Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թիրախը ոչ այնքան հարավկովկասյան հանրապետություններն են, որքան Իրանը և Ռուսաստանը

Թիրախը ոչ այնքան հարավկովկասյան հանրապետություններն են, որքան Իրանը և Ռուսաստանը
28.06.2019 | 01:42

Հունիսի 20-ին Թբիլիսիում ծայրահեղական անձանց և, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից շատ արագ կազմակերպված (կարծես նախապես գիտեին ինչ է լինելու և նախապատրաստվել էին) հակառուսական և հակակառավարական ուղղվածության բողոքի զանգվածային միջոցառումները, ինչպես արդեն հայտնի է, արագորեն վերածվել են զանգվածային անկարգությունների։


Ցույցի մասնակիցները հանդես են եկել Վրաստանի «ռուսական օկուպացիայի» դեմ, պահանջել խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, պետանվտանգության ծառայության ղեկավարի և ներքին գործերի նախարարի հրաժարականները, իսկ երբ նշված հրաժարականների նրանց պահանջներն անհապաղ չեն կատարվել (ինչը, նկատենք, տրամաբանական չէր), մոտ մեկ ժամ հետո փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը և ներխուժել խորհրդարանի շենք, ինչը ոմանց հաջողվել է։
Անհապաղ հրաժարականների պահանջը հուշում է, որ բողոքող զանգվածին ուղղորդողների նպատակը ոչ այնքան հիշյալ պաշտոնյաների հրաժարականին հասնելն էր, այլ խորհրդարանի շենքը գրավելը և Թբիլիսիում իրավիճակն առավելագույն լարելը։


Կատարվածի առիթը Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին ՈՒղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ ու վեհաժողովի ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր (կոմունիստական կուսակցությունից) Սերգեյ Գավրիլովին տեղ տալն էր, նրա նստելն այդ աթոռին և ռուսերենով իր ելույթը սկսելը, ինչից հետո ընդդիմության՝ «Եվրոպական Վրաստանի» և «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները վերոնշյալը համարելով անհանդուրժելի, պոռթկացել են, հանքային ջրի շիշ է նետվել պատվիրակության անդամներից նույնիսկ մի էստոնացու վրա, որին սխալմամբ կարծել են, թե ռուս է։ Դրանից հետո վեհաժողովի նիստը, որը Գավրիլովի ելույթով դեռ նոր-նոր բացվել էր, հարկադրաբար ընդհատվել է, ռուսական պատվիրակության ղեկավարն անվտանգության ծառայողների ուղեկցությամբ լքել է խորհրդարանը, իսկ կարճ ժամանակ անց Վրաստանից հեռացել է Ռուսաստանի ամբողջ պատվիրակությունը։
Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն և վարչապետ Մամուկա Բախտաձեն ներողություն են խնդրել այն բանի համար, որ «օկուպանտ երկրի» ներկայացուցչին տեղ է տրվել խորհրդարանի նախագահի աթոռին։


Ընդգծենք, որ մինչ հիշյալ միջադեպը, վրացական կողմը երաշխիք է տված եղել ՈՒղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր անդամների անվտանգության համար: Տեղի ունեցածը, վերջին հաշվով, մեծ խայտառակություն է Վրաստանի համար ու լրջորեն սասանում է նրա միջազգային վարկանիշը (բացառությամբ ԱՄՆ-ի ու նրա վասալ պետությունների), համենայն դեպս, սասանում է վարկանիշը քրիստոնեական աշխարհում և, հատկապես, ուղղահավատ քրիստոնյաների շրջանում, քանի որ ատելություն և անհանդուրժողականություն է դրսևորվել Վրաստանի հյուրընկալած ոչ թե ինչ-որ քաղաքական կամ այլ խնդրով վեհաժողովի, համաժողովի պատվիրակության, այլ հենց Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի հանդեպ։
«Վրաստանի խորհրդարանը 2 տարի շարունակ մեզ առաջարկում էր ՈՒղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը Վրաստանում անցկացնել և, վերջապես, մենք գնացինք,- այս մասին, «Aliq.ge»-ի փոխանցմամբ, հայտարարել է վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:


Գավրիլովն ասել է նաև. «Վեհաժողովի բացման ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանի հյուրասիրության և միջոցառման լավ կազմակերպման համար: Հունիսի 20-ին մեզ հրավիրեցին խորհրդարանի շենք: Վրացական կողմն առաջարկեց զբաղեցնել խորհրդարանի խոսնակի տեղը: Տանտերերը որտեղ հրավիրում են, այնտեղ էլ զբաղեցնում եմ տեղը»։
Տեղի ունեցածը, ամենայն հավանականությամբ, եղել է հստակ հակառուսական և աշխարհաքաղաքական նպատակաուղղվածությամբ սադրանք։ Թերևս այս մասին է հուշում նաև այն, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանը թշնամի է անվանել ու հայտարարել, որ Մոսկվան շահագրգիռ է երկրի հասարակության պառակտմամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես արդեն հայտնի է, հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելել է հուլիսի 8-ից փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից դեպի Վրաստան: Նա նաև կարգադրել է կառավարությանը՝ ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսների վերադարձը: ՌԴ նախագահը, բացի վերոնշյալից, զբոսաշրջային օպերատորներին հորդորել է արգելքի ժամանակաընթացքում Ռուսաստանից Վրաստան ուղեգրեր չվաճառել: Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին վրացական Առաջին հեռուստաալիքի եթերում Պուտինի հիշյալ հրամանագրի հետևանքների առնչությամբ ասել է, որ Վրաստանի վնասները կարող են հասնել մինչև 2,1 մլրդ լարիի կամ 750 000 ԱՄՆ դոլարի։


Ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովի ելույթն ընդհատելուց հետո ինչպե՞ս է հաջողվել Թբիլիսիում այդքան կարճ ժամանակաընթացքում բազմահազար մարդկանց հավաքել խորհրդարանի մոտ, իրականում ովքե՞ր են այդ մարդիկ, և ո՞րն է նրանց հիմնական նպատակը:
«Նախ, Վրաստանը, որպես այդ միջոցառման կազմակերպիչ, 2 տարի նախանձախնդիր կերպով փորձել է այնպես անել, որ վեհաժողովը տեղի ունենա Թբիլիսիում,- տողերիս հեղինակի հետ զրույցում ասաց ռազմական վերլուծաբան ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:- Երկրորդ. այդ վեհաժողովի ղեկավարին՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Գավրիլովին, Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին հրավիրելու և նիստը վարելու առաջարկն արել են վրաց պատգամավորները։ Այն, որ բողոքի միջոցառումը վաղօրոք կազմակերպված էր, ակնհայտ է, որովհետև վրաց պատգամավորները նախօրոք կազմակերպված՝ ներսից, և հիմնականում Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կազմակերպությունները՝ դրսից, արդեն իսկ պատրաստ էին խորհրդարանի ներսում տեղի ունեցող իրադարձությունները տանելու դեպի փողոց։ Հակառուսականությունը պլանավորված էր, մշակված էր, իսկ զարգացումների գագաթնակետը եղավ այն, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանը հայտարարեց որպես օկուպանտ ու Վրաստանին թշնամի երկիր:


Թբիլիսիում բողոքի զանգվածային միջոցառման նպատակը Վրաստանում հակառուսականության ալիք առաջացնելն էր ժողովրդի մոտ, իսկ վրացական կողմի հրավերով Գավրիլովի նստելը խորհրդարանի նախագահի աթոռին հետագա իրադարձությունների ոչ թե պատճառն էր, այլ առիթը։ Բուն պատճառն աշխարհաքաղաքական է, իսկ աշխարհաքաղաքական է այն առումով, որ Հարավային Կովկասում Արևմուտքը՝ ի դեմս Միացյալ Նահանգների, վարում է մի քաղաքականություն, որ հարավկովկասյան երեք հանրապետություններում հակառուսականությունը լինի արտաքին քաղաքական վեկտոր և գերիշխող դառնա, այսինքն՝ հարավային ուղղությամբ Ռուսաստանն ունենա երեք թշնամի պետություններ՝ ի դեմս Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի»։
Վլադիմիր Պուտինը, ըստ Հայկ Նահապետյանի, իրականում սանկցիաներ չի կիրառել Վրաստանի նկատմամբ, այլ Վրաստանում գտնվող իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար նրանց հորդորել է լքել այդ երկրի տարածքը։ Նրա հավաստմամբ, ա՛յն, որ այդ օրերին Վրաստանում ռուսական անձնագրերով քաղաքացիների նկատմամբ, ամենայն հավանականությամբ, կարող էին բռնություններ կիրառվել, հուշում է դրա առաջին ազդակը տված Վրաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը, որը խորհրդարանից Գավրիլովի հեռացումից հետո ասաց՝ ես սպանել եմ ռուսներին Աբխազիայում, կսպանենք նաև այստեղ։ Եվ դա հնչեց օրենսդիր մարմնից, պատգամավորի կողմից, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղղակի սպառնալիք Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ։
Իսկ Վրաստանում հերթական անգամ հակառուսականության ալիքի առաջացումն ինչու՞ կազմակերպվեց:


«Դա ուղղակիորեն գտնվում է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական այն հակամարտության համատեքստում, որով Ռուսաստանն իր դաշնակից պետությունների հետ փորձում է ստեղծել առայժմ աշխարհում միակ գերտերությանը՝ ԱՄՆ-ին հակակշիռ երկրորդ բևեռը,- շարունակելով իր խոսքը, ասաց ռազմական վերլուծաբանը:- Վրաստանում տեղի ունեցածն ուղղակիորեն կապված է Միացյալ Նահանգների նաև այլ ծրագրերի հետ, ԱՄՆ-ը միաժամանակ գործնական փուլ է մտցրել Հարավային Կովկասի երեք հանրապետություններում ներքաղաքական լուրջ լարումներ առաջացնելու ծրագրերը։ Դրա դրսևորումը կա նաև Հայաստանի Հանրապետությունում։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ևս Ռուսաստանի Դաշնությունն անվանեց օկուպանտ երկիր՝ նկատի ունենալով այն, որ, ըստ իր գնահատման, Ռուսաստանը ժամանակին օկուպացրել է Հյուսիսային Օսիան, Աբխազիան, իսկ 2008 թվականին նաև՝ Հարավային Օսիան, մինչդեռ Վրաստանի վարած իմպերիալիստական քաղաքականության պատճառով այդ երկրների ժողովուրդների, այդ թվում նաև՝ Ռուսաստանի քաղաքացիների, ֆիզիկական գոյության ուղղակի սպառնալիք էր առաջացել։


Թերևս բոլորն են հիշում Սաակաշվիլու զինված ուժերի ագրեսիան Հյուսիսային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ. ներխուժեցին Ցխինվալ, խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ, սպանություններ կատարեցին, և միայն Հարավային Օսիայում ՌԴ զինված ուժերի ներկայությունն այդ ժողովրդին ուղղակիորեն փրկեց ցեղասպանությունից»։
Հետաքրքիր է, թե Վրաստանի իշխանություններն ինչպես են արձագանքել Վլադիմիր Պուտինի հայտնի հրամանագրին։ Ըստ Հայկ Նահապետյանի, նույնիսկ զավեշտի հասնող կեցվածք է դրսևորել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, երբ ասել է, որ Ռուսաստանի զբոսաշրջիկները պետք է լինեն Վրաստանում։ Նրա ասածում կա որոշակի պարտադրանք, որը մի կողմից ծիծաղ ու ժպիտ, բայց մյուս կողմից նաև զայրույթ է առաջացնում, երբ մի երկրի ղեկավարը մյուս երկրի քաղաքացիների վերաբերյալ որոշակի պարտադրանք պարունակող մտքեր է արտահայտում։


Թերևս ավելի հետաքրքիր ու կարևոր է, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի արձագանքը, վերաբերմունքը, դիրքորոշումը Վրաստանում տեղի ունեցածի ու դրանից բխող հնարավոր զարգացումների նկատմամբ։
«Հայաստանի ամենաբարձր ատյաններում գտնվող անձինք գործնականում կրկին արտահայտում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարիդրացիական, ոչ դաշնակցային վերաբերմունք, իսկ հրապարակային դաշտում ասում են, որ իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ փայլուն են,- ասաց վերլուծաբանը:- Հիշենք, թեկուզ, օրերս Եվրախորհրդում Ռուսաստանի անդամակցության վերականգնման քվեարկությունը, երբ Հայաստանի պատվիրակության չորս անդամից երկուսը՝ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը, կողմ էին քվեարկել, որպեսզի Ռուսաստանն այդ եվրոպական կառույցում վերականգնի իր ներկայությունը՝ անդամակցության ձևով, երրորդ պատգամավորը՝ Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը, չէր քվեարկել, իսկ չորրորդ պատգամավորը՝ դարձյալ նույն խմբակցության անդամ, հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, դեմ էր քվեարկել։ Թեև նույն Ռուբինյանը հետո ասաց, որ իր քվեարկությունը սխալմունք է եղել, ինքը ցանկացել է դեմ չքվեարկել, այդպես ստացվել է տեխնիկական պատճառով, բայց, իհարկե, դա պարզունակ արդարացում է։ Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների մի մասը հստակ գործնական քայլերով փորձում է սեպ խրել հայ և ռուս ժողովուրդների, Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների միջև»։


Անդրադառնալով այն հարցին, թե Վրաստանի տնտեսության վրա ինչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի նախագահի հիշյալ հրամանագիրը, Հայկ Նահապետյանն ասաց.
«Եթե հաշվի առնենք, որ Վրաստանի բյուջեի ահռելի մասը գոյանում է զբոսաշրջային բիզնեսից, և զբոսաշրջային բիզնեսի առյուծի բաժինը ձևավորվում է Ռուսաստանից եկածների թողած գումարներով, կարելի է գնահատել, որ Վրաստանի բյուջեն մոտակա ամիսներին բավական լուրջ ճեղքվածքներ ու խնդիրներ է ունենալու, որը Վրաստանի իշխանությունները որևէ ձևով չեն կարող փակել։ Եթե հարաբերություններն էլ ավելի սրվեն և Ռուսաստանը հարկադրված լինի խոչընդոտներ ստեղծել վրացական գինիների և «Բորժոմի» հանքային ջրի սպառման համար, կամ սահմանափակի, նույնիսկ ընդհանրապես արգելի վրացական գինիների և «Բորժոմի» հանքային ջրի մուտքը ռուսական շուկա, ապա Վրաստանին բավական ծանր օրեր կսպասեն:


Դեռ չեմ խոսում այն վիճակի մասին, որ Վրաստանում կառաջանա, եթե Ռուսաստանի իշխանությունները որոշեն վռնդել Վրաստանի` իրենց երկրում անօրինականորեն գտնվող և աշխատող քաղաքացիներին։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի բյուջեի մի մասը լրացվում է այն տրանսֆերների հաշվին, որոնք հիմնականում գալիս են Ռուսաստանում աշխատող հայրենակիցներից։ Հետևաբար հարց է առաջանում՝ արդյոք պատահակա՞ն է, որ Վրաստանի իշխանություններն այսօր գնում են քայլերի, որոնք ուղղակիորեն, առաջին հերթին, տնտեսական առումով իրենց շահերին բավական ուժեղ հարվածում են, և գիտակցելով դա, իրենք, այնուամենայնիվ գնում են այդ քայլերին։ Այդ դեպքում ավելի բարձր գի՞ն են խոստացել, Վրաստանին իշխանություններին։ Ըստ իս, Վրաստանն ամբողջությամբ Միացյալ Նահանգների ու նրա վասալ Եվրամիության անդամ երկրների ուղղակի արտաքին կառավարման ներքո է։ Եթե ասվում է, որ պետք է արվի այսպես, նույնիսկ եթե այդ ամենը հարվածում է Վրաստանի ազգային-պետական շահերին, նրանք, որպես կամակատարներ արտաքին կառավարման ինստիտուտների և երկրների, ստիպված կատարում են։
Այս տարածաշրջանում Միացյալ Նահանգները սպասարկում է իր շահերը, և թիրախը ոչ այնքան հարավկովկասյան հանրապետություններն են, որքան Իրանը և Ռուսաստանը։ Խնդիրը նաև Իրանը Ռուսաստանին կապող բոլոր ճանապարհները կտրելն է, մասնավորապես՝ Վրաստանով և Հայաստանով։


Շատերը գիտեն, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ուժերն օրերս խփեցին իրենց երկրի օդային տարածք ներխուժած ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքը, բայց, թերևս, քչերին է հայտնի, որ այդ սարքի հետ, նրան շատ մոտ թռչում էր նաև 35-հոգանոց անձնակազմով Պենտագոնի մի ինքնաթիռ։ Եթե ԻՀՊԿ ՀՕՊ ուժերը հարվածեին նաև այդ ինքնաթիռին, ապա ԱՄՆ-ը, իր դաշնակիցների հետ, ամենայն հավանականությամբ, հարվածելու էր Իրանին։ Սակայն, Իրանի ղեկավարությունը, կարծում եմ, խոհեմ գտնվեց՝ հասկանալով, որ այդ 35 հոգին իրականում Իրանի դեմ ագրեսիայի համար զոհասեղանին դրված, այսպես ասած, սրբազան զոհեր են, ուստի Իրանից չհարվածեցին այդ ինքնաթիռին, ինչն ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, շատ էր ուզում»։


Վերլուծաբանի հավաստմամբ, Վրաստանում այդ լարումների ստեղծումը և Հայաստանում բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց հակառուսական կեցվածքն իրականում ունեն նաև այն նպատակը, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով, ցամաքային ճանապարհով, կտրվի Հայաստանից, ապա նաև Իրանից, որի շահերն աշխարհաքաղաքական ներկայիս դասավորումներում ուղղակի համընկնում են Ռուսաստանի, ինչպես նաև նրա դաշնակից Չինաստանի ու Հնդկաստանի շահերի հետ։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ