ReAnimania 2019
 

Մենք այսօր ընտրության առաջ ենք՝ պետություն, կամ՝ պետության բացակայություն

Մենք այսօր ընտրության առաջ ենք՝ պետություն, կամ՝ պետության բացակայություն
06.10.2019 | 13:52

Զանգվածային հուզումների 4 օրերին տարերային ցույցերի ժամանակ զոհվել է 100 մարդ, 4000-ը վիրավոր է՝ երեկ առավոտյան այս տվյալները հրապարակել է Իրաքի կառավարությունը: Բաղդադում հանվել է պարետային ժամը, խորհրդարանը հավաքվել է արտահերթ նիստի՝ քննարկելու սոցիալական բարեփոխումները՝ ի պատասխան ժողովրդի դժգոհության: 4 օր Բաղդադում ու մյուս քաղաքներում զանգվածային հուզումները ուղեկցվում էին ոստիկանության հետ բախումներով: Տարերային ընդվզումը սկսվեց սոցիալական ցանցերում տարածված կոչով: Դժգոհության բռնկման պատճառը կոռուպցիան ու սոցիալական սուր խնդիրներն են՝ զանգվածային գործազրկությունը, էլեկտրաէներգիայի ու խմելու ջրի պարբերական անջատումները, պետական ծառայությունների անկարողությունը՝ ընթացիկ խնդիրները լուծել: Ակցիաները ուղեկցվում էին ուժայինների հետ բախումներով ու հրաձգությամբ: Շաբաթ առավոտյան մարդու իրավունքների հարցերով կառավարական հանձնաժողովը հաղորդեց 93 զոհերի ու համարյա 4000 վիրավորների մասին: Բուժծառայություններից France-Presse-ին հաղորդել են, որ զոհերի մեծ մասը հրազենից է: Հոկտեմբերի 5-ին իրավիճակը Բաղդադում հանգիստ էր պարետային ժամը հանելուց հետո: Նախօրեին ցուցարարներին աջակցություն հայտնեցին շիա ղեկավարները: Այաթոլա Ալի Սիստանին կառավարությունից պահանջեց ՙփոխել երկրի խնդիրների լուծման մոտեցումը»: Ազդեցիկ շիա առաջնորդ Մուկատադա էս Սադրը Ադել Աբդել Մահդիի կառավարությանը հրաժարականի կոչ արեց: Խորհրդարանը շաբաթ օրը հրավիրվեց արտահերթ նիստի՝ արագ բարեփոխումների ժամանակացույց կազմելու: Մուկատադա էս-Սադրի կոալիցիայի պատգամավորները բոյկոտեցին նիստը:
RFI


Հ.Գ. Համաշխարհային ԶԼՄ-ները հաղորդում են տասնյակ սպանվածների ու հարյուրավոր վիրավորների մասին: Խաղաղ պահանջները վերաճեցին բողոքի ալիքի, որը տարածվեց երկրի մեծ մասում: Փողոցներում անիվներ են այրում, ցուցարարները փորձում են գրավել միջազգային օդանավակայանը: Ամբողջությամբ արգելափակված է ինտերնետը: Մարդիկ դժգոհ են գործազրկությունից ու կոռուպցիայից և պահանջում են կառավարության հրաժարականը: Իրաքի վարչապետը քաոսին վերջ տալու և խաղաղ կյանքին վերադառնալու կոչ է արել: Ադել Աբդել Մահդին հայտարարել է. ՙՄենք այսօր ընտրության առաջ ենք՝ պետություն, կամ՝ պետության բացակայություն»: Նա վստահ է, որ ձերբակալվածները ազատ կարձակվեն, եթե ծանր հանցագործությունների մեջ չեն մեղադրվում:


Լիբանանի Al Akhbar-ը հիշեցնում է, որ ամռանը ռազմական գերատեսչության տեղեկացված աղբյուրը կանխատեսել էր, որ ամառը թեժ է լինելու: Նրա տեղեկությամբ՝ ամերիկացիները ծայրահեղ անհանգիստ են Իրանի ազդեցության ուժեղացումից Իրաքում և իշխանություններին զգուշացնում են Իրանի կառավարության հետ սերտաճելու վտանգից: Կանխատեսումը ճիշտ էր՝ թեժ ամառ նախապատրաստության մակարդակում, հետո՝ թեժ աշուն՝ իրականացման: Կատարի Al Jazeera հեռուստաալիքը իր կայքում մեջբերում է ցուցարարների խոսքը, որ միաձայն հաստատում են՝ իրենք չունեն ղեկավարներ, ժողովրդական ոգին է իրենց առաջնորդում: Այս իրադարձությունների գլխավոր տարբերությունը նախորդներից այն է, որ ցույցերը քաղաքական չեն, չեն ղեկավարում ծախու պաշտոնյաները կամ բիզնեսմենները:
Պանարաբական Asharq Al Awsat-ը հրապարակել է սաուդցի Մաշարի ալ Զաիդի հոդվածը ՙԻրաք՝ զայրույթ, որ երկար կուտակվում էր, վերջապես պայթեց» վերնագրով: Նա մեջբերել է ցուցարար Աբու Ալիի խոսքը, որ իր ժողովուրդը արդեն չունի որոշակի պահանջներ, որ կային 2015-ին ու 2018-ին: Այսօր ժողովրդի ընդվզումը ժողովրդի ողբն է, որ ոչ քաղաքական գործիչները, ոչ հոգևորականները չեն լսում: Իրաքն աշխարհի ամենակոռումպացված երկրների ցանկում 12-րդն է: Պաշտոնական տվյալներով՝ 2003-ին Սադամ Հուսեյնի վարչակարգի անկումից հետո երկրից անհետացել է 450 միլիարդ դոլար պետական գանձարանից, որ 4 անգամ մեծ է պետական բյուջեից: Սաուդցի լրագրողը հարց է տալիս՝ կհաջողվի հանպատրաստից երիտասարդական ընդվզմանը իշխանության դռները ծեծել ու լսելի դառնա, թե Կասեմ Սուլեյմանը (Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի հրամանատարը) կգա ու կկոտրի ժողովրդի դիմադրությունը:


Եգիպտոսի Sasapost-ը հրապարակել է Ահմադ ալ Դիբագայի հոդվածը, հեղինակը փորձում է հասկանալ՝ ինչ է կատարվում Իրաքում: Նա հիշեցնում է, որ այդքան զանգվածային շարժում ու ժողովրդական համախմբում չի եղել ամերիկյան հարձակման ժամանակներից: Ցույցերը բոլոր քաղաքներում են՝ բացի հյուսիսային ու արևմտյան նահանգներից, որ ԻՊ-ի վերահսկողության տակ են: Նինվեի, Կիրկուկի, Սալահ ադ Դինի և Անբարի նահանգներում մինչև հիմա հակակառավարական ցույցեր չեն եղել: Ակտիվիստներն ու լրագրողները գտնում են, որ հյուսիսային ու արևմտյան նահանգներում ցույցերն արգելված են:
Իրաքի Shafaq news-ը արդարացնում է ցուցարարների վարքագիծը, բայց հիշեցնում քաղաքական ծանր իրավիճակի, որի մեջ գործում է երկրի ղեկավարությունը: ՙԻրաքցիների վախը հասկանալի է, բայց հենց վախը պետք է օգնի քաղաքական ընդդիմադիրներին գործողությունների անհրաժեշտ ալգորիթմ մշակել՝ խուսափելու համար ողբերգությունից: Դա շատ կարևոր է որոշում ընդունող մարդկանց համար: Դա կարևոր է նաև ուժերի ու կուսակցությունների համար, որ հայտարարում են, թե ուզում են որոնել երկրում կուտակված խնդիրների լուծման ժողովրդավարական ուղիներ»:


Հորդանանի Al Hadath-ը Իրաքում կատարվողն անվանել է ՙԱնկախության օր»: Հեղինակը հարցնում է՝ ինչու՞ է բողոքում բնակչության միայն մի մասը, իսկ մնացածները արյունոտ իրադարձություններին հետևում են հեռուստացույցով կամ Facebook-ով: «Նրանք, որ ընկնում են իրավապահների կրակոցներից, նրանց եղբայրները չե՞ն»: Հեղինակը հույս ունի, որ ժողովուրդը կանի այն, ինչ արել են ուրիշները՝ «Իշխանությունները դավաճանել են մեր երկրի երիտասարդներին, արժանապատիվ մարդկանց, հենց այդ դավաճանությունն է իրաքցիներին դրդել ոտքի կանգնել և իրենց խոսքն ասել: Ընդվզումը չի մարի: Նրանք կհաղթեն»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao