Հայաստանի տնտեսությունն առանց «ախպերների»

Հայաստանի տնտեսությունն առանց «ախպերների»
19.02.2019 | 02:21

Տնտեսության զարգացման կառավարության տեսլականը, այո, հեղափոխական չէ, բայց ոչ ընդդիմախոսների առաջ քաշած պատճառներով։ Սա սովորական, ստանդարտ ծրագիր է, բայց ոչ Հայաստանի պես երկրի համար։ Իսկ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը. պետք է ՀԴՄ-ներ պահանջել, աշխատանքը խրախուսել, մարդկանց ստեղծարար հնարավորություններ տալ։ Իսկ մի՞թե նախորդ կառավարությունները դա չէին ասում։ Սակայն որքան էլ նախորդները դրա մասին գրում ու հայտարարում էին, ստացվում էր լիովին այլ բան։ Հիմա այլ որակի իշխանություն է ու հայտարարում է, թե քաղաքացին պետք է դառնա տնտեսական ակտիվիստ։ Գուցե տրամաբանական է, սակայն մինչ մեր երկրի քաղաքացիներն իրենց տնտեսական վարքը փոխեն, տատիկը 1 կգ շաքարավազի համար ՀԴՄ պահանջի, «գետը կգա, գյուղը կտանի»։

Ասել է՝ մինչ այդ պետք է տնտեսությունը՝ «ողջ», մարդկանց էլ երկրում պահել, իսկ դրա համար անհրաժեշտ է ֆինանսների բավարար հոսք դեպի տնտեսություն, իմա՝ ներդրումներ։ Որքան էլ զարմանալի է, ֆինանսական աղբյուրների մասին ոչ մի հեղափոխական տող ու հայտարարություն չկա։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը սեփական ճարտասանության ողջ փայլով բնութագրեց, թե ինչպես են նախկինում Հայաստանում ներդրումներ եղել։ «Մենք բոլորս ախպերներ ենք, ունենք ուրիշ լավ ախպերներ, և կան ախպոր ախպերներ: Հիմա մենք ներդրումներ պետք է բերենք Հայաստան, որ լավ լինի: Ո՞նց ենք բերելու ներդրում. պետք է ամեն մեկս ասենք մեր ախպորը, մեր ախպերները պետք է ասեն իրենց ախպերներին, եւ ախպերներով պետք է գանք ներդրում անենք, մի բան անենք, մի բան ըլնի: Ինչի, Հայաստանում պատահական մարդ ներդրու՞մ է արել: Կամ եղել է ախպեր, կամ ախպոր ախպեր: Դրա համար հիմա Հայաստանի ողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր: Մենք ասում ենք, որ այս համակարգից հրաժարվում ենք»:


Հիմա կան «ախպոր ախպերները», բայց նրանց ներդրումներից Փաշինյանի կառավարությունը հրաժարվում է։ Այո, Հայաստանում պատահական մարդիկ ներդրում չեն արել, բայց ոչ միայն այն պատճառով, որ խնդիրներ են եղել, այլ «պատահական մարդիկ» Հայաստանի տնտեսությունը գրավիչ չեն համարել։ Անշուշտ, լավ է, որ բոլորի համար դաշտը բաց է, ու, ինչպես Փաշինյանն է վստահեցնում, «կոռուպցիայից զերծ կարգավորումներ» կան, բայց դեռ մեծ հարց է, թե այսօրվա Հայաստանի տնտեսությունում առանց համոզելու, առանց ախպերների «մի բան անենք, մի բան ըլնի»-ի, քանի՞ «պատահական» ներդրող կգա։ Հայաստանի տնտեսությունը ոչ նախկինում, առավել ևս ոչ էլ այս 10 ամիսներին այնքան գրավիչ չի դարձել, որ ներդրողներն իրար «կոտորելով» գան Հայաստան, ինչ է, թե կառավարության ղեկավարն ասում է, որ ինքը ոչ մեկի հետ «փայ» չի մտնում։ Առանց «փայ» մտնելու էլ մեծ է հավանականությունը, որ ներդրողը կհրաժարվի գումարներ բերելուց Հայաստան, թեկուզ հենց շուկայի փոքր լինելու պատճառով։ Այնպես որ, գուցե նաև լավ օրից չէ, որ «առաջացել» են լավ ախպերներն ու նրանց ախպերները։


Չնայած, եթե Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչի առանց «ախպերների», ուրեմն Հայաստանում սովորական, ոչ հեղափոխական ծրագիրն էլ լրիվ բավարար է։ Իսկ երբ դրան գումարում ենք նաև այս կառավարության ստեղծած ներդրումային հրմնադրամը, պատկերն առավել քան ամբողջանում է։ Ի դեպ, այդ առումով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ստեղծում ենք ներդրումային հիմնադրամ, կգնաք էնտեղ, մի հատ բոլորի համար ախպեր նստած կլինի, բոլոր հարցերը կլուծի հավասարապես»։ Այսինքն, այսուհետ ախպերներ ենք հավասար՝ 50/50։ Տեսնես ու՞մ է հիշեցնում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao