Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Փոշու ամենափոքրիկ հատիկն անգամ տիեզերքում չի կորչում»

«Փոշու ամենափոքրիկ հատիկն անգամ տիեզերքում չի կորչում»
19.03.2018 | 13:57

Գրողների միությունում տեղի ունեցավ ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆԻ «Դարձ ի շրջանս յուր» գրքի շնորհանդեսը: Գիրքը բանաստեղծուհու երկրորդ ժողովածուն է , ամփոփում է վերջին շրջանի բանաստեղծությունները: Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ հրատարակչության տնօրեն ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆՆ իր խոսքում ասաց, որ կուզենար շատ մարդիկ ընթերցեին նրա գործերը, որովհետև դրանք ազնիվ, խղճով, գութով մի հյուսվածք են ու այդ բոլորը կանցնեն ընթերցողին:

Բանաստեղծ, գեղանկարիչ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆՆ այս հանդիպումը համարում է շատ կարևոր, հոգևոր, հոգեղեն մերձեցման օր, որի մեջ կան և՛ տխրություն, և՛ ուրախություն. «Որովհետև մենք խոսում ենք հավերժական թեմաներից: Մարո Երկնափեշյանը սիրված, ճանաչված, սպասված անուն է: Մշակութային դաշտում արդեն լսելի է նրա ձայնը: Առիթ եմ ունեցել մեկ անգամ տեսելու նրան, երբ խմբով գնում էինք Գյումրի: Դեռ բանաստեղծությունները չէի կարդացել, բայց միանգամից Մարոն ինձ հետաքրքրեց. զրուցասեր էր, կենսունակ, բարեհամբույր, հրաշալի հայուհի՝ իր խոհերով, մտածումներով, բանաստեղծական խառնվածքով: Եվ ինձ զարմացրեց, որ նա սկսեց խոսել հիվանդության մասին: Հիվանդության թեման ձգվեց Երևանից Գյումրի, և վերադարձին դեռ պահպանվել էր այդ տրամադրությունը»: Արևշատ Ավագյանը նկատեց, որ մենք բոլորս ծնված օրից զգում ենք մահվան շունչը, անկախ տարիքից մահը մեզ հետապնդում, ուղեկցում է ստվերի նման, բայց անմահության համար փորձում ենք երգել, արտասանել, նկարել, այսինքն` ստեղծել հոգևոր-մշակութային այն միջավայրը, որ մնում է մեզնից հետո՝ մեր գրքերով, նկարներով, երգերով, ճարտարապետությամբ:


«Կարծում եմ` Մարոյի քնքուշ էության մեջ դրված է բանաստեղծական սկիզբը, որ կապվում է մարդկային հուզաշխարհին, նրա բանաստեղծությունների մեջ առկա է կյանքի կենդանի թրթիռը: Եվ այդ զգացմունքային խորունկ ցավի ու կսկիծի մեջ բացվում է մարդկային մտածողության անհունը»,- հավելեց Արևշատ Ավագյանը, ընդգծելով, որ տիեզերքում մահ չկա, փոշու ամենափոքրիկ հատիկն անգամ տիեզերքում չի կորչում:


Բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ի լրումն հիշատակեց Հրանտ Մաթևոսյանին. «Իր հոդվածներից մեկում գրողը շատ պարզ հակադարձում է արել, որ ամեն մի կենդանի բան միտված է դեպի ավարտը, դեպի մահը, բայց հանճարին բնորոշ նույն թեթևությամբ շարունակել է միտքը, ասելով, որ անկենդան ամեն ինչ ձգտում է դեպի կենդանություն»: Խաչիկ Մանուկյանը տեղեկացրեց նաև, որ «Նորք» հանդեսում տպագրության է հանձնել Մարո Երկնափեշյանի բանաստեղծությունները, ինչի մասին դեռ բանաստեղծուհին չգիտի: Դա «Նորքի» վերջին համարն է, որ կազմել են Ռուբեն Հովսեփյանն ու Ֆելիքս Մելոյանը:
«Տիեզերքում բոլոր մարմինները՝ արև, աստղերը, երկրագունդը, ունեն միջուկներ, հրահեղուկ զանգված, եթե ինչ-որ տեղից պատռվում է այդ թաղանթը, սկսում է արտահոսել, միջուկի էներգիան դուրս է գալիս ու առաջանում է վակուում: Երբ շատ է ուժեղանում վակուումը, երկնային մարմինը պայթում է: Այդպես կարող են պայթել պետությունները և հայրենիքները,- իր խոսքն այսպես սկսեց գրող, հրապարակախոս ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ, նշելով, որ կան ուժեր, որ լցնում են այդ միջուկը և չեն թողնում պայթյուն լինի:- Այդ էներգիաներից մեկը պոեզիան է, մշակույթը: Մարոյի պոեզիան այնպես է անում, որ չպայթի մեր մոլորակը: Ֆեյսբուքում մի բանաստեղծություն էր հրապարակել, ասում էր՝ մի պտղուց աղ գցեմ ու գնամ, ես մտածեցի, եթե նշված չլիներ Մարոյի անունը, շատերին կթվար Սահյանն է տողերի հեղինակը: Նա մեր լավագույն պոետներից է, նրա պոեզիայի նեկտարը քսվել է երկրի ու երկնքի փեշերին»:


ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, որը կազմել է հայ հանճարեղ բանաստեղծների անթոլոգիան, թարգմանել է նաև Մարո Երկնափեշյանի բանաստեղծությունները: Ասաց, որ մի կողմից հեշտ էր ժողովածուն կազմելը, որովհետև բոլորը տաղանդավոր են (հանճարները՝ քիչ), բայց կին չկար: «Սեթևեթանք կա, սեր, հրաշալի աչք, որ տեսնում է հայրենի բնությունը, մարդկային հարաբերությունները, բայց այդ ուժը տեսա Մարոյի պոեզիայի մեջ, ասես անցյալ կյանքում տղամարդ լիներ, մարմնավորվեր կնոջ մեջ, թարմ հայացքով նայեր աշխարհին: Թարմ հայացք, որ անսպասելի է բոլորի համար, բացահայտում է շատ բաներ: Հանճարը մի քիչ ուրիշ է, ուզում է ընդամենը բանաստեղծություն գրել, ստացվում է աղոթք: Ցավում եմ, որ ուշ ճանաչեցի Մարոյին»:


Միջոցառման մասնակիցները առողջություն էին մաղթում բանաստեղծուհուն: Հնչեցին Մարո Երկնափեշյանի բանաստեղծությունները, նաև նրա խոսքերով գրված երգերը: Ցերեկույթը վարում էր Խաչիկ Մանուկյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ