Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Եթե այս իշխանությանը թողնենք անի այն, ինչ անում է, մեր պետությունն էլ, Ղարաբաղն էլ կտանի կործանման»

«Եթե այս իշխանությանը թողնենք անի այն, ինչ անում է, մեր պետությունն էլ, Ղարաբաղն էլ կտանի կործանման»
26.02.2019 | 00:20

Նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ն, այս օրերին ինքնակազմակերպվում, ինքնամաքրվում ու իրավիճակից դուրս գալու ելքեր է որոնում։ Սակայն մեծ վիրավորանք համարում նաև, երբ իրենց փորձում են համեմատել այս իշխանությունների հետ։ «ՀՀԿ-ն յուրաքանչյուր օր շատ ավելի ազդեցիկ է դառնում, քան նախորդ օրը, և վստահ եղեք, որ վաղը շատ ավելի ազդեցիկ է լինելու։ Ողջ գործող իշխանության, նրա ընդդիմադիրների համեմատության թեման ՀՀԿ-ն է։ Առանց մեզ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չեն կարող։ Մեր ուրվականը բոլորի հետ է, փորձում են համեմատվել մեզ հետ։ Ընդդիմադիրները, այս իշխանությանը վիրավորելով, ասում են, թե նույնիսկ նախկինները նման բան չէին անում, հարգելիներս, մի վիրավորեք մեզ, մի համեմատեք մեզ այս իշխանությունների հետ, դա սրբապղծություն է։ ՈՒզու՞մ եք համեմատվել, փորձեք կրկնել Կարեն Կարապետյանի 2018-ի առաջին եռամսյակի արդյունքները։ Բայց դուք անկարող եք դա անել»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԸ, որի հետ զրուցեցինք ներքին և արտաքին թեմաների շուրջ։

-Իշխանափոխությունից հետո հասարակությունն արտաքին և ներքին քաղաքականությունում սպասում էր լուրջ տեղաշարժերի։ Նոր իշխանությունը հայտարարեց, որ պահպանում է նախկինների արտաքին քաղաքական կուրսը, բայց ի՞նչ ունենք այսօր։ Սիրիա զորախումբ ուղարկեցինք, վաստակելով ԱՄՆ-ի դժգոհությունը, չստանալով նաև Ռուսաստանի դրական վերաբերմունքը (ռուսական ԶԼՄ-ները ողողված են ոչ հայանպաստ հայտարարություններով)։
-Մեկ տարի առաջ՝ մայիսի 1-ին և 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվում, հիշեք, թե մենք ինչ հարցեր էինք տալիս։ Մեզ բացարձակապես չէր հետաքրքրում նրա սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, դա իր և իր համախոհների խնդիրն է։ Մեր հիմնական հարցադրումները վերաբերում էին արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը և ղարաբաղյան հիմնախնդրին, որովհետև ունեինք մտահոգություն, որն ամբողջովին հիմնավորված էր։ Եթե պատահական մարդուն տանես լավագույն «Բոյինգի» ղեկին նստեցնես, չես կարող ակնկալել, որ ամեն ինչ լավ կլինի։ Տեսեք, թե մենք ինչի էինք հասել, որով հպարտանում էինք։ Վրաստանը և Ռուսաստանը պատերազմում էին, մենք ասում էինք՝ և Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ենք, և Վրաստանի հետ հարևան-բարեկամ ժողովուրդներ եք։ Հենց այսպես էլ շարունակեցինք մնալ։ Իրանը և ԱՄՆ-ը թշնամական հարաբերություններ ունեն, բայց մենք կարողանում էինք այդ երկու երկրների հետ բարեկամական հարաբերությունները պահել։ Այնքան նուրբ արտաքին քաղաքական դիրքորոշումներ ունեինք, որ մեր տեսակետը բոլորին հասկանալի էր։ Ասում էինք, որ ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց համագործակցում ենք նաև ՆԱՏՕ-ի հետ։ Երկուսն էլ հասկանում էին մեր դիրքորոշումը, ազնիվ բացատրում էինք, մութ խաղեր չէինք տալիս։ Այսօր անհնար է մի բան թաքուն անել, որ մեկ ժամ հետո այդ պետությունների ղեկավարները չիմանան։ Այսինքն, մենք ասում էինք, որ «և՛-և՛»-ի քաղաքականություն ենք վարում և շիտակ հարաբերությունների մեջ էինք բոլոր գերտերությունների հետ։ Նոր իշխանությունն ասաց, թե մեր արտաքին քաղաքական կուրսը պահպանում է ու, այո, կարողացան «և-և»-ը պահել՝ և Ռուսաստանի, և ԱՄՆ-ի, և Եվրոպայի, և Իրանի հետ հասցրին հարաբերությունները հիմնահատակ փչացնել։
-Ինչպե՞ս փչացրին։
-Անմիտ գործողությունների պատճառով մեր պետությանը և նրա ղեկավարին այլևս լուրջ չեն ընդունում։ Յուրաքանչյուր կողմ ստանում է այն, ինչ ուզում է։ Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ տեղի ունեցածը Ռուսաստանը և ՀԱՊԿ-ի մյուս անդամները պետք է ընդունեին որպես ոտնձգություն ՀԱՊԿ-ի հեղինակության հանդեպ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Որևէ լուրջ, հավասարակշիռ մարդու ուղեղով նման բան չէր կարող անցնել, որ իշխանությունը կգնա այդպիսի քայլի։ Որոշ մարդիկ, որ միկրոֆոնը տեսնում են, ընկնում են էյֆորիկ վիճակի մեջ և չեն հասկանում, որ չկա ներքին և արտաքին լսարան։ Հանրապետության ղեկավարի ցանկացած միտք վայրկյան հետո բոլորի սեփականությունն է։ Հեղափոխական, միտինգային ոճին հատուկ արտաքին քաղաքականության վերաբերյալ մտքերը հանգեցրին այն բանին, որ Ռուսաստանի մոտ խոր կասկածներ առաջացան Հայաստանի նոր իշխանության վերաբերյալ։ Բոլորս տեսանք, ցավոք, թե ինչ վերաբերմունքի արժանացավ մեր վարչապետը Բելառուսի ղեկավարի կողմից։ Նման ստորացուցիչ արտահայտություն որևէ գործընկեր երկրի ղեկավար մյուսի հանդեպ չէր ասել։ Ղազախստանի վերաբերմունքն էլ չասեմ։ Այսինքն, երբ Ռուսաստանին փորձում ես սիրաշահել անմիտ գործողություններով, Սիրիա զորախումբ ես ուղարկում, շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ դա շատ վատ է ընդունելու ԱՄՆ-ը։ Ավելին, երբ ԱՄՆ դեսպանին էին ճանապարհում, որին շատ քիչ մարդ էր հրավիրված, ես իրեն հարց ուղղեցի, թե ինչպես եք վերաբերվում Սիրիա փոքր, մարդասիրական զորախումբ հնարավոր ուղարկելու հարցին։ Գիտեի նրանց վերաբերմունքը, բայց ուզում էի, որ դա լսեն Փաշինյանի կուսակիցները, որոնք ևս այնտեղ էին, որ հասկանային դրա հետևանքները։ Պատասխանը շատ հստակ էր։ Հետո որպեսզի սիրաշահեն ԱՄՆ-ին, անմիտ արտահայտություններ են անում Իրանի հանդեպ։ Այն երկրի, որը մշտապես մեր կողքին է եղել՝ վաստակելով Ադրբեջանի, Թուրքիայի հանդիմանանքը։ Եվրոպայի հանդեպ ևս անմիտ հայտարարությունների պակաս չեղավ։ Իրենց թվում է, որ հեղափոխություն են արել, ողջ աշխարհը պետք է ողջունի, ուրախանա, ներդրումներ անի, գումարներ տա։ Զարմանում եմ այս մարդկանց կարճամտության վրա։ Երբ Եվրոպայից փոքր գումարներ ստանալու մասին խոսք եղավ (ԵՄ-ի հետ համաձայնագիրը ենթադրում է նաև որոշակի ֆինանսական օժանդակություն), հրապարակային ի՞նչ հայտարարություն արեց` մի օլիգարխի թափ կտամ, գրպաններից այդքան փող կթափվի։ Դա պետության ղեկավարի խո՞սք է։
-Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին սեփական լեզու՞ն է։
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ թշնամին Նիկոլ Փաշինյանն է՝ իր վարքագծով, բառապաշարով, քաոտիկ տրամաբանությամբ և գործողություններով։ Արտաքին քաղաքականության վերաբերյալ մի բան է ասում, հետո ողջ պետությունը փորձում է դրա տակից դուրս գալ։ Արտաքին քաղաքականությունն իներցիոն բնույթ է կրում, բոլորը սպասողական վիճակում են, բայց իրենց հստակ գնահատականը տալիս են։ Մայիսի 1-ին և 8-ին ունեցած մեր մտահոգությունը, ցավոք, դարձավ մտավախություն և այսօր դաժան իրողություն է, որին մեր ժողովուրդը պետք է փորձի դիմակայել։
-Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Ձեր մտավախությունը ո՞րն է, վատ հեռանկա՞ր եք տեսնում։
-Այո, երբ ԱՄՆ-ի դեսպանն ասաց` «տարածքներ խաղաղության դիմաց», որը նոր գաղափար էր, ինչը նշանակում է, որ երեք սկզբունքներից մեկը՝ ինքնորոշման իրավունքն այդտեղ այլևս չկա, իշխանությունը պարտավոր էր անմիջապես հակադարձել դրան։ Հստակ տեսակետ հայտներ, որ դա մեզ համար անընդունելի է։ Լռություն կամ անկապ պատասխան, թե հեռացող դեսպանի հայտարարություն է։ ԱՄՆ-ի հեռացող, մնացող դեսպան լինելը նշանակություն չունի, նա արտահայտում է պետքարտուղարության տեսակետը։ Դրանից հետո Բոլթոնը եկավ ու կրկին այդ գաղափարը շրջանառության մեջ դրեց։ Սա դարձավ խիստ մտահոգիչ ոչ միայն մեր, ժողովրդի, այլև հենց իր կուսակիցների համար։ Հասկացավ, որ մեծ հակընդդեմ ուժ է իր դեմ դուրս գալու, և այդ գիծը չի կարող առաջ տանել։ Թույլ է տալիս նաև դիվանագիտական անհեթեթություններ, ասում է՝ Ալիևը կիրթ մարդ է։ Անցած ամիսների ընթացքում բոլորը հետաքրքրվում են` ի՞նչ սկզբունքների շուրջ են բանակցություններն ընթանում, ասում է՝ չենք բանակցում։
-Դեռ բանակցային պատմությունն են ուսումնասիրում։
-ՈՒ՞մ հետ, Ալիևի՞։ Գուցե իրենից առաջ եղած նախագահների կամ արտգործնախարարների՞ հետ խոսի, որոնք ողջ գործընթացին տիրապետում են։ Ինչու՞ ես Ալիևի հետ ուսումնասիրում, քո շահառուն, ազգակիցը Ալիև՞ն է, թե՞ ՀՀ նախկին նախագահները կամ արտգործնախարարները։ Եթե կա հանդիպում, քննարկում են հարցը, սկզբունքը ո՞րն է, քննարկու՞մ են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հիմնարար երեք սկզբունքները։ Այդ հարցին չեն պատասխանում, դրա համար էլ մտավախությունները մեծացել են։ Արցախի պատերազմի հերոսների հանդեպ քրեական գործերը, հետապնդումները մենք որակում ենք որպես Արցախի, հաղթանակի դեմ կատարվող ոտնձգություն։ Սա ուղեկցվում է նաև այն քարոզչությամբ, որ արցախյան հաղթանակն այնքան մեծ նշանակություն չունի, որքան քայլելով հեղափոխություն անելը։ Սա ամենակեղտոտ և ստոր քարոզչությունն է, սրանից ավելի մեծ ապազգային միտք մեր պատմության մեջ չեմ լսել։ Ժողովրդի շրջանում քարոզ են անում, որ ժողովուրդն ատի իր հաղթանակը։ Հազարամյակի ընթացքում հայը ոչ թե կորստյան, այլ հաղթանակի երգ է սկսել երգել, հայրենիքը սկսել է վերագտնել, վերատիրանալ, դուք ատու՞մ եք այդ հաղթանակը։ Սա է ամենավտանգավորը։ Հաջորդ վտանգը. վերելակի մեջ պայմանավորվել են, որ իրար վրա չեն կրակում, շատ լավ, բայց ինչ տեղի ունեցավ, Ալիևն այդ դադարից օգտվեց և Նախիջևանի ուղղությամբ հսկայական ինժեներական աշխատանքներ կատարեց, հիմա էլ հպարտորեն ասում է, որ տիրապետում են ստրատեգիական բարձունքներին, և դեպի հարավ գնացող ճանապարհը լրիվ իրենց նշանառության տակ է։ Բա ինչո՞ւ մինչև հիմա չէին անում, որովհետև դա ոչ մեկը թույլ չէր տա։ Եթե այս իշխանությանը թողնենք անի այն, ինչ անում է, մեր պետությունն էլ, Ղարաբաղն էլ կտանի կործանման։
-Մինչ այս իշխանությունն անընդհատ ասում է, թե Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, Ալիևը հայտարարեց, որ դա անգամ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը չի ստացել։
-Դա նոր գաղափար չէ, դա Լևոն Տեր-Պետրոսյանն առաջ քաշեց, որը նշանակում է խուսափել պատասխանատվությունից և Ղարաբաղը թողնել մենակ։ Ցավոք, և Մինսկի խմբի համանախագահները, և այդ երկրների առաջնորդները տարբեր առիթներով այս ձևաչափն են ճիշտ համարում։ Իսկ մենք գիտենք, թե դա Տեր-Պետրոսյանն ինչի համար էր ասում, ինքը բացեց իր ողջ զինանոցը, որն ազգադավ քաղաքականություն էր։ Ավելի քան 20 տարի առաջ էր փորձում այդ քաղաքականությունն իրականացնել, որը չստացվեց։ Հիմա էլ նույնն են փորձում անել։
-Կարելի՞ է ասել, որ այսօրվա արտաքին քաղաքականությունն ինքնահոսի է մատնված՝ տեղ-տեղ ընդմիջվելով «միտինգային» ելույթներով։
-Արտաքին քաղաքականության հիմնական բնութագրիչը քաոսն է, որը բնորոշ է նաև ներքին քաղաքականությանը։ Քաոս է, որովհետև նրանց մտքում էլ է քաոս։
-Անդրադառնալով ներքին քաղաքականությանը, քաղաքական հեղափոխություն արած քաղաքացուց այսօր պահանջում են լինել տնտեսական հեղափոխության ակտիվիստ։ Դուք ժամանակին ինչո՞ւ ակտիվիստներ չէիք դարձնում մարդկանց, որ տնտեսությունը զարգանար։
-Չկա տնտեսության մեջ հեղափոխություն, տնտեսությունում կարող է լինել թռիչքաձև աճ։ Բոլոր խնդիրների մասին, որոնք այսօր տնտեսության մեջ կան, ՀՀԿ-ն բարձրաձայնել է ու փորձել է լուծել։ Կարեն Կարապետյանի կառավարության վերջին ամիսների՝ 2018-ի առաջին եռամսյակի արդյունքները, կարծում եմ, գործող իշխանությունների համար դառնալու են չգերազանցված։ Շատ պարզ պատճառով. տնտեսական հարցերում հեղափոխական մոտեցումներն անհասկանալի են։ Բոլորը պետք է հասկանան, որ տնտեսությունը հենց հեղափոխություն բառից վախենում է, կապիտալը սիրում է կանխատեսելի և կայուն վիճակ։ Հայաստանում վիճակը ոչ կանխատեսելի է, ոչ էլ կայուն։ Եթե մանկամտորեն մտածում են, որ հեղափոխություն են արել, ու բոլորը կգան ու այստեղ գործ կդնեն, ծիծաղելի է։ Ընդհակառակը ներդրողները, կապիտալը փախչում են հեղափոխությունից։ Ամենամտահոգիչը ներդրումների բացակայությունն է։ Եթե անգամ մեկ-երկու ներդրման ժապավենն էլ կտրել են, դա եղել է նախորդ կառավարության բերած ներդրումը։ 10 ամիս հեքիաթներ են պատմում, թե հեսա-հեսա գումարները հոսելու են Հայաստան, ու՞ր են այդ ներդրումները։
-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկինում եղել են միայն ախպերների և ախպոր ախպերների ներդրումներ, պատահական մարդիկ Հայաստանում ներդրումներ չեն արել։ Ինչու՞ պատահական մարդկանց չեք թողել Հայաստանում ներդրումներ անել։
-Դա կեղծ քարոզչություն է, կարելի է պարզապես ապշել այն մարդկանց դատողության վրա, որ մտածում են, թե որևէ երկրի ղեկավար չի ցանկանա գան, իր երկրում ներդրումներ անեն և իր քաղաքացու սոցիալական վիճակը լավացնեն։ Յուրաքանչյուր իշխանություն հասկանում է` որքան վատ լինի ժողովրդի սոցիալական վիճակը, այնքան բողոքը իշխանության հանդեպ մեծ է լինելու։ Անգամ ինքնապաշտպանության բնազդը կստիպի, որ այդ հնարավորությունն օգտագործի։ Բայց Հայաստանն անգամ այն ժամանակ համարվում էր ռիսկային գոտի, ոչ բոլորն էին ցանկանում ներդրումներ կատարել։ Հիմա առավել ևս շատ քչերը կհամաձայնեն ներդրումներ անելու։ Եթե որևէ մեկը կարողացել է ընկերոջը, բարեկամին, ծանոթի ծանոթին բերել Հայաստան, շատ ավելի լավ, կարևորը ներդրումն է։ Եթե այսօր Ռուսաստանի մի մեծահարուստի ինչ-որ մեկը ծանոթ է ու գնում համոզում է, որ Հայաստանում ներդրում անի, ուրեմն փառք ու պատիվ իրեն։ Ներդրումներն այդպես են լինում, հո լուսնից չե՞ն իջնելու։ Թշնամին չի գալիս թշնամական երկրում ներդրումներ անելու, կամ երբ իշխանության ղեկավարների հանդեպ կասկածներ ունեն, ներդրումներ չեն անում։ Մինչև ներդրումներ անելը տևական գործընթաց է գնում, ուսումնասիրում են երկիրը, քննարկումներ, հանդիպումներ ունենում, վստահություն ձեռք բերում և հետո բիզնես սկսում։
-Ասում են՝ մենաշնորհներ, կոռուպցիա չկան։ Համամի՞տ եք։
-Բոլոր այն մարդկանց, որոնց հատուկ մանիպուլյատիվ քարոզչության պատճառով ազգի, ժողովրդի թշնամի էին հռչակում, բոյկոտում էին խանութները, մի քվեարկությամբ դարձան հերոսներ, ժողովրդի մարդիկ։ Սա է մեր իրողությունը, եթե նախկին իշխանության հետ ես, օլիգարխ ես, եթե իմ` սեփականատեր։ Ինչ վերաբերում է մենաշնորհներին, կոռուպցիային, Կարեն Կարապետյանը վարչապետության առաջին օրերից հայտարարեց, եթե որևէ մեկը ուզում է ապրանք ներկրել և խոչընդոտների է հանդիպում, թող զանգի այս համարով։ Այն ժամանակից արդեն այդպիսի խնդիրներ չկային։ Բանանի հետ կապված պատմությունը հիշում ենք։ Հասկանում եմ, որ այս 10 ամիսներին մեր ազգային «սիմվոլի»՝ բանանի շուկայի ազատականացման հարցում մեծ հրճվանք ապրեցինք, բայց ոնց որ գինն էլի նույնն է մնացել։ 10 ամսվա ընթացքում այդ ո՞ր ապրանքի շուկայում է փոփոխություն եղել, կարո՞ղ են ասել, որ շաքարավազի 50 տոկոսը ներկրում է Պողոսյան Պողոսը։ Չեն կարող, որովհետև այդպես չէ։ Սա փոքր շուկաների օրինաչափություն է, բոլոր փոքր երկրները չեն խրախուսում, բայց չեն էլ արգելում մենաշնորհը։
-Սոցիալ-տնտեսական կյանքում ոչ մի բեկում չկա՞։
-Կա` բեկումային անկում։ Ի դեպ, այսօրվա և բոլշևիկյան հեղափոխության ղեկավարների տերմինոլոգիան համընկնում է՝ ժողովրդին հարստահարող, ժողովրդի արյունը ծծող, կեղեքիչներ, հակահեղափոխականներ և որքան սոցիալիզմը զարգանում է, այնքան ներքին թշնամին ուժեղանում է։ Ցանկացած հեղափոխության ժամանակ լյումպենին ակտիվացնելու համար այս ամենը շատ կարևոր է։ Տարիներ շարունակ մեր ժողովրդին մատնացույց են արել որոշ մարդկանց ու ասել, որ նրանց պատճառով ես դու վատ ապրում։ Հիմա ասում է, թե աղքատությունը ձեր ուղեղում է։ Գուցե նկատի ունի այն, որ ինքը մտցրել է նրանց ուղեղը, հիմա էլ թող նրանք դա հանեն։ Ինքն ասում է, թե իր ուղեղից հանել է ու արդեն լավ է ապրում, բայց միայն ինքը չի իր ուղեղում աղքատությունը հաղթել ու լավ ապրում, այլ իր ողջ շրջապատը։ Բոլշևիկներն այսպիսի քարոզչությամբ վերացրին ստեղծող մարդկանց և մինչև 1950-ը հազարավոր մարդիկ սովից մահացան։ Տարիներ շարունակ ասում էին, թե համակարգային կոռուպցիա, թալան կա։ 10 ամիս է դուք եք, ու՞ր են չթալանված փողերը, ցույց տվեք ուր են ձեր չթալանած փողերը։ 2 պատասխան կարող է լինել՝ նախկինում չեն թալանել, ընդամենը մանիպուլյատիվ քարոզչություն եք արել, զրպարտել եք, հեղափոխություն անելու համար։ Կամ էլ չկա փող, որովհետև դուք էլ եք թալանում։
-Ձեր իշխանության ժամանակ մշտապես խոսվում էր այն մասին, որ արդարադատություն չկա, և մեկ մարդու ուղղորդմամբ է դա իրականացվում, իսկ այսօրվա արդարադատության համակարգը փոխվե՞լ է։
-Այն գաղտնալսումից հետո, որ հրապարակվեց, նորմալ երկրում այդպիսի իշխանությունը մեկ րոպե անգամ չպետք է շարունակեր մնալ իշխանության։ Հրապարակային էլ հայտարարում է, թե կա՞ մի դատավոր, որ իր ասածը չի անի։ Եվ ամենակարևորը, որի մասին չի ասվում։ Լինելով ԵԽ-ի անդամ, մեր երկրում մեծ ուշադրություն են դարձնում ՏԻՄ-ի անկախությանը, բայց Փաշինյանը մատ է թափ տալիս նրանց վրա, ասում է, թե փորձեն, գլուխները կպոկեմ։ Հաշվեհարդարի սպառնալիք։ Ողջ իրավական համակարգը մի պահ շուռ էին տվել դեպի ՏԻՄ-երը, բոլորի նկատմամբ համատարած քրեական գործ էին հարուցում։ Պետական վերահսկողական ծառայության պետն էր անձամբ ճնշում գործադրում, միտինգ էր անում ու պահանջում համայնքապետի հրաժարականը։ Դա` հրապարակային, իսկ ոչ հրապարակային որքա՞ն սպառնալիքներ են լինում։

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ