«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Աղջկաբերդից դեպի Մանթաշաբերդ

Աղջկաբերդից դեպի Մանթաշաբերդ
18.12.2015 | 00:41

Վերջերս առիթ ունեցա առաջին անգամ արշավի մեկնելու։ Մեր փոքրիկ արշավախումբը մի քանի օր առաջ եղել էր Իջևանի կիրճում, Աղստև գետի ձախ ափին, բարձրադիր լեռան լանջին ծվարած Աղջկաբերդում, որի անմատչելի բարձունքներից աննկարագրելիորեն տպավորված՝ այս անգամ էլ որոշել էր Աղստև գետի աջ ափին, Աղջկաբերդի դեմ դիմաց գտնվող Մանթաշի բերդը գրավել։ Ճանապարհին տեղացիներից մի քանիսին զուր հարցուփորձ անելուց հետո (ոչ ոք բերդի հստակ տեղը չգիտեր, միայն լսել էին, որ դիմացի բարձրադիր բլուրներից մեկի գագաթին ինչ-որ բերդ կա) լոկ տեղեկացանք, որ անտառի խորքում մի մարդ է ապրում, ով կարող է մեզ ցույց տալ բերդ տանող ճանապարհը։ Անորոշության զգացումով և մառախլապատ եղանակի սառնությամբ պարուրված՝ մտանք անտառ և... ի՜նչ հրաշք. մեր առջև բացվեց հեքիաթային մի գեղեցկություն. աշունն անտառը ներկել էր իր ներկապնակի բոլոր գույներով։ Ծառախիտ անտառի միջով միայն մի փոքրիկ արահետ էր գնում, որը, ամբողջությամբ ծածկված երփներանգ տերևների կույտերով, մեզ տանում էր լեռնիվեր՝ հետևում թողնելով անորոշության տրտմությունը։ Գունագեղ տեսարանին միաձուլվում էր կուսական անտառի խորհրդավոր խշշոցը՝ էլ ավելի խտացնելով մեր հույզերը։ Այս դյութական պատկերը խաթարում էր միայն անտառահատների սղոցների անդուլ և վրդովեցուցիչ աղմուկը, որն անողոքաբար հողին էր հավասարեցնում հաստաբուն ծառերը՝ սպառնալով անտառի հետագա գոյությանը։ Երկար քայլելուց հետո իրոք հասանք մի հյուղակի, որի բնակիչն անտառի խորքում մի փոքրիկ «ֆերմա» էր հիմնել։ Երբ նրան հարցրինք բերդ տանող ճանապարհը, նա, թերահավատորեն ժպտալով, մատով ցույց տվեց երկինքն ու ասաց, որ բերդի մատույցներին կարող է և հասնենք, սակայն միջնաբերդ բարձրանալ դժվար թե։ Զառիվեր ճանապարհն իրոք դժվար էր հաղթահարել, ուստի քայլում էինք դանդաղ։ Երբ հասանք նրա նշած հատվածին, մառախուղն այնքան էր խտացել, որ անգամ դիմացներս դժվարությամբ էինք տեսնում։ Անդունդի եզրով դժվարությամբ բարձրանալով (ձորը բոլորովին չէր երևում, հեռվից եկող խուլ ձայներից էինք միայն գլխի ընկնում, թե ինչ բարձրության վրա ենք գտնվում)՝ հասանք մի բացատի, գտանք քարաշեն մի փոքրիկ շինություն և... ուրիշ ոչինչ։ Հիասթափությունից խեղդվում էին կոկորդներս, բայց ոչինչ անել չէինք կարող. մառախուղը գնալով խտանում էր, օրը՝ ցրտում։ Մեծ դժվարությամբ փոքրիկ խարույկ վառելուց և մի քիչ հանգստանալուց հետո որոշեցինք վերադառնալ, միայն թե մի պարզկա օր կրկին վերադառնալու և միջնաբերդը գտնելու հստակ որոշմամբ։ Երբ պատրաստվում էինք ճանապարհ ընկնել, հանկարծ վերևից կովի բառաչ լսվեց, պտտվեցինք և... ա՜յ քեզ հրա՜շք. մառախուղը մի փոքր ցրվել էր, և մեր թիկունքում նշմարվում էր երկինք խոյացող մի հսկա ժայռ. միջնաբե՜րդն էր։ Չեմ կարող նկարագրել հրճվանքի և հուզմունքի այն տարօրինակ զգացումը, որը մեզ մղում էր ժայռնիվեր։ Րոպեներ անց մենք արդեն անառիկ ամրոցի մնացորդների ամենաբարձր կետին կանգնած՝ վայելում էինք հաջողության բերկրանքը։
Երբ տուն վերադարձա, օրվա իրադարձություններից տպավորված՝ սկսեցի փնտրել բերդի պատմությունը, բայց, ավա՜ղ, գրեթե ոչինչ չգտա։ Մի փոքրիկ առասպել է պահպանվել Աղջկաբերդի և Մանթաշաբերդի մասին, և ուրիշ ոչինչ։ Բայց չէ՞ որ բերդերի մնացորդները կան, և իրենց դիրքից ու ձևից դատելով՝ նշանավոր շինություններ են եղել։ Այդ դեպքում որտե՞ղ են թաքնված նրանց պատմության արմատները։ Այս առեղծվածի պատասխանը գտնելու համար սկսեցի ուսումնասիրել Աղստևի հովտի բերդերի պատմությունը։ Պարզվեց՝ միջնադարյան Հայաստանում մի շարք պաշտպանական հենակետեր են եղել, որոնք հսկել են պետության սահմանները։ Այդ պաշտպանական հենակետերից են եղել Կայան և Կայծոն բերդերը, որոնք, գտնվելով պատմական Գուգարաց նահանգի Ձորոփոր գավառում՝ Աղստևի միջին հոսանքում, կարևոր դեր են խաղացել Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների անվտանգության, կենտրոնական Հայաստանից Գուգարքով դեպի Վրաստան տանող ճանապարհի մատույցների պաշտպանության գործում։ Ռազմավարական այս կարևոր հենակետերի մասին, սակայն, շատ կցկտուր տեղեկություններ են պահպանվել։ Հայ և օտար պատմիչներն ամրոցների մասին հաղորդել են անորոշ տվյալներ՝ անդրադառնալով լոկ կողմնակիորեն։ Շատ սուղ են աղբյուրները հատկապես բերդերի տեղագրության վերաբերյալ։
Միջնադարյան հեղինակներից առաջինը կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին է հիշատակում բերդերը, երբ պատմում է 922 թ. Աշոտ Երկրորդ Երկաթի և Սահակ Սևադայի ընդհարման մասին։ Աշոտ Երկաթը, իր հորաքրոջ՝ Մարիամ տիկնոջ որդուն՝ Գեղարքունիքի իշխան Վասակին, կասկածելով այլ ֆեոդալների հետ գաղտնի կապեր ունենալու մեջ, բանտարկում է Ձորոփոր գավառի Կայան բերդում։ Աշոտի այս արարքը մեծապես զայրացնում է նրա աներոջը՝ Փառիսոսի իշխան Սահակ Սևադային, քանզի նրա մյուս աղջիկը՝ Շահանդուխտը, կնության էր տված Վասակի եղբորը՝ Սյունյաց գահերեց իշխան Սմբատին, և Սևադան, օգտվելով այն հանգամանքից, որ Աշոտ Երկաթն արշավել է Վրաստան՝ Գուրգեն իշխանից վրեժ հանելու, 922 թ. զորքով խուժում է Բագրատունիներին պատկանող Ձորոփոր գավառ, գրավում այնտեղի բերդերը (հեղինակը հանվանե հիշատակում է միայն Կայանը, մյուսի մասին լոկ նշում է. «զմիւս ամրոցն, որ էր մերձ ի նա») և ժողովրդին քշում տանում է իր երկիր։ Վերցնելով Կայան բերդը՝ Սահակ Սևադան ազատ է արձակում այնտեղ կալանավորված Վասակ իշխանին։ Աշոտ Երկաթը, տեղեկանալով այդ մասին, կայծակի արագությամբ հետ է վերադառնում և պահանջում է վերադարձնել բերդերը և հնազանդվել։ Սակայն մերժում ստանալով, իր փոքրաթիվ զորքով (200 մարդ) հարձակվում է թշնամու 8-հազարանոց զորքի վրա, պարտության մատնում նրան և գերի վերցնում Սահակ Սևադային ու նրա որդուն՝ Գրիգորին, և, չնայած Հովհաննես կաթողիկոսի խնդրանքներին, կուրացնում է նրանց։
Հաջորդը Վարդան պատմիչն է անդրադառնում բերդերի ճակատագրին՝ հաղորդելով, որ Աշոտ Ողորմածի մահից (977 թ.) հետո նրա կալվածքները բաժանվում են նրա երեք որդիների՝ Սմբատի, Գագիկի և Գուրգենի միջև։ Գուրգենը, ժառանգելով Տաշիրը, Տավուշը, Կայանը, Կայծոնը և մերձակա շրջանները՝ հիմք է դնում Անիի Բագրատունիներին ենթակա Բագրատունյաց կրտսեր ճյուղի նոր թագավորությանը, որը ստանում է Կյուրիկյան անվանումը՝ կապված Գուրգենի՝ տեղական արտասանությամբ Կյուրիկե կոչվելու հետ։
1001 թ. ձմռանը Գագիկ I-ը, հնազանդեցնելու համար ըմբոստացած Կյուրիկյան Դավիթ Անհողինին (ամենայն հավանականությամբ Դավթի «Անհողին» մականունը կապված է այս իրադարձությունների ժամանակ հողերից զրկվելու հետ), մեծ զորքով շարժվում է Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության վրա։ Դավիթ Անհողինը երկու անգամ փորձում է մարտ տալ հորեղբորը, սակայն ուժերի ծայրահեղ անհավասարությունը նրան ստիպում է հրաժարվել և հաշտության եզրեր փնտրել։ Չնայած եղբորորդուն հայրաբար սիրելու խոստմանը՝ Գագիկը բռնագրավում է նրա տիրույթները, որոնց միայն մի մասն է հաշտությունից հետո վերադարձնում («Տաշիր գավառը»)։ Աղստև գավառը՝ Կայան ու Կայծոն բերդերով բռնագրավելով՝ հանձնում է իր ավագ որդուն՝ Հովհաննես-Սմբատին, ով 1020 թ. Գագիկ Ա-ի մահից հետո ժառանգելով գահը՝ այն (Աղստև գավառը) հանձնում է հայոց սպարապետ Վասակ Պահլավունի Հոլումին։ Պահլավունիները գավառն իրենց ձեռքում պահում են 25 տարի՝ մինչև 1045 թ., երբ Վասակի որդի Գրիգոր Մագիստրոսը, ձանձրացած և մտահոգված սելջուկների արշավանքից, իր տիրույթների հետ բերդերը հանձնում է Բյուզանդիային (Մոնոմախոս կայսրին) և մեկնում Միջագետք։ Բայց սելջուկների դեմ պատվար ստեղծելու նպատակով կայսրությունը բերդերը վերադարձնում է Դավիթ Անհողինի որդուն՝ Կյուրիկե Ա-ին։
Սելջուկ թուրքերը Ալփ-Արսլանի գլխավորությամբ 1064-1065 թթ. գրավում են Հայաստանի զգալի մասը, այդ թվում՝ Գուգարքը, որը նրանց ձեռքում մնում է մինչև 1118-1123 թթ., երբ վրաց թագավորությունը, Դավիթ Շինարարի օրոք հզորանալով, խլում է այն սելջուկներից և միացնում Վրաստանին։ Հայտնի չէ, թե ինչպես է Կայան բերդն անցնում Մահկանաբերդի Արծրունիներին, հստակ է այն, որ 1177 թ. այն արդեն նրանց ձեռքում էր և Արծրունի Ամիր Քուրդի որդի Հասան Կայենացու իշխանական դղյակն էր (Կայենացի անունը վկայում է, որ Կայան բերդը եղել է նրա նստոցը)։ Վարդան պատմագիրն անգամ Հասան Կայենացուն է վերագրում Կայան բերդի շինությունը. «զի յայնմ ժամանակի նա (Իվանե Զաքարյանը) ունէր զԿայեան հայրենեօք ի Հասանայ Կայենեցւոյ շինողէ բերդին» (ամենայն հավանականությամբ հեղինակը «շինողն» ասելով նկատի ուներ «նորոգողն»)։ Մյուս անձնավորությունը, ում վերագրվում է բերդերի կառուցումը, Հոլոմ Վասակն է (մահ. 1021 թ.)՝ Գագիկ Ա-ին ժամանակակից հայոց սպարապետը, ում մասին Մխիթար Այրիվանեցին գրում է. «Սա է (Գրիգոր Մագիստրոսը) որդին Հոլում Վասակայ՝ շինողին Բջնոյ, Կայենոյ և Կայծոնոյ»։ Հոլում Վասակի նախնիները պատկանել են Կամսարականների տոհմին, որը քաղաքական ասպարեզից մոտ երկու դար հեռանալուց հետո X դարի երկրորդ կեսին «իբրև կայծակ մը մոխրոց ներքևէ» վերահայտնվել է Պահլավունի տոհմանունով։ Նա, թեև կարևոր դեր է խաղացել բերդերի շինարարական կյանքում, այլապես նրա անունը չէր կապվի ամրոցների շինարարության հետ, սակայն նույնպես չի հանդիսացել նրանց կառուցողը, այլ, ամենայն հավանականությամբ, վերանորոգել է բերդերը, քանզի 922 թ., երբ ամրոցներն արդեն գոյություն ունեին, նա, հավանաբար, ծնված էլ չէր։ Հաշվի առնելով, որ բերդերի մասին 922-ից վաղ տեղեկություններ չկան, կարելի է ենթադրել, որ դրանք կառուցել է Աշոտ Երկաթը։
Արծրունիները Կայան գավառն ու բերդն իրենց ձեռքում պահում են մինչև 1191-ը, երբ Թամար թագուհին Իվանե Զաքարյանին արքունի մեծ վեզիր նշանակելիս, նվիրում է նրան մի շարք քաղաքներ և բերդեր, այդ թվում` Կայանն ու Կայծոնը։ 1236-ին մոնղոլները ներխուժում են Հայաստան։ Աթաբեկ Իվանեի որդի Ավագ Զաքարյանը, խուսափելով թշնամուց, պատսպարվում է Կայան բերդում։ Այդ մասին Գանձակեցին գրում է. «Ամրացաւ եւ նա ի բերդն ամուր, որ կոչի Կայեանգ եկին եւ ամենայն բնակիչքն գաւառին, ամրացան եւ նոքա շուրջ զբերդովն»։ Մոնղոլները պաշարում են բերդը և բազմաթիվ հարձակումներ կատարում բերդի վրա, սակայն Բագրատունիների փառքը հանդիսացող պաշտպանական այս կառույցը մնում է անսասան։ Սակայն Ավագը գիտակցում էր, որ այդպես երկար շարունակվել չի կարող և երկիրը հետագա ավերածություններից ու կոտորածներից զերծ պահելու համար հնազանդություն է հայտնում։ Մոնղոլները, հաշվի առնելով Ավագի դիրքն ու հեղինակությունը, ընդառաջ են գնում, դադարեցնում են բերդի պաշարումը և բանակցություններ սկսում՝ ցանկանալով նրա միջոցով իրենց ազդեցությունն ուժեղացնել ողջ տարածաշրջանում։ Ավագ Զաքարյանը ճանաչվում է վրաց արքունիքի ներկայացուցիչ, Հայաստանի փաստական տիրակալ, մոնղոլների ռազմավարչական պաշտոնեության ներկայացուցիչ, մոնղոլական բանակում հայ-վրացական ֆեոդալական զորքերի գլխավոր հրամանատար և թումանի (մոնղոլական նոր կազմավորված ռազմավարչական միավոր) կառավարիչ։ Ի դեպ, Ավագի իսկական անունը Սարգիս էր։ Սարգիս էր անվանակոչված նաև նրա հորեղբորորդին։ Պատմիչները նրանց զանազանելու համար Իվանե Զաքարյանի որդուն կոչում են Ավագ, քանզի ավագ էր տարիքով, իսկ Զաքարե Զաքարյանի որդուն՝ Շահնշահ, քանզի ավագ էր կոչումով և դիրքով։ Ավագի մահից հետո (1250 թ.) Կայան բերդն անցնում է Շահնշահին, սակայն վերջինս վախկոտ և թուլամորթ անձնավորություն էր և չի կարողանում շահել հայ իշխանների վստահությունը, ուստի նրանց հալածանքներից խուսափելու համար փախչում է օտար երկիր՝ թողնելով իր բերդն ու կալվածքները, ինչպես նաև կնոջը և քրոջը՝ Գոնցային (վերջինս Ավագի այրին էր։ Ամուսնու մահից հետո ամուսնացել էր Վրաստանի ՈՒլու Դավիթ թագավորի հետ)։ Գոնցայի մահից (1262 թ.) հետո Կայան բերդի իշխանությունն անցնում է նրա և Ավագի աղջկան՝ Խոշաքին, ով տեր է դառնում նաև Բջնի և Գառնի բերդերին։ Զաքարյանները Կայան բերդին իշխում են մինչև 14-րդ դար, որից հետո թե՛ Կայանը, թե՛ Կայծոնը հավանաբար կորցնում են իրենց երբեմնի պաշտպանական-հենակետային նշանակությունը, քանի որ դրանից հետո ամրոցների այդօրինակ դերի վերաբերյալ հիշատակություններ չեն հանդիպում։
Փաստորեն, միջնադարյան նշանավոր այս բերդերը՝ Կայանը և Կայծոնը, որոնք գտնվել են Աղստևի միջին հոսանքում՝ ներկայիս Իջևանի տարածքում, շատ հնարավոր է ներկայումս Աղջկաբերդ և Մանթաշաբերդ կոչվող բերդերն են եղել, պարզապես ժամանակի ընթացքում կորցրել են իրենց նախկին անվանումները։ Խնդրի ողջ բարդությունն այն է, որ Կայան և Կայծոն անվանումները կրող բերդեր այսօր էլ կան և գտնվում են Լոռու մարզում։ Որոշ գիտնականներ, հաշվի առնելով այս հանգամանքը, Դրասխանակերտցու նշած բերդերը տեղադրում են Լոռիում՝ Դեբեդի հովտում՝ նույնացնելով դրանք Լոռվա Կայան և Կայծոն-Շնող բերդերի հետ։
Այս թյուրիմացությունը պարզելու համար նախ անհրաժեշտ է ի մի բերել աղբյուրների տվյալները Կայան գավառի մասին (վաղ միջնադարում այն կոչվել է Զորոփոր, որը եղել է Մեծ Հայքի տասներեքերորդ նահանգի 13 գավառներից մեկը։ 880-ական թթ. Աշոտ Ա թագավորն այն միացրել է հայոց Բագրատունիների թագավորությանը։ XII-XIII դդ. հին Զորոփոր գավառը վերանվանվել է Կայան գավառ (Կայան ամրոցի անունով), իսկ XVII դարից՝ Ղրաղի ձոր) և պարզել նրան համապատասխանող ֆիզիկաաշխարհագրական շրջանը, ապա փորձել նրա սահմաններում գտնել բերդերը։ Դա հնարավոր է լուծել XII-XIII դդ. մատենագիրների օգնությամբ, որոնք գավառի մասին խոսելիս իրենց հաղորդումները զուգորդում են տեղագրական ծանոթություններով։ Օրինակ՝ Գանձակեցին Մխիթար Գոշի մասին գրում է. «Եւ բնակեցաւ նա ի վանքն, որ կոչիւր Գետիկ, ի գաւառին Կայենոյ, ի վերայ գետոյն մեծագունի, զոր անուանեն Աղստւոյ գետ, յաջմէ կողմանէ գետոյն»։ Ստեփանոս Տարոնացին (Ասողիկ) Դավիթ Անհողինի դեմ Գագիկ Ա-ի պատժիչ արշավանքը նկարագրելիս գրում է. «ընդ Գագ բերդ անցանելով ել նա ի գաւառն Աղստև»։ Գագը Աղստևի ավազանի մեծ բերդերից է, գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից արևելք։ Շրջակայքը՝ Գագա դաշտը, հարուստ է հուշարձաններով, որոնցից առավել նշանավորները հիշատակվում են XIII դ. աշխարհագիր Վարդան Վարդապետի մոտ. «Վրկանի աշխարհն Գրիմն է, ձգի մինչև ի Կասբից ծովն եւ ապա դաշտն Գագայ, ուր կայ սուրբ Սարգիսն, եւ Մշկայ վանքն եւ Մակարայ վանքն, եւ բերդն Կայեն եւ Կայծոն»։ Իսկ Դավիթ Քոբայրեցին 1177 թ. վրաց Օրբելիների խռովության մասին խոսելիս Կայան գավառը անվանում է նրա մյուս խոշոր բերդի՝ Մահկանաբերդի անունով՝ այնտեղ տեղադրելով նաև Կայան բերդը. «Լիպարիտ... առնու զորդի թադաւորին զԴեմէտրէ և դիմէ յանմատոյցն Կայան, որոց զհետմտեալ հրամանաւ թագաւորին բարեպաշտ ամիրապետն Տփխեաց, Քուրդն անուանեալ, հասանէ ի կիրճս ճանապարհի նոցա, յիւր սեփհական գաւառն Մահկաբերդն կոչեցեալ»։ Այսօր թե՛ Մշկավանքի, թե՛ Մակարավանքի, թե՛ Դեղձնուտի վանքի և թե՛ Մահկանաբերդի (կամ Բերդքարի) տեղը հստակ հայտնի է. դրանք բոլորն էլ գտնվում են Աղստև գետի միջին հոսանքում, որը ներկա վարչական բաժանումով համապատասխանում է Իջևանի շրջանին։
Փաստորեն, Կայանը պետք է փնտրել ոչ թե Դեբեդի, այլ Աղստևի հովտում՝ Իջևանի շրջանում։ Իսկ դա նշանակում է, որ այնտեղ պետք է փնտրել նաև Կայծոնը, քանզի տարբեր պատմիչներ հիշատակել են բերդերի՝ իրար մոտ գտնվելու մասին։ Հովհաննես Դրասխանակերտցին այդ մասին գրում է. «զմիւս ամրոցն, որ էր մերձ ի նա (Կայանին)»։ Իսկ պատմիչ Դավիթ Քոբայրեցին նշում է, որ երկու ամրոցները նույն ձորի մեջ են՝ դեմ դիմաց, մինչդեռ Աղստևի Կայանը Դեբեդաձորի Լոռվա Կայծոն-Շնողից գտնվում է 50 կմ հեռավորության վրա։
Իջևանի շրջանի բերդերն են՝ Աղջկաբերդը (Կըզ կալա), Մանթաշաբերդը (Կարա կալա), Մահկանաբերդը (Բերդաքարը) և մի քանի այլ փոքրիկ բերդաշինություններ։
Որոշ ուսումնասիրողներ Կայանը նույնացնում են Աղջկաբերդի հետ` հաշվի առնելով նրա անառիկ և գերիշխող դիրքն Աղստևի հովտի մի մեծ հատվածի վրա, իսկ Կայծոնը՝ Մանթաշի։ Մյուսները Կայանը տեղադրում են Մանթաշի տեղում` պատճառաբանելով, թե Աղջկաբերդը փոքր է և չէր կարող տեղավորել գավառի՝ թշնամուց փախած մեծաքանակ բնակչությանը: Սակայն սրանք լոկ ենթադրություններ են, որոնք կպարզաբանեն միայն պեղումները, քանզի չի բացառվում, որ պատմիչները, Կայանի մասին խոսելիս, Աղստևի հովտի բոլորովին այլ բերդ են ի նկատի ունեցել։ Հուսանք՝ մի օր կպեղվեն բոլոր այս բերդերը, և ենթադրություններին վերջ կտրվի։
(շարունակելի)


Լուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 19271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ