Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քարահունջ. Հայաստանի գողտրիկ բնակավայրերից մեկը

Քարահունջ. Հայաստանի գողտրիկ բնակավայրերից մեկը
26.03.2019 | 01:05

ԹԹԻ ՕՂՈՒ ԾՆՆԴԱՎԱՅՐԸ


Սյունիքի մարզի Վարարակ և Քարահունջ գետերի միախառնման տեղում լեռներով շրջապատված մի բնակավայր կա, որի անունը հայտնի է ոչ միայն Սյունյաց աշխարհի, այլև Հայաստանի սահմաններից դուրս: Դա Քարահունջ գյուղն է՝ թթի օղու ծննդավայրը: Մեկ բաժակ օղի համտեսողները վկայում են, որ այն հազար հիվանդության դարման է: Խմողը կիմանա:
Քարահունջում թթի արժեքը գնահատվել է դեռևս միջնադարում: Գյուղը գտնվել է Մետաքսի ճանապարհի վրա: Այստեղ զարգացած է եղել շերամապահությունը, ինչը, ցավոք այսօր չի պահպանվել, բայց ավանդաբար շերամի որդին կերակրելու համար տնկված թթենիները մեկ այլ ավանդույթի գաղափար են տվել: Քարահունջցիները սովորեցին թթից օղի թորել: Խորհրդային տարիներին համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսներից մեկում ներկայացված թթի օղին արժանացավ պարգևի և կնքվեց Քարահունջի օղի անունով: Միաժամանակ այն ստացավ իր երկրորդ անունը՝ Առյուծի կաթ:
2016 թ. սեպտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Գորիս բնակավայրերից ձևավորվել է Գորիս համայնքը, որի ընդհանուր բյուջեն կես միլիարդ դրամ է: Գորիս համայնքի փնջում ընդգրկված բոլոր գյուղական համայնքների բյուջեները միասին կազմում են Գորիս քաղաքի բյուջեի ընդամենը 25 %-ը, ինչը նշանակում է, որ առանց կողմնակի ներդրումների համայնքների զարգացման ծրագրերը դժվար թե իրականանան:

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԳՈՐԾՈՒՆՅԱ ԿԻՆԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ՀԱՂՈՐԴԵՑ ԳՅՈՒՂԻ ԽԱՐԽԼՎԱԾ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ


Քարահունջ համայնքի երկարամյա նախկին գյուղապետ, այսօր արդեն վարչական տարածքի ղեկավար ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏՅԱՆԸ «Իրատես»-ի հետ զրույցում հիշում է, թե 2002-ին առաջին անգամ գյուղապետի պաշտոնը ստանձնելիս ինչ վիճակում էր համայնքը: Նրա խոսքով՝ բնակիչները մշտապես հավաքվում էին գյուղապետարանի մոտ, բողոքում իրենց խնդիրներից, օգնություն պահանջում: Փողոցներն անբարեկարգ էին, տաքսիները գյուղ չէին մտնում, չկար լուսավորություն, ոռոգման ջրի սակավության պատճառով տուժում էր գյուղատնտեսությունը, ցուրտ ու խոնավ դպրոցի դասասենյակների հատակը քարուքանդ վիճակում էր, չկար մանկապարտեզ: Սակայն, ինչպես ասում են, խելացի, սրտացավ ու գործունյա կինը գիտեր ինչից սկսել ու ինչպես ոտքի հանել օջախի խարխլված տնտեսությունը:
Լուսինե Ավետյանի հիմնական աջակիցները եղել են դոնոր կազմակերպությունները: Սկզբնական շրջանում 22-24 միլիոն դրամանոց բյուջեն տարիների ընթացքում ավելացավ ևս 6-8 միլիոն դրամով, սակայն եղածը բավարարում էր գյուղապետարանի աշխատակազմի աշխատավարձերի և անապահով ընտանիքներին հնարավորինս աջակցելու համար: Այնուհանդերձ Լուսինե Ավետյանին հաջողվում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և միջազգային մի շարք կազմակերպությունների աջակցությամբ իրականացնել բազմաթիվ ծրագրեր:


-Իհարկե, ներդրողն էլ հասկանում է, որ պետք է աջակցել նրան, ով իրոք աշխատում է, արարում է, ուստի ես ամեն ջանք օգտագործում էի արդարացնելու նրանց սպասելիքները: Միջազգային կազմակերպությունները երբ տեսնում էին, որ մեր կատարած աշխատանքը բարիք է բերում համայնքին, ավելի էին աջակցում: Օրինակ, մի տարի «Վորլդ վիժն» կազմակերպությունը հարակից համայնքի կոյուղագծի անցկացման համար նախատեսած խողովակները տրամադրեց մեզ, ծրագիրն արագ և արդյունավետ իրականացվեց: Մեր համայնքում կառուցվեց մանկապարտեզ, որի գազիֆիկացման համար դարձյալ հարևան գյուղում նախատեսված ծրագիրը տվեցին մեզ: ՈՒզում եմ ասել, երբ տեսնում են, որ աշխատում ես, անպայման օգնում են: Այդ է պատճառը, որ իր մաքրությամբ, ասֆալտապատ ու լուսավոր փողոցներով, 40-50 երեխայի համար նախատեսված երկխմբակ մանկապարտեզով ու բարեկարգ, 178 աշակերտ ունեցող դպրոցով, մշակույթի կենտրոնով ու Քարահունջ-Գորիս անխափան գործող տրանսպորտով Քարահունջը օրինակելի համայնքի անուն վաստակեց, -ասում է Քարահունջի վարչական տարածքի ղեկավարը:

ԳՅՈՒՂԱՑՈՒ ԼԱՎ ԱՊՐԱՆՔԸ ՄԱՌԱՆՈՒՄ ՉԻ ՄՆՈՒՄ


Սեփականաշնորհման տարիներին Քարահունջը հայտնվեց սակավահող համայնքների ցանկում, արդյունքում համայնքի հողային ռեսուրսներն այսօր բավական քիչ են, թեև աշխատողի համար եղածից էլ կարելի է մեծ բերքատվություն ակնկալել: Քարահունջի 1195 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից 696 հեկտարը վարելահողեր են, 80 հեկտարը՝ խոտհարք, 280-ը՝ արոտավայր, իսկ տնամերձը կազմում է 51 հա և չի համարվում գյուղատնտեսական նշանակության հող:


Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունն ու դաշտավարությունը: 1340 բնակիչ ունեցող Քարահունջ համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվում է 340 տնտեսություն: Կայուն ոռոգման համակարգի առկայությունը հնարավորություն է տալիս զբաղվելու մրգատու այգիների, հացահատիկի, լոբու, կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ կուլտուրաների մշակմամբ: Ի դեպ, Քարահունջի լոբին ամենաբարձրարժեք մշակաբույսն է, որի պահանջարկը շուկայում շատ մեծ է: Մրգատու այգիների բերքատվությունը, ի տարբերություն բանջարեղենի, նվազ է, հիմնական պատճառը ցրտահարությունն ու կարկտահարությունն են: Համայնքի անասնագլխաքանակը կազմում է՝ խոշոր եղջերավոր անասունններ 854 և մանր՝ 1100, խոզ՝ շուրջ 200 գլուխ: Թեև Շվեյցարիայի՝ զարգացման հիմնադրամի աջակցությամբ համայնքի հեռագնա արոտավայրերը ջրարբիացված են, այնուհանդերձ անասունները դժվար է տանել հեռու արոտավայրեր:
Քարահունջցիները բանջարեղենի և կաթնամթերքի իրացման խնդիր չունեն, սակայն մսամթերքը դժվար է իրացվում, պատճառը ներկրված մսամթերքն է: Կաթն իրացվում է 120-130, իսկ երբեմն էլ 200-250 դրամով:


Լուսինե Ավետյանի խոսքով գյուղի բնակիչն իրավունք չունի ասելու, թե աշխատանք չկա, չի կարողանում ապրել: Արդեն խնջլոսի, ճնճղապաշարի և այլ խոտաբույսերի, ինչպես նաև մոշի հավաքման ու վաճառքի սեզոնը բացվել է, սկսվել է լոբու, կարտոֆիլի մշակումը: ՈՒրեմն, եթե աշխատանք կա, կարելի է ակնկալել նաև եկամուտ:
Առաջիկա ծրագրերի մասին Լուսինե Ավետյանը նշեց, որ համայնքների խոշորացումից հետո Գորիսի համայնքապետարանը նախատեսել է Քարահունջում կառուցել խաղահրապարակ, լուսավորել ևս երկու փողոց, իրականացվում է կանոնավոր աղբահանություն, Եվրամիության ծրագրով համայնքում տեղադրվել են աղբամաններ: Այսօր Գորիս համայնքի հետ փորձ է արվում նպաստելու Քարահունջի հայտնի օղու իրացմանը, որը վերջին շրջանում վատ է ընթանում: Այդ նպատակով Գորիսի արվեստի դպրոցի սաները զբաղված են օղու շշերի արտաքին նկարազարդմամբ ու ձևավորմամբ, համոզված, որ գեղեցիկ փաթեթավորման շնորհիվ Քարահունջի հայտնի բրենդի պահանջարկն էլ ավելի կմեծանա, իսկ ստացված եկամուտով կլուծվեն Քարահունջի փոքր ու մեծ խնդիրները:

ՔԱՐԱՀՈՒՆՋԸ ՀՆԱՎԱՅՐ Է


Գյուղում և շրջակայքում պահպանվել են այրեր-բնակարաններ, ամրոց (Ղըղդարա, 9-րդ դար), գյուղատեղիներ (Լալքար, Գոմեր, 5-18-րդ դդ.), եկեղեցի (Սբ Հռիփսիմե, 1676 թ.), մատուռ (Հազարափրկիչ, միջնադար), գերեզմանոց։ Քարահունջի տեսարժան վայրերից է «Շռան» ջրվեժը. ըստ ավանդության՝ համայնքի անունը կապված է եղել գյուղի վերևում ահռելի բարձունքից քարերի վրա թափվող ջրվեժի հետ: Գյուղը նախկինում կոչվել է նաև Քարաքունջ:
Քարահունջ համայնքի որոշ քարանձավներ պահպանված են, մի մասն էլ վերածվել է գոմի: Վերանորոգման կարիք ունեցող Սբ Հռիփսիմե եկեղեցու շրջակայքի ու ներսի մաքրությունը պահպանում են երիտասարդներն ու աշակերտները, նրանց ջանքերով վերանորոգվել է եկեղեցու տանիքը, փակցվել ցուցանակ:


-Եվրամիությունը Գորիսի տարածաշրջանում իրականացնում է զբոսաշրջության զարգացման ծրագիր: Դեպի բազմադարյան քարե աստղադիտարան՝ Քարահունջի հուշակոթող տանող արահետ է կառուցվելու, որը պետք է անցնի մեր համայնքի կողքով: ԵՄ-ի դրամաշնորհային ծրագրի մրցույթին մասնակցել են նաև մեր գյուղի մի քանի երիտասարդներ, սպասում ենք արդյունքներին: Մեր ջահելները շատ են ոգևորված զբոսաշրջության ծրագրով, դա նրանց կապում է համայնքին: Մեր ուզածն էլ դա է: ԵՄ-ի մեկ այլ ծրագրով գյուղի կանայք որոշել են զբաղվել թթի չրի արտադրությամբ: Ծրագրեր շատ կան, անգործ չենք մնա,- մեր զրույցի վերջում ասաց Լուսինե Ավետյանը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ