«Իրատեսի» զրուցակիցն է իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ:
-Հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը զուգահեռ Ադրբեջանի տարբեր համայնքներում «պատերազմ մինչև վերջ» ու նմանատիպ այլ վանկարկումներով ցույցեր էին տեղի ունենում: Այդ հավաքների ժամանակ նաև հակաիրանական ու հակառուսական հայտարարություններ են հնչել: Եթե ցույցերը շարունակական լինեին, նման հայտարարությունները մինչև ու՞ր կարող էին հասնել:
-Իհարկե դժվար է «եթե»-ներով գնահատական տալ, բայց կարելի է փաստել, որ ցույցերի ժամանակ այնպիսի իրողությունների ականատեսը եղանք, որ հետևանք են տասնամյակների հետևողական պետական քարոզչության։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում տարիներ շարունակ տարբեր միջոցներով հակաիրանական ու պանթյուրքական գաղափարախոսության թաքուն քարոզ է տարվել: Խրախուսվել են հակառուսականությունն ու հայատյացությունը, և, ըստ էության, Ձեր նշած ցույցերի կամ հասարակական պոռթկման ժամանակ հնչած ոչ մի լոզունգ նորություն չէր: Ցույցերի ժամանակ նաև շիա-իսլամական գաղափարախոսությունն արտացոլող լոզունգներ են հնչել, ինչից հետո, փաստորեն, ձերբակալություններ են եղել: Բայց դրանց ու դրանց պատճառների մասին ցույցերից մի քանի օր հետո միայն հայտնի դարձավ, այն էլ ոչ թե պաշտոնական հաղորդագրություններից կամ ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքներից, այլ ձերբակալված անձանց հարազատների ու փաստաբանների պատմածներից։
-Առհասարակ ինչպե՞ս կբնութագրեք այդ ցույցերը. ինքնաբու՞խ էին դրանք:
- Դրանք ինքնաբուխ անվանելը, անշուշտ, սխալ կլինի, բայց պետք է նշենք, որ դրանք ղեկավարման կենտրոններ չեն ունեցել։ Կարևոր է չմոռանալ, որ սահմանային լարվածության առաջին իսկ օրվանից Ադրբեջանի ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից շատերը, թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանից դուրս, համացանցային տարբեր հարթակների միջոցով մարդկանց կոչ էին անում դուրս գալ փողոց, իրենց «աջակցությունը» հայտնել երկրի գերագույն գլխավոր հրամանատարին և պահանջել «Ղարաբաղի ազատագրումը»։ Ամենևին պատահական չէր Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևի ձերբակալությունն ու նրան «պետական դավաճանության» ու «պետության դեմ սադրանքի» մեջ մեղադրելը։ Այսինքն՝ տեղի ունեցածը հրահրված էր հակաալիևյան ուժերի կողմից, հետևանք՝ առաջնագծում ունեցած մարդկային կորուստների, ինչպես նաև իշխանությունների՝ իրավիճակին համապատասխան գործել չկարողանալու և հանրային շիկացած մթնոլորտի պարտադրած խաղի կանոններին ենթարկվելու։ Ես հակված չեմ կարծելու, որ դրա կազմակերպման մեջ անգամ ամենաչնչին մասնակցություն կարող են ունեցած լինել ադրբեջանական իշխանությունները, քանի որ դրան նախորդած օրերի ընթացքում բազմաթիվ են եղել իշխանության ներկայացուցիչների, մերձիշխանական հանրային գործիչների, նախկին զինվորականների կոչերը, որ ադրբեջանական բանակն ի վիճակի է կատարելու իր առաջ դրված խնդիրները, հետևաբար մարդկանց փողոց դուրս գալը կամ առաջնագիծ մեկնելը չի բխում պետության ու բանակի շահերից։
-Հակաիրանականության և հակառուսականության մասին հայտարարություններ նաև Թուրքիայից են հնչել:
-Թուրքիան Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության հենց առաջին օրվանից է ակտիվ եղել, հնչել են հակահայկական բովանդակությամբ հայտարարություններ ամենաբարձր պետական մակարդակով: Պատահական չեմ համարում նաև այն հանգամանքը, որ էրդողանական քարոզչության հարթակներից «Ենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիրը Twitter-ի իր էջում սպառնացել է Հայաստանին, Իրանին, Ռուսաստանին և Արաբական Միացյալ Էմիրություններին։
-Թեև պաշտոնական Թեհրանը հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին համեմատաբար չեզոք հայտարարություններ է տարածել, բայց իրանական մամուլի տրամադրվածությունը, կարծես, հայամետ էր:
-Ադրբեջանական մամուլում այս օրերին հաճախ էին հանդիպում «Իրանական սադրանք», «Իրանի հերթական սադրանքը Ադրբեջանի դեմ» վերնագրերով հոդվածներ ու հրապարակումներ, որոնցում հատուկ շեշտվում էր այն հանգամանքը, որ իրանական տարբեր օրաթերթեր, հեռուստաալիքներ տավուշյան իրադարձությունները մեկնաբանում են հակաադրբեջանական սուր ձևակերպումներով ու հօգուտ հայկական կողմի: Եվ եթե հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին առաջին օրերին իրանական կողմը հղում էր անում պաշտոնական հաղորդագրություններին, ապա հետագա օրերին պատկերը էականորեն փոխվեց, ու հատկապես «Տելեգրամ» հավելվածի տարբեր ալիքներ սկսեցին ակնհայտ հայանպաստ ու հակաադրբեջանական բովանդակությամբ տեքստեր տարածել։
-Կարո՞ղ ենք ասել, որ մեր զինվորականների կողմից ԱԹՍ-ների խոցումը հարված էր նաև Իսրայելին:
-Այո, մեր բանակը հաջողություն գրանցեց ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի ու Իսրայելի դեմ աներևույթ պայքարում: Այսինքն՝ մերոնք ցույց տվեցին, որ թեզը, թե իսրայելական ԱԹՍ-ներն անխոցելի են, ուղղակի միֆ է: Հայ քաջարի մարտիկները հերթական անգամ ապացուցեցին նաև, որ Թուրքիայում «դաստիարակված» ադրբեջանցի զինվորականներն ամեն անգամ պարտության են մատնվելու ու հետ շպրտվելու:
-Ի՞նչ պետք է ավելացնենք կամ փոխենք Իրանի հետ աշխատանքներում թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով: Բարիդրացիական հարաբերությունները գուցե նոր մակարդակի վրա՞ պետք է դնել:
-Իրանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում Հայաստանի համար կարևոր է, և այդ կարևորությունը պահանջում է երկկողմ հարաբերությունների ավելի խորացման ու զարգացման ձգտել։
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ