մոտ կպարծենան: Նախ՝ բազում երկրներ կան, որ չեն ընդունում երկքաղաքացիությունը, ու հարցը փակվում է: Երկրորդ՝ ասենք, սփյուռքահայերին տրվում է ընտրելու ու ընտրվելու իրավունք, որ նոնսենս է՝ Հայաստանում 3 միլիոն, դրսում՝ 7-8 միլիոն հայերի պարագայում, պարտականությունները ինչպե՞ս են կատարում: Կոնկրետ՝ հարկերը ո՞ր պետությանն են մուծում: Շատ խորանալու դեպքում ևս տասնյակ հարցեր են ծագելու: Հիմա Նիկոլ Փաշինյանը անում է հերթական, սիմվոլիկ ու պոպուլիստական հայտարարությու՞նը, թե՞ վարչապետը լուրջ ծրագիր ունի:


Ու մի հարց էլ՝ սփյուռքահայերը գալու են Հայաստան՝ ի՞նչ անեն, որտե՞ղ աշխատեն, թե՞ ընդամենը պետք է, որ գան, փող տան, տուն առնեն, դուռը փակեն՝ գնան:
Բայց ամենացնցողը Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանն էր պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ հարցին: Ո՞վ կարող է ասել, ինչու՞ հանկարծ վարչապետը որոշեց, որ պիտի հիմա էլ հոգևորականներին պատերով տա, համենայն դեպս՝ հիմնավորումը այնքան խախուտ էր, որ փաստացի հիմնավորում չկար էլ: «Երբ մենք, օրինակ, ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ինչ է՝ դե եկեք կառավարության ողնաշարը ջարդենք: Ասում ենք դատարանները պետք է անկախ լինեն, ասում են եկեք կառավարության ոտքի տակը քանդենք, սա իրավիճակի սխալ ընկալում է։ Երբ մենք ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք կառավարության ոտքի տակ. նրանք շատ ուժեղ հակահարված կստանան, ծնկի կբերվեն։ Մեր ժպիտները, մեր հարգանքը թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի, որովհետև այդպիսով նրանք ժողովրդին են ընկալում թույլ սուբյեկտ»՝ հայտարարեց վարչապետը:


Սա ի՞նչ վերաբերմունք է: Ծնկի բերելը վարչապետի պաշտոնով նախատեսված պարտականությու՞ն է: Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Պապ թագավորին հիշել ու հիշեցնել, որ նրա շնորհիվ Հայ առաքելական եկեղեցին դարձավ անկախ: Եթե հիմա իրեն թվում է, որ ինքը 21-րդ դարի Պապ թագավորն է, պիտի նաև հիշի, որ մեկուկես հազարամյակ պատմություն ունեցող եկեղեցու հետ գործ ունի: Ու ընդհանրապես՝ քրիստոնյայի վայե՞լ պահվածք է որևէ հոգևորականի մասին այդպես խոսելը, թե՞ իրեն երևակայում է Հին Հռոմ մտած վանդալ: Ինչու՞ է վարչապետին թվում, որ բոլորը երազում են ու տարված են «կառավարության ոտքի տակը քանդելով»: Համատարած բոլորը՝ մամուլ, դատարան, եկեղեցի: Սա արդեն մառազմ է կամ հետապնդումի մոլուցք: Ու հերիք է կառավարության ու ժողովրդի նույնացումը: Չի կարող ու չպիտի որևէ երկրի կառավարություն ժողովրդի հետ նույնացվի, դա աղետ է այդ երկրի համար: Կառավարությունը ընտրություններով ձևավորվում է պետությունը կառավարելու համար, ընտրությամբ ժողովուրդն ավարտում է իր գործը: Երբեք ու ոչ մի երկրում ժողովուրդը չի կարող բացարձակ միակամ լինել, ոչ մի կառավարություն երբեք ու ոչ մի երկրում չի արտահայտում ամբողջ ժողովրդի կամքը: Դա, աբստրակցիա լինելուց զատ, աբսուրդ է: Վերջապես՝ նման հայտարարություններ անելիս՝ պետական բարձրաստիճան պաշտոնյան, հանուն իր խոսքի հավաստիության, պարտավոր է օրինակ բերել՝ այս ու այս հոգևորականը պետության դեմ այս ու այս ոտնձգությունն է արել: Մամուլի ու դատարանների հետ եկեղեցու համեմատությունը ոչ մի եզր չունի իրականության հետ: Հոգևորականը ոչ դատավոր է, ոչ լրագրող:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի մտքով չի՞ անցել, որ ԱՄՆ-ում մամուլը, դատարանները, եկեղեցին «ծնկի բերելու» իր հայտարարությունը պարզապես չի հասկացվելու ու այնքան չի հասկացվելու, որ հայրենադարձության արձակ ու չափածո կոչերը հանգելու են պարզ հարցի՝ գնանք, ի՞նչ անենք, ծնկի գա՞նք: Ս. Սարգիս եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանը՝ կարճ պատասխանել է. «Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ»: Հիմա ի՞նչ անենք, որ վարչապետը իրեն շփոթում է Աստծո հետ:

Դիտվել է՝ 1266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao