Որպեսզի հասկանանք կառավարության այսօրվա և վաղվա գործողությունները, պետք է հասկանանք նրա ծագումնաբանությունը: Մեկուկես տարի առաջ 70 տոկոս քվե ստացած ուժը ձևավորվեց ընդդեմ գործող համակարգի գաղափարի շուրջը հավաքված մարդկանցից, որոշ դեպքերում` նաև հին համակարգի ներկայացուցիչներից»,- «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ ՀԱՅԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
-Գործող օլիգարխիկ քաղաքական համակարգը քանդելուց հետո այլընտրանքային համակարգի տեսլական ունեի՞ն իշխանությունները, կարճ ժամանակ անց պարզվեց՝ չունեն,- ասաց պարոն Սահակյանը։- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ իրենք դեմ են «իզմ»-երին, այսինքն՝ քաղաքական հստակ գաղափարախոսություն, դրանից բխող արժեքներ, սկզբունքներ չունեն, ու, որպես հիմնական և արդյունավետ քաղաքական գործիք, ընտրեց պոպուլիզմը: Քաղաքական արժեքներից ու սկզբունքներից զերծ, ժողովրդահաճո օրակարգով ու այսրոպեական խնդիրներով ծանրաբեռնված էլ շարունակում է գործել մեր կառավարությունը: Ինչ վերաբերում է պաշտոնանկություններին, դրանք շուտով սովորական բնույթ են կրելու, քանի որ այսպիսի հեղհեղուկ իրավիճակում, քանի դեռ որոշակի բյուրեղացում չի նկատվել կառավարության գործելաոճում, ու հստակ օրակարգեր չեն ձևավորվել, պաշտոնյաների համար դժվար է լինելու գործել ու չսխալվել:
-Եթե գնահատելու լինենք իշխող ուժի քայլերն ու գործելաոճը, պետության կառավարման ղեկը ստանձնածներն ինչքանո՞վ ու ինչպե՞ս են կարողացել արդարացնել մարդկանց սպասումները:
-Մեկ դրվագով փորձեմ ցույց տալ, թե ինչպիսին էին մարդկանց սպասումները հետհեղափոխական Հայաստանից ու ինչ վիճակում են այժմ: Դեռևս նախորդ համակարգի շրջանում վստահություն կար, որ բոլոր հանցագործությունները, բոլոր անարդարությունները, որ կատարվում էին քաղաքացիների և պետության նկատմամբ, ֆիքսվում, պահվում են ապահով վայրում, ու իշխանության փոխվելուց հետո համապատասխան կամք կդրսևորվի, ամեն ինչ ջրի երես դուրս կգա: Պարզվեց՝ սխալվում էինք, քանի որ հեղափոխությունից հետո կորավ, գողացան կամ ոչնչացվեց ԱԱԾ արխիվը: Հետո, իհարկե, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ իրենց հաջողվել է վերականգնել արխիվի՝ Մարտի 1-ին վերաբերող գործերը: Խոր հիասթափություն ապրեցինք՝ իմանալով, որ կոմպրոմատների, փաստագրված հանցագործությունների տրցակն այլևս չկա կամ հասանելի չէ ՀՀ քաղաքացիներին, ու արդարադատություն, այնուամենայնիվ, տեղի չի ունենա այն տեսքով, որ մենք էինք պատկերացնում: Իսկ մինչ այդ կառավարությունն արդեն հասցրել էր ձախողել անցումային արդարադատության իրականացումը Հայաստանում: Բայց դրա իրականացման արդյունքում օլիգարխիան վերջապես կտարանջատվեր քաղաքականությունից, քաղաքացիներին կվերադարձվեր թալանածն ու գողոնը՝ ամբողջ ծավալով:
-Փաստորեն, կեպիի վրա՞ «դուխով» էլ մնաց։
-«Դուխովի» ժամանակներն անցել են, այլ կերպ ասած, կառավարությունը «դուխով» քայլեր կարող էր թույլ տալ անցումային շրջանում՝ հիմք դնելով քաղաքական, իրավական և տնտեսական իրական հեղափոխության, ինչը, սակայն, չարեց:
-Անզեն աչքով էլ նկատելի է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ բազմերանգ խորհրդարանում իսկապես օրենսդրական գործունեություն ծավալողներին, օրենքներ գրողներին ու մշակողներին մատների վրա կարելի է հաշվել: Վերջապես ե՞րբ կհաջողվի ունենալ այնպիսի խորհրդարան, որտեղ մանդատ ստացածները կհասկանան՝ ուր են եկել և ինչի համար:
-Հանրության պատկերացումներին համապատասխան խորհրդարան ունենալու համար նախ պետք է ձևավորված քաղաքական կուսակցություններ ունենալ, իսկ նման կուսակցություններ ունենալու համար քաղաքական համակարգի տրամաբանությունն է պետք փոխել, որպեսզի մարդ-կուսակցությունները կամ մեկ մարդու քաղաքական-տնտեսական կարիքները հոգացող շահերի խումբը կուսակցություն չկոչվի, ընտրություններին մասնակցելու հնարավորություն էլ չունենա: Քաղաքացու շահերը սպասարկող Ազգային ժողով չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ համանման կուսակցություններ չունենք:
-Կառավարությունը, առանց գնում հայտարարելու, վարչապետի մտքերը տարածող պաստառի համար մոտ 100 հազար դոլար է ծախսել։ Նման պաստառ ունենալը խիստ անհրաժեշտությու՞ն էր։ Եթե անգամ ենթադրենք, որ արդարացված ծախս է արվել, ապա ինչո՞ւ է այն իրագործվել առանց մրցույթ հայտարարելու։
-Բազմաշերտ հարց է, ու ակնհայտ է հետընթաց հեղափոխության արժեքներից: Նախ՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ձևակերպումն ինքնին հետընթաց է, քանի որ ամբողջությամբ ՀՀԿ-ի տրամաբանությանն ու արժեհամակարգին բնորոշ հայտարարություն է, որտեղ խոսք չկա Հայաստան պետության, պետականության, ինքնիշխանության, իրավական ու սոցիալական պետության մասին, ինչը կառուցելուն էր միտված հեղափոխությունը: Փոխարենը լղոզված ինչ-որ ձևակերպում ենք տեսնում, որ «օջախի» տրամաբանության մեջ պետական հարցերը կարելի է «տնավարի» լուծել: Եթե Նիկոլ Փաշինյանը փորձում է դրանով նոր շունչ, նոր որակ հաղորդել «Հայաստան», «օջախ», «ընտանիք», «ժողովուրդ» եզրույթներին առանձին-առանձին, ապա լավագույն տարբերակը չի ընտրվել. այս տեսքով «մեսիջը» մեզ ծանոթ է ու մերժելի: Ինչ վերաբերում է մոտ 100000 ԱՄՆ դոլարն առանց մրցույթի վարչապետի գիրքը հրատարակած ընկերությանը տալուն, ապա այդ մասով քաղաքացիները հստակ հարցադրում են արել և սպառիչ պատասխան չեն ստացել: Մարդկանց ողջամիտ կասկածը՝ կոռուպցիոն ռիսկի մասով, չի փարատվել, որովհետև «օրենքի տառին համապատասխան» եզրույթին հղում անելը շատ կասկածելի է:
-Այս օրերին քննարկվում է «Ընտրական օրենսգրքում» և «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող փաստաթուղթը։ Իշխանությունները բավարար կամք կունենա՞ն ընդունելու այնպիսի ԸՕ, որ միայն օրվա իշխանությունների շահերից չբխի։
-Հուսալով, որ իշխող ուժը խորությամբ գիտակցում է այս օրենքի կարևորությունը՝ քաղաքական համակարգի տրամաբանությունը փոխելու առումով, այնուամենայնիվ, թերահավատ եմ: Կարծում եմ՝ կունենանք այսրոպեական խնդիր լուծող մի օրենք, որը հաջորդ գումարման ԱԺ-ն դարձյալ կվերանայի: Նախկին դառը փորձը՝ խորքային ու հիմնարար փոփոխությունները մակերեսային լուծումներով լրացնելու արատավոր պրակտիկան, ցավոք, չի զիջել իր դիրքերը:
-«Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններից մեկը նախատեսում է բացահայտել քաղաքական ուժի ֆինանսավորման աղբյուրները։ Այս կետի հետ հա՞շտ եք:
-Խիստ կարևոր, բայց ոչ բավարար պայման է: Այո, ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը մեզ հնարավորություն կտա պատկերացում կազմելու տվյալ կուսակցության իրական պատկանելության մասին, այն հնարավորություն կտա հավասար նախընտրական պայքար մղելու, ուստի ես կարևորում եմ այդ դրույթի ներմուծումը:
- Տեսակետ կա, թե վերոնշյալ երկու օրենսդրական կարգավորումներից առաջ պետք էր սահմանադրական բարեփոխումներ իրականացնել և «կառքը ձիուց առաջ չդնել»։ Համակարծի՞ք եք։
-Այն, որ սկզբում պետք էր սահմանադրական բարեփոխումներ կատարել և, ի վերջո, ունենալ գործող, լեգիտիմ Սահմանադրություն, միանշանակ է: Նաև այդ պատճառով եմ պնդում, որ «Կուսակցությունների մասին» օրենքը հաջորդ գումարման ԱԺ-ում վերանայվելու ու համապատասխանեցվելու է նոր, լեգիտիմ Սահմանադրությանը: Ամբողջովին նոր Մայր օրենքի առկայությունը միայն հնարավորություն կտա ձևավորելու փոխադարձ զսպումների վրա հիմնված, քաղաքացիների շահերը սպասարկող օրենսդիր, գործադիր ու դատական համակարգեր: Կկայանան պետական ինստիտուտները, իսկ ինքնիշխանության իրացումը մեզ համար ոչ թե հպարտության առարկա կլինի, այլ սովորական առօրյա:
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ