Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արսենօհանյանների ֆենոմենը

Արսենօհանյանների ֆենոմենը
08.02.2019 | 01:22

Ցանկացած հեղափոխություն միշտ ու բոլոր երկրներում ալիքի վրա է բարձրացնում հասարակության տականքին, որ տարիներով աննկատ ապրել է, բայց հեղափոխական ժամանակները համարում է իր աստեղային ժամը ու որոշում գործել, որովհետև ե՞րբ, եթե ոչ հիմա: Հենց խառնակ ժամանակներում է բերում տականքների բախտը ու ստեղծվում նրանց պահանջարկը: Օրինակ` «ժողովրդի անունից» Վեհափառի հրաժարական պահանջելու, ճանապարհներին Վեհափառի ու Մայր Աթոռում Վեհարանի վրա հարձակվելու համար: Նկատեք` բացարձակապես անպատիժ: Ավելին` զուգահեռ պաշտոն ստանալով: Խառնակ ժամանակները տարատեսակ «-իստ»-երի ու «-իզմ»-երի դրախտն են: Հայաստանում իրենց դրախտում զգացին … աթեիստները: Իրականում նրանք աթեիստ չեն, աթեիզմը լուրջ գործ է, իրենք շարքային սինլքոր են, այնքան են վաճառվում ու վերավաճառվում, որ նույնիսկ շարքային տականքության գինը գցում են: Պաշտոնի մասին` հեղափոխությունը պաշտոնանկեց «նախկիններին» ու նշանակեց յուրայիններին: Նրանց մեջ կան հրաշալի, գիտակ ու գործին նվիրված մարդիկ, որ առանց հեղափոխության էլ իրենց ճանապարհն ունեին ու կունենային, բայց իրենց գերակշռող մասով այդ պաշտոնյաները ու յուրաքանչյուր նշանակում հարցականների չպատասխանվող շարք է շարում:

Օրինակ` որտեղի՞ց են գտնվում ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ-ներն ու ինչու՞ են նշանակվում պաշտոնների, նախկին ակտիվիստի կյանքը այդքան բա՞րձր գին ունի: Մարդիկ, ում բարոյական կերպարը բավարարում է Հիսուսի նկարին Հիսուսի ու թմրամոլի հանդիպումն ակնարկող ստատուս գրել: Մարդիկ, ում բարոյական կերպարը բավարարում է «Ազգ-բանակը» զուգահեռել «Ազգ-պահպանակին», հետո խոնարհել ու հոլովել ու, մեղմ ասած, տժժալ այդ թեմայով… Մարդիկ, ում բարոյական կերպարը բավարարում է այդպիսի պատկերացումներով ու այդ ընկալումներով համաձայնել պետական պաշտոնի` առանց մտածելու, իսկ ինքը կարո՞ղ է աշխատել, հետո ի՞նչ առաջարկում են:


Սոցիալական ցանցերում տարատեսակ մեկնաբանություններից հետո, պահպանելու համար «անմեղության կանխավարկածի» իրավունքը` մեջբերեմ Արսեն Օհանյանի Ֆեյսբուքի էջից իր մեկնաբանությունը անխաթար. «ռոբասերժենք բացի ժողովրդավարությունից, տնտեսությունից, գիտությունից և լիքը այլ բաներից վարի տվեցին նաև լրատվական դաշտը՝ այն վերածելով քարոզչամեքենայի ու ընդդիմադիրներին վարկաբեկելու միջոցի: Հիմա էդ աղբ լրատվականներից մեկը վերցրել ա մի ֆեյք պրոֆիլի գրառում, որտեղ իմ հումորային մեկնաբանությունն ա Ֆբ ընկերներիցս մեկի նկարի տակ ու իր համար նյութ ա սարքել, թե բա «Փաշինյանի նշանակած հերթական աթեիստ պաշտոնյան ծաղրում է Քրիստոսին ու քրիստոնեությունը (լուսանկարներ)»: Հենց վերնագրից սկսվում ա մանիպուլյացիան: Էկեք հերթով բացահայտենք աղբ ԶԼՄ-ների մանիպուլյացիոն հնարքները.


1. Հոդվածն իրենք չեն գրում, այլ ինչ-որ մեկի գրառումը վերցնում, դարձնում են հոդված, նշելով, որ դա իրենց գրածը չէ, այլ ինչ-որ մի Ֆբ օգտատիրոջ գրառումն է: Դրանով լուծում են իրենց դատի տալու հարցը, որովհետև իրենք նշել են, որ դրա հեղինակը իրենք չեն: Իսկ էդ Ֆբ օգտատերն էլ հիմնականում ֆեյք ա: Այսպիսով, եթե տեսնում եք ինչ-որ անհայտ ԶԼՄ-ի հոդված, որի հիմք է հանդիսացել Ֆբ ինչ-որ օգտատիրոջ գրառում, ուրեմն արդեն կասկածամտորեն վերաբերվեք էդ ԶԼՄ-ին ու հոդվածին:


2. «Փաշինյանի...» - վարչապետի ազգանունն ինքնին արդեն հետաքրքրություն ա առաջացնում և մարդիկ ենթագիտակցորեն սեղմում են հղման վրա, չմտածելով, որ հերթական մանիպուլյացիայի զոհն են դառնում: Աղբ ԶԼՄ-ների մանիպուլյացիոն քայլերից մեկը վարչապետի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի ազգանունն ա վերնագրի մեջ: Ժողովուրդ ջան խնդրում եմ ուշադիր լինել ու ինչ-որ հղումով գնալուց առաջ հիշել էս մանիպուլյացիոն քայլի մասին:


3. «Փաշինյանի նշանակած...» - նախ իմ պաշտոնը վարչապետի կողմից չի նշանակվում, այլ նախարարի և ինձ էդ պաշտոնին նշանակել ա ԱՍՀ նախկին նախարարը:


4. «հերթական աթեիստ պաշտոնյան» - հիշում ե՞ք Արսեն Թորոսյանի մի հումորային մեկնաբանություն, որն ինքն արել էր մինչ Առողջապահության նախարար դառնալն ու որն աղբ ԶԼՄ-ների կողմից շահարկամն առիթ դարձավ: Ստեղ նույնն մեթոդն ա, գրել, որ պաշտոնյան աթեիստ ա ու դրանով նրան ու ընդհանրապես Աթեիզմը ներկայացնել բացասական երանգով: Այսպիսով մանիպուլյացիոն մեթոդներից մեկն էլ «աթեիստ պաշտոնյա» արտահայտությունն ա:


5. «ծաղրում է Քրիստոսին ու քրիստոնեությունը» - ինչ ա թե մեջը կա Հիսուս Քրիստոսի անունը, հումորային գրառումը բնականաբար ներկայացվելու ա որպես ծաղր դեպի Քրիստոս և ամբողջ Քրիստոնեություն, իսկ վերնագրի մնացած հատվածն էլ նպաստում ա դրան:


6. «(լուսանկարներ)» - և բնականաբար աղբ ԶԼՄ-ներն որպես իրենց վերնագրի ապացույց ներկայացնում են սենսացիոն լուսանկարներ, այն ինչ դրանք ընդամենը սքրիններ ու էջիցս վերցված ֆոտոներ են: (լուսանկարներ) տերմինը վերնագրերում ամենաշատ օգտագործվող մանիպուլյացիոն հնարքներից մեկն ա, ժողովուրդ ջան սրան էլ ուշադրություն դարձրեք, որպեսզի մանիպուլյացիայի զոհ չդառնաք:


Տապալված ռեժիմի բազմաթիվ աղբ ԶԼՄ-ները շարունակում են ու դեռ շարունակելու են ցեխ շպրտելու իրենց գործը (Taguhi Ghazarian-ի հարցազրույցի շուրջ աղմուկն էլ դրա ապացույցներից մեկը), բայց կարևոր ա, որ մարդիկ չտրվեն էդ մանիպուլյացիաներին, կարևոր ա մարդկանց ադեկվատ արձագանքը դրանց, կարևոր ա բացահայտել դրանց ֆինանսավորման աղբյուրները, քանի որ եթե նախկին ռեժիմից են ֆինանսավորվում, ուրեմն իրենք արդեն աղբ ԶԼՄ են ու նաև կարևոր ա վարկաբեկող աղբ ԶԼՄ-ներից մի քանիսին դատի տալ ու դատարանով պարտադրել միլիոնների հասնող փոխհատուցումներ վճարել իրենց վարկաբեկումների համար, որովհետև իրենց մոտ հիմա անպատժելիության մթնոլորտ ա ձևավորվել:


Հ.Գ. ռոբիկ ու սերժիկ թաղեմ ազիզներդ, էսքան աղբ ԶԼՄ ինչի՞ ստեղծեցիք, որ հիմա մեկդ բանտում ա, մեկդ էլ դրա ճամփին, իսկ էդ ԶԼՄ-ները դեռ շարունակում են իներցիայով աշխատել:
Հ.Գ.Գ. Ի դեպ, ահա էն նկարը, որ Ֆբ ընկերներիցս մեկը խնդրել էր վերնագրել, ես էլ վերնագրել էի: Իսկ դուք ո՞նց կվերնագրեք այն :)

Կարծում եմ` սա մեկնաբանելու կարիք չունի` ոչ գրագիտության, ոչ մտածողության, ոչ էլ անգամ բովանդակության տեսակետից: Միայն մեկ վերապահում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալին իսկապես վարչապետը չի նշանակում, այլ` նախարարը: Եվ նախկին, և գործող նախարարին նշանակել է նախագահը` վարչապետի ներկայացմամբ: Եվ արժի հարցնել ԱԺ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանին` ի՞նչ արժանիքներ է տեսել ու ո՞ր արժեքների համար է նրան ընտրել, եթե ինքն է նշանակել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում ընթերցողից` երկար, Մաշտոցին, հայերենը, տրամաբանությունը վիրավորող մեջբերման համար: Կան դեպքեր, երբ խոսքը դառնում է ինքնախտորոշում ու ինքնամեղադրանք, բայց դա հասկանալու համար չասեմ` ինչ է պետք: Ֆեյսբուքի ֆեյքերն ինչ-որ նպատակի ծառայում են, իսկ կյանքի ֆեյքե՞րը:

Դիտվել է՝ 2086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ