Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու են մարդիկ սպասում Նիկիտա Միխալկովի հեռուստահաղորդումներին

Ինչու են մարդիկ սպասում Նիկիտա Միխալկովի հեռուստահաղորդումներին
26.06.2018 | 00:58

Հայտնի կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն իր «Բեսոգոն» հեռուստածրագրի վերջին հաղորդումներից մեկում ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ քրիստոնեական Եվրոպայի կործանման գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ եվրոպացիները խուսափում են երեխա ունենալուց: Խոսքը չի վերաբերում այն պարագային, երբ երեխան հասանելի չէ ֆիզիկական-ֆիզիոլոգիական բացատրելի հանգամանքների բերումով: Նույնիսկ ի հայտ է եկել «չայլդֆրի» տերմինը, որը նշանակում է երեխա չունենալու գիտակցված մտահղացում, կամավոր երեխազրկություն:


Միխալկովը ոչ առանց հեգնանքի նշեց, որ ժառանգ չունեն աշխարհամասի երեք առաջատար երկրների՝ Գերմանիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի ղեկավարները՝ Անգելա Մերկելը՝ 62 տարեկան, Թերեզա Մեյը՝ 60 տարեկան, Էմանուել Մակրոնը՝ 39 տարեկան: Անպտուղ են Շվեյցարիայի, Իտալիայի, Նիդերլանդների բարձրագույն կառավարիչները, Եվրահանձնաժողովի նախագահը: Իսկ Լյուքսեմբուրգի առաջին տիկինը... տղամարդ է:
Միխալկովը լավատեսություն չհայտնեց Հին աշխարհի ապագայի հարցում: Ի վերջո, երեխա չունենալու հանգամանքը սոսկ մեկն է աշխարհամասի ինքնակործանման հարցում: Եվրոպական ոչ մի ազգ չի ապահովում ինքնավերարտադրման ցուցանիշը՝ 2,1 երեխա: Եվ դա այն դեպքում, երբ առկա է իսլամական «խաղաղ» հարձակումը ներսից, ոչ թե դրսից: Բելգիացի մի իմամ, դիմելով եվրոպացիներին, հայտարարել է՝ դուք ունեք դեմոկրատիա, իսկ մենք՝ դեմոգրաֆիա՝ ժողովրդագրություն: Իսկ Էրդողանը, խոսքն ուղղելով Եվրոպայում ապրող թուրքերին, հորդորել է՝ ամեն մեկդ ծնեք հինգ երեխա, և Եվրոպայի ապագան կդառնա ձեր ապագան:


Կինոռեժիսորը գովելի է համարում այն բոլոր միջոցառումները, որ Ռուսաստանի իշխանություններն իրականացնում են ավանդական ընտանիքի պահպանման, ծնելության բարձրացման ուղղությամբ: Դրական արդյունքներ կան, սակայն դեռևս մխիթարական չեն: Բոլոր դեպքերում, այս առումով պետք է հեռու փախչել Եվրոպայից՝ եզրահանգում է արվեստագետը:


Անկեղծ ասած, ես բնավ էլ մտադրություն չունեի ծավալվելու այս թեմայի շուրջ, թեև Հայաստանում առկա անհարկի «եվրասիրությունը» կարող է ճանապարհ բացել այն բազմաթիվ տխրահռչակ «եվրոպական արժեքների» առջև, որոնք աշխարհամասը հիրավի տանում են ինքնաոչնչացման: Բանն այն է, որ Նիկիտա Միխալկովը իր «բեսոգոններում» որպես հանրաճանաչ հայրենասեր-ռուսասեր ինտելեկտուալ արվեստագետ, բացահայտում է բազմաթիվ քաղաքական-տնտեսական-բարոյական թերություններ, որոնք առկա են ռուսաստանյան հասարակության կյանքի տարբեր բնագավառներում: Նրա մի հաղորդումից հետո վերջերս պաշտոնանկ արվեց արտակարգ իրավիճակների նախարարը: Նրա հաղորդումները հաճախ այնքան սուր են ու այժմեական երկրի շահերի տեսանկյունից, որ կոնֆլիկտներ են առաջացնում անգամ հեռուստակայանների ղեկավարության հետ: Դրանցից մեկը նույնիսկ զրկեց Միխալկովին իր եթերում ելույթ ունենալու հնարավորությունից:
Ահա և, մտածում ես՝ «մանվելյան» բարոյազրկության մերկացումները կրկին ապացուցեցին, թե ինչ ողբալի իրավիճակի առջև է կանգնել ներկա հայ իրականությունը, և դրանում իր անդեմությամբ մեղքի զգալի բաժինն ունի նաև Հայաստանի հեռուստատեսությունը: Հարց է առաջանում՝ Հայաստանում չկա՞ համազգային ճանաչման արժանացած մեկը (պարտադիր չէ, որ կինոռեժիսոր լինի), որն իր սեփական «Բեսոգոնն» ստեղծի ի պաշտպանություն հայ ժողովրդի, հայոց պետականության, հայ ընտանիքի, հասարակ հայ մարդու, հայոց բարոյականության:


Կարելի է համոզված ասել, որ եթե որևէ հեռուստաալիք կարողանա գտնել նման արժանի անձնավորության և նրան վստահի իր բաց եթերը, ապա կարճ ժամանակահատվածում կդառնա ամենահանրաճանաչներից մեկը: Նման մարդու խոսքը շատ ավելի ազդեցիկ կլինի, քան ցանկացած քաղաքական մեկնաբանի: Թերին չափից դուրս շատ է տարածել իր շոշափուկները հայոց աշխարհում:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 5272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ