Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հարկավոր է համալրել արհմիությունները, համախմբվել և գործել»

«Հարկավոր է համալրել արհմիությունները, համախմբվել և գործել»
30.10.2018 | 02:48

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան երկրի ամենազանգվածային միություններից մեկն է, որին վերջին տարիներին անդամակցում են նաև երիտասարդներ: Սա պարտավորեցնում է արհմիություններին լիարժեք պաշտպանել երիտասարդ աշխատողների իրավունքներն ու շահերը, աջակցել նրանց նախաձեռնություններին ու մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարները բազմիցս կարևորել են արհմիությունների ներսում կադրային փոփոխությունները, առկա կադրերը բանիմաց ու ակտիվ երիտասարդներով փոխարինելու անհրաժեշտությունը, ովքեր իրենց գործունեությամբ էլ ավելի կամրապնդեն արհմիությունների հիմքերը: Վերջին շրջանում հաճախ են հնչում Հայաստանի արհմիությունների գործունեության, դրանց կայացման, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն միտված մտահոգություններ, եղել են նաև արհմիությունները երիտասարդացնելու, այլընտրանքային արհմիություններ ստեղծելու առաջարկներ: Պարզելու համար, թե իրականում հայ երիտասարդը որքան է կարևորում արհմիության դերն ու երիտասարդության ներկայացվածությունն արհմիության շարքերում, «Իրատեսը» զրույցի հրավիրեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ ԴԻԱՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ:

-Հանրության շրջանում կարծրացած կարծիք կա, թե արհմիությունները խորհրդային ժամանակների մնացուկներից են, որոնք գործում են իներցիայով և անարդյունավետ: Երիտասարդները մեծ մասամբ անտեղյակ են արհմիությունների գործունեությանը: Չե՞ք կարծում, որ նրանց անտեղյակության պատճառը արհմիությունների ակտիվ գործունեության բացակայությունն է:
-Համամիտ եմ, որ ոչ բոլոր երիտասարդները պատկերացում ունեն արհեստակցական միությունների մասին: Անձամբ ես, մինչև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում աշխատելը, ընդհանուր պատկերացում ունեի արհմիությունների մասին, այն էլ՝ ծնողներիս պատմելով: Միայն աշխատանքի ընթացքում ծանոթանալով խորհրդային տարիների և Հայաստանի անկախացումից հետո արհմիությունների պատմությանն ու գործունեությանը, հասկացա, թե որքան կարևոր է արհմիությունների դերը աշխատողների շահերի և աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում հատկապես, երբ տեղեկացա ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժին դիմած քաղաքացիների բողոքներին, գործնական առումով մասնակցեցի նրանց աշխատանքային խախտված իրավունքների վերականգնման գործընթացին:
Ցավոք, բացի այն, որ երիտասարդներից շատերն անտեղյակ են արհմիությունների գործունեությանը և հաճախ խոստովանում են, որ արհմիություններին դիմելու խորհուրդ են տվել ծանոթները, նրանք անգամ տեղեկություն չունեն աշխատանքային պայմանագրի մասին: Շատերն աշխատում են առանց աշխատանքային պայմանագրի, ինչի պատճառով հաճախ հայտնվում են բարդ իրավիճակում: Իսկ եթե աշխատողը չունի աշխատանքային պայմանագիր, նա չի կարող օգտվել աշխատանքային օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից, արտոնություններից և արհմիությանն անդամակցելու իր սահմանադրական իրավունքից: Ի դեպ, ցանկանում եմ նշել, որ մեր բաժին դիմած աշխատողներին տրվում է անվճար իրավաբանական խոհրդատվություն, անհրաժեշտության դեպքում կազմվում է նաև դիմում, հայցադիմում, բաժինը երբեմն էլ դատական ատյաններում ներկայացնում և պաշտպանում է աշխատողի շահերը: Աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցով ՀԱՄԿ-ին դիմող քաղաքացիները իրենց հուզող հարցերի պատասխանները ստանում են նաև ՀԱՄԿ-ի պաշտոնական կայքի «Հարցրեք-պատասխանենք» բաժնից:
-Իսկ ի՞նչ է արվում երիտասարդներին արհմիության շարքերում ներգրավելու ուղղությամբ:
-Հայտնի խոսք է, որ եթե իրազեկված ես, ուրեմն պաշտպանված ես, ուստի արհմիությունների կոնֆեդերացիան երիտասարդներին արհմիության շարքերում ներգրավելու համար իրականացնում է իրազեկման աշխատանքներ: Կազմակերպվում են արտագնա սեմինարներ՝ հաճախ Երևանից դուրս, որպեսզի երիտասարդները կարողանան շփվել ոչ պաշտոնական միջավայրում և գիտելիքների հետ մեկտեղ ձեռք բերեն նոր ընկերներ: Երիտասարդներն իրազեկվում են արհմիության նպատակների, գործունեության և, իհարկե, արհմիությանն անդամակցելու կարգի մասին: Բացի այդ, ՀԱՄԿ-ի խորհրդին կից գործում է 12-հոգանոց երիտասարդական հանձնաժողով, որն ակտիվորեն համագործակցում է աշխատող երիտասարդների հետ: Ի դեպ, իրազեկման լայն հնարավորություն է նաև համացանցը:
-Աշխատավորների օրվա տոնակատարությունից բացի արհմիությունները նշում են նաև Արժանապատիվ աշխատանքի օրը: Ո՞րն եք համարում արժանապատիվ աշխատանք, և ո՞րն է արժանապատիվ աշխատավարձի շեմը:
-Դեռ Զիգմունդ Ֆրոյդն է ասել, որ աշխատանքը մարդու կապն է իրականության հետ, հետևաբար յուրաքանչյուրը պետք է ունենա աշխատանք և այն էլ՝ արժանապատիվ աշխատանք: Իմ համոզմամբ՝ արժանապատիվ աշխատանքն այն աշխատանքն է, որը մարդուն հնարավորություն է տալիս ապրելու արժանապատիվ կյանքով, այսինքն, ունենալու այնպիսի վարձատրություն, որով կհոգա իր և իր ընտանիքի անդամների կարիքները: Ի դեպ, կարիքներ ասելով նկատի ունեմ ոչ միայն օրվա հացի վաստակը, այլև մարդավայել կենցաղային պայմաններ ապահովելը, վճարովի բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունը, հանգիստը կազմակերպելու համար առաջարկվող ծառայություններից օգտվելը և մի շարք այլ հնարավորություններ, որոնք իրականում աշխատողների մեծ մասի համար մնում են անհասանելի: Եթե մարդն աշխատող է և պետք է ամեն օր գնա աշխատանքի, սնվի, գումար ծախսի հանգստանալու և լիցքաթափվելու վրա, բնականաբար նրա ակնկալած աշխատավարձը շատ ավելին է: Կարծում եմ, արժանապատիվ է համարվում այն աշխատավարձը, որն աշխատողին կբավարարի վերոնշյալ կարիքները հոգալու համար: Դա կարող է լինել 200 հազար դրամ և ավելի աշխատավարձը:
Արժանապատիվ աշխատանքը ենթադրում է նաև աշխատողի համար արժանապատիվ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովում, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակում, ամենօրյա և շաբաթական հանգստի ապահովում: Հայաստանում այսօր առկա են գործազրկության բարձր ցուցանիշ ու աշխատողների շրջանում աղքատության մակարդակի աճ, ինչը մտահոգիչ է, սակայն այս բացասական երևույթների դեմ պայքարում մեծ հույսեր եմ կապում նոր իշխանությունների հետ, հավատում եմ, որ կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարելավվեն աշխատողների աշխատանքային պայմանները, և կունենանք իրապես արժանապատիվ աշխատանք:
-Ո՞ր դեպքում Հայաստանի արհմիությունները կհամարվեն ուժեղ:
-Առհասարակ, արհմիություններն ուժեղ են իրենց սկզբնական կազմակերպություններով, անդամների քանակով և համախմբվածությամբ: Եվ ուրեմն, ուժեղ դառնալու համար հարկավոր է համալրել արհմիությունները, համախմբվել և գործել: Արհմիությունները կուժեղանան նաև այն դեպքում, երբ ունենան լրատվամիջոց, որպեսզի կարողանան ավելի լայնամասշտաբ լուսաբանել իրենց գործունեությունը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ