Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այսօր մեր հերթն է այն բարեկարգելու, պահպանելու և պաշտպանելու

Այսօր մեր հերթն է այն բարեկարգելու, պահպանելու և պաշտպանելու
15.11.2016 | 08:25

Աշխարհում շատ քիչ ժողովուրդներ կան, որ այսչափ բերդեր ու ամրոցներ են ունեցել՝ մեր պատմության և փոքրիկ տարածքի հետ համեմատած։ Այստեղ՝ ոչ վաղ անցյալում կորցրած հայրենիքից մնացած հողակտորի վրա, դրանց թիվն այնքան է, որ մասնագետները դժվարանում են հաշվել։ Այս իրողությունն ընդգծում է այն փաստը, որ հայ ժողովուրդն իր խաղաղ կյանքը և զարգացումը կապել է բերդերի ու ամրոցների հետ, որոնց մի մասն էլ կառուցել են օտարները՝ պարսիկ խանը և թուրք սուլթանն ու փաշաները, քանզի գիտակցել են, որ նվաճած տարածքներն իրենցը չեն, և փորձել են այդ ամրությունների միջոցով պահպանել նվաճածը։ Մինչդեռ մենք՝ հայերս, ուրիշի տարածքում բերդ կամ ամրոց չենք կառուցել, իսկ մեր հողի վրա կառուցածներն էլ եղել են բացառապես պաշտպանական և ինքնապաշտպանական մղումներով։ Նշանավոր այդ բերդերից մեկը Դաշտադեմի ամրոցն է, որի ազատագրումը շատ գեղեցիկ նկարագրում է Խաչիկ Դաշտենցն իր «Ռանչպարների կանչը» վիպասքում:


«1918 թ. մայիս ամիսն էր։ Սասունցի ձիավոր հայդուկների մի խումբ Իգդիրի սարերով սրընթաց իջավ Արարատյան դաշտ՝ մոտենալով բարձր դարավանդի վրա կանգնած Թալինի հնադարյան բերդին։ Այդ կրկնապարիսպ բերդի ներսում և նրա շրջակա ավաններում մեկ ու կես դար առաջ հայ Կամսարական տոհմի շինականներին բռնությամբ տեղահանելով՝ ամրացել էին մի քանի թաթար և պարսիկ իշխանավորներ՝ կեղեքելով և սարսափի մեջ պահելով այդ շրջանի հայ աշխատավորներին։ Սասունցիների նպատակը բերդը թշնամու ձեռքից ազատելն էր, քանզի այն ոչ միայն իշխում էր Արագածի անցուղիներին, այլև թշնամու հարձակման դեպքում մեծ վտանգ էր Արևելյան Հայաստանի մայրաքաղաքի համար։ Ճանապարհին, երբ կայարանապետն իմացավ սասունցի ձիավորների համարձակ որոշման մասին, հառաչանքով բացականչեց, թե գնում են բացահայտ մահվան, քանզի Ալեքսանդրապոլի կողմից հազար վեց հարյուր մարդ թնդանոթներով երկու անգամ փորձ են արել այդ բերդը գրավել, բայց չի հաջողվել, իսկ հիմա նրանք տասը-քսան ձիավորով են ուզում դա անել։ Սակայն ուրիշ ոչ ոք, միայն այդ մի խումբ սասունցի հեծյալները պիտի գրոհի գնային բերդի վրա։

Նրանք բաժանվեցին երեք խմբի, և երբ արևը դիպավ Մասիսի ճակատին, սասունցի հայդուկները, բարձրագոչ ուռա գոռալով, ձիերը հեծած՝ սարի գագաթից խուժեցին դեպի Ներքին Թալին։ Ամրոցի տեր Իբրահիմ խանը, թաթար և պարսիկ պահակազորին և բնակիչներին ոտքի հանելով, սկսեց թնդանոթային ուժեղ դիմադրություն ցույց տալ ամրոցի խրամատներից։ Սակայն ի՞նչ կարող էր դիմանալ հայրենիքը կորցրած լեռնականների ուժգին գրոհին։ Հեծյալները խորտակեցին ամրոցի դռները և բերդի մեծ դռնով խուժեցին ներս։ Թշնամին հյուսիսային դռնից փախուստի դիմեց, իսկ իրեն ամրոցի տիրակալ համարող Իբրահիմ խանը խուճապահար փախավ ամրոցի հետնամասում գտնվող գաղտնուղիով։ Վերջին դուրս եկողը բերդի տիրուհին էր, որ իր աղջկա հետ թաքնված էր ամրոցի նկուղներից մեկում»։


Այսպիսով՝ կարևոր նշանակության այս բերդ-ամրոցը, որը դարեր շարունակ ձեռքից ձեռք անցնելով՝ ավերվել ու վերակառուցվել է՝ միշտ գտնվելով օտար զավթիչների ուշադրության կենտրոնում, գտնվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում, Թալին քաղաքից շուրջ 4 կմ հարավ-արևմուտք։ Դրա կառուցման ժամանակի և կառուցողների վերաբերյալ ստույգ տեղեկություններ չեն պահպանվել: Ենթադրվում է, որ կառուցվել է V-VII դ., ուրարտական հնագույն բերդի պարիսպների վրա (միջնաբերդի հիմքերը դրված են կոպտատաշ և խոշոր քարասալերի վրա, որը հիմք է տվել նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանին այն համարելու ուրարտական կառույց), Շիրակի տեր հայ Կամսարական նախարարական տոհմի (3-8-րդ դ.) կողմից՝ որպես Անիի արևելյան մատույցները պաշտպանող ամրություն։ Հայոց մայրաքաղաք Անին կառուցող Կամսարականները ոչ սովորական դիրք էին ընտրել այս ամրոցի կառուցման համար, քանզի չնայած Արարատյան դաշտավայրի արևմտյան հատվածի նկատմամբ իր իշխող դիրքին՝ այն, ի տարբերություն Հայկական լեռնաշխարհի միջնադարյան մյուս բերդ-ամրոցների, գտնվում է ոսկեգույն հարթավայրի վրա՝ զուրկ բնական որևէ անառիկությունից և տարիներ շարունակ ապավինել է իրեն շրջափակող սրբատաշ տուֆից կառուցված հզոր քարե պարիսպներին։


Ի դեպ, գյուղը, որտեղ գտնվում է բերդը, նախկինում կոչվել է Ներքին Թալին, որի աոաջացումը, հնարավոր է, պայմանավորված է միջնադարյան բնակավայրերի ընդարձակման մի սկզբունքով, որր բնորոշ է հատկապես որոշակի ուղղությամբ տարածվող այգիներ ունեցող վայրերին։ Կամսարականների նստավայր բուն Թալինի այգիները տարածվել են դեպի հարավ-արևմուտք ընկած բերրի հողերը։ Ժամանակի րնթացքում, հատկապես Բագրատունյաց շրջանի տնտեսական վերելքի ժամանակ, քարավանային ճանապարհի հյուսիսային կողմում գտնվող Թալինի բնակչության մի հատվածը, անցնելով ճանապարհի հարավային կողմը, հիմք է դրել Ներքին Թալինին, կամ գուցե նոր շունչ հաղորդել հնուց ի վեր այստեղ եղած փոքրիկ բնակավայրին, որը 1979 թ. վերանվանվել է Դաշտադեմ։


Ըստ պեղումների արդյունքների (1989-1990 թթ., 2005-2007 թթ., 2011-2012 թթ., 2015 թթ.)՝ Դաշտադեմի բերդը կառուցվել է պատմության ընթացքում՝ փուլ առ փուլ։ Ամենավաղ կառույցը՝ կառուցված Կամսարականների օրոք VII դ., քառանկյուն հիմքով, միադահլիճ, աշտարակներով ամրացված եռահարկ շինություն է եղել` կառուցված սրբատաշ կարմրավուն տուֆ քարից: Դահլիճը թաղածածկ է եղել, պատերը՝ ներսից սվաղած կրաշաղախով, հատակը` սալապատ: Պատուհաններ չեն եղել. լուսավորությունն ապահովվել է կտուրի երդիկների միջոցով: Բագրատունիների օրոք՝ IX-X դդ., այն մասամբ վերակաոուցվել է, սակայն դղյակ-ամրոցի է վերածվել Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրիի օրոք (1064 թ. սելջուկների կողմից Անի քաղաքը գրավելուց հետո Դաշտադեմի ամրոցը նույնպես անցել է նրանց տիրապետության տակ: Սելջուկներից հետագայում այն անցել է Շադդադյան տոհմին և այդ տոհմի ներկայացուցիչ սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին), որը 1174 թ. սեպտեմբերին հնագույն բերդը հիմնովին վերանորոգել է՝ քառակուսի շինությունը համալրելով շուրջ 18 մ բարձրությամբ կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով չորս աշտարակներով, որոնց ներսի սենյակները, ի տարբերություն դահլիճի երդիկավոր լուսավորության, լուսամուտներ են ունեցել: Միակ մուտքը բացված է եղել հարավարևմտյան անկյունից, որը փակվել է քարե դռնով: Շինարարական այս աշխատանքների և թվագրության վերաբերյալ սուլթանը հարավ-արևմտյան աշտարակի վրա արաբերեն արձանագրություն է թողել, որը մինչ օրս պահպանվել է։


XIII դ. ամրոցն ազատագրել է Զաքարյան իշխանական տոհմը (11-14-րդ դդ.), որի ներկայացուցիչները լայնածավալ վերակառուցումներ են արել բերդում՝ միջնաբերդ-դղյակը շրջապատելով 10 մ բարձրությամբ աշտարակավոր պարսպապատով` կառուցված կարմրավուն սրբատաշ տուֆ քարից, որն ունեցել է մեկ կամարակապ մուտք՝ բացված հարավային կողմից: Պարսպապատի քարերին դեռ պահպանվում են քարտաշ վարպետների նշանները, իսկ հյուսիսային աշտարակի վրա՝ Հովհաննես քարագործի՝ 1267 թ. թողած արձանագրությունը՝ «Քարգործ Հովհաննեսին հիշեցեք ի Քրիստոս»: Այսօր ամրոցի ներսում կարելի է տեսնել 2005-2006 թթ. պեղումների արդյունքում բացված Զաքարյանների պարսպի գլխավոր, կամարակապ մուտքի ներսի հատվածը և աշտարակները:


Մոնղոլական արշավանքների հետևանքով ամրոցը կործանվել է՝ ժամանակավորապես դադարելով պաշտպանական գործառույթից և վերածվել է սովորական բնակավայրի, ինչի մասին վկայում են տնտեսական և բնակելի շինության հետքերը, ինչպես նաև տարբեր տարիների իրականացված տարաբնույթ հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խեցեղենը (կարասներ, կճուճներ, սափորներ, խուփեր, ճրագներ և այլն), որն ունի XII-XVI դդ. պատկանելություն։


16-րդ դարից սկսած՝ մինչև Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորվելը, կրկին կարևորվել է Դաշտադեմի ամրոցի դերը, քանզի 16-18-րդ դդ. պարսկա-թուրքական պատերազմների ժամանակ այն արևմուտքից Երևանի մատույցները պաշտպանող միակ կարևորագույն ամրոցն է եղել։ Այդ է պատճառը, որ Երևանի պարսիկ տիրակալները բերդը անընդհատ կառուցապատել, ամրացրել են։ Հատկապես մեծ է եղել Երևանի սարդար Հուսեին-Ղուլի խանի դերը, որը 1812 թ., նկատի ունենալով բնական պաշտպանվածությունից զուրկ լինելու հանգամանքը, միջնաբերդն ու այն բոլորող պարսպապատը շրջապատել է ավելի հզոր՝ կոպտատաշ բազալտից կավե շաղախով շարված արտաքին բարձր պարիսպներով (մոտ 8 մ հաստությամբ և 25 մ բարձրությամբ)՝ բերդը վերածելով անառիկ ամրոցի, որը զբաղեցրել է շուրջ 20 հա տարածք։ Բազմանկյուն հատակագծով պարսպապատի անկյուններում վեր է խոյացել 8 աշտարակ, որոնցից 7-ը նիստավոր են եղել, իսկ 8-րդը, որտեղից ամրոցի գլխավոր կամարակապ մուտքն է բացվել, հիմքում ունեցել են շրջանագիծ բնույթ: Աշտարակներն օգտագործվել են որպես մթերանոցներ, իսկ պարսպապատի վերին հատվածի ամբողջ եզրագծով բացված նեղ պատուհանները՝ հրակնատներ: Ամրոցապարիսպն ունեցել է երկրորդական փոքր մուտք՝ հարավարևմտյան աշտարակի կողմից: Արևմտյան մասում խանը կառուցել է նաև պալատ։


Փաստորեն, նշանավոր այս բերդը (7-19-րդ դդ.), որն իր ռազմական նշանակությունն ամբողջապես կորցրել է 1827-ից, երբ ռուսական զորքերը գրավել են այն, տիպիկ ֆեոդալական դղյակ է եղել՝ իր պաշտպանական բոլոր կառույցներով։ Խանի պալատը (19-րդ դար), միջնաբերդը (7-10-րդ դդ.), որից պահպանվել են միայն առաջին հարկի մեծ դահլիճը և վերևի հարկերի առանձին պատեր, միջնաբերդը շրջապատող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերը (19-րդ դար) մեզ են հասել կիսավեր վիճակում, որոնք վերջին տարիներին կատարված վերականգնողական աշխատանքների արդյունքում մասամբ վերականգնվել են։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է, որի ճակատին պահպանվել են Բագրատունիների թագավորության զինանշան հովազակերպ պատկերները:
Վերոնշյալ կառույցներից բացի՝ ամրոցի տարածքում եղել է երկու եկեղեցի՝ 7-րդ դարի, որը գտնվել է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան աշտարակի հարավային կողմում (այժմ պահպանված են միայն հիմնապատերը։ Քանդվել է XX դարի երկրորդ տասնամյակի ընթացքում` բնակելի տներ կառուցելու համար) և 10-րդ դարի (Սբ Սարգիս), որը կառուցվել է պարսպապատի հյուսիսային պատին կից։ Վերջինս միանավ թաղածածկ փոքր կառույց է՝ կառուցված սրբատաշ կարմիր տուֆից, որի մուտքերը արևմտյան և հարավային կողմերից են, որոնցից վերջինը կանգուն է։

Ի դեպ, Դաշտադեմ գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է Ս. Քրիստափորի վանքը, որը կազմված է VII դ. փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցուց, նրանից հյուսիս՝ քառակուսի հատակագծով եռահարկ դամբարանատուն-զանգակատնից (13-14-րդ դդ.), միաբանության բնակելի շենքերից (այժմ` ավերակ), անմշակ քարերից շինված պարսպից և 10-14-րդ դդ. խաչքարերով հարուստ գերեզմանատնից։ Միակ` արևմտյան շքամուտքը մշակված է VII դ. բնորոշ, երկու կողմերում զույգ կիսասյունիկներով։ Սև տուֆի մաքուր տաշած քարերից շարված պատերին կան կառուցող վարպետների բազմաթիվ նշաններ։ Եկեղեցին հիմնովին նորոգվել է 1980-ին։


Պեղումների արդյունքում պարզվել է, որ բերդն ունեցել է նաև ստորգետնյա ժայռափոր ջրավազան (այն բավականին տարողունակ է։ Գտնվում է Սբ Սարգիս եկեղեցու և միջնաբերդի միջև ընկած տարածքում։ Պատերը սվաղված են անջրաթափանց կրաշաղախով, որոնց մեջ երևում է ջրավազանը սնող կավե խողովակի եզրը: Ջրավազանը ծածկված է երեք հսկայական տուֆասալերով), ստորերկրյա գաղտնուղի (11-13-րդ դդ.): Բազալտե խոշոր սալաքարերից կառուցված և այնուհետև մանր քարերով քողարկված այս գաղտնուղին սկիզբ է առել պարսպի հարավարևմտյան պատի կենտրոնից և հասել արևմտյան կողմի Գայլաձոր կոչվող ձորակը: Հուսեին խանը սասունցիների հարձակման ժամանակ հենց այս գաղտնուղիով է փախչել, երկհարկ դասավորված տնտեսական շինություններ և զորապահեստներ, ժայռի մեջ նախապես փորված շրջանաձև փոսում տեղադրված թոնիր (պահպանված մասի բարձրությունը 55 սմ է, պատերի հաստությունը՝ 7 սմ, տրամագիծը՝ 90 սմ¤։ Թոնրի հարավային մասում պահպանվել էր նաև նրա քարաշար ակը, բազալտե խոշոր որձաքարերից կառուցված երկու հնձանի հորեր (պեղված հնձաններից մեկում բացվել են կրաշաղախե հարթակ` խաղողը տրորելու համար, ինչպես նաև գետնի մեջ թաղված մի քանի կարասներ (XII-XIV դդ.):

Հնձանների առատությունը վկայում է Դաշտադեմի տարածքում զարգացած այգեգործության, առանձնապես` խաղողագործության մասին, որի վերաբերյալ մեզ հասել են վիմական բազմաթիվ արձանագրություններ, տուֆ քարերով շարված շրջանաձև օջախ։ Ներքին Թալինի բնակիչների տները եղել են ամրոցի մոտ և դրանից հարավ գտնվող Գայլաձորի աջ ափին։ Հարակից տարածքր թաղված է եղել մրգատու այգիների՝ հատկապես ծիրանենիների մեջ։
20-րդ դարից սկսած բերդի տարածքը բնակատեղի է դարձել Գրիգորյանների գերդաստանի համար։

Արևմտյան Հայաստանի Մշո Սբ Առաքելոց վանքի քահանա Ավետիսի կինն ու միակ որդին` Սեդրակը, գաղթից փրկվածների հետ ապաստան են գտել նախ Էջմիածնում, ապա հաստատվել են Դաշտադեմ գյուղում։ Սեդրակի չորս որդիներից Ղուկասը պատմում է, որ իր պապն ու նրա մայրը, այն բանից հետո, երբ Դաշտադեմի ամրոցում ապրող թուրք խանը հայ ֆիդայիների մոտենալու լուրն առնելուն պես փախել է, 20-30 գաղթական ընտանիքների հետ տեղավորվել են պարսպի խուցերում: Ժամանակի ընթացքում պարսպից դուրս յուրաքանչյուրն իր տունն է կառուցել, իսկ նրանք, ովքեր շարունակել են ապրել ամրոցի տարածքում, 2006 թ. կառավարությունից փոխհատուցում են ստացել և ազատել են տները: Տարածքում սկսված վերականգնման և բարեկարգման աշխատանքների ընթացքում քանդվել են դրանցից 6-ը, վերջին 7-րդը անվնաս է մնացել աշխատանքների անսպասելի դադարեցման պատճառով:
Այսօր բերդի հսկա պարիսպներից ներս հին շինությունները խառնված են նորերին, որոնք բերդի այցելուին առաջին հայացքից վրդովմունք են պատճառում, սակայն իրողությունն իմանալուն պես վրդովմունքը փոխարինվում է այն հաճելի գիտակցությամբ, որ այս վեհաշուք բերդը, 7-րդ դարից ի վեր, հյուրընկալել, պաշտպանել և ապաստան է տվել հային։ Այսօր մեր հերթն է այն բարեկարգելու, պահպանելու և պաշտպանելու՝ որպես վաղ միջնադարից եկող մշակութային անգին կոթող։


Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 17194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ