Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի քանի հարթությունների հատույթում

Մի քանի հարթությունների հատույթում
14.01.2021 | 10:44

Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում:
Հարցի ստույգ պատասխանը ոչ ոք չգիտի: Քաղաքական դաշտը նմանվել է լաբիրինթոսի, որտեղ բացի դռների բացակայությունը, ելք որոնողները շարժվում են նաև փակ աչքերով: Եվ՝ փակ ականջներով:


Ռուսաստանի հարավկովկասյան ակտիվությունը զուգահեռվում է թուրքականով՝ ինչպես և պատերազմի օրերին: Մակերևույթին գտնվող հարցերը ռազմագերիների վերադարձը, Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը, կորոնավարակի տարածման կանխումը, ուղիղ կապ ունեն խորքային հարցերի հետ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ինքնիշխանության պահպանումը, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական նոր ստատուս քվոյում հայկական շահերի պաշտպանությունը: Եվ այս ամենը տեղեկատվության ու քարոզչության բախման ուղիղ կենտրոնում: Մենք արդեն 2021-ին ենք հասել, բայց մեր երկրում կարծես շարունակվում է 2020-ը: Իրականում մենք ունենք երկու սցենար: Առաջին՝ ռեքվիեմի կանոններով խրվում ենք ողբի ու հուսալքության մեջ, անվերջ վերադառնում ենք անցյալի դառը, բայց ոչ ճակատագրական ու վերջնական պարտությանը, և միմյանց մեջ տեսնում ենք միայն դավաճաններ ու մեղավորներ: Ժանրի կանոններով՝ հետայսու Հայաստանում ոչինչ լավ, հուսադրող, նորմալ հնարավոր չէ, քանի չի եղել իշխանափոխություն, ավելի ճիշտ՝ հրաժարական չի տվել վարչապետը: Հետոն մշուշ է մի քանի տարբերակներով: Վարչապետի հրաժարական պահանջող քաղաքական ուժերը հավաստիացնում են, որ հետո ամեն ինչ փոխվելու է: Ապրիորի: Իրական փոփոխությունների հենքը չկա՝ եթե նրանց քայլերը կառուցվելու են եռակողմ հայտարարության հիմքով, ոչ մի երաշխիք, որ ՌԴ նախագահը, կամ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները հարկ կհամարեն բանակցել ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ, ժողովրդի քվեն չունեցող իշխանության հետ, առավելևս նրանց կհաջողվի կորոնավարակի ու պատերազմի հետևանքով ճգնաժամում հայտնված տնտեսությունը ոտքի հանել: Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել՝ նշանակելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետ, որ չի կարող կես տարուց կամ մեկ տարուց շուտ լինել:

Նախ՝ կորոնավարակի համաճարակի պայմաններում ընտրարշավ անցկացնելը նշանակելու է խորտակել առողջապահության համակարգը ամբողջությամբ՝ բազմապատկելով ռիսկերը: Բացի այդ՝ ինքնին հասկանալի է, որ այս մթնոլորտում հասարակությունը պարզապես տրամադիր և ընկալունակ չի լինելու քաղաքական ուժերի ծրագրերին ծանոթանալու, առավելևս՝ ընտրության: Մինչև արտահերթ ընտրությունները կան նաև օրենսդրական ու կազմակերպական բազում հարցեր, որոնց լուծումը ժամանակ է պահանջում: Նաև՝ ֆինանսներ:


Երկու սցենարների պարագայում էլ առաջնահերթ խնդիրը մթնոլորտի փոփոխությունն է: Հայաստանին ու հայերին՝ որտեղ էլ ապրեն, ժամանակ է պետք պարտության շոկից դուրս գալու ու ստեղծված իրավիճակը ռեալ գնահատելու համար: Բայց դե ֆակտո մենք ժամանակ չունենք: Ուստի՝ հարկադրված ենք զուգահեռել թե բարոյահոգեբանական ճգնաժամի, թե քաղաքական, թե տնտեսական ճգնաժամերի հաղթահարումը: Եվ՝ չկղզիանալ ու չներփակվել ինքներս մեր մեջ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ֆրենսիս Ֆուկույաման կանխատեսում էր պատմության ավարտը, հետո ընդունեց, որ սխալվել է: Իրականում պատմությունը, ինչպես ժամանակը, երբեք կանգ չեն առնում, այլ հարց է, թե որքանով ենք մենք գիտակցում նրանց ընթացքին մեր հարաբերվածությունը: Մենք չափազանց շատ ենք խոսում մեր հազարամյակների պատմությունից, բայց ստացվում է, որ երբ հարթությունները հատվում են, մեր հազարամյակները մեզ չեն հասունացրել այնքան, որ կարողանանք շիտակ նայել իրականության աչքերին ու գլուխներս չկորցնենք: Եվ այստեղ ու հիմա մենք պարտավոր ենք հանձնել մեր հասունության քննությունը, իսկ դա ապրիորի ու հռետորական, վերացական հասկացությունների հետ կապ չունի: Եվ շատ կոնկրետ է՝ եթե հասարակությունը մերժում է փողոցում իշխանությունը վերցնելու փորձերը՝ համոզվելու բավարար ժամանակ ունեցել ենք: Եթե հասարակությունը այլևս չի վստահում իր ընտրությանը, և գտնում է, որ ՔՊ-ն չի կարողանում կառավարել, ելքը արտահերթ ընտրություններն են և նոր քաղաքական ուժերի ի հայտ գալը, որ կարող են՝ ժողովրդի քվեն ստանալով, ստանձնել պետության կառավարումը՝ ամրապնդելով ինքնիշխանությունը, դիվերսիֆիկացնելով արտաքին քաղաքականությունը և ազգային անվտանգության ապահովումը: Ու դա դառնում է արդեն երրորդ սցենարը, որը գուցե այսօր այդքան ցայտուն չէ, բայց շատ ավելի ռեալ է ու զարգացման հեռանկարներով:
Իսկ ընդհանրապես՝ լաբիրինթոսը լաբիրինթոս է, երբ նայում ես ներսից, վերևից երևում են բոլոր ելքերը, եթե անգամ չկան դռներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գուցե մենք մեծ սպասելիքներ ունեինք հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից: Իրականում մեզ համար ամենակարևոր հարցը ռազմագերիների վերադարձն է, որ Ալիևը հետաձգելու է ինչքան կարողանա և հնարավորն անելու է նրանց ոչ թե ռազմագերիների, այլ՝ դիվերսանտների ներկայացնելու: Իսկ որ տղերքի տունդարձի աշխատանքը շարունակվելու է, անկասկած է: 4 ժամ տևած բանակցություններին հաջորդած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ասաց գլխավորը՝ Արցախի անվտանգության երաշխավորը մնում է Հայաստանը և Հայաստանը պնդում է, որ կարգավիճակի հարցը լուծված չէ ու պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հակառակ Ալիևի հայտարարության, որ հարցը լուծված է և Պուտինի լռության դիմադրության: Փաստ է, որ ով էլ գնար բանակցելու, Ալիևը պաշտպանելու էր իր ու իր ռազմավարական դաշնակից Թուրքիայի, իսկ Պուտինը՝ իր և իր ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, որովհետև այս պարագայում համընկնումեն հենց նրանց, ոչ թե Հայաստանի ու Ռուսաստանի շահերը: Խնդիրը ժամանակն է, որ հետայսու աշխատելու է մեր օգտին՝ աշխարհաքաղաքական կտրվածքով:

Դիտվել է՝ 9404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ