Նպատակը Ռուսաստանի և Իրանի հարցերը լուծելն է, Չինաստանին դաս տալը

Նպատակը Ռուսաստանի և Իրանի հարցերը  լուծելն է, Չինաստանին դաս տալը
17.04.2018 | 01:46

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Սիրիային հրթիռառմբային հարված հասցրին Դումայում, քիմիական սպառազինության արգելման կազմակերպության առաքելության մեկնարկից ընդամենը ժամեր առաջ, որը պետք է տեղում պարզեր, թե Սիրիայի բանակը Դումայի բնակիչների նկատմամբ իրականում քիմիական զենք օգտագործե՞լ է, թե՞ ոչ:


Բնականաբար, հարց է առաջանում` եթե ԱՄՆ-ը և իր հանցակիցները վստահ էին, որ Սիրիայի կառավարական զորքերի կողմից իսկապես քիմիական հարձակում է կատարվել Դումայի վրա, ապա ինչու՞ չսպասեցին մի կարճ ժամանակ, որպեսզի քիմիական սպառազինության արգելման կազմակերպության քննիչներն ապրիլի 14-ից սկսելով իրենց աշխատանքն այնտեղ, համապատասխան ուսումնասիրություններով ու քննությամբ պարզեին իրականությունը: Թեկուզ միայն այս փաստը չի՞ վկայում, որ Սիրիայի իշխանությունների կողմից Դումայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումները, ԱՄՆ-ի ու նրա դաշնակից պետությունների ղեկավարների մեղադրանքները ոչ այլ ինչ են, եթե ոչ հերյուրանք, որի նպատակը Սիրիայի վրա հարձակման համար պատրվակ ստեղծելն էր:
Հիշենք` Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի ապրիլի 13-ի հայտարարության համաձայն, Դումայում ապրիլի 7-ին ոչ թե քիմիական զենք է կիրառվել, այլ իրականացվել է քիմիական զենքի կիրառման երևութականություն ստեղծող բեմականացված սադրանք, որի կազմակերպմանն անմիջականորեն մասնակցել է ՄԵծ Բրիտանիան:


Ավելին, Սիրիայի կառավարական զորքերի ջոկատները Դամասկոսի հարևանությամբ գտնվող Արևելյան Ղութայում ապրիլի 13-ին հայտնաբերել են ահաբեկիչների թունավոր նյութերի արտադրության լաբորատորիան: Այդ մասին հայտնել է Սիրիայի SANA նորությունների ազգային գործակալությունը: Նշվում է, որ բացի քիմլաբորատորիայից, հայտնաբերվել է նաև արհեստանոց, որտեղ լիցքավորվել են տարբեր` 60-ից մինչև 180 մմ տրամաչափի քիմիական զինամթերքներ:


ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը Սիրիայում իրավիճակի վերաբերյալ ապրիլի 14-ի ճեպազրույցում հայտնել է` ՌԴ ՊՆ ունեցած տեղեկությունների համաձայն, արձակվել է, ընդհանուր առմամբ, «Տոմահավկ» մակնիշի 103 թևավոր հրթիռ, այդ թվում` ծովային բազայավորման: Թ-1Թ ռազմավարական ռմբակոծչից նետվել են GBU-38 կառավարվող ավիառումբեր, F-15, F-16 ինքնաթիռներից կիրառվել են «օդ-երկիր դասի» հրթիռներ:


ԱՄՆ ռազմաօդային ուժերի վերոնշյալ ինքնաթիռներից բացի, գործի են դրվել նաև Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի «Տորնադո» կործանիչները, որոնք Միջերկրական ծովի տարածքից 8 հատ «Scalp E» մակնիշի թևավոր հրթիռ են արձակել, ինչպես նաև ամերիկյան ռազմածովային ուժերի «Լաբուն» և «Մոնտերեյ» ռազմանավերը Կարմիր ծովի ջրատարածքից: Թ-1Թ ռազմավարական ռմբակոծիչը հարվածի թիրախին մոտեցել է սիրիական էթ-Թանֆ շրջանի տարածքից, որն ԱՄՆ-ն անօրինականորեն պահում է իր հսկողության տակ:
Հրթիռառմբային հարվածն ուղղված է եղել սիրիական մի շարք ռազմական օդանավակայանների, արդյունաբերական և գիտահետազոտական օբյեկտների: Ինչպես ՌԴ զինծառայողների, այնպես էլ Սիրիայի խաղաղ բնակչության և սիրիական բանակի զինծառայողների շրջանում զոհեր չկան:


Խմեյմիմի (ռազմաօդային) և Տարտուսի (ռազմածովային) ՌԴ ռազմաբազաներում գտնվող հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերն իրենց ժամանակին հայտնաբերել և վերահսկել են հրթիռների բոլոր արձակումները դրանց ինչպես ծովային, այնպես էլ օդային ամերիկյան ու բրիտանական կրիչներից: Ռուսական ուժերն արձակված հրթիռները խփելու գործում չեն ներգրավվել, սակայն, ինչպես արդեն նշեցինք, հետևել են դրանց բոլոր արձակումներին:
Հակաօդային պաշտպանության սիրիական միջոցները, որոնց հիմքը կազմում են հակաօդային պաշտպանության խորհրդային արտադրության համալիրները, հաջողությամբ դիմագրավել են խոցման ավիացիոն և ծովային միջոցների հարվածները: Արձակված թևավոր հրթիռներից 71-ը ոչնչացվել է: Հրթիռային հարվածը հետ մղելուն մասնակցել են Սիրիային պատկանող խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության С-125, С-200, «Бук», «Квадрат» և «Оса» միջոցները:


Սիրիայում հակաօդային պաշտպանության ռուսական ուժերը փոխադրված են աշխատանքի մարտական ռեժիմի, իսկ կործանիչ ավիացիան հերթապահություն է իրականացնում օդում: Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցների հսկողության տարածք որևէ թևավոր հրթիռ չի մտել, ռուսական հակաօդային համալիրները չեն կիրառվել:
Հարկ է հիշել` Սիրիայի վրա ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հնարավոր հաջորդ հարձակման ժամանակ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կարող են գործի դնել նաև ՀՕՊ վերոնշյալ միջոցներից անհամեմատ հզոր և արդյունավետ հ-300-ները: Ռուսաստանի ԶՈՒ-ն Սիրիայում գտնվող իր հ-300-ները կարող է շատ արագ փոխանցել Սիրիայի ՀՕՊ-ին, եթե, իհարկե, արդեն չի փոխանցել, իսկ Սիրիայում գտնվող իր ռազմաբազաներն ապահովել լրացուցիչ հ-300-ներով կամ հ-400-ներով: հ-300-ները կարող են խոցել նաև «Ստելս» տեխնոլոգիայով պատրաստված, ռադարների կողմից թույլ նշմարվող կամ դժվար հայտնաբերվող ամերիկյան կործանիչներն ու ռմբակոծիչները, որոնք այս անգամ չեն օգտագործվել: Ավելին. Ռուսաստանն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, հ-300-ների լրացուցիչ խմբաքանակ կվաճառի Իրանին, որը մինչ այժմ չի արվել Արևմուտքի համառ խնդրանքը հաշվի առնելով ու չցանկանալով նրա հետ հարաբերությունները սրել:
Ի դեպ, ըստ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյի, տվյալ հարվածը պատասխանը չէ Սիրիային վերագրվող քիմիական հարձակման, այլ արձագանքն է սեփական տարածքը միջազգային ահաբեկչությունից ազատագրելու պայքարում սիրիական զինված ուժերի հաջողությունների:


«Դրա համար հարվածը հասցվեց հենց այն օրը, երբ Դամասկոսում պետք է աշխատանքի անցներ քիմիական զենքի արգելման կազմակերպության հատուկ առաքելությունը` հետաքննելու միջադեպը Դումա քաղաքում, որտեղ իբր կիրառվել է քիմիական զենք,- շարունակելով իր խոսքը, ասել է նա:- Հատուկ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ Սիրիայում քիմիական զենքի արտադրության որևէ օբյեկտ չկա, ինչն արձանագրվել է քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից:
Ամերիկյան ագրեսիայի այս փաստը վկայում է անցկացվող հետաքննության օբյեկտիվությամբ ԱՄՆ-ի անհետաքրքրվածությունը, Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացը խափանելու ձգտումը և Մերձավորարևելյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումն ընդհանուր ոչինչ չունեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հայտարարված նպատակի հետ»:


ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Դամասկոսի տարածքում, նրա արվարձաններում և Սիրիայի այլ վայրերում հարվածների թիրախ են հանդիսացել ինն օբյեկտներ, այդ թվում նաև` Քասյուն լեռան շրջանում ՀՕՊ ուժերի բազան, ինչպես նաև այն շրջանները, որտեղ գտնվել են հատուկ նշանակության զորքերի 41-րդ բրիգադը (Դամասկոսի արվարձան) և Հանրապետական գվարդիայի 105-րդ բրիգադը (Դամասկոս), Կալամունեում (Դամասկոսի հյուսիսային արվարձան) մի զինվորական ստորաբաժանում, Քիսվեում (Դամասկոսի արվարձան) գտնվող ռազմական օբյեկտը, Ջամրայաում (Դամասկոսի արվարձան) գիտական կենտրոնի շտաբ-բնակարանը և Հոմսում երկու ռազմական պահեստ: Միաժամանակ, Սիրիայի SANA գործակալությունը հանդես է եկել հարվածի ենթարկված թիրախների վերաբերյալ տեղեկատվության հերքմամբ, նշելով, որ թշնամական ԶԼՄ-ները չափազանցում են ագրեսիայի մասշտաբները:


ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ հարվածի համար թիրախ են ընտրվել Դամասկոսի հարևանությամբ գիտահետազոտական կենտրոնը, քիմիական զենքի պահեստը, ևս մեկ առանձին պահեստ և Հոմսի հարևանությամբ հրամանատարական կետը: Ինչպես ակնհայտ է, նա վերոնշյալ օդանավակայանների մասին որևէ խոսք չի ասել, և ինչպե՞ս ասեր, երբ այնտեղ արձակված, Թրամփի բնորոշմամբ, «լավ, նոր և խելացի» հրթիռները նույնիսկ Սիրիայի ունեցած ՀՕՊ միջոցներով գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են: Սիրիայի վարչապետը Ռուսաստանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ամբողջ երկիրը տոնում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հասցրած հրթիռային հարվածի հետմղումը: Բազմամարդ հանրահավաքում նրանք իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի իշխանություններին:
Բնականաբար, կարող է հարց առաջանալ, թե Սիրիայի ունեցած ՀՕՊ միջոցները ինչո՞ւ չեն խոցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի որևէ ինքնաթիռ, երբ կարողացել են 71 թևավոր հրթիռ խոցել, որոնք հայտնաբերելն ու ոչնչացնելը, Թ-1Թ, F-15, F-16 և «Տորնադո» ինքնաթիռների համեմատ, դժվար է: Այս առումով կարող է երկու բացատրություն լինել:
Առաջին. Սիրիայի ՀՕՊ-ին թշնամու ինքնաթիռները ոչնչացնելու հրաման չի տրվել, որպեսզի ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավելի լուրջ կորուստներ, քան յուրաքանչյուրը 1,5-2 մլն դոլար արժողությամբ «Տոմահավկ» թևավոր հրթիռների կորուստն է, չունենան: Ինքնաթիռներն ավելի թանկ են, չհաշված, որ դրանց ոչնչացման դեպքում կարող են զոհվել նաև օդաչուները, ինչը վստահաբար կբորբոքեր ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային ու պատճառ կհանդիսանար, որ նրանք Սիրիային հասցվող հարվածներից ավելի հուժկու հարվածներ հասցնեն: Այսինքն` պատճառը ողջամտորեն զգուշանալն է եղել:


ԵրОсаրդ. ինքնաթիռները հրթիռներն արձակել են Սիրիայի ՀՕՊ-ի միջոցների հասանելիության գոտի չմտնելով կամ այնպիսի բարձրությունից, որն այդ միջոցների համար հասանելի չի եղել: С-125-ի արտահանվող տարբերակի հեռահարությունն ընդամենը 12 կմ է, այն կարող է խփել առավելագույնը 10 կմ բարձրության վրա գտնվող թիրախները: Այդ առումով բավականաչափ մեծ չեն նաև «Бук»-ի, «Квадрат»-ի և «Оса»-ի հնարավորությունները: Միակ բացառությունը 1960-ական թվականներին ԽՍՀՄ սպառազինության կազմում ընդունված հեռահար С-200-ն է, որից, սակայն, հնարավոր է, որ Սիրիան համապատասխան վայրերում, ուղղությունների վրա չի ունեցել կամ դրանք պարզապես վրիպել են:


Հարվածները հասցվել են նաև Բարզեում գտնվող Սիրիայի գիտահետազոտական կենտրոններին: ԱՄՆ-ը դրանք համարում է քիմիական զենքի մշակման, փորձարկման և արտադրության կենտրոններ` անտեսելով, որ Սիրիան քիմիական զենք մշակելու կարիք ընդհանրապես չունի, քանի որ բավական վաղուցվանից, ինչպես ԱՄՆ-ը, միանգամայն օրինականորեն ուներ քիմիական զենքի խոշոր պաշարներ, ենթադրելի է, նաև այդ զենքի պատրաստման տեխնոլոգիան: Սակայն Սիրիայի հենց նույն իշխանություններն է, որ համաձայնեցին այդ պաշարների ոչնչացմանը և Սիրիան, արևմտյան մասնագետների, փորձագետների հետ, նրանց հսկողությամբ տարիներ առաջ ամբողջությամբ ոչնչացրեց դրանք: Է՞, եթե նպատակ ուներ քիմիական զենք մշակելու, փորձարկելու, ստեղծելու, ունենալու, ունեցածն ինչու՞ ոչնչացրեց, չէր ոչնչացնի, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ը չի ոչնչացրել: Թրամփը, ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությունը, զրպարտելով Սիրիայի իշխանություններին, մարդկությանը տրամաբանությունից զուրկ ապուշի տեղ են դրել:
ՆԱՏՕ-ն պաշտպանել է կոալիցիայի հարձակումը, մինչդեռ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին դատապարտել է Սիրիայի վրա կատարված հարձակումը և ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարներին հանցագործներ անվանել:


Մինչ հարձակումը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի հետ հանդիպման ժամանակ առաջարկել և պնդել է Սիրիային ավելի մասշտաբային հարված հասցնել, որի դեպքում Ռուսաստանը և Իրանն էլ ստիպված կլինեն «վճարել»: Թրամփի վարչակազմին հղում կատարելով, այս մասին հայտնել է «Wall Street Journal» թերթը:
«The Wall Street Journal»-ի տեղեկացմամբ, Սիրիայի վրա հարձակումից առաջ ԱՄՆ նախագահը դիտարկել է Սիրիայի տարածքին հարվածելու երեք տարբերակ, որոնցից մեկով նախատեսվում էր նաև ռուսական և իրանական օբյեկտների խոցում: Գործողության այդ արմատական տարբերակով առաջարկվում էր հարձակում ռուսական ՀՕՊ-ի վրա, որով պետք է խաթարվեր սիրիական վարչակարգի ռազմական ներուժը: Վերոնշյալ պարբերականի տվյալներով, Թրամփն ինքը խորհրդականներին առաջարկել է դիտարկել իրանական և ռուսական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը, եթե դա անհրաժեշտ է սիրիական ռազմական տեխնիկան ոչնչացնելու համար: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հանդես է եկել այդպիսի սցենարի դեմ և զգուշացրել պատասխան գործողությունների վտանգի մասին:


ԱՄՆ-ի նախագահը դրանից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Սիրիայի դեմ օգտագործելու իր ազգային հզորության բոլոր գործիքները` ռազմական, տնտեսական և դիվանագիտական, քանի դեռ Դամասկոսը չի դադարեցրել քիմիական զենքի կիրառումը:
ԱՄՆ-ն արդեն հայտարարել է, որ իր զորքերը Սիրիայից չի հանի, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակներին: «ՌԻԱ Նովաստի»-ի տեղեկացմամբ, այս մասին «Fox News Sunday»-ին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:
«Մենք չենք գնա, քանի դեռ վստահ չենք, որ կատարել ենք բոլոր առաջադրանքները»,- պարզաբանել է դիվանագետը:
Իսկ Սիրիայում ԱՄՆ-ի իրական նպատակները գաղտնիք չեն` Ասադին և, ընդհանրապես, Սիրիայի իշխանությունները տապալել, Սիրիան մասնատել, տիրել նրա հարուստ նավթային պաշարներին, այդ երկրի տարածքը վերածել Իրանին հարվածելու հենակետի։
Դատելով ամենից, Միացյալ Նահանգները Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտներին իր հարվածները դժվար թե սահմանափակի միայն 13-ի լույս 14-ի գիշերը հասցված հարվածներով: ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Սիրիային հասցված հրթիռային հարվածը նման է մարզման նախքան այն, երբ կսկսվի իսկական հրաձգությունը:


Չնայած նրան, որ ԱՄՆ-ն այս անգամ Սիրիայում ռուսական և իրանական օբյեկտների դեմ հրթիռներ չուղղեց, դրանց հարվածելու սցենարը, կարծում եմ, դեռ մնում է Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական ղեկավարության օրակարգում: Ամենից շատ հենց տողերիս հեղինակն է ցանկանում այս հարցում սխալված լինել: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վերոնշյալ հարձակմամբ, ամենայն հավանականությամբ, իրականացրել են մարտ հետախուզությամբ, հիմնական հարձակումից առաջ ու դրան նախապատրաստվելու համար պարզել կամ փորձել են պարզել Սիրիայի ՀՕՊ-ի կարողությունները, թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև իրենց հարձակման առնչությամբ Ռուսաստանի արձագանքը: Որ ուրբաթ 13-ին ԱՄՆ-ի կատարած հարձակումը դեռ հիմնական հարձակումը չէ, հուշում է նաև այն փաստը, որ Սիրիայում դրանից հետո ահաբեկիչները և զինյալ ընդդիմությունը դեռ հակագրոհի չեն անցել, մինչդեռ զինյալ ընդդիմությունն օրերս, հարձակումից առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարձակումից հետո լայնածավալ հակագրոհի է անցնելու` կորցրած տարածքները հետ վերցնելու և նորերը գրավելու համար: Սրանից կարելի է ենթադրել, որ նրանք նախապես տեղեկացված են, որ կատարվածը դեռ հիմնական հարձակումը չէ ու սպասում են դրան: Այդ հարձակման համար բավական կլինի ընդամենը քիմիական զենքի կիրառման երևութականություն ստեղծող մի նոր սադրանքի կազմակերպում կամ հենց կիրառում ահաբեկիչների կողմից, ինչն առաջիկայում բացառված չէ:


Կարծում եմ նաև, Սիրիայում սկիզբ դրված, աշխարհն իրար խառնող իրադարձությունների նպատակը ոչ միայն Ասադի և Սիրիայի, այլև Ռուսաստանի և Իրանի հարցերը լուծելն է, Չինաստանին և մնացած մի քանի այլ պետության դաս տալը և առանց տաք պատերազմի, կապիտուլյացիայի ենթարկելը, Արևմուտքի հլու կամակատար գաղութի, ճորտի կամ ստրուկի վերածելը, ներկայիս աշխարհակարգն արմատապես փոխելը: Սրան են միտված ներկայումս ծավալվող ու հեռահար նպատակներ ունեցող իրադարձությունները: Բոլորովին այլ խնդիր է, թե Արևմուտքը մինչև վերջ կունենա՞ համարձակություն` Սիրիայում ռուսական ռազմաբազաներին հարվածելու կամ նույնիսկ ՌԴ քաղաքացիների արյունը թափելու, և կկարողանա՞ հասնել իր նպատակին` խուսափելով միջուկային համաղետից:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, հնարավոր է, նաև Ֆրանսիան, ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Սիրիայի վրա հարձակվելով, Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները դրեցին մի դագաղի մեջ ու շատ խոր թաղեցին կամ, կարելի է նույնիսկ ասել, գցեցին Մարիանյան իջվածքի մեջ: Հենց արևմտյան այս պետությունները Ռուսաստանի դեմ լեգալացված թշնամության մի այնպիսի փուլի անցան, որի դեպքում այլևս հաշտություն ու հետդարձ դժվար թե լինի, հակառակը` տեսանելի է թշնամության հարաճուն աճ, որը ողջ մարդկության համար կարող է կործանարար հետևանք ունենալ…


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ