Ադրբեջանի ղեկավար օղակներում թուրքական հետքի ամենաառաջին ու լուրջ վկայությունը Բաքվի կոտորածների ժամանակ ենք նկատում՝ 1990-ին, «Իրատեսի» հետ զրույցում նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆՆ ու ավելացնում՝ դրանից հետո երկու տարի անց Ադրբեջանում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացում, երբ Այազ Մութալիբովին գահընկեց անելուց հետո նախագահի պաշտոնն Աբուլֆազ Էլիչբեյը ստանձնեց, թուրքական հատուկ ծառայության ներկայացուցիչները ներգրավվեցին կառավարողների շարքերում՝ ապահովելու համար Թուրքիայի լոկալ ղեկավարի վերահսկողությունը:
«Արցախյան առաջին պատերազմին նույնպես Թուրքիան թեև լայնամասշտաբ մասնակցություն չի ունեցել, բայց «կրտսեր եղբորը» որոշակի սպառազինությամբ օժանդակել է,- ասում է Դեմոյանը:- Բացի այդ 150-ից ավելի գեներալներ, ու, առհասարակ, սպաներ մասնակցել են 1990-ականների ռազմական գործողություններին: Տվյալներ կան, որ Արցախյան առաջին պատերազմում նաև քուրդ զինյալներ են ներգրավված եղել: Եվ դեռ այն ժամանակ արդեն թուրքական կողմն անում էր ամենը՝ ներգրավվելու համար բանակցային գործընթացում: Դրա առաջին ու լուրջ ազդակները 1992-ին՝ Նախիջևանի դեպքերի ժամանակ են եղել, երբ հայկական կողմը Սադարակի հատվածում հակահարձակում էր իրականացրել, ու Թուրքայից բարձրաձայնել էին, թե իրենք կարող են միջամտել: Այդ հայտարարությանը, սակայն, հետևել էր պաշտոնական Մոսկվայի բավական ազդու պատասխանը, երբ ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովն ուղիղ տեսքստով հայատարարել էր՝ Թուրքայի ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտությանը Համաշխարհային երրորդ պատերազմի կարող է հանգեցնել:
-Բայց հիմա, փաստորեն, իրերի դասավորությունը փոխվել է 180 աստիճանով՝ պատերազմն ակնհայտորեն Թուրքիան է վարում, ավելին՝ փորձում բանակցային գործընթացի թելադրող կողմ դառնալ:
-Հիմա, իհարկե, թուրքերը բավական մեծ խաղադրույք են կատարել այս պատերազմի վրա ու փորձում են իրենց կշիռը, դերն ամրագրել տարածաշրջանում: Եվ դա անում են՝ հայտ ներկայացնելով Արցախյան բանակցային գործընթացում ուղղակիորեն ներգրավվելու ակնկալիքով, ինչը, բնականաբար, պետք է կասեցնել ու բացառել հնարավոր բոլոր միջոցներով: Թուրքիան արդեն իսկ բավական կարմիր գծեր է հատել: Դրանցից առաջինն այն է, որ պաշտոնական հռետորաբանության ամենաբարձր մակարդակում այդ երկրի առաջնորդներն առանց թաքցնելու, ուղղակիորեն հայտարարում են՝ իրենք մասնակից են Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի թեժացմանը: Այսինքն՝ Թուրքիան ոչ թե պատերազմի հանգուցալուծման շահագրգիռ կողմ է, այլ այն թեժացնող: Նույն այդ առաջնորդներն անվերապահ աջակցություն են հայտնում ագրեսիան սկսած կողմին, իսկ պատերազմը սկսած կողմին աջակցողը բանակցային գործընթացի մաս չի կարող լինել: Երկրորդ կարմիր գիծը պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցությունն է հնարավոր բոլոր օղակներով՝ օդուժ, ռազմական գործողությունների մշակում, համատեղ զորավարժություններ և այլն: Դա անգամ ադրբեջանցի գերիների վկայությունն է ապացուցում: Հետևաբար՝ Ռուսաստանը չպետք է թույլ տա, որ Թուրքիան Հարավային Կովկասում խաղացողի կարգավիճակ իրեն վերապահի:
-Կարո՞ղ ենք ենթադրել, որ Արցախում ընթացող պատերազմով Թուրքիան, նախ և առաջ, Ռուսաստանին ու Իրանին է «մեսիջ» հղում:
-Եթե հանկարծ Ադրբեջանին հաջողվի Իրանի հետ սահմանագծի ամբողջ երկայնքով ռազմակայաններ տեղադրել (այժմ խոսում ենք այդ սահմանի վերահսկողության մասին, բայց ռազմական գործողություները շարունակվում են, բնագծեր չկան), ապա Իրանը մտահոգվելու լուրջ բան ունի: Քանի դեռ այդ սահմանը հայկական ուժերի վերահսկողության տակ էր, ապահով էր, որևէ վտանգ չէր ներկայացնում, այժմ սակայն այդ վտանգը մեծանում է: Եթե նայենք Իրանի քարտեզը, կնկատենք՝ թե՛ արևմուտքից, թե՛ արևելքից ռազմական հենակետերով ու բազաներով է պատված: Մյուս կողմից՝ ադրբեջանական բանակն իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքերով է զինված, ու այս ամենը, ռազմական առումով, կարող է Իրանի լիակատար շրջափակմանը հանգեցնել: Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել, որ ավելի շուտ թշնամական, քան թե բարեկամական դիրքորոշում ունի Իրանի նկատմամբ, ինչն Իրանում շատ լավ են հասկանում: Ռուսաստանի պարագայում բանաձևումը շատ պարզ է՝ վերջին 200 տարվա ընթացքում այս տարածաշրջանը եղել է ցարական, այնուհետ խորհրդային ռազմավարական հետախուզությունների գոտի, որտեղ ո՛չ Իրանը, ո՛չ Թուրքիան ասելիք չեն ունեցել: Այժմ Թուրքիան արբանյակի վերածված Ադրբեջանի միջոցով, որին վերահսկում է ռազմաքաղաքական բոլոր առումներով, ցանկանում է իր դիրքերն ամրացնել Հարավային Կովկասում: Կարծում եմ՝ Մոսկվայում լավ են հասկանում այդ ամենը, հասկանում են նաև՝ քանի կարմիր գիծ է հատել Թուրքիան: Եթե նրա նպատակն Արցախում այս պահին ընթացող պատերազմի միջոցով Ադրբեջանի վեջնական սեփականաշնորհումն է, ապա դա Ռուսաստանին բացարձակ ձեռնտու չէ: Անգամ մի կողմ դնելով ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերը՝ պետք է հիշենք առաջին ու երկրորդ չեչենական պատերազմները: Թե՛ ռուսական, թե՛ արևմտյան հատուկ ծառայությունները քաջ գիտակցում են՝ Ադրբեջանը Թուրքիայի համար խողովակ կամ միջանցք է Դաղստանի սարերով ահաբեկիչներին զենք ու վարձկաններ տրամադրելու համար: Բոլորս ենք հիշում՝ 1990-ականների Արցախյան պատերազմի ժամանակ մեր դեմ կռվող Աֆղանստանից եկած վարձկանների մի մասն այնուհետև Չեչնիայում հայտնվեց: Այժմ այդ սցենարը կրկնվելու վտանգը կա: Կովկասում լավ հասկանում են՝ մենք նաև որոշակի զսպիչ ուժ ենք թե՛ տարածաշրջանում Թուրքիայի մուտքը՝ որպես գլխավոր խաղացողի կանխելու, թե՛ Ադրբեջանը Ռուսաստանի դեմ ուղղված նիզակի չվերածելու առումով:
-Արցախում խաղաղություն հաստատելու ակնկալիքով նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծում է՝ հայկական կողմն Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայելուն դեմ չէ: Ռուսական կողմից պատասխան հայտարարություն, կարծես թե, չկա:
-Պարտադիր չէ՝ լինի, Արայիկ Հարությունյանի նամակը որպես հիշեցում են ընկալում, պատմական տեղեկանք: Հետաքրքիր շեշտադրումներ կային դրա մեջ՝ կապված Սումգայիթյան ջարդերի, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանության ու հակամարտության էթնիկ բնույթի մասին: Ինչ վերաբերում է խաղաղապահներին՝ ռուս կամ միջազգային, ապա կարևոր մի հանգամանք պետք է հասկանանք. ցանկացած տեսակի խաղաղապահի տեղակայում իջեցնում է տվյալ երկրի սուվերենության մակարդակը: Ռուս խաղաղապահների տեղակայումն Արցախում մեծ հարված կլինի Ալիևին: Դա կնշանակի՝ այն բանակը, որ նա պատրաստել ու զինել էր 10-ամյակներ շարունակ, ի վիճակի չէր հարց լուծելու: Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք մեր առջև այդպիսի խնդիր չենք դնում: Արցախի բանակն ու հայկական զինուժը կարողանում են արդյունավետ կերպով զսպել հակառակորդի գրոհը: Իսկ նրանք, ովքեր քարտեզներ ու բնագծեր են նայում, ուսումնասիրում, ուզում են հասկանալ՝ կողմերից որն ինչ տարածք է վերահսկում, պարապ գործ են անում: Խոսել այն մասին, որ Ադրբեջանի զինուժը վերահսկում է Արցախի մի քանի գյուղեր կամ որոշ համայնքներում դրոշներ է պարզում, խիստ հարաբերական է:
- Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Հայաստանում տարիներ ի վեր թուրք-ադրբեջանական գործակալական ցանց է գործում: Դրա ներկայացուցիչները հիմա է՞լ են ակտիվ:
-Այս պահին շատ մանրամասներ ասելու, մեղադրանքներ հնչեցնելու ժամանակը չէ, բացի այդ՝ այդ հարցով համապատասխան գերատեսչությունները, վստահ եմ, զբաղվում են: Բոլորն էլ լավ գիտեն, թե ինչի մասին եմ բարձրաձայնել, ու այդ ամենը թե՛ նախկինում, թե՛ այժմ չափազանցությունների մեղադրանք է համարվել: Հիմա չեմ հրճվում, որ ես ճիշտ էի, իմ կողմից մատնացույց արված բոլոր հիմնախնդիրներն այսօր ջրի երես են դուրս եկել: Վստահ եմ՝ թղթապանակը բացվելու է, ու առանձին-առանձին հնչեցվելու է, թե ովքեր ու ինչպես հայտնվեցին ռազմավարական կարևոր նշանակության պաշտոններում, ինչ են նրանք այժմ անում: Իրականում ոչինչ էլ չեն անում: Պետական ինստիտուտների գույքագրում պետք է անել, հասկանալ՝ որքանով է արդարացված դրանց գոյությունը, նախկինում ինչով են զբաղված եղել, ինչ արդյունավետությամբ են աշխատում այժմ, ինչպես դրսևորեցին պատերազմական իրավիճակում, գործո՞ղ հաստատություններ, թե՞ ծանր բեռ են երկրի համար և այլն:
-Պատերազմին սիրիացի ահաբեկիչների մասնակցության փաստն ինչպե՞ս պետք է օգտագործել դիվանագիտական մակարդակում:
-1990-ականների պատերազմի ժամանակ ակնհայտ էր, որ հայկական կողմը տվյալներ ուներ սպանված ու գերեվարված մոջահեդների մասին, այն ժամանակ այդ հարցը չբարձրացվեց, բայց գոնե երկու դրվագներով պետք է անդրադառնայինք դրան: Առաջինը 1989-ին ՄԱԿ-ի ընդունած բանաձևն է, որտեղ ասվում է, որ պետություններն իրավունք չունեն հավաքագրելու, մարզելու ու օգտագործելու վարձկանական ուժն ազգերի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար: Այսքան տարվա ընթացքում այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվել, ու միայն պատերազմի ժամանակ է խորհրդարան օրինագիծ ներկայացվել, որ Հայաստանը նույնպես կոնվենցիայի մաս կազմի: Ագրեսիայի, վարձկանական ուժի օգտագործման, մարդկության, խաղաղ բնակչության դեմ հանցագործության, արգելված զենքի կիրառման, ցեղասպանական գործողություների հարցը մեր դիվանագետների համար առաջնային պետք է լինի:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ