Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գիտակցո՞ւմ է արդյոք Դոնալդ Թրամփը, որ սկսում է խաղալ դժոխքի կրակի հետ

Գիտակցո՞ւմ է արդյոք Դոնալդ Թրամփը, որ սկսում է խաղալ դժոխքի կրակի հետ
13.04.2018 | 08:37

Միացյալ Նահանգները, ինչպես արդեն հայտնի է, ավելի վաղ առանց որևէ հիմքի կամ շինծու հիմքով մեղադրել ու շարունակում է մեղադրել պաշտոնական Դամասկոսին` Արևելյան Ղութայում գտնվող Դումա քաղաքի նկատմամբ անցած շաբաթ օրը քիմիական հարձակում իրականացնելու մեջ: Մոսկվան հերքել է սիրիական զինվորականների կողմից իբր գցված քլորով և այլ թունավոր նյութերով ռումբերի մասին տեղեկատվությունը:


ՌԴ պաշտպանության նախարարությունը զոհերի և տուժածների լուսանկարներն անվանել է կեղծ, շինծու, իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի զորքերի կողմից թունավոր նյութերի կիրառման վերաբերյալ տեղեկատվությունն ասպարեզ գցելու նպատակը ահաբեկիչներին կոծկելը, թաքցնելը և Սիրիայի նկատմամբ հնարավոր հարվածն արդարացնելն է:
Ավելի վաղ Սիրիայում գտնվող հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչները հայտնել են, որ այցելել են Դումա և հարցումներ կատարել տեղի միակ հիվանդանոցի բժիշկներին, որոնք հայտարարել են, թե իրենց մոտ քիմիական թունավորման նշաններով հիվանդներ չեն բերվել: Սիրիական «Կարմիր խաչի և մահիկի» բժիշկները նույնպես չեն հաստատել քիմիական թունավորման նշաններով հիվանդների ընդունելության վերաբերյալ հաղորդագրությունները: Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի սպաները քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հարցրել են նաև Սիրիայի իշխանությունների հետ համաձայնեցված կերպով Արևելյան Ղութան լքող զինյալներին, սակայն նրանք նույնպես ոչինչ չեն իմացել իրենց նկատմամբ քիմիական զենքի կիրառման մասին: Ավելին, Ռուսաստանի ՊՆ փորձագետները, որոնք հետազոտություններ են կատարել այն տարածքում, որտեղ իբր քիմիական զենք է կիրառվել, քիմիական զենքի կիրառման հետք չեն հայտնաբերել:


Հիշենք, որ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը դեռ այս տարվա մարտի 13-ին էր հայտնել Արևելյան Ղութայում զինյալների կողմից քիմիական զենքի բեմականացված կիրառմամբ նախապատրաստվող սադրանքի մասին: Ռուսական բարձրաստիճան զինվորականներն այն կարծիքն էին հայտնել, որ այդ սադրանքի իրականացումից հետո ԱՄՆ-ն այն օգտագործելու է որպես պատրվակ` Սիրիային հարվածելու համար: Դումայում՝ Արևմուտքի կողմից նշվող վայրում, անցած շաբաթ օրն ահաբեկիչնե՞րն են քլորի կիրառմամբ սադրանք իրականացրել, թե՞ այնտեղ ընդհանրապես որևէ քիմիական նյութ չի կիրառվել, և դրա հետ կապված պատմությունը ծայրից ծայր շինծու է: Կարծես թե վերջինը: «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ներկայացուցիչները տեսախցիկների առաջ հատուկ խաղարկել են սիրիական Դումա քաղաքի խաղաղ բնակիչների վրա քիմիական հարձակում: TACC-ի փոխանցմամբ, այս մասին ապրիլի 11-ին լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պոզնիխիրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նույն օրը հրապարակած տեղեկատվությունը, թե Դումայում թունավոր նյութերից տուժած 500 մարդ դիմել է տարբեր բուժհաստատություններ, Պոզնիխիրի խոսքով, իրականությանը չի համապատասխանում: Որ ԱՀԿ-ն Արևմուտքի կամ այս աշխարհն ամբողջությամբ կառավարել փորձող ուժի կողմից է ուղղորդվում, հայաստանյան հասարակության գոնե մի մասի համար նորություն չէ արդեն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Սիրիայում կատարված քիմիական հարձակմանը պատասխանելու բազմաթիվ ռազմական տարբերակներ ունի: Այս մասին տեղեկացրել է «РИА Новости»-ն:


Պատասխանելով հարցին, թե ով է կրում քիմիական հարձակման պատասխանատվությունը, Թրամփն ասել է, որ այդ հարցը պարզաբանվում է:
«Մենք ստացել ենք շատ լավ հստակություն (այդ հարցի շուրջ- Ա. Հ.): Մեզ մոտ կան շատ լավ պատասխաններ (այդ հաշվով- Ա. Հ.)»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:
«Մենք ունենք ռազմական շատ տարբերակներ: Եվ մենք ձեզ այդ մասին իմաց կտանք շատ շուտով: Հնարավոր է` արդեն հետգրությամբ»,- նշել է Թրամփը, նկատի ունենալով, որ ռազմական այն տարբերակը, որը կընտրեն, շատ արագ կկիրառեն, և հնարավոր է, լրագրողներն արդեն կիրառումից հետո միայն իմանան, թե որ տարբերակն ընտրվեց:
Ակնհայտ շտապողականություն դրսևորելով՝ ԱՄՆ-ի նախագահն ապրիլի 9-ին հայտնել է, որ Սիրիայում քիմիական հարձակման կապակցությամբ Միացյալ Նահանգների գործողությունների վերաբերյալ որոշում կընդունի առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Սպիտակ տան առաջնորդը խոստացել է պատժել մեղավորներին՝ չբացառելով կատարվածի համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանատվությունը: Սա արդեն ոչ միայն ԱՄՆ-ի նախագահի լկտիության գլուխգործոցն է, այլև Ռուսաստանին և անձամբ նրա նախագահին ուղղված մարտահրավեր:


Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը տիրապետում է «աշխարհում ամենամեծ զինված ուժերին», և որ Սիրիային ԱՄՆ-ի պատասխանը կտրվի վճռական: Սրանից արդեն ենթադրելի է, որ Սիրիային ԱՄՆ-ի կողմից նախապատրաստվող հարվածն իր ուժգնությամբ անհամեմատ գերազանցելու է անցյալ տարվա ապրիլին ամերիկյան երկու ռազմանավից «Տոմահավկ» թևավոր հրթիռներով Սիրիայի «Խան Շեյխուն» ավիաբազային հասցված հարվածը: Թիրախներն էլ բազմաթիվ են լինելու, եթե այդ հարձակումն իրականացվի, ոչ թե ընդամենը մեկ օդանավակայան կամ այլ օբյեկտ, ինչպես 2017թ. հարձակման ժամանակ:
«Wall Street Journal»-ի հաղորդման համաձայն, Միացյալ Նահանգները ձեռնամուխ է եղել Սիրիային հարվածելու համար հող նախապատրաստելուն: ԱՄՆ-ի ռազմական ղեկավարության հետ հանդիպումից հետո Թրամփը լրագրողներին հայտնել է, որ այդ կապակցությամբ պատրաստ է ընդունելու արագ որոշում: Նա ասել է նաև. «Դա չի մնա անպատասխան, և պատասխանը կլինի հզոր: Երբ` չեմ ասի»:


«Wall Street Journal» թերթը գրել է նաև. «Պենտագոնը պարոն Թրամփի համար արդեն պատրաստել է ռազմական միջոցառումների շարք», քանի որ նախագահը ավելի վաղ ասել էր, որ «քիմիական հարձակման համար «բոլորը կվճարեն», ներառյալ` Ռուսաստանը և Իրանը, «եթե նրանք օգնել են Դամասկոսին քիմիական զենք օգտագործելու հարցում»:
«ԱՄՆ-ը արդեն ունի մեկ հրթիռային ականակիր («USS Donald Cook») Միջերկրական ծովի արևելքում», որտեղից այն կարող է մասնակցել Սիրիայի դեմ ցանկացած հարվածի… Երկրորդը` «USS Porter»-ը, կարող է հասնել այնտեղ մի քանի օրից»,- գրել է «Wall Street Journal»-ը:
Փորձագետների գնահատմամբ, «USS Porter»-ը, որը գնում է միանալու «USS Donald Cook»-ին, ապրիլի 16-ից շուտ այնտեղ չի հասնի:


Ավելի վաղ «Washington Examiner»-ը, հղում կատարելով Պենտագոնում իր աղբյուրներին, հաղորդել էր, որ «USS Donald Cook» ականակիրը երկուշաբթի թողել է Կիպրոսում գտնվող նավահանգիստը և ուղևորվել Սիրիայի կողմը: Նշվում է, որ նավը հագեցած է 60 «Տոմահավկ» թևավոր հրթիռներով: Հավելենք, որ «USS Donald Cook»-ը զինված է նաև «Իջիս» հակահրթիռային համակարգով: Լառնակայի նավահանգստից նշված ականակիրը արդեն մոտեցել է սիրիական Տարտուսին, որտեղ գտնվում է Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման բազան, նրանից ընդամենը 100 կմ է հեռու:
ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Վլադիմիր Շամանովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին չի ծանուցել Տարտուսում ռուսական ռազմածովային բազային ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավային խմբավորման մոտենալու մասին:


«Տարտուսի շրջանում 150 մղոն հեռավորությամբ հայտնվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավային խմբավորում,- ապրիլի 10-ին Պետդումայի նիստում ասել է Շամանովը:- Ընդունված միջազգային պրակտիկայում այդ շրջանում իրադարձությունների հնարավոր մասնակիցներին ծանուցվում է: Մենք ծանուցված չենք, չնայած օրինական հիմքերով վավերացրել ենք Տարտուսում և Խմեյմիմում մեր երկու բազաների մասին պայմանագիրը»:
Շամանովը հավելել է նաև, որ այս ամենը համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային նորմերի շրջանակից դուրս է:


ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ԱՄՆ-ին արդեն նախազգուշացրել է սիրիական զորքերի դիրքերին հարվածելու «հնարավոր բացասական հետևանքների մասին»:
«Ինչպես քանիցս հայտարարել է մեր պաշտպանության նախարարությունը, սիրիական կառավարության հրավերով այնտեղ օրինական հիմունքներով գտնվում են ռուսական զինվորականներ,- ապրիլի 10-ին ՄԱԿ-ի նիստում հայտարարել է Վասիլի Նեբենզյան:- Մենք ամերիկյան կողմին բազմիցս զգուշացրել ենք իրենց կողմից սիրիական օրինական կառավարության դեմ զենքի կիրառման հնարավոր բացասական հետևանքների մասին, հատկապես, եթե այդ զենքի կիրառումը, Աստված մի արասցե, անդրադառնա մեր զինվորականների վրա, որոնք օրինականորեն գտնվում են Սիրիայում»:


ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը հավելել է, որ Դումայում ենթադրյալ քիմիական հարձակման առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի առաջարկած բանաձևի նախագիծը պարունակում է մի շարք անընդունելի դրույթներ, և Վաշինգտոնը սպառնում է հատել «վտանգավոր բարակ գիծը»: Ռուսաստանը վետո է դրել ԱՄՆ-ի նախաձեռնած նախագծի վրա, իսկ Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը քվեարկությամբ չի ընդունվել:
«Fin-vector.ru»-ն այսօր հայտնել է, որ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը լիակատար մարտական պատրաստվածության է բերել Սիրիայում գտնվող C-400 հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Ռուսական ԶԼՄ-ների հավաստմամբ, Մոսկվան պատրաստ է պատասխանելու Վաշինգտոնին, եթե վերջինս հարվածի Սիրիային:
«Ռուսաստանը կկատարի իր նախագահի հայտարարածը` կապված Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայի հետ, կխփի ամերիկյան հրթիռներին և հարված կհասցնի կրակի աղբյուրներին»,- լիբանանյան «Ալ- Մանար» հեռուստաընկերությանն ասել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի 11-ին լրագրողներին ասել է. «Նախկինի նման ցանկանում եմ հուսալ, որ բոլոր կողմերը կխուսափեն ինչ-որ քայլերից, որոնք իրականում ոչ ոք չի հրահրել, որոնք կարող են էապես ապակայունացնել տարածաշրջանում առանց դրա էլ փխրուն իրավիճակը»:


Ռուսաստանի ռազմածովային ուժերն ապրիլի 11-ից զինավարժություններ են սկսել Սիրիայի ափերի մոտ, այդ կապակցությամբ հարկ է եղել միջազգային ծանուցումներ ուղարկել ավիացիոն անձնակազմին (NOTAM) և նավիգացիոն նախազգուշացում` ծովագնացներին: Հաղորդման մեջ նշված են ինքնաթիռների և նավերի համար փակ շրջանի կոորդինատները, ինչպես նաև այն մասին, որ այնտեղ անցկացվելու են վարժական կրակոցներ: Զինավարժությունների շրջանը գտնվում է Միջերկրական ծովի միջազգային ջրերում, հարակից Սիրիայի ծովային սահմանին: Այն փակ է լինելու ապրիլի 11-12-ին, 17-19-ը և 25-26-ին, Մոսկվայի ժամանակով 10-18-ին: Այս պահին Միջերկրական ծովում ՌԴ ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ միավորման կազմում գործում են շուրջ 15 ռազմանավ և Սևծովյան նավատորմի ապահովման նավերը, այդ թվում` «Կալիբր» թևավոր հրթիռներով զինված «Ծովակալ Գրիգորովիչ» և «Ծովակալ Էսսեն» ֆրեգատները, ինչպես նաև սուզանավեր, որոնք թևավոր հրթիռներով բազմիցս հարվածել են Սիրիայի տարածքում գտնվող թշնամական օբյեկտներին:


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 11-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խելացի հրթիռները պետք է թռչեն ահաբեկիչների կողմը, և ոչ թե օրինական կառավարության, որն իր տարածքում մի քանի տարի պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ»:
Կարծում ենք, ակնհայտ է, որ ԱՄՆ-ի նախագահը իրեն դրսևորել է ոչ թե սոսկ տաքգլուխ ու տաքացած տղեկի, այլ նույնիսկ հոգեպես անհավասարակշիռ մարդու նման, որը, լինելով միջուկային գերտերության ղեկավար, շատ մեծ վտանգ է ներկայացնում ընդհանրապես աշխարհի համար: Բացի այդ, Թրամփի թվիթերյան գրառումը տեղեկատվական մանիպուլյացիա է, Ռուսաստանը երբևէ չի հայտարարել կամ խոստացել, որ կխոցի ամերիկյան ցանկացած տեսակի և բոլոր հրթիռները, քանի որ ներկայումս պատերազմում որևէ պետություն չի կարող իր դեմ արձակված բոլոր հրթիռները 100 տոկոսով ոչնչացնելու երաշխիք ունենալ, այդ թվում նաև ԱՄՆ-ը չունի այդ երաշխիքը ռուսական բոլոր հրթիռները խոցել կարողանալու առումով: Ավելին, ԱՄՆ-ն այդ երաշխիքը չուներ ու չունի ոչ միայն հզոր Ռուսաստանի, այլև ռազմական տեխնիկայի առումով նրան էապես զիջող Հյուսիսային Կորեայի հրթիռները չեզոքացնելու հարցում, այլապես վաղուց հարձակված կլիներ ԿԺԴՀ-ի վրա: Այնուհանդերձ, գիտակցու՞մ է արդյոք Դոնալդ Թրամփը, որ սկսում է խաղալ դժոխքի կրակի հետ:


Նկատի ունենալով Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուղղակի ռազմական բախման ռիսկը, ՌԴ արտգործնախարարությունից «РИА Новости»-ին ասել են, որ այդ ռիսկը, բնականաբար, կա, այն ավելի մեծ է, քան մինչև ապրիլի 7-ն էր:
Սիրիայի զինված ընդդիմությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի հարվածից հետո նետվելու է գրոհի` կորցրած շրջանները վերադարձնելու և նորերը գրավելու համար: Ահա նաև սա՛ է Դումայում քիմիական զենքի կիրառման հերյուրանքի կամ սադրանքի նպատակներից մեկը: Ամեն ինչ շատ պարզ է. ԱՄՆ-ը Բաշար Ասադին ու նրա վարչակազմը տապալելու նպատակ ունի, այդ կապակցությամբ նույնիսկ ճանապարհային քարտեզ ուներ և առնվազն 2 տարի առաջ ունեցած այդ քարտեզի համաձայն, Ասադին պետք է արդեն իշխանությունից հեռացրած լիներ, ինչը, սակայն, չհաջողվեց Սիրիայի դաշնակիցների` Ռուսաստանի, Իրանի և Լիբանանի «Հըզբոլահի» կողմից Սիրիայի բանակին և իշխանություններին աջակցելու պատճառով: Այսինքն, Ասադին տապալելու հարցում ԱՄՆ-ն իր պլաններից նույնիսկ բավական հետ է ընկել և այժմ փորձում է ցանկացած գնով հասնել դրան: Եթե հաջողվի Սիրիան խժռել, հերթը Լիբանանինն ու Իրանինն է, Թուրքիան էլ գուցե մեկ այլ հնարքով մասնատեն, ծնկաչոք վիճակի բերեն, որպեսզի Աստծո տեղ իրեն այս աշխարհի ճարտարապետ համարող հրեա-մասոնական հանցախումբը կարողանա, առանց մահմեդականների լուրջ դիմադրությանը հանդիպելու, Երուսաղեմում քանդել ամբողջ աշխարհի մահմեդականների գլխավոր սրբավայրերից մեկը` Օմարի մզկիթը: Նպատակը դեռ ասպարեզ չեկած Համաշխարհային կառավարության կառավարչի` Նեռի համար, ինչպես նախատեսված է, հենց Օմարի մզկիթի տեղում Սողոմոնի տաճարի կառուցումն է:


Ֆրանսիական «Le Figaro»-ն տեղեկացրել է, որ Սիրիայի կառավարական զորքերը, ԱՄՆ-ի հարվածին նախապատրաստվելու շրջանակում, սիրիական ավիացիայի մի մասը տեղափոխել են Խմեյմիմի ռուսական ավիաբազա, բացի այդ, տարհանվել են նաև սիրիական բանակի գլխավոր շտաբը և Դույմար քաղաքում գտնվող ռազմաբազան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ, աշխարհում առկա իրավիճակը չի կարող անհանգստություն չհարուցել:
«Աշխարհում իրավիճակը գնալով դառնում է ավելի քաոսային»,- ասել է նա և հույս հայտնել, որ, ի վերջո, կհաղթի առողջ բանականությունը:
Վերջին տեղեկություններից մեկի համաձայն, ապրիլի 11-ին ԱՄՆ-ում օդ է բարձրացվել «Դատաստանի օրվա» ինքնաթիռը, այն գտնվել է Ինդիանա նահանգի երկնքում: Այն նախատեսված է միջուկային բախման դեպքում ԱՄՆ-ի նախագահի համար օդային հրամանատարական կետ ծառայելու համար, եթե վերգետնյա կառավարման կառույցները կործանվեն կամ վնասվեն: E-4B ինքնաթիռի վրա եղած սարքավորումները պաշտպանված են միջուկային պայթյունի խոցող գործոններից և, վառելիքով օդային լցավորման դեպքում, կարող են երկնքում մնալ մեկ շաբաթ: Լավ, բա հետո՞…


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ