ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ այցելության ընթացքում ծանոթացավ զբոսաշրջության զարգացման ենթակառուցվածքներին: Հուլիսի 31-ին Ֆեյսբուքի ուղիղ եթերում վարչապետը գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ շրջայց կատարեց Կալավանում, այցելելով հյուրատներ և ծանոթանալով զբոսաշրջիկների համար նախատեսված պայմաններին:
«Մենք հիմա գտնվում ենք Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում: Այսօր մենք որոշեցինք այցելել Կալավան, որովհետև կարծում եմ, որ Կալավանն այն գյուղերից է, որը նոր Հայաստանի համար ինչ-որ գաղափարական նշանակություն ունի: Ես անընդհատ խոսում եմ անհատական ջանքի մասին, սա այն օրինակն է, որտեղ կարելի է խոսել, որ անհատական ջանքն առնվազն իմաստ ունի»,- նշեց Փաշինյանը: Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի հետ զրույցում նշեց, որ իրենք զբոսաշրջիկների պակաս չունեն, գյուղում առաջին հյուրատունը բացվել է 2013թ.: Կալավանի բնակիչը Նիկոլ Փաշինյանին պատմեց ծրագրերի մասին: