Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քրիստոսը հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ` Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»

«Քրիստոսը հաճեց բնակվել սուրբ Նշանի մեջ` Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար»
11.10.2013 | 11:16

Այս տարի սեպտեմբերի 29-ին Նոր Վարագավանքում հավատավոր ժողովուրդը կրկին հնարավորություն ստացավ համբուրելու Քրիստոսի խաչափայտի մասունքը, որը մեծ հանդիսությամբ այստեղ տեղափոխվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: 2004 թվականից սկսած` 10-րդ տարին է, ինչ «Տավուշ» հայրենակցական միության նախաձեռնությամբ Վարագա Սուրբ խաչի տոնը, հռչակվելով Նոր Վարագավանքի և տարածաշրջանի ուխտի օր, կազմակերպվում է ուխտագնացություն: Այդ օրը ժամը 11-ին Նոր Վարագավանքում սուրբ պատարագ է մատուցվում, ապա հավարտ պատարագի կատարվում է Անդաստանի կարգ, և Տիրոջ Խաչափայտի մասունքով օրհնվում են պատմական Տավուշ աշխարհի չորս կողմերը: Ժամը 13.00-ից հետո կատարվում է մատաղի օրհնություն և մշակութային ցերեկույթ` ազգային երաժշտություն, երգ ու պար: Վարագա Սուրբ խաչի տոնն առաջին հերթին միասնության տոն է. այդ օրը ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև հարևան երկրներից բազմաթիվ մարդիկ են գալիս` իրենց աղոթքն ուղղելու առ Աստված:

Վարագա Սուրբ խաչի տոնը, ի դեպ, որը խաչի փառավորմանը նվիրված Հայ առաքելական սուրբ եկեղեցու տոնացույցի չորս տոներից` Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ, մեկն է, հատուկ է միայն մեր եկեղեցուն, իսկ մյուս երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները: Այն տոնվում է Խաչվերացից 15 օր հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Այն հաստատվել է պատմական այնպիսի ժամանակահատվածում, երբ հայ ժողովրդի ազգային և կրոնական կյանքը նորից վտանգված էր: Եվ այս տոնն այդ ահեղ վտանգի դեմ հոգեպես սպառազինվելու խորհուրդն ունի: Արդարև, 7-րդ դարի կեսին, երբ Վարագա Խաչը տեսիլքով հայտնվեց, արաբները նոր էին թափանցել Հայաստան, և այն արաբական տիրապետության դեմ հայոց հաղթանակի նախախնամական ազդարարումն ու սրտապնդումն էր:
Ավանդույթի համաձայն` 3-րդ դարի վերջերին սուրբ Հռիփսիմյան կույսերը, Դիոկղետիանոս (243-313 թթ.) կայսեր հալածանքներից խուսափելով, Հռոմից Հայաստան են փախել և իրենց առաջին ապաստանը գտել են Վասպուրական աշխարհում` Վանի հարավարևելյան կողմում, Վարագա լեռան լանջերին: Կույսերից սուրբ Հռիփսիմեն իր պարանոցին կրել է Քրիստոսի խաչափայտի մասունքից մի խաչ, որը թաքցրել է Վարագա լեռան քարայրներից մեկում, քանզի կույսերը Հայաստանում քրիստոնեական հավատ քարոզելու համար ենթարկվում էին հալածանքների: Այդ խաչը պատկանել է Կլավդիոս կայսեր կնոջը` Պատրոնիկե թագուհուն: Վերջինս այն ստացել էր Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբորից, երբ Պետրոս առաքյալի քարոզչությամբ ուխտի էր գնացել Հռոմ: Եվ քանի որ Հռիփսիմեն սերում էր Կլավդիոս կայսեր տոհմից, Խաչափայտի մասունքը ժառանգաբար փոխանցվել էր նրան: Աստծու նախախնամությամբ Հայոց աշխարհում ավանդաբար գիտեին սուրբ Նշանի` Վարագա լեռան վրա պահվելու մասին, սակայն գտնվելու ստույգ վայրը հայտնի չէր և մինչև 7-րդ դար այն կորած է համարվել:
653 թ. սուրբ Նշանը գտնելու փափագով Թոդիկ ճգնավորն ու իր աշակերտ Հովելը Վարագա լեռն իրենց ճգնության վայր են ընտրում և 12 օր ծոմ պահելով, արտասվելով և ջերմեռանդ աղոթքներով` Տիրոջից խնդրում են, որ իրենց արժանացնի տեսնելու և համբուրելու փափագելի սուրբ Նշանը: Ի վերջո, նրանց աղոթքները լսելի են դառնում Աստծուն, և Նա տեսիլքով նրանց հայտնում է մասունքի տեղը: Նախ լսվում է մի ձայն. «Քրիստոսը հաճեց բնակվելու սուրբ Նշանի մեջ` Հայոց աշխարհի պահպանության և փրկության համար», որից հետո երևում է մի պայծառ լույս Վարագա լեռան վրա և 12 լուսեղեն սյուներ նրա շուրջը: Լույսերը երկար ժամանակ մնում են այնտեղ և հետո հեռանում ու մտնում են եկեղեցի և կանգ առնում սեղանի վրա: Իրենք ևս հետևում են լույսին, ներս են մտնում և երկրպագում սուրբ Նշանի առջև, իսկ լուսեղեն սյուները 12 օր շարունակ մնում են այնտեղ` տեսանելի լինելով անգամ հեռավոր վայրերից: Հոգևորականներ և աշխարհականներ, մեծ թափոր կազմած, գալիս են եկեղեցի` տեսնելու այդ հրաշքը: Նրանց մեջ են լինում նաև Ռշտունյաց Թեոդորոս նախարարի որդի Վարդը և հայոց Ներսես Շինող կաթողիկոսը: Նույն վայրում, որտեղ երևացել էին 12 սյունեղեն լույսերը, կառուցում են մի եկեղեցի, իսկ այն եկեղեցին, որի մեջ մնացել էր ս. Նշանը, մեծացնում են և վերածում փառավոր եկեղեցու: Հենց այդ ժամանակ էլ Ներսես Շինող կաթողիկոսը սահմանում է Վարագա Սուրբ խաչի տոնը և մեկ շաբաթ տևողությամբ պահք, որը ժողովրդական բարբառով կոչվում է «Վանցոց պահք»: Վանքի վերաճած այդ համալիրը անվանվում է Վարագավանք, որը դառնում է Վասպուրականի ամենահարուստ և ամենահայտնի վանքը, ինչպես նաև Վանի արքեպիսկոպոսի նստավայրը: Այն հայտնի է նաև Եդիքիլիսե անվամբ: Գտնվել է Վարագա լեռան (այժմ հայտնի է որպես Երեք լեռ) հարավային փեշերին մոտ վայրում` Վան քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք: Ցավոք, 1915 թ. ապրիլի 30-ին` Վանի պաշարման ընթացքում, թուրքական բանակն ավերում է վանքը: Ի դեպ, մինչև 1021 թ. ս. Նշանը պահվել է այս վանքում: Վասպուրականի թագավորությունը Բյուզանդիային թողնելիս և Սեբաստիա տեղափոխվելիս Սենեքերիմ Արծրունին այն տանում է իր հետ: Սակայն նրա մահից հետո` 1026 թ., սրբազան մասունքը վերադարձվում է իր նախնական վայր: 1231 թ. Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալ էդ Դինի ասպատակությունից հալածված, վերցնում է վանքի հռչակավոր Վարագա Ս. խաչը և վեց տարի դեգերելուց հետո` 1237-ին, հաստատվում է Կյուրիկյանների հոգևոր կենտրոնում, որից հետո Սբ. Անապատ վանքը վերանվանվում է Նոր Վարագավանք: Միջնադարյան վանքային այս չքնաղ համալիրը, որը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Վարագավան գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին, Հայաստանի զարգացած ավատատիրության դարաշրջանի մեծարժեք հուշարձաններից է: Հիմնադրել է Կյուրիկե Բ Բագրատունի թագավորի թոռը` Վասակ Ա-ի որդին` Նոր Բերդի իշխան Դավիթը 1193-1198 թթ. կառուցելով վանքի առաջին` զույգ անհավասար խորաններով միանավ Անապատ եկեղեցին: Այն գտնվում է վանական համալիրի հարավարևելյան մասում: Ներքուստ հյուսիսային և հարավային պատերին կից են թաղակիր կամարը պահող մեկական կիսասյուներ: Արևելյան մասում գտնվում է ավագ խորանը, որը միջանկյալ պատով բաժանված է երկու անհավասար բեմերի: Դրանցից յուրաքանչյուրը հետին` կիսաբոլորակ պատին ունի մեկական լուսամուտ: Ի դեպ, եկեղեցու երկխորան այս հորինվածքը, որը հայ ճարտարապետության հազվադեպ օրինակներից է, ունեն Սանահինի Ս. Հարություն, Հերհերի Ս. Սիոն (13-րդ դար), Եղիշ առաքյալ երկու (13-րդ դար), Շատախի Կաղբի (14-րդ դար) եկեղեցիները: Եկեղեցու միակ մուտքը արևմտյան կողմից է, որից վերև կա մի գեղեցկաձև պատուհան: Մուտքը զարդարված է կամարակապ զույգ որմնասյուներով, որոնց խոյակներն ունեն հյուսկեն քանդակներ: Մուտքի աջ և ձախ կողմերը զարդարված են կամարաձև գլխով երկու մեծ և միմյանց համապատասխանող շրջանակավոր խաչքարերով, որոնց վերին և ստորին մասերն արձանագրված են: Եկեղեցու արևելյան ճակատը այլ ճարտարապետական լուծում է ստացել: Այստեղ հորինվածքի ստեղծման մեջ էական նշանակություն ունեն խորանների լուսամուտները, որոնց շուրջը և կազմակերպված է ողջ դեկորը: Հարավակողմյան պատուհանը, արևմտյանի օրինակով, եզրերից ունի զույգ կիսասյուներ, որոնք արված են հատկապես մեծ խորանը շեշտելու նպատակով: Լուսամուտների կիսաշրջան գլխամասերն առնված են դրանց վերևով անցնող ընդհանուր գոտու մեջ, որը պատուհանների միջանկյալ մասում, միաձիգ հորիզոնականությունից խուսափելու համար, ձևափոխված է պսակաձև կիսաշրջանի: Պսակ-գոտու անմիջապես վերևով անցնում է եզան և կտցահարող թռչունների, նռնենու տեսքով կենաց ծառի, զամբյուղների, վարդյակի և հավերժության նշանի պատկերներով քանդակաշարք, որն ունի գաղափարական որոշակի իմաստ: Անապատ եկեղեցին իր ճարտարապետական հարդարանքով և ծավալահատակագծային առանձնահատկություններով եզակի է հայկական նմանօրինակ կառույցների շարքում` հանդիսանալով դրանց հորինվածքի ձևաստեղծման վերջին փուլերից մեկը: Անապատ եկեղեցին իրեն կից ունի փոքր չափսերի երկու կառույց, որոնք կցված են նրա հյուսիսային և հարավային պատերին: Դրանք պատկանում են երկհարկ հուշարձանների դասին, որոնցում, սակայն, առկա են հորինվածքային մի շարք առանձնահատկություններ: Պահպանվել են կառույցների առաջին հարկերը, որոնք ուղղանկյուն հատակագծով, արևելյան մասերում բեմերով թաղակապ շինություններ են: Հյուսիսակողմյան հուշարձանը կառուցել է Անապատ եկեղեցու մեկենաս Դավիթ Բագրատունին 1200 թ., որպես տոհմական տապանատուն: Այն սկզբնապես եղել է երկթեք ծածկով սովորական մատուռ, որի վրա մինչև 1220-ական թթ. ընկած ժամանակամիջոցում դրվել է երկրորդ հարկաբաժինը: Հարավակողմյան շինության` կրկնահարկ մատուռի մեկենասը, ամենայն հավանականությամբ, նույնպես Դավիթ Բագրատունին է: Այն կառուցվել է տապանատան կառուցումից հետո` հաշվի առնելով նրա հորինվածքային և կառուցողական անմիջական կապը տապանատան հետ, ինչպես նաև վերջինիս գործառական տեսակետից փոքր ծավալները: Ի դեպ, թե՛ կրկնահարկ տոհմային տապանատուն, թե՛ կրկնահարկ մատուռի երկրորդ հարկ բարձրանալու համար օգտագործվել է շարժական սանդուղք: Մատուռի կառուցմամբ Դավիթ Բագրատունին ավարտել է Անապատի համալիրը: Պետք է նշել, որ չնայած այն կառուցվել է հաջորդաբար, այդուհանդերձ, ճարտարապետական մի կուռ ամբողջականություն է, որի կառուցողական և հորինվածքային բացառիկ հատկանիշներում ի հայտ են եկել մեր շինարար նախնյաց ստեղծագործական ձիրքերը:
1224-1237 թթ. Դավիթ իշխանի որդի Վասակ Բ-ն վանքի հյուսիսարևելյան կողմում կառուցել է Սբ. Աստվածածին գմբեթավոր եկեղեցին (օծվել է 1240-ին), որը համալիրի գլխավոր կառույցն է և իշխող տեսք ունի ինչպես հուշարձանախմբում, այնպես էլ շրջակա միջավայրում: Եկեղեցու խորանի առաստաղին թողնված արձանագրությունից պարզ է դառնում, որ ճարտարապետը անեցի Գազանն է: Տաճարը դրսից քառանկյուն է, իսկ ներսից` խաչաձև: Ներսում սյուներ չկան, այլ խաչաձևություն առաջացնող թևերի ներս ընկած մասերի հիման վրա բարձրանում է բարձրադիր գմբեթը: Տաճարի չորս անկյուններում կա չորս կրկնահարկ խորան: Տաճարն ունի երկու մուտք` հարավային, որ մնացել է Դավթաշեն ժամատան մեջ, և արևմտյան, որը բացվում է Վասակի կառուցած ժամատան մեջ: Արևմտյան շքամուտքն ունի միջնադարյան հայկական արվեստում ինքնատիպ ու եզակի ձևավորում` հարդարված է խճանկար հիշեցնող մուգ մանուշակագույն և բաց կապույտ, աստղաձև, շեղանկյուն, վեցանկյուն սալիկներով, որոնց վրա կան կենդանակերպ ու բուսական թեմաներով հարթաքանդակներ:
Վանքն ունեցել է երկու գավիթ, որոնցից փոքրը (այժմ` ավերակ) Սբ. Աստվածածին եկեղեցուն կից է եղել հարավից, իսկ մեծը (տանիքը և հարավային պատը չեն պահպանվել)` արևմուտքից, որը կառուցել է Նոր Վարագավանքի վանահայր Հովհաննես Տուեցին 1237-1261 թթ.: Մեծ գավիթը եղել է համալիրի վերջին կառույցը: Ի դեպ, նրա շքամուտքին առկա է Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց իշխան Վաչե Ա Վաչուտյանի զույգ արծիվներով զինանշանը: Հավանաբար, Վաչե Ա-ն մեծարժեք նվիրատվություն է կատարել Նոր Վարագավանքին, և դրան ի պատասխան նրա զինանշանը փորագրվել է գավթի պատին:
Այսպիսով, Նոր Վարագավանքի վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, կրկնահարկ տապանատնից և մատուռից ու երկու գավիթներից: Սրանցից մոտ 100 մ հարավ-արևմուտք և 200 մ հյուսիս-արևմուտք պահպանվել են մեկական մատուռներ, որոնցից վերջինի շուրջը տարածված է միջնադարյան գերեզմանատունը: Մինչև անցյալ դարի վերջերը վանքի շրջակայքում նկատվել են պարիսպների և միաբանների խուցերի ավերակները, իսկ գլխավոր եկեղեցու հյուսիսային ճակատին կցված է եղել մի մատուռ: Վանքը ունեցել է ջրմուղ, որը 1253 թ. անցկացրել է ոմն Շառա: Վանքի տարածքում կան խաչքարեր, որոնցից ամենահնի հեղինակը Վարդանն է (1620 թ.): Ի դեպ, վանքախմբին անդրադարձած որոշ հեղինակներ վանական համալիրի գլխավոր եկեղեցին` Սբ. Աստվածածինը, անվանում են «Սբ. Նշան»` Վարագա սբ. Նշանն այստեղ պահելու կապակցությամբ, քանզի մինչև Սբ. Էջմիածին տեղափոխելը մասունքը գտնվել է այս կամարների ներքո: Մասունքի հրաշագործությունների մասին բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել: Մասնավորապես, Եդեսիայում համաճարակի ժամանակ Վարագա ս. Խաչի զորությամբ անբուժելի հիվանդությունը կասեցվել է: Ագաթանգեղոսի վկայությամբ` հայոց երկնակամարում լուսեղեն սուրբ խաչը տեսիլքով մինչ այդ հայտնվել էր սբ. Գրիգոր Լուսավորչին` Միածնի Էջքի հայտնի տեսիլքի ժամանակ, նաև, ինչպես Մովսես Խորենացին է վկայում, սբ. Մեսրոպ Մաշտոցի հուղարկավորության ժամանակ` երևալով Վաղարշապատից մինչև Օշական: Հետաքրքիր ավանդազրույցներ են պահպանվել նաև վանքի շինարարության հետ կապված: Պատմում են, որ վանքի շինարարության ժամանակ հավատացյալ դեռատի մի աղջիկ է եղել, ով վանքի մոտակա ձորից ջուր է տարել` ուսերին փայտ ամրացնելով: Այդ փայտից և ծանրությունից ժամանակի ընթացքում նրա ուսերին վերքեր են առաջացել, սակայն աղջիկը շարունակել է ջուր տանել և մահացել է առաջացած վերքերից: Աղջկա մահից հետո նրա մազերը կտրել են, հյուսել և շինարարության ավարտից հետո կախել վանքի աջ կողմում: Այդ հյուսքը շատ երկար ժամանակ պահվել է վանքում, և այն մարդիկ, ում բախտ է վիճակվել շոշափելու այն, պատմում են, որ մազերն իրենց ձեռքերում փոշիացել են: Աղջկա գերեզմանը գտնվում է ձորից մի փոքր վերև ու թեև ամբողջությամբ պահպանված չէ, այնուամենայնիվ հետաքրքրում է շատերին, և գրեթե բոլորը վանք բարձրանալիս այցելում են նրա գերեզմանին, մոմ են վառում, ապա ձորից մի շիշ ջուր են վերցնում և գերեզման մտնելուց առաջ լցնում են աղջկա ոտքերին: Ասում են` այդ վայրը մեծ զորություն ունի անկեղծ խնդրանքները իրականացնելու:
Ցավոք, այսօր Տավուշի լեռներում ծվարած 12-րդ դարի վանքային այս չքնաղ համալիրը կիսավեր վիճակում է: Խարխլված են վանքի թե՛ ներսի, թե՛ դրսի պատերը, ինչպես նաև վանքի հատակը: Կառույցի պատերին և, հատկապես, տանիքին աճած բուսականությունը հետագայում կարող է վանքի վերջնական փլուզման հիմք հանդիսանալ: Հուսանք, որ այդ օրը չի գա, և հայկական մշակութային անգնահատելի կոթողները գնահատող մարդկանց շնորհիվ մի օր Նոր Վարագավանքը կտեսնենք բարվոք վիճակում:

Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 15966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ