«Իրատեսի» զրուցակիցն է իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ։
-Հումանիտար բեռների անվան տակ Իսրայելը, ըստ երևույթին, շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, փոխարենն ընդամենը վերջերս Հայաստանն Իսրայելում դեսպանատուն բացեց: Ի՞նչ ցուցիչ է սա մեզ համար:
-Միշտ էլ անհնար եմ համարել խորացնել Իսրայելի հետ հարաբերություններն այն պայմաներում, երբ այդ պետությունը մեր հանդեպ ակնհայտ թշնամական դիրքորոշում ունեցող երկրին՝ Ադրբեջանին, ամենատարբեր ձևերով օժանդակություն է ցուցաբերում: Լկտիություն ու անբարոյականություն է Իսրայելի կողմից հումանիտար օգնության անվան տակ այս օրերին Ադրբեջանին զենք-զինամթերք մատակարարելը: Ապրիլյան պատերազմի ժամանակ իսրայելական արտադրության ԱԹՍ-ների ղեկավարման ամբողջ գործընթացն իրականացնում էին հենց իսրայելցի օպերատորները: Դա ևս աններելի հանցանք է: Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում իսրայելա-իրանական մրցակցություն կամ հակամարտություն է: Իսրայելին պետք են հակաիրանական պլացդարմներ, որոնցից մեկը Ադրբեջանն է: Ենթադրելի է, որ մյուսն էլ աստիճանաբար Հայաստանը պետք է դառնար, ինչն ուղղակի հետևանքներ է ենթադրում: Բացի Հայաստանը ռազմական հավաքակայան դարձնելու ցանկությունից՝ պաշտոնական Թել Ավիվի մտադրություններից էր նաև զենքի վաճառքի լրացուցիչ շուկա ձեռք բերելը: Դա էլ իր հերթին լրացուցիչ լարումներ էր առաջացնելու մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ըստ էության, Իսրայելի համար հիմնականում այս երկու նպատակներն էին առաջնային, բայց, կրկնում եմ, Հայաստանը որևէ պարագայում չպետք է գործի մեկ այլ պետության խաղի կանոններով:
-Խաղաղություն հաստատվելուց հետո հայ-իսրայելական հարաբերությունները պե՞տք է վերանայվեն:
-Այն մակարդակը, որն առկա էր Հայաստան-Իսրայել հարաբերություններում մինչև Թել Ավիվում դեսպանության բացումը, երկուստեք լիովին բավարարում էր, և կարիք չկար լրացուցիչ քայլեր ձեռնարկելու, առավել ևս, հետագայում էլ պարզ դարձավ, որ այդ քայլերը որևէ արդյունավետություն չեն ունեցել։ Իսրայելցի վերլուծաբանները նշում են՝ Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները խորքային են, Ադրբեջանն Իսրայելի համար հակաիրանական պլացդարմ է, բայց մենք այդպիսի դեր ոչ մի պարագայում չենք կարող ստանձնել, քանի որ դա ամոթալի է առաջին հերթին մեր հասարակության, այնուհետև՝ պետության համար: Պատերազմն ապացուցում է՝ տարածաշրջանում Հայաստանը կարևորագույն պետություն է, և մեզ հետ պետք է խոսել բոլորովին այլ ծրագրերի ու նպատակների շուրջ։ Իրանը չափազանց դրական է գնահատել Իսրայելից ՀՀ դեսպանի հետկանչը: Պաշտոնական Թեհրանը դա լուրջ ապտակ էր որակել, իրանական մամուլն էլ ակտիվորեն տարածում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Իսրայելի մասով արած հայտարարությունը: Համադրելով բոլոր հայտարարություններն ու հրապարակումները՝ կարելի է ենթադրել, որ իրանցիները բավարարված են մեր գործողություններով։ Այդ գործողությունները, անշուշտ, արվել են ոչ թե որևէ կողմին բավարարելու համար, այլ, նախ և առաջ, մեր շահերից ելնելով:
-Իսրայելում դեսպանատուն ունենալու համախոհներն ասում էին, որ դա կօգնի այդ երկրում լոբբիստական աշխատանքներով զբաղվելուն, տեղի պատրիարքարանի աշխատանքներին օժանդակելուն և այլ հարցերում:
-Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Թել Ավիվում դեսպանություն ունենալու մեկնաբանություններից ոչինչ էլ չէր հասկացվում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում կամ ի՞նչ է ենթադրում դրա բացումը: Այդ մեկնաբանությունները, անշուշտ, ինձ էլ չեն բավարարում: Ինչ վերաբերում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանին, ապա նրանք առանց հավելյալ օժանդակության էլ հրաշալիորեն են իրականացնում իրենց առաքելությունը: Ընդհանրապես պետք է կարողանանք մի բան հաշվի առնել ու տարբերակել՝ այս իրավիճակում ինչպիսի՞ն է Իսրայելի ու շատ հրեաների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Կցանկանայի դրվատանքի խոսքեր ասել այն հրեա մտավորականների հասցեին, որոնք այսօր պաշտպանում են մեր դատը ու նույնպես զայրացած, անհանգստացած են Ադրբեջանի նման վարվելակերպով: Այդ խավի հետ, կարծում եմ, աշխատելու տեղ ունենք: Իսրայելի ներսում կամ Իսրայելից դուրս հրեաներ կան, որոնք անկեղծ զգացմունքներ ունեն հայ ժողովրդի, Հայաստանի հանդեպ, որոնց պետք է տարանջատենք՝ անկախ Իսրայելի վարած լկտի ու անբարոյական քաղաքականությունից:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ