Երվանդ Վարոսյան. Արա Բաբլոյանի, Գագիկ Հարությունյանի և ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի դիրքորոշումներն ապացուցում են՝ Արսեն Բաբայանի մեղադրանքը իրականության հետ աղերս չունեն

Երվանդ Վարոսյան. Արա Բաբլոյանի, Գագիկ Հարությունյանի և ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի դիրքորոշումներն ապացուցում են՝ Արսեն Բաբայանի մեղադրանքը իրականության հետ աղերս չունեն
23.10.2019 | 22:04

Դատարանը, հավանաբար, միաժամանակ կքննարկի և Արսեն Բաբայանի ձերբակալության իրավաչափության դեմ մեր կողմից ներկայացված բողոքը, և վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:


Հարցին, թե ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն իր հարցազրույցում պնդել է, որ Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները վայր դնելու մասին գրությունն ԱԺ ուղարկել է մարտի 2-ին, այդ փաթեթը փոխանցվե՞լ է պաշտպանական կողմին և փաթեթում առկա՞ է նման փաստ, փաստաբանը պատասխանեց. «Ի զարմանս մեզ, այդ հարցաքննության արձանագրությունը մեզ չի տրամադրվել, դատարանն էլ չի ներկայացրել` մեզ համար, իհարկե, հայտնի պատճառներով, որովհետև ակնհայտ արդարացնող ապացույց է: Ավելին` ես հետևել եմ նաև Արա Բաբլոյանի և Գագիկ Հարությունյանի հարցազրույցներին, այս երեք անձանց դիրքորոշումները միայն բավարար են` պնդելու համար, որ ներկայացված մեղադրանքը իրականության հետ որևէ աղերս ունենալ ուղղակի չի կարող»:


Փաստաբանը նշեց երկու հանգամանք, որոնք բավարար են` պնդելու համար, որ Արսեն Բաբայանի ձերբակալումն ակնհայտ ապօրինի է, և նա գտնվում է ապօրինի անազատության մեջ: «Ձերբակալման միակ օրինական հիմքը անձի թաքնվելու վտանգն է, և միայն այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանն առաջին իսկ կանչով կամավոր ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, արդեն իսկ վկայում է, որ նրա թաքնվելու վերաբերյալ բոլոր ենթադրությունները սին են: Բացի այդ` նրան ձերբակալելու ժամանակ կասկածանքը վերաբերել է պաշտոնական կեղծիք կատարելուն, ինչը, բնականաբար, համաներման տակ ընկնող մեղադրանք է»,-մեկնաբանեց փաստաբանը:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao