Համերգ` նվիրված Զարեհ Սահակյանցի հիշատակին
 

«Արտաքին հարաբերությունների զարգացումներում շատ կարևոր է ունենալ պետական արդիականացման ռազմավարություն»

«Արտաքին հարաբերությունների զարգացումներում շատ կարևոր է ունենալ պետական արդիականացման ռազմավարություն»
18.01.2019 | 01:47

ՀՀ արտաքին քաղաքական զարգացումների հետ կապված որոշ հարցերի շուրջ զրուցում ենք քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ։

-«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն օրերս Իրանն անվանեց ավտորիտար պետություն։ Նորընտիր պատգամավորի այս հայտարարությունը ինչի՞ հետևանք է։
-Այստեղ անփորձությունն է իր դերը կատարել։ Ամեն ճշմարտություն չէ, որ պետք է Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, եթե դա նույնիսկ բացահայտ ճշմարտություն է։ Պետք է հաշվի առնել դիվանագիտական հարաբերությունները, միջազգային հարաբերությունների բաղկացուցիչ մաս կազմող այլ չափանիշներ։ Իհարկե, հայտարարությունից հետո պատգամավորը նշեց, որ վրիպակ է եղել։
-Ամիսներ առաջ մեր նախորդ հարցազրույցի ժամանակ Դուք նշեցիք, որ ԱԺ ընտրություններից անմիջապես հետո կերևա, թե Հայաստանն ինչ արտաքին քաղաքական ուղենիշներ է որդեգրում։ Այդ ուղենիշները այսօր նշմարվու՞մ են։
-Դեռևս որևէ բան չի նկատվում։ Ըստ էության գործընթացներն ամբողջությամբ հունի մեջ չեն մտել։ Բայց այստեղ շատ կարևոր խնդիր կա։ Արտաքին հարաբերությունների զարգացումներում շատ կարևոր է ունենալ պետական արդիականացման ռազմավարություն։ Առանց դրա, որևէ բանի մասին խոսելը շատ անլուրջ կլինի։ Մենք տարբեր ոլորտներում չունենք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր։ Եթե ասում ենք, որ հեղափոխությունը եղել է թավշյա, ուրեմն պետք է կարողանանք տարբերել թավշյան գունավոր հեղափոխությունից։ Գունավոր հեղափոխությունը ենթադրում է միայն վերնախավի փոփոխություն։ Թավշյա հեղափոխությունը ենթադրում է, որ, բացի վերնախավի փոփոխությունից, պետք է կատարվեն նաև համակարգային փոփոխություններ. քաղաքական մշակույթ, մոտեցումներ, ծրագրեր պետք է փոխվեն։ Այս բաղադրիչները նույնպես պետք է համապատասխանեն թավշյա հեղափոխության սահմանմանը։
-Արտաքին աշխարհի հետ շփման մեր խողովակներից մեկն էլ հայկական սփյուռքն է։ Սակայն նոր իշխանությունները որոշել են լուծարել սփյուռքի նախարարությունը։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ։
-Իմ կարծիքը գուցե սուբյեկտիվ լինի, սակայն այս հարցի հետ կապված ես ունեմ շատ հստակ դիրքորոշում։ Գուցե ժամանակին հարկավոր չէր հիմնել առանձին սփյուռքի նախարարություն։ Սակայն երբ այդ նախարարությունն արդեն ստեղծվել է, պետք չէ այն լուծարել։ Հետընթացը այս պարագայում անընդունելի է։ Երբ մենք խնդիր ունենք ավելի ինստիտուցիոնալացնելու սփյուռքի հետ հարաբերությունները, դրանք ավելի բարձր մակարդակի վրա դնելու, կարծում եմ, լուծարելը ճիշտ չէ։ Կարելի է օպտիմալացնել, իրավական դաշտը, լիազորությունները փոխել, տարբեր խնդիրներ լուծել։ Բայց որպես ինստիտուտ այն վերացնելը սխալ է։ Մենք շատ ենք զբաղվում թղթաբանությամբ, դրանց տակ չկան ծրագրեր։ Ես համոզված եմ, որ եթե մենք ունենանք գաղափարներ, ծրագրեր, ռազմավարություն, շատ մեծ հաջողությամբ կկարողանանք դրանք իրականացնել հենց սփյուռքի նախարարության միջոցով, այլ ոչ թե այն լուծարել։ Մանավանդ որ այդ քայլը կարող է բացասական ազդակներ հաղորդել սփյուռքին, ու եթե չեմ սխալվում, արդեն իսկ բավականին շատ բացասական արձագանքներ կան սփյուռքի կողմից։


Զրույցը՝
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan