Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս ուղիղ եթերով պատմում էր, թե ինչպես ստացվեց, որ պարտություն կրեցինք: Նա ոչ միայն սատարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ճիշտ և ճիշտ կրկնում նույն մտքերն ու առաջ տանում նույն թեզերը, ինչ խայտառակ համաձայնագիրը ստորագրած Փաշինյանը:
Հարությունյանի հաղորդմամբ՝ մեր հայրենակիցները չեն կռվել, մարդկային ուժի պակաս է եղել, մարդիկ չեն գնացել պաշտպանելու հող հայրենին, հետևաբար, ի՞նչ անեին, ասում է՝ թողնեին, որ ավելի շա՞տ զոհեր լինեն: Արցախի տնտեսության 80 տոկոսի փայատեր, ձեթի, պահածոների, ալկոհոլային խմիչքների գործարաններ ունեցող, մի քանի հէկի սեփականատեր, Արցախի գյուղատնտեսության մոնոպոլիստ նախագահը խնդրում, աղաչում է՝ չմասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցույցերին, փոխարենը վերադառնալ Արցախ ու ապրել խաղաղ պայմաններում: «Ավագ եղբոր» թասիբին կանգնող Հարությունյանը, Փաշինյանի նման, իր աթոռի մասին է մտածում միայն՝ չգիտակցելով, որ արցախցիներին այդ լոլոներով Արցախ չի վերադարձնի: Իրավիճակը իրենց հարմար ձևով ներկայացնող այս երկուսը մոռանում են՝ փոքր երկիր է, այս օրերին տուն չի եղել, որ ուղղակիորեն չառնչվի պատերազմին, իսկ նրանք մեզ ուզում են «կերցնել», թե՝ չեկաք, չկռվեցիք, մենք էլ ստիպված ստորագրեցինք այդ համաձայնագիրը:
«Ո՞վ և ինչպե՞ս գնար կռվելու» հարցն ինձ համար պատերազմի առաջին իսկ օրվանից պատասխան չի ունեցել: Պատերազմի ժամանակ երկրի գերագույն հրամանատար համարվող անձը հորդորում է «հայդուկային» ջոկատներ կազմել ու մեկնել ռազմաճակատ: Հիշեցնեմ ընդամենը, որ մենք վաղուց քոչվոր ազգ չենք, պետություն ու պետականություն, բանակ ու հրամանատարական անձնակազմ ունենք: Ի՞նչ ջոկատների մասին է խոսքը, երբ կանոնավոր բանակ կա, որի ղեկավար Դավիթ Տոնոյանը խոստանում էր նոր պատերազմ, նոր տարածքներ: Ամեն ինչ «ժողովուրդ ջանի» կամ ինքնաբուխ կամավորական ջոկատներ կազմելու հույսին թողնելն արդեն իսկ հուշում էր՝ ինչ-որ բան այն չէ: Եթե զորահավաք չի կազմակերպվել, բնական է՝ բանակի հրամանատարական անձնակազմն ու ռազմաճակատ մեկնած կամավորներն իրարից անտեղյակ պետք է լինեին, քանզի ամեն մեկն իր առանձին հրամանատարն ունի: Սա վկայումն է այն բանի, որ կա՛մ մենք կանոնավոր բանակ չենք ունեցել, ինչին չեմ հավատում, կա՛մ միտումնավոր զորահավաք չի հայտարարվել, որ խայտառակ կապիտուլյացիայի համար հող նախապատրաստվի:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ