Համերգ` նվիրված Զարեհ Սահակյանցի հիշատակին
 

Որոշել են ապրել ու արարել Հայաստանում

Որոշել են ապրել ու արարել Հայաստանում
18.01.2019 | 02:20

2011 թվականին Սիրիայում սկսված պատերազմից մեկ տարի անց սիրիահայերը գաղթեցին տարբեր երկրներ, սակայն մեծ մասը՝ շուրջ 20 հազար սիրիահայ, նախընտրեց Հայաստանը: Պրպտող, գործունյա և աշխատասեր մեր հայրենակիցները հայրենիքում հաջողության են հասել հիմնականում բիզնեսի ոլորտում: Նրանց հետ զրուցելիս հուշերը տանում են ծննդավայր Հալեպ, և դա բնական է, քանի որ Սիրիայում թողել են տուն, աշխատանք, պատմություն, պատմական ու մշակութային ժառանգություն: Դա փաստ է: Այն, որ նրանց հայացքը դեպի Սիրիա է, դա էլ է փաստ: Նրանք մի օր պիտի գնան իրենց ունեցվածքի վերջնական ճակատագիրը որոշելու, տեսնեն, թե ինչ է մնացել իրենց ունեցվածքից: Նրանցից ոմանք դեռ հոգեբանորեն հանգիստ վիճակում չեն: Իսկ հանգիստ կլինեն, երբ Սիրիայում վերջնական խաղաղություն կհաստատվի: Սակայն կան սիրիահայեր, հատկապես երիտասարդներ, ովքեր իրենց խոհերով ու զգացմունքներով խորապես կապվել են հայրենիքին:

«ԵՍ ԱՅՍ ՀՈՂԻՑ ՈՒԺ ՈՒ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՍՏԱՆՈՒՄ»
Համարձակ ու հետաքրքիր գաղափարներ կյանքի կոչող սիրիահայուհի ՇԱՂԻԿ ՌԱՍԹԳԵԼԵՆՅԱՆԸ փոքրուց լսել ու կարդացել էր Հայաստանի մասին, միշտ երազել էր տեսնել իր հայրենիքը, սակայն չէր պատկերացնում, որ 2012 թվականն իր կյանքում վճռորոշ կլինի հետագա կյանքն ու գործունեությունը մեկընդմիշտ հայրենիքի հետ կապելու առումով: Նրա երազանքներից մեկը մոդելի մասնագիտությունն էր, որն էլ իրականություն դարձավ Հայաստան գալուց հետո:
Մոր ու քույրերի հետ հեռանալով Սիրիայից, Շաղիկը Երևանում որոշեց շարունակել կիսատ մնացած ուսումը, Եվրոպական համալսարանի միջազգային բիզնեսի բաժնում սովորելու հետ մեկտեղ մի որոշ ժամանակ աշխատեց «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունում, որից հետո, համագործակցելով «Ատեքս» նորաձևության կենտրոնի հետ, ձեռք բերեց երկրորդ` մոդելի մասնագիտությունը: Բարձրահասակ և գեղեցկատես Շաղիկին մշտապես մոդելների առաջին շարքում տեսնելը ընդունվեց ոգևորությամբ, ուստի զարմանալի չէր, որ Իսպանիայի Ալիկանդե քաղաքում անցկացվող մոդելների միջազգային մրցույթում նրան վստահվեց Կովկասը ներկայացնելու ողջ պատասխանատվությունը:


Կարճ ժամանակ անց Շաղիկը Լիբանանում ապրող ընկերուհու` Ստեֆանի Սանոսյանի առաջարկով որոշեց տեղայնացնել «Live-love-world» և «Live-love-bracelet» միջազգային ծրագրերը, որոնց նպատակն էր համացանցով (facebook, instagram) ներկայացնել որևէ երկրի պատմամշակութային արժեքներն ու բնաշխարհը: Շաղիկի ծրագիրը նպատակ ուներ նպաստելու տուրիզմի զարգացմանը: 2015 թ. նա սիրիահայ ընկերուհիների` Սարի Բյուզանդյանի, Ստեֆանի Սանոսյանի և Ալին Ազոյանի հետ սոցիալական ցանցով սկսեց իրականացնել «Live-love Armenia» («Ապրիր, սիրիր Հայաստանը») նախագիծը, որն այսօր համացանցում արդեն 40 հազար համակիր ունի:


«Live-love Armenia»-ն քարոզարշավ է, որի նպատակն է սոցցանցերով ներկայացնել Հայաստանի տեսարժան վայրերը, բնությունն ու պատմամշակութային վայրերը, հայ մարդու կենցաղն ու սովորույթները: Մենք համոզված ենք, որ հայ ժողովրդի մշակութային հարստության համացանցային լուսաբանումը կնպաստի մեր հայրենիքում զբոսաշրջության զարգացմանը: Մեր ծրագրի նպատակն է նաև սերտացնել Հայաստան-Սփյուռք կապը: Մեր հետևորդները հիմնականում սփյուռքահայեր են, կան նաև այլազգիներ, նրանք տեսնում-Ճանաչում են Հայաստանը մեր միջոցով»,- ասում է Շաղիկը և հավելում, որ Հայաստանը մեկ շաբաթ շարունակ ներկայացվել է նաև «Live-love-world» միջազգային ծրագրով:
Շաղիկ Ռասթգելենյանի ծրագրերից է նաև բարեգործական նպատակով օգնելը սիրիահայ և տեղացի անապահով ընտանիքներին:


-Ես մի շարք գաղափարներ ունեմ մարզերի անապահով ընտանիքների ու այնտեղ ապրող երեխաների, Գյումրու մանկատան երեխաների հետ կապված,- ասում է նա: Իր փոքրիկ խմբի պատրաստած ապարանջանների վաճառքից ստացված ողջ գումարը տրամադրեցին բրդի վերամշակման գործում հմտացած սիրիահայ մի ընտանիքի, որի անդամները բուրդը վերամշակելուց հետո դրանից գործեցին գլխարկներ և շարֆեր:
Շաղիկն ընկերների հետ նախապես որոշել էր գլխարկներն ու շարֆերը չվաճառել, այլ նվիրել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան սաներին: Այդպես էլ վարվեցին:
«Live-love Armenia»-ի լոգոյով ձևավորված իր իսկ արտադրանքը՝ ապարանջանները, բլուզները վաճառում են Երևանի, Դիլիջանի, Քարահունջի և այլ քաղաքների խանութներում, որից ստացած շահույթը դաձյալ ուղղվում է Հայաստանի մարզերում բարեգործական ծրագրերի իրականացմանը: Շաղիկի բարեգործական ծրագիրն այսքանով չի ավարտվում: Հետզհետե ընդլայնվող խմբի կամավորների հետ մեկտեղ նա որոշել է կազմակերպել որևէ դպրոցի կամ հնամյա ու անտեսված եկեղեցու վերանորոգման ու մաքրման աշխատանքներ:
Շաղիկն իր խմբով համագործակցում է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և «One Armenia» բարեգործական կազմակերպության հետ:
Բոլորովին վերջերս Շաղիկը ձեռնամուխ է եղել մեկ այլ ծրագրի կենսագործման:
Նա իր խմբով և մայրաքաղաքի գեղարվեստի դպրոցների սաների մասնակցությամբ որոշել է Երևանի ծայրամասային փողոցներից կամ բակերից մեկը նկարազարդել, կանաչապատել, մի խոսքով գեղեցկացնել, որպեսզի մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները ցանկանան այստեղ լուսանկարվել: Սա ևս Երևանը գովազդելու տարբերակ է:
-Հիմա, երբ ապրում եմ Հայաստանում, չեմ ուզում, որ որևէ հայ լքի այն: ՈՒզում եմ, որ բոլորն էլ հոգեհարազատ աշխատանք գտնեն ու կապվեն հայրենի հողին, սիրեն ու փայփայեն այն: Ես իրապես այս հողից ուժ ու զորություն եմ ստանում, իմ հաջողությունների «օրորոցը» Հայաստանը եղավ,- ասում է Շաղիկը:

ՄԻԼԻՈՆ ՏՈԿՈՍՈՎ ՀԱՅ ԱՂՋԿԱ ՀԵՏ ԵՄ ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ
24-ամյա ԷԼԻ ԹԱՆԱՇՅԱՆՆ առաջին անգամ Հայաստան է այցելել 8 տարեկանում, երբ հանգստանում էր Ստեփանավանի ճամբարում: Հայաստանը իրեն ու ծնողներին շատ էր դուր եկել, բայց մտքով չէր անցնում ապրել հայրենիքում: Չգիտեր, որ ճակատագրի բերումով 10 տարի անց՝ 2012-ին հարկադրված ներգաղթելու էր Հայաստան: Հալեպում հայրը ծորակի ձուլարան ուներ, ուր հորն օգնելու համար Էլին հաճախ էր գնում: Սովորեց հոր արհեստը, թեև գերադասում էր խոհարարի աշխատանքը: Որոշ ժամանակ անց վարպետացավ խոհարարի մասնագիտության մեջ՝ չիմանալով, որ այն կիրառելու է ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ հայրենիքում:


Երևանի Խորենացու փողոցում գտնվող սննդի կետում, որը, ի դեպ, Էլիի սեփականությունն է, երիտասարդ, ժրաջան խոհարարի ձեռքով պատրաստված հյութալի ու համեղ լահմաջոն վայելելու համար հերթ է գոյանում: Երբեմն նրան օգնում է հայրը: Անցյալի մասին չի ցանկանում հիշել, քանի որ ներկան կառուցելու բոլոր հիմքերն արդեն կան, որոնք ուղի են հարթելու դեպի ապագա: ՈՒսումը շարունակելու մտադրություն ունի, սակայն դեռ չի շտապում, քանի որ դրա համար գումար է հարկավոր:
-Հայաստանը մեր հայրենիքն է, ինչ էլ լինի, այստեղ պետք է մնանք, այլ տեղ չունենք գնալու: Որոշել եմ ապրել հայրենիքում, ուրիշ գործ ձեռնարկել, հիանալի ընկերներ ունեմ, գիտեմ, որ կօգնեն: Դեռ չեմ շտապում ընտանիք ստեղծել, բայց եթե որոշեմ ամուսնանալ, միլիոն տոկոսով հայ աղջկա հետ եմ ամուսնանալու,- ասում է Էլին:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan