«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը վերաբերում է մարդուն` 150000 մարդու

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը վերաբերում է մարդուն` 150000 մարդու
16.03.2019 | 10:49

Երեկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Աժ-ում ԼՂ հարցով փակ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Հայտնի է դարձել, որ Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ կհայտարարեն Փաշինյան - Ալիև հանդիպման վայրի և ժամկետի մասին` «Միմյանց հարգելու խնդիրն է կողմերի միջև, որ մենք միաժամանակ, համաձայնեցված հայտարարում ենք հանդիպման մասին, ժամկետների և այլնի մասին»: Բանակցությունների գնում են այն օրակարգով, որը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանն Արցախում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում (Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է»: Վարչապետը նաև անձամբ չէր մեկնաբանել, որովհետև մեր նպատակը «լեզվակռիվը չէ»): «Մենք գնում ենք օրակարգով, որը արտահայտված է շատ հստակ վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցրած ելույթում: Այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ մենք ցանկանում ենք ներգրավվել երկխոսության մեջ, շարունակել այն երկխոսությունը, այն ընթացքը, որ մենք ունենք: Մենք ասում ենք, որ մենք ունենք տարբեր հարցեր այնտեղ: Դուք նկատի ունեք 3 սկզբունքները և 6 տարրերը: Կա ձևավորված շրջանակը բանակցային՝ այդ 3 տարրերը և 6 սկզբունքերը, և հիշում եք, որ վարչապետը հստակ անդրադարձել է, որ կարևոր խնդիրներից մեկը՝ թե ինչպես են դրանք մեկնաբանվում և ինչպես են դրանք ընկալվում: Մենք այդ առումով հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն Հայաստանի համար ստատուսի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունը ունեն այդ 3 սկզբունքների և 6 տարրերի՝ Ձեր կողմից նշված փաստաթղթում»:


Պարզվեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը վերաբերում է մարդուն՝ 150 հազար կոնկրետ մարդու. «Մենք առիթ ունե՞նք խոսելու նրանց ֆիզիկական անվտանգության մասին։ Այո, ունենք։ Սա է հիմնական մոտեցումը, որ վերաբերում է պարտավորությունների համադրմանը։ Էական հարց կա՝ պահպանել այն, ինչ վերաբերում է համապարփակությանը, մարդկանց անվտանգությանը։ Այստեղ մեր դիրքորոշումները շատ հստակ են»:


Իմացանք նաև, որ Լեռնային Ղարաբաղը ձևավորված քաղաքական միավոր է, որն ունի ինստիտուցիոնալ ամբողջ համակարգը՝ արտահայտելու իր ժողովրդի կամքն ու մոտեցումները` ունեն ընտրված իշխանություն, և այդ համակարգը ճանաչված է միջազգային հանրության կողմից, որպես ընտրված իշխանություն, արտահայտում են այդ հատվածի ձայնը. «Այդ ընտրազանգվածը ՀՀ վարչապետին չի ընտրել։ Նորից նույն հարցն է, որի մասին մենք խոսել ենք բավական ընդարձակ»։ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Արցախի իշխանությունների հետ կան աշխատելու այլ ձևաչափեր։ «Բնական է՝ շարունակելու ենք աշխատել։ Հայաստանն ամենն անելու է՝ ապահովելու Արցախի անվտանգությունը և զարգացումը», իսկ Ադրբեջանը պետք է կարողանա կիրառել խաղաղության գործընթացին նպաստող լեզու. ռազմատենչ լեզուն մեզ որևէ տեղ չի հասցնելու:


ՀՀ ԱԳ նախարարը նաև ասաց, որ մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը. «Մենք շատ վճռական շարժվում ենք այդ ուղղությամբ։ Այստեղ հարցը վերաբերում է պրագմատիկ, սկզբունքային հարցին՝ ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղը ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն։ Սա նորություն չէ։ Դրան զուգահեռ, որպեսզի արդյունավետ աշխատենք բանակցային պրոցեսի ուղղությամբ, պետք է ընդունել, որ այդ որոշիչ ձայնի արտահայտումը, ներգրավվածության արտահայտումը պետք է հաշվի առնվի այն առումով, որ կարողանանք բանակցային գործընթացում արդյունավետ աշխատել։ Մենք այսօր բանակցում ենք և Լեռնային Ղարաբաղի, և Ադրբեջանի հետ։ Այդ առումով ավելի արդյունավետ է, երբ մենք կարողանանք բանակցային գործընթացը համալրել այնպես, որպեսզի արդյունավետության առումով կարողանանք ապահովել բանակցային գործընթացի համապարփակությունը։ Սա սկզբունքային հարց է, սա նախապայման չէ»:


«Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու հարցում բնական է, որ միակողմանի ճանապարհ չի կարող լինել, և եթե մենք իրապես ցանկանում ենք նպաստել այդ գործընթացին, ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից»` ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով, «այս հարցերը և մնացած այն դիրքորոշումները, որ մենք արտահայտել ենք, միասնական փաթեթի մեջ, մեկը մյուսից ոչ տարանջատված, արտահայտում են մեր մոտեցումները»: «Մենք հասկանում ենք, որ կան որոշ նոր գաղափարներ, որոնք արտահայտվել են մեր կողմից, որովհետև գոյություն ունեին 20 տարվա ձևավորված ձևաչափը և տարբեր գաղափարները։ Մենք փորձում ենք մեր նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ զարկ տալ, աջակցել նրան, որպեսզի կարողանանք իրապես արդյունավետ շարժվել առաջ այս բանակցային գործընթացում»:


ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ասել էր, որ մադրիդյան սկզբունքները հնացել են, նոր մոտեցում է պետք գտնել: Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ նա արտահայտվել է որպես Արցախի Հանրապետության ԱԳ նախարար, և այդ առումով մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք. «Փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, որն արտահայտում է նաև իրականությունը, որովհետև սա իսկապես պրակտիկ հարց է այն առումով, որ ՀՀ իշխանությունները և Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են։ Մենք չենք հրաժարվում մեր դերակատարությունից, երբևէ չենք հրաժարվել։ Այո, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Մենք աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման և բանակցությունների Արցախի մեր գործընկերների հետ, որը շատ նորմալ երևույթ է»:
Արձագանքելով Բաքվից հնչող հայտարարություններին, թե ֆորմատը փոխելու և Ստեփանակերտին բանակցությունների սեղան վերադարձնելու Երևանի փորձերը փակուղի են տանում բանակցությունները՝ Զոհրապ Մնացականյանն ասաց, որ հայկական կողմը չի անելու որևէ բան, որը փակուղի կտանի․«Որովհետև մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը: Սա շատ էական հարց է: Եվ մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Եվ այստեղ հարցը վերաբերում է շատ կոնկրետ, պրագմատիկ հարցի, սկզբունքային հարցի՝ ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղը ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն: Սա ոչ թե նախապայման է, այլ խնդիր, որը չի կարելի արհամարհել և որը չի վերացնում մեր պարտավորությունը որպես բանակցային կողմ»:
Թերևս ԱԳ նախարարը ԱԺ-ում երբեք առիթ չէր ունեցել հրապարակավ այսքան խոսել Ղարաբաղի մասին և փաստացի կառուցել բանակցությունների հայկական կողմի տրամաբանական շղթան` առանց նախապայմանի պատրաստ ենք խաղաղ բանակցությունների: Աստիճանաբար` ձևավորվում է ուրվագիծը` Ադրբեջանն ունի իր սուբստանցիոնալը, մենք ունենք մեր բանակցությունների ձևաչափը իրավիճակին համարժեք դարձնելը: Նրանք շտապում են տեղ հասնել, մենք մեր երկրում ենք: Մնացածը` ձևակերպումների հարց է, որ ՀՀ ԱԳ նախարարն անում է փառահեղ երկար, փառահեղ անորոշ ու փառահեղ հստակ` միաժամանակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գուցե պատահաբար` երեկ 2018-ի ապրիլի 21-ից Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը մեջլիսում բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասաց, որ Ադրբեջանը 2018-ին 300 միլիոն դոլարով ավելացրել է պաշտպանական ոլորտի ծախսերը` ռազմական ոլորտին հատկացվել է 2 միլիարդ դոլար. «Զինված ուժերի ապահովումը արդիական ռազմական տեխնիկայով եղել է մեր ուշադրության կենտրոնում, այդ նպատակով ձեռք են բերվել «Պոլոնեզ», «Լորա» համակարգեր և այլ միջոցներ»: Նրա խոսքով, տեղական ընկերությունները անցած տարի 150 հազար դոլարի պաշտպանական նշանակության արտադրանք են տվել, 70 հազար դոլարի էլ՝ արտահանել:
Ինչ համընկնումներ են լինում մեկ օրվա մեջ` ՀՀ ԱԳ նախարարը խոսում է 150 000 մարդու անվտանգության մասին, Ադրբեջանի վարչապետն ասում է, որ տեղական ընկերությունները150 000 դոլարի պաշտպանական նշանակության արտադրանք են տվել…

Դիտվել է՝ 3846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ