Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արցախյան պատերազմը անտարբեր չթողեց Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին

Արցախյան պատերազմը անտարբեր չթողեց Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին
30.01.2021 | 11:54

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում է կենտրոնացված երկրի գիտական ներուժի մեծ մասը, իսկ Գիտակրթական միջազգային կենտրոնը ԳԱԱ համակարգի հիմնարար ինստիտուտներից մեկն է, որտեղ իրականացվում է մագիստրոսական և ասպիրանտական կրթություն։ Կենտրոնի ուսանողները մշտապես համալրել են երկրի կադրային դարբնոցը՝ աչքի ընկնելով իրենց մարդկային և մասնագիտական որակներով։ Արցախյան պատերազմը անտարբեր չէր կարող թողնել Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին. նրանցից շատերը ակտիվ մասնակցություն ունեցան մարտական գործողություններին։ Կենտրոնի հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետը զրուցել է առաջնագծում կռված հերոս ուսանողներից երկուսի՝ Մանուել Մանուկյանի և Էդուարդ Մանուկյանի հետ:

Մանուել Մանուկյանը ծանր վիրավորվել էր երկու ձեռքից և աջ ոտքից: Սիսական ջոկատի և առաջնագծի քաջ տղաներին հոջողվել էր նրան դուրս բերել դիրքից:


«Սեպտեմբերի 27-ին, երբ իմացանք պատերազմի մասին, 6 ընկերներով երեկոյան ժամը 18-ին մեքենայով շարժվեցինք Արցախ: Սեպտեմբերի 28-ին Հադրութի զորամասում էինք, որտեղ ծառայել եմ 2014-2016 թթ., մասնակցել Ապրիլյան պատերազմին: Մենք պարտավոր էինք լինել պատերազմի դաշտում, որովհետև մեր եղբայրները, մեր 18 տարեկան անմեղ տղերքը այնտեղ էին, պարտավոր էինք նրանց օգնության հասնել: Տղաների մարտական ոգին շատ բարձր էր, շատ հզոր էին և վստահ իրենց գործողություններում: Նրանք ոչնչի մասին չէին մտածում, անհամբեր սպասում էին հաջորդ տանկի հայտնվելուն, որ խոցեն: Շատ մեծ ոգևորությամբ և համարձակորեն կռվում էին, անում անհնարինը»- պատմել է Մանուելը: Նրա ոգևորությունը կրկնապատկվել է, երբ տեսել է՝ ինչպիսի տղերքի կողքին է կանգնած, և ինչ սխրագործությունների են ընդունակ նրանք:


Ասում ՝ ամենից շատ մտածում էինք հակառակորդին ոչնչացնելու, նոր տանկեր խոցելու մասին:․ «Մտածում էինք մեզ համար թանկ ու հարազատ մարդկանց մասին, մեր ծնողների, ընտանիքների, ընկերուհիների և ամենակարևորը՝ մեր սուրբ հայրենիքի մասին: Մենք ամեն բան անում էինք, որ հաղթենք և ոչ մի քայլ չզիջենք թշնամուն»: Մանուելը թախիծով է հիշում զոհված ընկերներին. «Երբեք չեմ մոռանա 4 տանկ խոցած մեր ընկեր Մուշին, որի անվրեպ զարկերից ոչնչանում էին թշնամու տանկերը: Ցավոք, Մուշը, Արտակը և Վանը հերոսաբար զոհվեցինհենց կողքիս՝ իրարից կես մետր հեռավորության վրա: Չորսիցս Աստծո հրաշքով միայն ես ողջ մնացի: Թշնամու տանկերի հակագրոհն էին պատրաստվում կանգնեցնել, երբ ընկան ընկերներս: Երևի Աստված ինձ փրկեց, որ պատմեմ հերոսների մասին և միշտ վառ պահեմ նրանց հիշատակը»:

Էդուարդը պատմում է, թե ինչպես ինքն ու մեծ եղբայրը դեմ կանգնեցին ընտանիքի անդամներին և կռվի ամենաթեժ օրերին որոշեցին գնալ և իրենց պարտքը տալ հայրենիքին: Իրենց ոչ ոք կանգնեցնել չկարողացավ:
«Նոր էինք գնացել. 2-րդ կամ 3-րդ օրն էր: Ջոկատով էինք: Մեզ հետ 5 տղաներ կային, որոնք պատերազմի մասնակցության փորձ ունեին, թեպետ դեռ 30 տարեկան էլ չկային: Մի տղա կար մեզ հետ («գիժ» էինք նրան ասում), շատ համարձակ էր: Խրամատներում էինք, երբ լսեցինք՝ ԱԹՍ-ների ձայները գնալով մոտենում են: Մեզ զգուշացրել էին ձայն լսելիս թաքնվել: Հանկարծ նկատեցինք, որ Գիժը դուրս է գալիս խրամատից, փորձում գտնել ԱԹՍ-ն, որ խոցի: Հասցրին կողքի դիրքից գոռալ, որ դա հայկական սարք է: Գիժը շատ դժգոհ հետ վերադարձավ, իսկ երբ հարցրինք՝ ինչու դուրս եկավ, չէ՞ որ ասել էին թաքնվել, պատասխանեց,որ ուզում էր մոտիկից տեսնել: Տղաների մարտական ոգին իսկապես բարձր էր: Բոլորն էլ գիտակցում էին՝ ուր են եկել, ինչի համար, և որ ավելի հավանական է, որ հետ չեն գնա: Տղերքը բոլորն էլ մինչև վերջ կանգնած մնացին իրենց դիրքերում»- պատմում է Էդուարդը: Լիահույս է, որ բոլորը կսկսեն ավելի լուրջ վերաբերվել թշնամուն, չթերագնահատել նրա ուժը, որ մեր միջից կվերանա դավաճան տեսակը, որի պատճառով այսօր կորցրինք Արցախի մեծ մասը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 18337

Մեկնաբանություններ