Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՈՒզում եմ, որ էլ առաջվանը չլինի, որ մեր գյուղերը չդատարկվեն»

«ՈՒզում եմ, որ էլ առաջվանը չլինի, որ մեր գյուղերը չդատարկվեն»
13.11.2018 | 02:14

Սահմանամերձ Շուռնուխ գյուղի ազատամարտիկ ԱՐԱՐԱՏ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ կարծիքով` մարդու իսկական կյանքը սկսվում է 45-50 տարեկանում։ Այդ տարիքում մարդը կշռադատում է յուրաքանչյուր քայլը, տիրապետում այն ամենին, ինչի վրա խարսխվում են ճշմարիտ նվաճումները, ձեռք է բերում այն, ինչ կարելի է տալ ուրիշներին, ճանաչում այն, ինչ կարելի է սովորեցնել, հարթում այն, ինչի վրա կարելի է կառուցել։ Թեև հավանում է Արարատ անունը, բայց ականջը սովոր է համագյուղացիների ու ընկերների կողմից հակիրճ ասված Արոյին: Շուռնուխը նրա համար աշխարհի կենտրոնն է, ու թեև ընտանիքի հետ այսօր ապրում է Գորիսում, սակայն ամեն Աստծո օր ոտքերն իրենից անկախ բերում են հոգսաշատ Շուռնուխ գյուղ: Մեր զրույցն ընթացավ Շուռնուխի հայտնի խրամատների մոտ, որտեղից Արոն ընկերների հետ «գրանատամյոտով թուրքերի հերն անիծում էր»:


-Արո, ասում են առավել ճշգրիտ մարդու մասին կարելի է դատել նրա երազանքներով, քան նրա մտքերով, ի՞նչ երազանք ես ունեցել, և ու՞ր է այն հասցրել քեզ:
-Մի լավ երգ կա, շատ եմ հավանում, էն որ կոչվում ա կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ: Էդ ա եղել իմ երազանքը, հիմա էլ նույնն ա: 16 տարեկան էի, երբ սկսվեց արցախյան պատերազմը, ծնողներիցս թաքուն մեկնեցի: Ապրիլյան քառօրյա պատերազմին նույնպես մասնակցեցի: Ապրիլի 3-ին Գորիսի երկրապահների ջոկատով հավաքվեցինք ու գնացինք, չնայած բոլորս էլ երկրի ղեկավարների վրա բարկացած էինք ու հիասթափված, բայց հայրենիքի համար ամեն ինչ մոռացանք: Շուռնուխում քառօրյա պատերազմի օրերին 25 չափահաս տղամարդ կար, պատերազմ մեկնելուց կամավոր գրվեց 20-ը: Հիշում եմ, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեսնելով կամավորների ցուցակը, գյուղապետին հանձնարարեց կրճատել այն, քանի որ գյուղում տղամարդ չէր մնում, շուռնուխցի երկու կին էլ մեկնեցին պատերազմ: Էդ ցուցակն էս պահին անուն-ազգանուններով կարող եմ բերել ցույց տալ, դեռ պահում ենք: Արցախյան քառօրյան պատերազմ չէր, լրիվ ատրակցիոն խաղ էր, որտեղ ցավոք մեր ջահելները զոհվեցին: Մի զենքի տեղ երկուսն էինք վերցրել: Միշտ էլ ասել եմ, որ պատերազմ գնում ենք գիտակցակաբար, ուրեմն մի արդյունքի պիտի հասնենք: Հպարտությամբ եմ հիշում, որ մեր տղաներից մեկը գրանատամյոտով ինքնաթիռ խփեց: Պատերազմում տեսանք, որ Ադրբեջանի բանակն էլի նույն զիբիլն ա, էլի նույն անջատվածներն են, նույն ֆանատները:
Իմ բոլոր մտքերը սկսվում ու ավարտվում են հայրենիքի պաշտպանությամբ, բա ուրիշ էլ ի՞նչ: Մինչև հիմա իմ մարտական ընկերների հետ հատկապես տոնական օրերին հավաքվում ենք. ինչն ա շատ ու հաճելի՝ հիշողությունները:
-Ի՞նչ ես կարծում, պատերազմը ե՞րբ կավարտվի:
-1994-ին զինադադար կնքվեց, բայց, դե, բոլորս էլ գիտենք, որ ոչ մի զինադադար էլ չկա, պատերազմը դեռ գնում ա, ու վտանգի պահին էլի էն խենթ ու խելառներն են իրենց գցելու մարտի դաշտ, բա մեր երեխեքին հո մենակ չե՞նք թողնի: Բայց, Աստված չանի կրկնվի էդ պատուհասը: Միշտ եմ պատրաստ պաշտպանելու հայրենիքս, հարազատ Շուռնուխս, որին հոգով կապված եմ, էստեղ իմ մարտական ընկերներն են, մեր խրամատները, իմ հուշերը, չեմ կարող մոռանալ, հիշողությունը ո՞նց ջնջեմ: Ինչ վերաբերում ա պատերազմի ավարտին, իմ հավատն էն ա, որ մի գեղեցիկ օր էս պատերազմը պիտի վերջ ունենա, բայց ինքս ինձ խաբելով ապրում եմ: ՈՒզում եմ, որ պետությունը բարգավաճի, երբ որ գյուղացու ապրելակերպը լավացավ, էն ժամանակ կհավատամ, որ պետությունը կայացած է:
-Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու նրանք, ում ոտքի վրա զինվորական կոշիկից միայն կոշտուկ առաջացավ, հերոսի կոչում ստացան, իսկ իրոք կռված տղաներից շատերը մնացին ստվերում, չկռվողն էլ համարվեց ազատամարտիկ, դուք էլ:
-Գիտե՞ս ինչ, որ քննադատենք, մի հազար տարի կքննադատենք: Բայց դե, ի՞նչ արած, էդ ենք: Մեր ազգի պատմության մեջ էնքան անարդարացի բաներ են եղել անարդար ղեկավարի պատճառով: Մենք նեղանում ենք ղեկավարներից, բայց քո հողից ու ջրից ո՞նց նեղանաս, մերն են, ու մենք պիտի պաշտպանենք:
-Ինչու՞ Շուռնուխից տեղափոխվեցիր Գորիս, գյուղական կյանքի դժվարություննե՞րն էին պատճառը:
-35 տարեկանում ընտանիք եմ կազմել, ունեմ երկու երեխա, հող մշակելով ընտանիք պահել չէր լինի, աշխատանք գտա Գորիսում, ստիպված տեղափոխվեցի և արդեն 8 տարի է, ինչ ապրում եմ քաղաքում: Շուռնուխը կտրված գյուղ ա, մի քիչ էլ երեխեքի համար պիտի հարմար լինի, քիչ թե շատ ապագան տեսանելի լինի, մի քիչ պակաս, մի քիչ ավել ապրում էինք, բայց էստեղ երեխեքի ապագան չեմ տեսնում, չեմ կարող հետ գալ: Դե, գիտե՞ս ինչ, երեխեն խոզի գոճի չի, որ վերցնես, դնես թևիդ տակ ու տանես ուր ուզես: Անշարժ կյանք ա գյուղում, բա հո քաղաքի հետ չես կարա համեմատես: Մի կենցաղի, մշակույթի տուն լիներ, աշխատանք լիներ, պարզ ա, որ կմնայի, ամեն անգամ կացինը ձեռքիդ փետ կտրելով ապրե՞լ կլինի, դրանով խոխա չեն պահի, կամ երկու անասուն պահելով հո չի՞: Ես ամեն օր գալիս եմ Շուռնուխ, հողամաս եմ մշակում , սիրում ու հարգում եմ ժողովրդին, ու էդ սերը փոխադարձ ա:
-Երկրի վաղվա օրն ինչպե՞ս ես տեսնում:
-Շատ շուտ ա դրա մասին խոսելը, թող մի քնենք, զարթնենք, տեսնենք գլխներիս ինչ ա գալիս, խառը վիճակ ա: Համակարգիչը բացում ես, ամեն մեկն իր խոսքն ու կարծիքը տեղադրում ա, աշխարհից կտրված ենք, բայց աշխարհի անցուդարձից հո տեղյակ ենք: Էս ինտերնետում ճիշտն ու սխալը խառնված են իրար, նյարդերս հերիք չի անում:
Ես նոր իշխանությունից առայժմ մի բան եմ տեսնում, որ ժողովրդի դուխն ու հավատը վերականգնեցին, մնացածն էլ կարող ա ժամանակին լինի, ժողովուրդը միշտ սպասել ու հավատացել ա, բայց հետո համոզվել ա, որ էլի խաբված ա: ՈՒզում եմ, որ էլ առաջվանը չլինի, որ մեր գյուղերը չդատարկվեն, գյուղացու համար ստեղծվեն էն պայմանները, որ սաղ տարին չարչարվելուց հետո չասի՝ էս կյանք չի, որ ապրում ենք: Կարևորն էն ա, որ հայկական ընտանիքներն ամուր մնան, էրեխեքը ապրեն անհոգ, լավ մարդ ու մասնագետ դառնան մեր երկրի համար: Մեր երեխեքը լավն են, մենք մեր կյանքով օրինակ ենք ծառայում իրանց, բայց արի ու տես, որ գալիս հարամում են գյուղի կյանքը, մեր գյուղում ընենց բան չպիտի լիներ, որ էղավ, թող շուն ըլներ, նման այլասերվածություն չլներ, գիտեք, ինչի մասին եմ ասում:
-Անկեղծ ասած, չէի ցանկանա անդրադառնալ Շուռնուխում տեղի ունեցած միջադեպին, սակայն որպես ականատես, ի՞նչ կասեք այդ մասին:
-Դե, օգոստոսի սկզբին մի խումբ երիտասարդներ մեր գյուղում իրանց լավ չպահեցին, չեմ ուզում մանրամասնել, բոլորն էլ գիտեն, բա ի՞նչ էին ուզում, լռեի՞նք, որ իրանք ինչ ուզեն անե՞ն, մեր երեխեքին իրանց այլանդակություններով շեղե՞ն: Չէի ուզենա, որ Շուռնուխը դրանով հիշատակվեր: Մեր գյուղը հայտնի է իր պաշտպանության հզորությամբ, մենք գեներալներ ենք ունեցել, օրինակ Մհոջի Վխտանն ու էլի շատերը, էսօր համացանցում Շուռնուխի պաշտպանական ջոկատի նկարն ա դրված: Տարիներ շարունակ լավ ու հանգիստ ապրել ենք, ու մեկ էլ էս երևույթը, մեզ սազական չի, ախր: Ի՞նչ ա նշանակում զոռով գան խլեն քո պապենական դաստիարակությունը, քո բարոյական իրավունքը, ախր մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ինչի՞ են ուզում պղտորել: Ինչ ուզում են անեն, գլուխները քարը, գյուղի մեջ գոնե չանեն: Դիմել ենք նաև վարչապետին, խնդրել ենք հայ օջախի հիմքերը քանդող ցանկացած քայլի դիմաց խիստ օրենք ընդունի: Հարցնում ես` վաղվա օրը ո՞նց ես պատկերացնում, սա եմ սպասում պետությունից, թող երկիրը մաքրի, զտի անբարոյական քայլերից, դա կլինի կարգին գործ:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6171

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ