Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ պետք է իմանալ բանակցությունների գնալուց առաջ

Ինչ պետք է իմանալ բանակցությունների գնալուց առաջ
29.01.2019 | 03:59

Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ 1,5 ժամ տևած բանակցություններից հետո հայտարարեց, թե խոսել են բանակցային գործընթացի պատմությունից, ինչը փորձագիտական շրջանակներում տարակուսանք հարուցեց։ Իսկ որքան պատմական, իրավական փաստաթղթեր կան հայկական կողմում, որոնց պետք է ծանոթ լիներ վարչապետի պաշտոնը ստանձնած անձը։ Արդյոք հետաքրքրվե՞լ է բանակցային գործընթացի նրբություններով, բացի առաջին նախագահից էլ ու՞մ հետ է հանդիպել, խոսել։


1996-ին ստեղծված «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» նախաձեռնության կազմկոմիտեն նամակով դիմել է Փաշինյանին` հասարակական քննարկումներ անցկացնելու և ղարաբաղյան հակամարտության միասնական հայեցակարգային մոտեցում մշակելու առաջարկով։ Մինչ այդ նախաձեռնության ղեկավար, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը փոքր պատմական ակնարկ ներկայացրեց։ Այս շարժման գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ պարզ է դարձել, որ առաջին նախագահը փորձել է բանակցային գործընթացը տանել ոչ հայանպաստ ուղղությամբ։ Սարգսյանը պատմեց, որ այդ օրերին Տեր-Պետրոսյանին ևս առաջարկվել է համահայկական համաժողով հրավիրել և ընդհանուր մոտեցում ձևավորել հակամարտության վերաբերյալ։ Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը Ժիրայր Լիպարիտյանի միջոցով զանգահարել է Արամ Սարգսյանին և ասել, որ դրա նպատակահարմարությունը չեն տեսնում։ Փաստելով, որ հակամարտությունը բացառապես իրավական ճանապարհով պետք է լուծել, «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի ղեկավարը պատմեց, որ ՀՀՇ իշխանության այդ պատասխանին հետևեցին հանրահավաքները, ցույցերը, Լիսաբոն ուղարկվեց նաև խնդրագիր, ինչը նաև պատճառ դարձավ, որ Տեր-Պետրոսյանը գագաթնաժողովում վետոյի իրավունքը կիրառի։ Այդ թվականներին տեղի ունեցավ «Կինոյի տան» մտավորականության հավաք, սուր քննադատության ենթարկվեց առաջին նախագահի քաղաքականությունը Արցախի առնչությամբ։ Դրան հետևեց Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը։ Շատ չանցած տեղի ունեցավ պարտադրված հրաժարականը։ «Ովքեր այդ հրաժարականը պատրաստեցին` Ռոբերտ Քոչարյանը և Վազգեն Սարգսյանը, շատ լավ հասկանում էին, որ ոչ մեկը նրան չի պաշտպանելու»,- շարունակեց Արամ Սարգսյանը, տեղեկացնելով, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ևս «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» շարժումը կարևորել է միասնական հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը։ Մի ուշագրավ դրվագ ևս. 2001-2007 թվականներին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումներ են տեղի ունեցել։ Տարվա մեջ երկու անգամ այդ երկրների ազդեցիկ հասարակական-քաղաքական գործիչները քննարկել են խնդիրը, ընդունվել է համատեղ, միասնական փաստաթուղթ, որին դժվարությամբ համաձայնել են ադրբեջանցիները։ «Շրջանակային համաձայնագիր» անվանված այդ փաստաթղթում ամրագրված էր խաղաղության հասնելու ողջ փիլիսոփայությունը, սակայն Ադրբեջանի պատվիրակներն իրենց երկրում համարվեցին դավաճաններ, նրանց փոխարեն այլ գործիչներ եկան քննարկումների, որոնք կտրականապես հրաժարվեցին ընդունված փաստաթղթից։ Ի դեպ, այս փաստաթղթում որևէ զիջման մասին խոսք անգամ չկար։


Քանի որ նոր իշխանությունները «պատմություն են ուսումնասիրում» «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» շարժումն ունի հակամարտության պատմությունը հակիրճ ներկայացնող բանաձև, որում հետաքրքիր պատմական փաստեր են ամրագրված։ Թվարկենք մի քանիսը, որոնք գուցե նոր իշխանությանը պետք գան։ Սկսելով 1920-ի պատմական փաստերը վկայակոչելուց, կազմկոմիտեն հասնում է մինչև 94-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը։ Զորօրինակ. 88-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը միջնորդությամբ դիմեց ԽՍՀՄ, ԱԽՍՀ և ՀԽՍՀ գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմ մտցնելու վերաբերյալ։ Դրան հաջորդեցին Ադրբեջանի խոշոր քաղաքներում հայերի նկատմամբ ձեռնարկված էթնիկ ջարդերը։ 89-ի դեկտեմբերի 1-ին ՀՍԽՀ ԳԽ-ն ընդունեց որոշում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին։ 90-ի ապրիլի 3-ին ընդունվեց ԽՍՀՄ օրենքը «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման» մասին, համաձայն որի «...հանրապետության որոշումը Միության կազմից դուրս գալու մասին պետք է կայացվի միութենական հանրապետության ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ` հանրաքվեի միջոցով»։ Հոդված 3-ում ասվում էր. «Միութենական հանրապետությունում, որն իր կազմում ունի ինքնավար հանրապետություններ, մարզեր, շրջաններ, հանրաքվեն պետք է անցկացվի յուրաքանչյուր ինքնավարությունում առանձին։ Ինքնավար միավորումների ժողովուրդներին իրավունք է վերապահված ինքնուրույն որոշել` ԽՍՀՄ կազմում կամ դուրս եկող հանրապետության կազմում մնալու, ինչպես նաև իր պետիրավական կարգավիճակի հարցերը»։ 91-ին ԱԽՍՀ ԳԽ-ն ընդունեց հռչակագիր «Ադրբեջանական Հանրապետության վերականգնման մասին», որով Ադրբեջանը հռչակվեց 1918-20 թթ. գոյություն ունեցող Ադրբեջանական դեմոկրատական հանրապետություն, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել։


ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 91-ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և Շահումյանի շրջանում անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվե, որի մասնակիցների ավելի քան 90 %-ը «Այո» ասաց ԼՂՀ հռչակմանը. հանրաքվեի ընթացքին հետևում էին տարբեր երկրների դիտորդներ և լրատվամիջոցները։ Չհաշտվելով պատմական իրավական իրողության հետ, Ադրբեջանը 91-94 թթ. ապօրինի կերպով անզեն բնակչության դեմ սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ։
Ի դեպ, «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» շարժման անդամները իրավական փաստարկների մի ողջ փաթեթ են ներկայացնելու Նիկոլ Փաշինյանին, որով հիմնավորում են, որ ԼՂՀ-ն, դուրս գալով Ադրբեջանի կազմից, չի խախտել նրա տարածքային ամբողջականությունը, և այսօրվա կարգավիճակն արդեն համապատասխանում է միջազգային սուբյեկտ համարվելու բոլոր չափորոշիչներին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ